Ժողովրդավարության կոնսոլիդացման 3 խնդիրները

Consolidation

Ժողովրդավարության կոնսոլիդացիան բախվում է մի շարք մարտահրավերների, որոնք սպառնում են նոր և չկայացած ժողովրդավարություններին: Այս մարտահրավերները տարբերվում են կախված տվյալ ժամանակահատվածից և երկրից: Ուստի, անհնար է հստակ սահմանել և առանձնանցել այն մարտահրավերները, որոնք հաղթահարելու դեպքում հնարավոր կլինի հասնել կոսնոլիդացման:

Ժողովրդավարական «խաղի կանոնների» հանդեպ համատարած նվիրվածություն սերմանելուց և խորացնելուց բացի առավել կարևոր այլ պայմաններ չկան: Սակայն պետք չէ անտեսել որևէ ինստիտուտի ձեռքից իշխանության վրա ունեցած լծակները վերցնելու անհրաժեշտությունը: Վերջինս սահմանափակում է քաղաքացիների հանդեպ ունեցած կառավարության էլեկտորալ հաշվետվողականությունը:

Ժողովրդավարական վարչակարգերը տարբերվում են իրենց սպառնացող մարտահրավերների խորությամբ և էությամբ: Ինչևէ, գոյություն ունեն երեք ընդհանուր խնդիրներ, որոնք պետք է հաղթահարեն բոլոր այն նոր և խոցելի ժողովրդավարական պետությունները, որոնք ձգտում են կոնսոլիդացման: Դրանք են ժողովրդավարության ամրապնդումը, քաղաքական ինստիտուցիոնալացումը և վարչակարգի կատարողականությունը: Ժողովրդավարացման ամրապնդումը ժողովրդավարական ֆորմալ կառույցները դարձնում է էլ ավելի ազատական, հաշվետվողական, ներկայացուցչական և հասանելի, այսինքն՝ էլ ավելի ժողովրդավարական: Չափազանց կարևոր նշանակություն ունի դեպի առավել ընդգրկուն ազատություններ և օրինականություն ընթացող զարգացումը: Որոշ նոր ժողովրդավարական պետություններ անցել են կոնսոլիդացման գործընթացը ժողովրդավարացման երրորդ ալիքի ընթացքում, սակայն որևէ անազատական, էլեկտորալ ժողովրդավարություն, որը ստեղծվել է ժողովրդավարացման երրորդ ալիքի արդյունքում դեռևս չի կոնսոլիդացվել: Իրականում, էլեկտորալ ժողովրդավարությունների մեծ մասը, որոնք «դավաճանել» են ժողովրդավարացման երրորդ ալիքին և հետընթաց ապրել դեպի անազատական վարչակարգեր արդյունքում դեկոնսոլիդացվել են (Վենեսուելա, Կոլումբիա, Շրի Լանկա, Ֆիջի): Դեկոնսոլիդացման ցուցիչներն են եղել էլիտաների դրսևորած ապօրինի և հակասահմանադրական վարքագիծը, քաղաքական բռնությունը, մարդու իրավունքների ոտնահարումը, զինվորական ինքնավարությունը, ազատության սահմանափակման դրսևորումները: Ուստի, ժողովրդավարության ամրապնդումը կենսական նշանակություն ունի, առանց որի կոնսոլիդացման մասին խոսք անգամ չի կարող լինել: Որքան քիչ են քաղաքական առանցքային դերակատարների կողմից հարգվում քաղաքական իրավունքները, քաղաքացիական ազատությունները և պետական իշխանության հանդեպ առկա սահմանադրական սահմանափակումները, այնքան խոցելի և թույլ է ժողովրդավարության ամրապնդման գործընթացը: Ավելին, էլեկտորալ վարչակարգը որքան մակերեսային, բացառող, անհաշվետու և անհատի ու խմբի իրավունքները ոտնահարող է, այնքան ավելի դժվարանում է հանրային մակարդակում վերջինիս լեգիտիմության ձեռքբերման հարցը:

