Անվտանգություն, թե՞ պետականության կորուստ

Անվտանգություն-թե՞-պետականության-կորուստ

Վերջերս հաճախակի ենք ականատես լինում մասնագիտական մակարդակում արված տարատեսակ վերլուծությունների, որոնցում արծարծվող թիվ 1 թեման ՀՀ անվտանգության համակարգն է: Ավելի պարզ ասած, բազմաթիվ վերլուծաբաններ լծվել են ՌԴ կողմից մեզ պարտադրված «անվտանգության» համակարգի «լեգիտիմացման» գործընթացին: Կասկածի տակ չառնելով վերոնշյալ անհատների մասնագիտական ունակությունները՝ ցանկանում եմ սույն հոդվածով մի քանի դիտարկումներ անել:

Ռուսական անվտանգության համակարգի «անխուսափելիությունը» փորձում են քողարկել պետության զարգացմամբ և հանրության ֆիզիկական գոյատևումն ապահովելու անհրաժեշտությամբ, և այս երկու կարևորագույն եզրույթների ապահովումը պայմանավորում են հենց ներկայիս անվտանգության համակարգով: Այս ձևակերպման հեղինակները բավականին անկեղծ են իրենց պնդումներում: Ոչ մասնագիտական հարթության մեջ այս բանավեճը բավականին սնանկ է ստացվում և ուղեկցվում է երկուստեք մեղադրանքներով և հասնում մինչև անձնական վիրավորանքների: Այլ է բանավեճը մասնագիտական հարթության մեջ, երբ «գործը» հասնում է քաղաքագիտական վերլուծություններին: Այստեղ ռուսական անվտանգության համակարգի կողմնակիցների շրջանում ակնհայտ է դառնում նրանց պատկերացումները պետության հիմնական գործառույթների մասին, որոնք բացարձակապես չեն բխում անկախական պատկերացումներից:

Այսպիսով, այս մարդիկ պետության հիմնական գործառույթները թվարկելիս «մոռանում» են նշել դեռևս մ.թ.ա. քաղաքական մտածողների կողմից առաջ քաշված պետության հիմնական գործառույթներից, թերևս, ամենակարևորը՝ ինքնիշխանության գործառույթը: Ցանկացած պետություն, որը հիմնված է հասարակական դաշինքի վրա պարտավոր է կատարել մի քանի կարևոր գործառույթ:

Պետությունը պետք է կարողանա ապահովել՝

  1. Իր ԻՆՔՆԻՇԽԱԱՆՈՒԹՅՈՒՆԸ
  2. Իր քաղաքացիների անվտանգությունը
  3. Իր քաղաքացիների զարգացման հնարավորությունը

Բնականաբար, տարբեր տեսաբաններ տարբեր գործառույթներ են առաջ քաշում, բայց հիմնականում պետության համար կենսական են համարվում վերոգրյալ 3 գործառույթները: Առանց ինքնիշխանության ցանկացած պետություն դադարում է գոյություն ունենալ և, հետևաբար, արդեն կասկածի տակ է առնվում մյուս՝ երկու գործառույթների իրականացումը:

Այս մարդիկ իրենց վերլուծություններում անդրադառնում են պետության կողմից անվտանգության գործառույթի կատարման անհրաժեշտության մասին և տրամաբանորեն ընդգծում են, որ ցանկացած փոքր պետություն, որը գործնականում չի կարողանում ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը ստիպված է լինում մեկ ուրիշ անվտանգության երաշխիքներ տվող երկրի կամ միջազգային կազմակերպության տարատեսակ զիջումներ անելու գնով ստանալ այդ անվտանգության երաշխիքները: Մեր պարագայում անվտանգության խնդիրը լուծելն առավել ևս բարդ է, հաշվի առնելով բոլորին քաջ հայտնի արտաքին սպառնալիքները, բայց այստեղ հարց է առաջանում. արյո՞ք այնպիսի «անվտանգության» համակարգի դիմաց ինչպիսին, որ մեզ այսօր պարտադրում է Ռուսաստանը, համարժեք են մեր պետության կողմից արվող զիջումները: Արդյո՞ք անվտանգության ապահովում է նշանակում այն, որ մեր անվտանգության «երաշխավոր» պետությունը զինում է այդ նույն անվտանգությանը սպառնացող երկրին:

