Հունգարիայի հեղափոխությունը

Հունգարիայի հեղափոխությունը

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ռուսական զորքերը երկու ամսվա ընթացքում գրավեցին Հունգարիան և Բուդապեշտը, Մոսկվան այնտեղ ստեղծեց մարիոնետ կառավարություն, որն ամբողջովին հպատակվում էր Խորհրդային իշխանությանը: Հունգարիայում «ֆաշիստական ռեժիմը» փոխարինվեց «կարմիր բռնապետությամբ», որը շուրջ 50 տարի այնտեղ միայն ու միայն կարմիր բանակի և Խորհրդային հատուկ ծառայությունների օգնության շնորհիվ պահպանվեց:

Կոմունիստական կուսակցությունը ոչ թե ընտրությունների արդյունքում իշխանության եկավ, այլ կարմիր բանակի օգնության շնորհիվ, որը կառավարում էր հունգարական ոստիկանությունը և բռնի կերպով հեռացնում ժողովրդավարական ուղով ընտրվածներին:

Բազմաթիվ մարդիկ վիրավորված էին և զենք վերցրեցին սեփական երկրի անկախության վերականգման համար: Մինչ 1956թ. իրադարձությունները, կոմունիստական համակարգը 400 հազար մարդու ոչնչացրեց և տասնյակ հազարներ բանտեր ուղարկվեցին: 1949թ. կոմունիստները «ֆորմալ ընտրություններ» անցկացրին և իշխանության եկան: Այդ գործընթացն անձամբ կուսակցական առաջնորդ Մատյաս Ռակուշեն էր ղեկավարում, ով իրեն Ստալինի աշակերտն էր համարում և ամեն ինչով ընդօրինակում էր նրան:

Երկրում միակուսակցական համակարգ հաստատվեց. արդյունքում հատուկ ծառայությունները սկսեցին հետապնդել ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, իսկ ազատ խոսքը սահմանափակվեց: Սկսվեց ռուսաց լեզվի և մշակույթի ակտիվ հաստատում: Կատարվում էր բանկերի արտադրությունների, տրանսպորտի ազգայնացում, նաև հողային ռեֆորմ, որը ենթադրում էր կոլլեկտիվացում: Այս ամենի հետևանքով շեշտակիորեն ընկավ բնակչության կենսամակարդակը: Հունգարիան ընդվզման նախաշեմին էր:

1953թ. հունիսի 13-ին Ռակուշեին կանչեցին Կրեմլ և Հունգարիայում առկա տնտեսական ճգնաժամի պատճառով խիստ քննադատության ենթարկեցին: Նա ազատվեց զբավեղցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն Մոսկվան նոր վարչապետ նշանակեց 57-ամյա Իմռենաձին, ով Մոսկվայի համար ընդունելի կերպար էր: Նշանակվելուց հետո նա միանգամից ռեֆորմներ սկսեց իրականացնել և փորձեց անցավ կերպով տրասնֆորմացնել Ստալինյան այն համակարգը, որը կար Ռակուշեի ժամանակ: Սկսվեցին քաղբանտարկյալների նկատմամբ համաներումներ իրականացվել, դադարեցվեց մասամբ բռնի կոլլեկտիվացումը, մամուլին որոշակի ազատություններ տրվեցին: Նա փորձում էր ժողովրդավարացնել և ոչ թե ապամոնտաժել սոցիալիստական համակարգը: Այդ ամենը, բնականաբար, դուր չէր գալիս ո´չ Ռակուշեի կողմնակիցներին, ո´չ Մոսկվային: Կրեմլի հրամանով Իմռենաձն ազատվեց զբաղեցրած պաշտոնից և հեռացվեց կուսակցությունից: Դա էլ ավելի սրեց անհադուրժողականությունը, որն առկա էր ժողովրդի, ուսանողության շրջանում կոմունիստական համակարգի նկատմամբ: Բնակչության շրջանում սկսեցին տարածում գտնել «Արգելված ցենզուրա» և գրականություն, ներառյալ հայտնի գրող Շանդոր Պետեֆի հեղինակած հեղափոխական բանաստեղծություններ:

