1968թ. «Պրահայի գարունը»

Պրահա

1968թ. oգոստոսի 21-ի գիշերը ՎՊԵ կես միլիոնանոց զորքը մտավ Չեխոսլովակիա: Սկսվեց այդ երկրի օկուպացիան: Ռազմական ինտերվենցիային մասնակցում էին Խորհրդային Միության, Արևելյան Գերմանիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Լեհաստանի զորամիավորումները: Ռազմական ինտերվենցիան սկսելուց անմիջապես հետո Կրեմլը հայտարարեց, որ զորքերն ուղարկվում են Չեխոսլովակիա, որպես օգնություն «եղբայրական չեխ ժողովրդին»:

Ներխուժումը պայմանավորված էր նրանով, որ Չեխոսլովակիայում ռեֆորմներ կատարելու միջոցով փորձ էր արվում կառուցել «մարդկային դեմքով» սոցիալիզմ: Սակայն Մոսկվան ցույց տվեց, որ իրականում սոցիալիզմը չի կարող մարդկային դեմք ունենալ…

1945թ. Չեխոսլովակիան ազատվեց ֆաշիստական ռեժիմից, սակայն նրան շատ արագ փոխարինելու եկավ կոմունիստական վարչակարգը: 1945թ. գարնանը ստեղծվեց Ժողովրդական կառավարություն: Կոմունիստական կուսակցությունն ուներ 7 նախարար, իսկ կառավարության գործունեության հիմքում ընկած էր հենց Կոմունիստական Կուսակցության ծրագիրը: Նորաստեղծ կառավարության համար առաջնահերթություն համարվեց Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացումը:

Մայիսի 16-ին հայրենիք վերադարձավ նախագահ Էդուարդ Բենեշը, ով պատերազմի ժամանակ հարկադիր կերպով գտնվում էր Լոնդոնում: Նա կողմնակից էր Խորհրդային Միության հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն, սակայն գտնում էր, որ այդ ամենը չպետք է ազդի պետության ինքնիշխանության վրա:

1946թ. մայիսի 26-ին խորհրդարանական ընտրություններում հաղթեց Կոմունիստական Կուսակցությունը: Կառավարության ղեկավար դարձավ հայացքներով «ստալինիստ» Կլեբեն Կոդվայտը: Կոմունիստների ազդեցությունը գնալով փաստացի ուժեղանում էր. նրանց ենթակայության տակ են անցնում Գաղտնի Ոստիկանությունը, Պաշտպանության նախարարությունը և Ներքին Գործերի նախարարությունը:

1948թ. սկսվեց քաղաքական ճգնաժամ, երկրի 13 նախարարները նախագահ Բենեշից պահանջեցին հրաժարական տալ: Դա կապված էր Ներքին Գործերի նախարար Վացլավ Նոսկի որոշման հետ, ըստ որի ոստիկանությունը պետք է ազատվեր այն բոլոր աշխատակիցներից, ովքեր հավատարիմ չէին կոմունիստներին: Փետրվարի 21-ին սկսվեց հանրահավաքների ալիք. երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի առջև:

Այս իրավիճակում նախագահ Բենեշը ընդունեց նախարարների հրաժարականները և թափուր մնացած պաշտոններում ընդունեց կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին: Երկրում փաստացի տեղի ունեցավ պետական հեղաշրջում: Փետրվարի 25-ին Կոտվայդը հայտարարեց երկրում կոմունիստական նոր շրջանի մասին: Իշխանությունը ամբողջովին անցավ կոմունիստներին,երկրում սկսվեց ռեպրեսիաների շրջան, բանտերում հայտնվեց շուրջ 200 000 մարդ: Այս ամենը շարունակվեց մինչև 1950-ականները, երբ կոմկուսի ղեկավար դարձավ Անտոնին Նովոտնին:

1960թ. Նովոտնիի նախաձեռնությամբ խորհրդարանն օրենք ընդունեց Չեխոսլովակիայի Հանրապետությունը Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն անվանակոչելու մասին: Նորաստեղծ այս երկիրը ժամանակի ընթացքում դարձավ սովետական բլոկի ամենալիբերալ երկիրը: Դրանում իր ներդրումն ունեցավ Նովոտնին, ով ժամանակի ընթացքում հասկացավ, որ գործընթացները դուրս են եկել վերահսկողությունից և որ ինքը «չափն անցել է»: 1967թ. նա փորձեց փոխել իր կողմից վարվող քաղաքականությունը, սակայն դա ունեցավ հակառակ ազդեցություն: Նրա կառավարման ընթացքում սոցիալ-տնտեսական վիճակը վատացավ, իսկ Պրահայում սկսվեցին ուսանողական ընդզվումներ:

Դժգոհություն կար նաև հենց կուսակցության ներսում: 1967թ. հոկտեմբերին Կոմունիստական կուսակցության նիստի ժամանակ քննադատվեց Նովոտնիի քաղաքականությունը և նրան Կոմկուսի ղեկավարի պաշտոնից հեռանալու կոչ արվեց: Նովոտնին ստիպված եղավ հեռանալ: 1968թ. հունվարի 4-ին Կուսակցության կողմից ղեկավար նշանակվեց Ալեքսանդր Դուբչիկին: Այս որոշումն ընդունվեց նաև Կրեմլում: Չնայած նրան, որ Դուբչիկն ուներ սերտ կապեր Մոսկվայի հետ, նշանակվելուց հետո նա սկսեց վարել անկախ քաղաքականություն:

Կոմկուսի ղեկավար նշանակվելուց մի քանի շաբաթ անց նա սկսեց պետական ապարատից հեռացնել «ստալինիստ» կառավարողներին և նրանց տեղը հատկացրեց երիտասարդ կուսակցականներին: 1968թ. փետրվարին ունեցած ելույթում Դուբչիկը նշեց, որ անհրաժեշտ է ժողովրդավարացնել սոցիալիզմը: Այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլը կատարվեց մարտի 3-ին, երբ իշխանությունը մամուլից հանեց «ցենզուրա» հասկացությունը: Մամուլն այն աստիճան ազատ էր, որ ներկայացվում էին Կոմունիստական կուսակցության սկզբունքներին չհամապատասխանող առաջարկներ:

Սկզբնական շրջանում ժողովուրդը կարծում էր, որ Դուբչիկի նշանակումը պարզապես կոսմետիկ փոփոխություն էր, սակայն մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ երկրում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ:

Դուբչիկը սոցիալիզմի ապամոնտաժման կողմնակից չէր, նա պարզապես պնդում էր, որ անհրաժեշտ է վերացնել նախկինում գործած սխալների հետևանքները: Խոսքը գնում էր «մարդկային դեմքով» սոցիալիզմի կառուցման մասին:Իրավիճակը երկրում արագորեն փոխվում էր, հասարակական ճնշման տակ Նովոտնին հրաժարվում է նաև նախագահի պաշտոնից:

Ազգայինը ժողովը նախագահ է ընտրում ազգային հերոս գեներալ Լյուդվիգ Սլոբոդային:

1968թ. ապրիլի 5-ին հրապարակվում է կոմկուսի կողմից ստեղծված ռեֆորմների ծրագիրը, որը չէր ենթադրում որևէ բան ընդդեմ սոցիալիզմի: Ծրագրի մաս էր կազմում խոսքի ազատ արտահայտման իրացումը: Կային նաև տնտեսական ռեֆորմներ: Սրանով Դուբչիկը ցանկանում էր «Մարդկային դեմք» տալ սոցիալիստական համակարգին:

Վերոնշյալից բացի Չեխոսլովակիայում հեշտացվում է նաև սահմանային ռեժիմը, մարդիկ ձեռք են բերում ազատորեն արտերկիր մեկնելու հնարավորություն: Ստեղծվում են կոմունիստների ղեկավարման տակ չգտնվող բազմաթիվ կազմակերպություններ:

Չնայած դեպքերի այսպիսի ընթացքին’ քաղաքական առումով ամեն ինչ նույնն էր երկրում: Սովետական իշխանությունը անհանգստությամբ էր հետևում իրադարձությունների զարգացմանը: Մոսկվան, ինչպես և ՎՊԵ բոլոր երկրները, բացահայտ քննադատում էին Դուբչիկի վարած քաղաքականությունը: Կրեմլում դիտարկում էին հարցի լուծման մի քանի տարբերակներ, որոնցից էր նաև զինվորական միջամտությունը:

1968թ. մայիսի 4-ին տեղի ունեցավ հանդիպում Բրեժնևի և Դուբչիկի միջև: Բրեժնևը խիստ քննադատության արժանացրեց Դուբչիկի կողմից վարվող ազատականացման քաղաքականությունը, հատկապես կոմկուսի ազդեցության թուլացումը և հակասովետական ելույթների առկայությունը: Դուբչիկն ընդունում էր երկրում հակասովետական ելույթների առկայության փաստը, սակայն պնդում էր, որ իր ռեֆորմները սոցիալիզմին չեն վնասի: Դուբչիկը և նրա շրջապատը փորձում էին սովետական իշխանությանը համոզել, որ բարեփոխումները միայն օգուտ կտան սոցիալիզմին: Մի կողմից Դուբչիկը փորձում էր Բրեժնևին ապացուցել, որ ոչ մի վտանգավոր բան չկա, մյուս կողմից հասարակությունը պահանջում էր նրանից շարունակել սկսած գործը: Մարդիկ պահանջում էին ազատություն և ժողովրդավարություն:

Մի քանի ամիս անց՝ 1968թ. հունիսի 26-ին կյանքի կոչվեց Դուբչիկի ծրագիրը: Հաջորդ իսկ օրը թերթերում հրապարակվեց «մանիֆեստ», որի տակ ստորգարել էին 70-ից ավել չեխ և սլովակ մտավորականներ և որի մեջ քննադատվում էր կոմունիստական համակարգը: Խոսվում էր նաև այն մասին, որ կուսակցությունում առկա պահպանողական թևին, որը դիմադրում էր բարեփոխումներին, անձամբ Մոսկվան էր վերահսկում: Մարդիկ նույնիսկ չէին բացառում բարեփոխումները կանխելու նպատակով կրեմլի կողմից զինվորակամիջամտությունը:

Հուլիսի 3-ին Մոսկվայի Կենտկոմը նամակ է հղում կոմունիստներին, որով պահանջում էր հակասոցիալիստական ուժերի հարցում դիմել վճռական քայլերի: Սովետական իշխանությունը բացահայտ պրոպագանդա սկսեց ընդդեմ Դուբչիկի ռեֆորմների: Ինֆորմացիոն պրոպագանդայի մեջ ներառվում էին ՎՊԵ երկրների կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև Լատինական Ամերիկայում և Մոնղոլիայում գործող կազմակերպությունները:

Բրեժնևն առաջարկեց ևս մեկ անգամ հանդիպել: Բանակցությունները կայացան: Կրեմլը խոսում էր վերջնագրի լեզվով: Պահանջները վերաբերում էին ցենզուրայի վերականգնմանն ու ռեֆորմների դադարեցմանը: Սակայն Դուբչիկը մերժեց այն:

Օգոստոսի 3-ին Բրատիսլավայում կայացավ ԽՍՀՄ և ՎՊԵ առաջնորդների հանդիպումը: Նրանք հանդես եկան հայտարարությամբ, որում ասվում էր, որ սոցիալիզմի պաշտպանությունը յուրաքանչյուր սոցիալիստական երկրի պարտքն է: Դա ակնհայտ ակնարկ էր ուղղված Չեխոսլովակիային:

1968թ. Օգոստոսի 20-ին սկսվում է «Դունայ» գործողությունը, որին մասնակցում էին ԽՍՀՄ և ՎՊԵ զինվորական ստորաբաժանումները:

Ներխուժումից անմիջապես հետո կառավարությունը զորքերին զորամասերում մնալու հրաման տվեց, իսկ բնակչությանը կոչ արեց հանգստություն պահպանել: Չնայած այդ հրամանին՝ գիշերը մարդիկ դուրս եկան Պրահայի փողոցներ: Դուբչիկը և կառավարության մի քանի անդամներ հաջորդ օրը ձերբակալվեցին: Օկուպացիոն զորքի կարևորագույն նպատակներից մեկը ռադիոյի շենքի գրավումն էր, քանի որ ինֆորմացիան տարածվում էր հենց այնտեղից:

Օկուպացիան սկսվեց օգոստոսի 21-ին: Պաշտպանությունը կազմակերպել էին մի քանի հարյուր մարդիկ, որոնցից 22-ը սպանվեց գործողության ժամանակ:

Գրավումից հետո սկսեցին գործել ընդհատակյա ռադիոալիքներ: Ամբողջ երկիրը կանգնել էր ոտքի: Պրահայում մարդիկ բարիկադներ էին կազմում և խոչընդոտում ծանր տեխնիկայի շարժը:

Դրան ի պատասխան զիվորները կրակում էին մարդկանց վրա: Առաջին օրվա ընթացքում սպանվեց 20 և վիրավորվեց ավելի քան 200 մարդ: Պրահայում արտակարգ դրություն հայտարարվեց: Որոշ ժամանակ անց օկուպացվեց ամբողջ Չեխոսլովակիան: Սակայն այս ամենի հետ մեկտեղ Մոսկվայի գործողությունները հավանության չարժանացան նույնիսկ Կոմունիստական կուսակցության կողմից: Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ ընդհատակյա նիստ, որը դատապարտեց Կրեմլի գործողությունները: Անհրաժեշտ էր կոմպրոմիսի միջոցով անհապաղ դադարեցնել արյունահեղությունը: Օգոստոսի 23-ին նախագահ Սլոբոդան մեկնում է Մոսկվա: Նա համոզում է ազատ արձակել Դուբչիկին և վերջինիս ընդգրկել բանակցությունների մեջ: 3 օր անց նրանք ընդունում են ցենզուրայի հաստատման մասին կետը: Օգոստոսի 26-ին Դուբչիկը վերադառնում է հայրենիք և հայտարարում, որ երկիրը այսուհետ պետք է շարժվի սոցիալիզմի ճանապարհով:

Ընդհանուր առմամբ սովետական օկուպանտների գործողությունների ընթացքում մահացավ 180 մարդ, իսկ սովետական կողմի կորուստները կազմեցին 90 մարդ: Իրադարձություների հետագա ընթացքը ցույց տվեց, որ «Պրահայի գարունը» ավարտված էր: Կոմունիստական կուսակցության պահպանողական թևը ավելացնում էր ճնշումը ռեֆորմների կողմակիցների նկատմամբ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսվեցին ուսանողական ընդզվումներ’ ազատությունների և ռեֆորմների շարունակության պահանջով: Նոյեմբերի 7-ին ընդզվումներ եղան մի քանի քաղաքներում, որոնց ժամանակ ուսանողները այրում էին սովետական դրոշները: Այդ օրը ձերբակալվեց 176 մարդ: Ընդվզումների էներգետիկան այնքան մեծ էր, որ մարդիկ, ի նշան բողոքի, ինքնասպանություններ էին գործում:

1969թ. հունվարի 16-ին 20-ամյա չեխ ուսանող Յան Պալախը Պրահայի Վացլավյան հրապարակում ինքնահրկիզվեց՝ ի նշան բողոքի ընդդեմ ԽՍՀՄ և ՎՊԵ երկրների զորքերի կողմից սեփական երկրի օկուպացիայի: Հունվարի 25-ին նրա հուղարկավորությունը վերածվեց բողոքի երթի, որին մասկանցում էր 100 000-ից ավել մարդ: Ուսանող Յան Պալախը դարձավ պայքարի խորհրդանիշ և ձեռք բերեց բազմաթիվ հետևորդներ: Մեկ ամիս անց նույն վայրում ինքնահրկիզվեց 18-ամյա ուսանող Յան Զայացը: Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում գրանցվեց ինքնահրկիզման 25 դեպք, որից 7-ը’ մահացու: 1969թ. ապրիլին Ալեքսանդր Դուբչիկը հեռացավ կոմկուսի ղեկավարի պաշտոնից: 1968թ. դեպքերից հետո տասնյակ հազարավոր մարդիկ լքեցին երկիրը, իսկ նրանք, ովքեր մնացին, շարունակ հետապնդվում էին այլախոհություն դրսևորելու համար:

Դավիթ Ֆիդանյան