Վուդրո Վիլսոնի 14 կետերը

Վուդրո Վիլսոն

1918 թ. հունվարի 8-ին Կոնգրեսին ուղղված իր ուղերձում Վ. Վիլսոնը հանդես է գալիս «Պատերազմի նպատակները և հաշտության պայմանները» ծրագրով: Դառնալով հաղթող պետություններից մեկը’ ԱՄՆ-ը մասնակցում է Վերսալի հաշտության պայմանագրի կնքմանը, որտեղ Վիլսոնը հանդես է գալիս իր նշանավոր «14 կետեր» խաղաղության ծրագրով:

Դրանք են’

1. բաց դիվանագիտություն,

2. ծովերում նավագնացության բացարձակ ազատություն,

3. առևտրի ազատություն’ մաքսային արգելքների վերացում,

4. ազգային զինված ուժերի կրճատում,

5. գաղութային հարցերի անկանխակալ կարգավորում,

6. ռուսական տարածքների ազատագրում,

7. Բելգիայի ազատագրում և պետության վերականգնում,

8.Գերմանիայի կողմից բռնազավթված ֆրանսիական տարածքների վերադարձ’ ներառյալ Էլզաս-Լոթարինգիան,

9. Իտալիայի սահմանների ճշգրտում,

10. Ավստրո-Հունգարիայի ժողովուրդներին ինքնիշխանության տրամադրում,

11.Գերմանիայի կողմից բռնազավթված Ռումինիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի տարածքների ազատագրում,

12. ներկայիս Օսմանյան կայսրության թուրքական մասի համար պետք է հավաստել անվտանգ ինքնիշխանություն, սակայն մյուս ազգերի համար, որոնք ներկայումս գտնվում են թուրքական իշխանության տակ, պետք է ապահովել կյանքի աներկբա անվտանգություն և ինքնավար զարգացման կատարելապես անխափան հնարավորություն: Դարդանելը պետք է մշտապես բաց լինի նավերի ազատ անցումի և բոլոր ազգերի առևտրի համար’ միջազգային երաշխիքներով,

13. Լեհաստանի անկախ պետության ստեղծում,

14. Ազգերի համընդհանուր միության (Ազգերի Լիգա) ստեղծում:

Իր «14 կետերի» ծրագրով Վիլսոնը էապես պայմանավորեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի համաշխարհային տերություն դառնալու իրողությունը:

14 սկզբունքներից բաղկացած այս «խաղաղության ծրագիրը», որն առավել հայտնի դարձավ’ որպես «Վիլսոնի 14 կետեր», իր պարզությամբ և մեծահոգությամբ գրավեց եվրոպական հասարակական կարծիքի աջակցությունը: Այստեղ նոր աշխարհակարգի կառուցման համապատկերում ժողովրդավարության անվտանգությունն ապահովելու համար Վ. Վիլսոնը առաջադրում էր «կոլեկտիվ անվտանգության» սկզբունքը: Դրա իրականացմանն էլ պետք է միտված լիներ «Ազգերի Լիգա» համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Ըստ էության Վ. Վիլսոնի գաղափարները պետք է վերածվեին ինստիտուտների’ համարժեք համաշխարհային կառավարության, որին ամերիկյան ժողովուրդը, հասարակական և քաղաքական միտքը դեռևս պատրաստ չէր, ինչպես և պատրաստ չէր գլոբալ ոստիկանի պարտավորություններ ստանձնելուն:

1918 թ. դեկտեմբերին նախագահ Վիլսոնը, «խախտելով» Սպիտակ տան հիմնական «պատվիրաններից» մեկը, այն է’ դուրս չգալ Արևմտյան կիսագնդից, ուղևորվեց Եվրոպա’ մասնակցելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին: Նախագահի վստահությունը ԱՄՆ-ում իր ունեցած ժողովրդականության և անսխալականության, ինչպես նաև իր քարոզած գաղափարների համակողմանիության նկատմամբ այնքան մեծ էր, որ նա նույնիսկ հարկ չհամարեց’ նախապես ապահովելու ամերիկյան Կոնգրեսի 2 պալատների հանրապետական մեծամասնության պաշտպանությունը իր «խաղաղության ծրագրի» համար: Արդեն գտնվելով Եվրոպայում’ Վ. Վիլսոնը, ի նկատի ունենալով իր «14 կետերը», հայտարարում էր. «Որո՞նք են այն պատճառները, որ Հիսուս Քրիստոսին մինչև օրս չի հաջողվել համոզել աշխարհին’ իր գործերում հետևելու նրա ուսմունքին: Դրա պատճառներն այն են, որ Նա քարոզել է մի իդեալ’ առանց ստեղծելու որևէ պրակտիկ միջոց դրան հասնելու համար: Ուստի և ես առաջարկում եմ Նրա նպատակների իրականացման գործնական պլան»:

Փարիզի խաղաղության կոնֆերանսում ներկայացված չէին ո´չ պարտված պետությունները, և ո´չ էլ Խորհրդային Ռուսաստանը: Կոնֆերանսում հետպատերազմյան աշխարհակարգի կառուցման խնդրում հիմնական դերը կատարում էր «Մեծ քառյակը»’ ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն և Իտալիայի վարչապետ Վիտտորիո Օրլանդոն:

1919 թ. հունիսի 28-ին Վերսալի պալատի Հայելազարդ դահլիճում մի կողմից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի և այլ դաշնակից պետությունների, մյուս կողմից’ Գերմանիայի միջև ստորագրվեց հաշտության պայմանգիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին աշխարհամարտը (1914-1918 թթ.): Վերսալի պայմանագրի բաղկացուցիչ մասն էր կազմում Ազգերի Լիգայի ստեղծման մասին կոնվենցիան: Պայմանգիրն ուժի մեջ մտավ 1920 թ. հունվարի 10-ին’ Գերմանիայի կողմից վավերացվելուց հետո: Սակայն, արդյունքում այնպես ստացվեց, որ աշխարհը, որ կարծես թե պատրաստվում էր վերջ տալ բոլոր պատերազմներին, հաշվի չէր առնում Եվրոպայի երկու հզորագույն երկրներին’ Գերմանիային և Ռուսաստանին, որոնց բաժին էր ընկնում Եվրոպայի բնակչության կեսից ավելին և ամենամեծ ռազմական ներուժը: Եվ, արդեն, միայն այս հանգամանքը ի չիք էր դարձնում փարիզյան կարգավորումները…

Վեցամսյա բանակցություններից հետո վերադառնալով Փարիզից’ Նախագահ Վիլսոնը հանդիպեց Կոնգրեսի երկու պալատների արտաքին հարաբերությունների խորհուրդների ղեկավարների հետ, բայց նրա փորձերը համոզելու քաղաքական հակառակորդներին Ազգերի լիգա հիմնելու անհրաժեշտության վերաբերյալ անհաջող էին: Հանգելով այն հետևությանը, որ Վերսալի հաշտության պայմանագրի և նրա բաղկացուցիչ մաս կազմող Ազգերի լիգա հիմնելու վերաբերյալ կոնվենցիայի վավերացման հետևանքով Միացյալ Նահանգները կկորցնեն վճռական ձայնի իրավունքը նրանց համար կենսականորեն կարևոր միջազգային խնդիրները լուծելու ժամանակ, ԱՄՆ-ի Սենատը չվավերացրեց պայմանագիրը և դրանով իսկ զրոյի հավասարեցրեց Վ. Վիլսոնի վերջին մի քանի տարվա խաղաղասիրական գործունեությունը: Իզոլիացիոնիստական միտումները դեռևս ուժեղ էին: Միացյալ Նահանգները երբեք չմիացավ այդ միջազգային կազմակերպությանը, որի ստեղծման համար այնքան ջանք էր գործադրել իրենց նախագահը’ պատկերացնելով այն իբրև նոր աշխարհակարգի հիմքը: Վ. Վիլսոնի «տասնչորս կետեր»-ից բաղկացած ծրագիրը, թեև ամբողջությամբ չիրականացավ, բայց և այնպես, միջազգային հարաբերություններում հեղափոխական նշանակություն ունեցավ: Այստեղ Նոր աշխարհակարգի կառուցման ամերիկյան չափորոշիչներ էին հանդիսանում«ժողովրդավարությունը», «կոլեկտիվ անվտանգությունը» և «ազգերի ինքնորոշումը»: Նախկինում այս սկզբունքներից և ոչ մեկը ընկած չէր եվրոպական միջազգային հարաբերությունների կարգավորման հիմքում:

Նյութը պատրաստեց’ Լուսինե Առաքելյան