Պետեֆին 1848թ. հունգարական հեղափոխության առաջնորդներից էր և մահացավ 1849թ. ռուս կազակների դեմ կռվում: 100 տարի հետո Պետեֆիի անունով նոր հեղափոխություն էր սկսվում, որի առաջամարտիկը հունգար ուսանողությունն էր: 1955թ. ուսանողները հիմնեցին «Շանդոր Պետեֆիի խմբակ», որը դարձավ բազմաթիվ ազատ բանավեճերի կենտրոն: 1956թ. ամռանը կոմունիստները փակել տվեցին այդ խմբակը, որն արդյունք չտվեց: Ընդամենը մի քանի ամիս հետո սկսված հեղափոխական պրոցեսը ղեկավարում էր հենց այն երիտասարդությունը, որն այցելում էր այդ խմբակ:

«Պետեֆի խմբակը» Մոսկվայի խիստ ուշադրության կենտրոնում էր. դեսպան Յուրի Անդրոպովը անձամբ էր գրեթե ամեն օր հաղորդում Մոսկվային տեղեկություններ խմբակի գործունեության մասին:

Իրավիճակը Հունգարիայում գնալով դուրս էր գալիս վերահսկողությունից: Կոմունիստները փորձում էին կադրային փոփոխություններ իրականացնելով լարվածությունը մեղմացնել: Արդյունքում, Ռակուշեն ազատվեց գլխավոր քարտուղարի պաշտոնից, և նրա փոխարեն Էռնե Գերիոն նշանակվեց, ով նախորդից ոչնչով չէր տարբերվում: Երկու ամիս անց «Գրողների միությունը» պահանջեց Իմռենաձին վերականգնել կուսակցության շարքերում: Կոմունիստները, տեսնելով իրավիճակը, զիջման գնացին: Սակայն նույնիսկ դա արդեն բավարար չէր իրավիճակը փրկելու համար:

Առաջին մասշտաբային հակակոմունիստական ակցիան տեղի ունեցավ 1956թ. հոկտեմբերի 6-ին, որին մոտավորապես 100.000 մարդ էր մասնակցում: Հենց այդ ակցիայի ժամանակ առաջին անգամ հակաստալինյան կարգախոսեր հնչեցին:

Հոկտեմբերի 16-ին ուսանողները «Հունգարական կրթահամալիրների միություն» ստեղծեցին, որին գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները միացան: Հոկտեմբերի 22-ին ուսանողները 16 կետից բաղկացած պահանջների ժողովածու ներկայացրին, որի կարևորագույն կետերից էին խորհրդային զորքերի դուրս բերումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, Իմռենաձին ղեկավար պաշտոնի վերադարձումը:

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երթի ժամանակ ուսանողներին հազարավոր մարդիկ միացան: Մոտավորապես 200 հազարանոց երթի ժամանակ հակասովետական կոչեր էին հնչում, դրոշների վրայից հեռացնում էին խորհրդային խորհրդանիշը: Երթի ժամանակ ուսանողների մի մասը շարժվեց դեպի ազգային ռադիո, որտեղ էլ բախումները սկսվեցին: Երեկոյան կողմ ուսանողները հասան ազգային ռադիոյի մոտ և, պատվիրակություն կազմելով, ներս մտան, որպեսզի իրենց պահանջները հնչեցնեն: Ավելի ուշ պատուհաններից մարդկանց վրա սկսեցին գազային նռնակներ նետել, ինչպես նաև անզեն ցուցարարների վրա կրակել: Արդյունքում, բազմաթիվ մարդիկ սպանվեցին և վիրավորվեցին: Հակառակ այդ ամենին, ուսանողները սկսեցին ազգային ռադիոն գրավելու գրոհը:

Հոկտեմբերի 24-ին Բուդապեշտում առաջին անգամ խորհրդային տանկերը երևացին: Կրեմլի կողմից ընդվզումը ճնշելու որոշում էր ընդունվել: Իրավիճակը մեղմացնելու համար երեկոյան որոշում ընդունվեց Իմռենաձին վերականգնել վարչապետի պաշտոնում, սակայն դա արդեն ապարդյուն էր. մարդիկ որոշել էին պայքարը շարունակել, քանի որ իրենց համար ատելի էր կոմունիստական համակարգը: Հոկտեմբերի 24-ին ազգային ռադիոն արդեն ցուցարարների վերահսկողության տակ էր: Նրանք նաև հունգարական զորքերի բազաներից մեկն էին գրավել և վերցրել այնտեղ գտնվող զենքը: Դրան զուգահեռ՝ խորհրդային բանակը վերհսկողության տակ էր վերցրել խորհրդարանը և օդանավակայանը:

Գրեթե բոլոր բուդապեշտցիները միացան դիմադրության գործողություններին: Անզեն մարդիկ ոչնչացնում էին խորհրդային սիմվոլիկան. շենքերից նետում էին սովետական գերբեր, վառում խորհրդային դրոշներ և, ամենակարևորը, ոչնչացրեցին Ստալինի հուշարձանը, որը կանգնեցվել էր 1951թ. դեկտեմբերի 21-ին՝ Ստալինի ծննդյան օրը: Հոկտեմբերի 24-ին Իմռենաձը դիմեց ժողովրդին՝ խնդրելով հանդարտվել և խոստանալով, որ եթե վայր դնեն զենքը, ռեպրեսիաներ մարդկանց հանդեպ այլևս չեն կիրառվի: Չնայած նրա մեծ հեղինակությանը՝ նրան ոչ ոք չլսեց, ավելին, մի քանի հազար հունգարացի զինվորներ անցան ցուցարարների կողմը:

Խորհրդային իշխանությունը գործի դրեց Ռումինիայում գտնվող զորամասերից մեկը, որը բաղկացած էր մոտ 6000 զինվորից: Միայն կռվի առաջին մի քանի ժամերի ընթացքում խորհրդային իշխանության կողմից սպանվեց մոտ 100 զինվոր: Կռվում էին հիմնականում ուսանողները, աշխատավոր մարդիկ, մոտավորապես 3000 մարդ: Նրանք հիմնականում կռվում էին հրացաններով, իսկ տանկերին դիմադրում մոլոտովի կոկտեյլներով: Հոկտեմբերի 25-ին Կրեմլը գլխավոր քարտուղար նշանակեց Յանոշ Կադեռին:

Զուգահեռաբար Իմռենաձը պոլիտբյուրոյի անդամներ Միկոյանի և Սուսլովի հետ բանակցություններ սկսեց: Նա բացատրեց, որ իրավիճակը մեղմացնելու համար խորհրդային զորքը պետք է Բուդապեշտից դուրս բերել: Հոկտեմբերի 28-ին Խրուշչյովը կրակը դադարեցնելու և զորքերը Բուդապեշտից դուրս բերելու հրաման տվեց:

Խորհրդային կառավարությանը ժամանակ էր պետք ուժերը մոբիլիզացնելու և իրավիճակն ուսումնասիրելու համար: Խորհրդային զորքերը դուրս եկան Բուդապեշտից, փողոցային բախումները դադարեցին, սակայն մարդիկ շարունակում էին պահանջել, որպեսզի խորհրդային զորքերը դուրս բերվեն Հունգարիայի ողջ տարածքից: Իմռենաձեն բանակցությունները շարունակելու և մարդկանց պահանջները ներկայացնելու խոստում տվեց:

Հոկտեմբերի 30-ին Իմռենաձը դադարեցրեց միակուսակցական համակարգի գործունեությունը և հայտարարեց կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին: Այս ամենը, ինչպես նաև վտանգը, որ Հունգարիան դուրս կգա ՎՊԵ-ից, բնականաբար, դուր չեկան Մոսկվային:

Սուեզի ճգնաժամը գումարվեց այս ամենին. Ֆրանսիան, Անգլիան, Իսրայելը Եգիպտոսի նկատմամբ ռազմական ինտերվենցիա իրականացրին, իսկ Եգիպտոսն այդ ժամանակ բարեկամական հարաբերությունների հետ էր Խորհրդային Միության հետ: Խրուշչյովը, ով արագ արձագանքում էր միջազգային ասպարեզում ուժերի հարաբերակցության խախտմանը, կոշտացրեց իր դիրքորոշումը Հունգարիայի հարցում. «Եթե մենք դուրս գանք Հունգարիայից, ապա դա մեր կողմից զիջում կդիտվի և մենք արևմտյան իմպերիալիստների կողմից որպես թույլ կընկալվենք: Մեզ նույնիսկ մեր կուսակցությունը չի հասկանա»: Մոտավորապես այսպես էր այդ ժամանակ արտահայտվում Ն.Խրուշչյովը: Հոկտեմբերի 31-ին կենտկոմի նիստում Խրուշչյովը պահանջեց Յանոշ Կադեռի գլխավորությամբ նոր աշխատավոր-գյուղական կառավարություն ստեղծել: Որոշվեց, որ ժողովրդի ընդվզման ճնշումը պետք է ղեկավարի Մարշալ Իվան Կոնևը: Իմռենաձին հաղորդվեց, որ խորհրդային նոր զորամիավորումներ են մտնելու Հունգարիա: Իմռենաձն Անդրոպովից բացատրություն պահանջեց: Պատասխանը բավականին անորոշ էր: Հենց այսպիսի իրավիճակում կառավարությունը պետք է որոշում կայացներ ՎՊԵ-ից դուրս գալու մասին:

1956թ. նոյեմբերի 4-ի առավոտյան «Վիխր» գործողությունը սկսվեց, որին 60 000 զինվոր էր մասնակցում: Չնայած թվային բացահայտ առավելությանը՝ հունգար ժողովուրդը հերոսաբար կռվում էր զավթիչների դեմ, սակայն դիմադրության հիմնական կենտրոններից մեկը ոչնչացնելուց հետո շարժման ողնաշարը կոտրվեց:

Բուդապեշտից բացի խորհրդային զավթիչների դեմ կռվում էին նաև այլ քաղաքներում: Չնայած հերոսական դիմադրությանը՝ ժողովրդական հակակոմունիստական շարժումը պարտություն կրեց: Այդ օրերին 280 մարդու կախեցին, Դունայ գետով տասնյակ հազարավոր մարմիներ էին հոսում, որոնք փողոցներից հավաքվում և գետն էին նետվում: Այդ մասին տարիներ շարունակ խոսելն արգելված էր, և ով որ խոսում էր աշխատանքից հեռացնում էին, իսկ ընտանիքի անդամներին ուղարկում համակենտրոնացման ճամբարներ: Նոյեմբերի 7-ին խորհրդային բանակի ուղեկցությամբ Յանոշ Կադեռը մտավ Բուդապեշտ: Իմռենաձը ռազմական ինտերվենցիայի հենց ամենասկզբում Հարավսլավիայի դեսպանատանը պատսպարվեց: Սովետական կողմը խաբեությամբ ձերբակալեց նրան: «Վիխր» գործողության ժամանակ 700 սովետական զինվոր սպանվեց, մոտավորապես 3000 խաղաղ բնակիչ և տասնյակ հազարավոր այլ մարդիկ վիրավորվեցին: Ընդվզումը ճնշելուց հետո Իվան Սերինի ղեկավարությամբ ռեպրեսիաների փուլը սկսվեց. այդ ընթացքում 15 հազար մարդ ձերբակալվեց, որից 280-ը մահապատժի դատապարտվեց: Հետապնդումներից խուսափելու համար մոտավորապես 280 հազար մարդ արտագաղթի ճանապարհը բռնեց:

1958թ. հունիսի 9-ին սկսվեց Իմռենաձի և նրա համախոհների դատավարությունը: Իմռենաձիին մեղադրեցին պետական դավաճանության մեջ և հունիսի 15-ին մահապատժի դատապարտեցին: Պատիժը հենց հաջորդ օրն էլ կիրառվեց: Հունգարիան ստիպված էր իր ազատության համար սպասել ևս 40 տարի……

Դավիթ Ֆիդանյան