Պետության ինքնիշխանության համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները զիջելով մեր երկրի հետ պատերազմի մեջ գտնվող կողմին զինող երկրին արդյո՞ք մենք ապահովում ենք մեր անվտանգությունը: Արդյո՞ք այդպիսով մենք ապահովում ենք մեր քաղաքացիների զարգացումը, թե՞ արտագաղթին ենք նպաստում: Իսկ, միգուցե, արտագաղթը սպառնալիք չէ՞ մեր երկրի անվտանգության համար: Այս նոնսենսների շղթան կարելի է անվերջ շարունակել:

ՀԱՊԿ քարտուղարը 2013 թվականին բացեիբաց հայտարարեց, որ ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ը և, մասնավորապես, ՌԴ-ն որևէ ձևով չի միջամտելու ռազմական գործողություններին, նույնիսկ այն դեպքում երբ ռազմական ագրեսիան լինի ադրբեջանի կողմից: Այսքանից հետո ինչի՞ց է մեզ «պաշտպանում» կամ «պաշտպանելու» մեր ստրատեգիական գործընկեր պետությունը: Միգուցե մեզ պաշտպանելու՞ է «իրենց կարծիքներից տարբերվող կարծիքներից» կամ ժողովրդավարական պետություն կառուցելու «սպառնալիքից»: Հայստանում ՌԴ դեսպանի քաղաքական հայտարարությունները լսող խելամիտ մարդը կարող է Հայաստանը շփոթել 1930-ականների Հնդկաստանի, իսկ ՌԴ դեսպանին՝ Լորդ Իրվինի հետ, իսկ դուք եկել եք և անվտանգության մասին հեքիաթներ եք պատմում:

Մի՞թե որևէ մեկը կասկածում է, որ ռուսաստանյան պարտադրանքներն անխուսափելիորեն մեր պետականության կորստին են տանելու, եթե դեռ այդպիսին գոյություն ունի: Մի՞թե պարզ չէ, որ ներկայիս Ռուսաստանի հետ ցանկացած «Միության» մեջ լինելը սպառնում է պետության հիմնական գործառույթների իրականացմանը: Ի դեպ, վերոգրյալի մասին տարբեր հարթակներից բարձրաձայն հայտարարում է ՌԴ նախագահի օգնական Դուգինը:

Այստեղ հարկ է խոսել վերոգրյալ վերլուծաբանների ազնվության մասին: Նրանցից շատերն իրենց մասնագիտական ունակություններով չեն զիջում բազմաթիվ առաջնակարգ մասնագետների, բայց այսօր նրանց առջև դրված է մի անլուծելի խնդիր. ապացուցել մի բան, որն ընդհանրապես գոյություն չունի: Ինչևէ, ըմբռնումով եմ մոտենում նմանատիպ իրավիճակում հայտնված մարդկանց կողմից արված վերլուծություններին, բայց նաև չեմ պատրաստվում լուռ համաձայնվել այն ամբողջ մանիպուլյացիայի հետ, որը դաշտ է նետվում կոնկրետ նպատակով:

Ամփոփելով հոդվածը՝ կարելի է հստակ ընդգծել, որ այսօրվա դրությամբ ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվող «անվտանգությունն» իրականում հեռու է այդ բառի մասնագիտական բացատրությունից, և այն բոլոր փաստարկները, որոնք որպես այդ մտքի հիմնավորում են ներկայացվում, գլոբալ առումով, բավականին հեռու են իրականությունից: Հետևաբար կարելի է փաստել, որ հոդվածի վերևում նշված պետության հիմնական գործառույթների իրականացման մնացած կարևոր կետերը անկատար են մնում և այդպիսով մեր պետությունը փաստացի դադարում է գոյություն ունենալ: Ավելի պարզ ասած, ապավինելով Կրեմլի կողմից պարտադրված «անվտանգության» համակարգին մենք ոչ միայն չենք ապահովում մեր երկրի անվտանգությունը, այլ նաև դրա արդյունքում մեկ այլ պետությանն ենք զիջում մեր ինքնիշխանությունը, կասեցնում ենք մեր քաղաքացիների զարգացումը և, վերջապես, խթանում ենք արտագաղթը:


Նարեկ Սամսոնյան