Ժողովրդավարությունները կոնսոլիդացվում և դեկոնսոլիդացվում են ինստիտուտների մակերասայնության և իրավիճակի վատթարացման պատճառով: Կոնսոլիդացվելու համար էլեկտորալ ժողովրդավարությունները պետք է էլ ավելի ամուր հիմքերի վրա լինեն և էլ ավելի ազատական: Վերջինս պահանջում է գործադիր իշանության (նաև զինվորական) հաշվետվողականություն առ օրենքներ, իշխանության մյուս ճյուղեր, հանրություն, մարգինալացված խմբերի կողմից քաղաքական մասնակցության և մոբիլիզացման վերաբերյալ սահմանափակումների վերացում, իշխանության ապակենտրոնացում և հաշվետվողականություն, քաղաքացիական հասարակությանը տրված ինքնավարություն, որը դրսևորվում է ազատ գործելու հնարավորությամբ, ինչպես նաև բոլոր քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանվածություն:

Ժողովրդավարության ամրապնդումից բացի առկա են ևս երկու կարևոր գործոններ, որոնք տանում են դեպի ժողովրդավարության կոնսոլիդացում: Առաջինը քաղաքական ինստիտուցիոնալացումն է: Այն ներառում է ժողովրդավարության ներկայացուցչական և կառավարական ֆորմալ կառույցների ամրապնդում: Պետք է վերջիններիս առավել համահունչ, բարդ, ինքնավար, փոփոխություններին կարճ ժամանակում ադապտացվող և առավել ունակ, արդյունավետ, արժեքավոր և պարտավորեցնող դարձնել: Վերջիններս էլ իրենց հերթին կնպաստեն ժողովրդավարական համակարգի հանդեպ առկա քաղաքական վստահության, հանդուրժողականության, զսպվածության, քաղաքավարության և հավատարմության ձևավորմանն ու ամրապնդմանը: Քաղաքական ինստիտուցիոնալացումը կենսական նշանակություն ունի ժողովրդավարության համար այդքան կարևոր երևույթի՝ քաղաքական մշակույթի ձևավորման, ինչպես նաև ժողովրդավարական համակարգի լեգիտիմության ընդլայնման հարցում:

Երկրորդ, ոչ պակաս կարևոր խնդիրը վարչակարգի կատարողականությունն է: Ժամանակի և իշխանությունների հաջորդականության արդյունքում ժողովրդավարական համակարգը պետք է կարողանա ձեռք բերել բավականաչափ դրական քաղաքականության հիմքեր, որոնց շնորհիվ պետք է կարողանա ձեռք բերել էլ ավելի ընդգրկուն քաղաքական լեգիտիմություն կամ նվազագույնը կարողանա խուսափել վարչակարգի լեգիտիմությանը սպառնացող քաղաքական բյուրեղացման վտանգից:

Որքան մեծ է հասարակության` ժողովրդավարության բուն էությունն արժևորելու հարցում առկա մշակութային նախատրամադրվածությունը, այնքան անհաջող կլինեն տնտեսական աճ գրանցելուն և հիմնական սոցիալական խնդիրները լուծելուն ուղղված գործընթացները: Կարևոր է ընդգծել, որ տնտեսական աճը և բաշխումը միակ հարթությունները չեն, որոնցով գնահատվում է վարչակարգի կատարողականությունը: Քաղաքական ինստիտուտների և դերակատարների քաղաքական գործունեությունը ոչ պակաս կարևոր է այս հարցում: Ուստի, ժողովրդավարության որակի մասին դատողությունների հիման վրա կարելի է կարծիք ձևավորել վերջինիս լեգիտիմության մասին: Քաղաքական ինստիտուցիոնալացումը և ժողովրդավարության ամրապնդումը կարող են պատկերացում ձևավորել արդյունավետ կառավարման մասին:

Վարչակարգի կատարողականությունը տնտեսական վիճակով պայմանավորելը ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուր ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, այդ թվում նաև բարեփոխումները հնարավոր են դառնում միայն քաղաքական առաջնորդների պատրաստակամության և դրսևորած կամքի շնորհիվ:

Լուսինե Առաքելյան