5-րդ շարասյունը մեկնաբանում է Գյումրու սպանդը

article

Գյումրիում տեղի ունեցած «սաֆարովյան» սպանդից հետո Գյումրին դարձել է տարածաշրջանի ամենաթեժ կետերից մեկը: Բնականաբար, կատարվածի ամբողջ մեղավորությունը մարդասպանի հետ միասին կիսում է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը. չլիներ ռազմաբազայում տիրող ամենաթողության մթնոլորտը, տեղի չէր ունենա նաև Գյումրու ողբերգությունը:

Այսպիսով, ամենատարրական կրթական մակարդակն ունեցող մարդու համար անգամ ակնհայտ է այն պարզ իրողությունը, որ ողբերգության ողջ պատասխանատվությունը կիսում է նաև Կրեմլի վարչակազմը:

Ուզենք, թե չուզենք փաստերն այդ կերպ են դասավորվել, և այս իրավիճակում դավադրությունների տեսության սիրահարները, ՀՀ-ում գործող ռուսական 5-րդ շարասյան ծպտված և ակնհայտ ներկայացուցիչները որքան էլ փորձեն Կրեմլի անունը մաքրել արյունից, տրամագծորեն հակառակ արդյունքն են ստանալու: Վերջիններս ամեն կերպ փորձում են հանրությանը «ապացուցել», որ «նմանատիպ մարդասպանությունն ազգություն չի ճանաչում», «պետք չէ քաղաքականացնել ստեղծված իրավիճակը» և այլն: Իրականում, ցանկացած ազգի ներկայացուցիչ, ով ընդունակ է նմանատիպ հանցագործության, համամարդկային ստահակ է, բայց, կներեք, ո՞վ ասաց, որ շեշտելով ստահակի էթնիկ պատկանելիությունը՝ այդ հատկությունը ամբողջությամբ տարածվում է ռուս ազգի վրա: Իրականում, ռուս ազգը բազմաթիվ արժանավոր զավակներ է ունեցել և այսօր էլ ունի, բայց դա դեռ չի նշանակում, որ պուտինյան վարչակազմը ժամանակակից աշխարհի գլխավոր սպառնալիքը չէ: Եվ երբ մարդիկ ասում են, որ այս ողբերգության հիմնական մեղավորը ռուսներն են, դրանով նրանք օբյեկտիվորեն մատնացույց են անում պուտինյան ռեժիմի հանցավոր բնույթը, ինչի տրամաբանական հետևանքներից մեկը ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակն է:

5-րդ շարասյան ներկայացուցիչներից ոմանք էլ անընդհատ շեշտում են իրավիճակը «չքաղաքականացնելու» մասին: Կներեք, իսկ ինչի՞ հետևանքով է տեղի ունեցել նմանատիպ անմարդկային հանցագործություն: Ինչի՞ արդյունքում են ռուս զինվորները Գյումրիում իրենց զգում ինչպես իրենց երկրում, ինչի՞ արդյունքում է ՌԴ դեսպանը իրեն թույլ տալիս խառնվել մեր երկրի ներքին քաղաքականությանը, ինչի՞ արդյունքում են ՌԴ ցածրակարգ վերլուծաբաններն ու պուտինյան ագրեսիան հիմնավորողները համակարգում ՀՀ քաղաքական դաշտն ամբողջությամբ (սկսած քաղաքական իշխանություններից մինչև քաղաքական «ոչ իշխանականներ»), ինչի՞ արդյունքում 1999 թվականին նույն Գյումրիում, նույն 102-րդ ռազմաբազայի հարբած զինվորները սպանդ սանձազերծեցին: Միթե՞ այս ամենը քաղաքականության հետևանք չէ և/կամ միթե՞ այս ամենը քաղաքական հարց չէ: Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը, աներկբայորեն, Ռուսաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետևանք է և այսպես, թե այնպես այն կրում է քաղաքական բնույթ: Ուստի բոլոր այն «վերլուծաբաներն» ու «քաղաքագետները», ֆեյսբուքյան ստատուսչիները, «քաղաքական» ուժերի ներկայացուցիչները, ովքեր Գյումրու դեպքերի մասին խոսում են վերոգրյալ հռետորաբանությամբ, նվազագույնը զբաղված են մտավոր ձեռնաշարժությամբ:

Ի դեպ, Հայաստանում ռուսական 5-րդ շարասյան ներկայացուցիչների շարքերը բավականին ընդգրկուն են, և այստեղ կարելի է տեսնել ՀՀ քաղաքական և քաղաքացիական սեկտորների բազմաթիվ ներկայացուցիչների: 5-րդ շարասյան ներկայացուցիչներին բացահայտելը բավականին դյուրին գործ է. ընդամենը հարկավոր է գյումրեցիների շարքերում փնտրել քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կամ մամուլում կարդալ նրանց հայտարարություններն ու մեկնաբանությունները: Հիմնական քաղաքական ուժերի հայտարարությունները գրեթե բառացիորեն կրկնում են դեսպան Վոլինկինի «ցավակցական տեքստը»: Բացառությամբ Ժառանգության և Ազատ Դեմոկրատների, որևէ քաղաքական ուժ իր հայտարարություններում չի նշել մարդասպանին ՀՀ իրավապահներին հանձնելու անհրաժեշտության մասին:

Ռուս «սաֆարովի» ՀՀ օրենքներով դատապարտվելու և պատիժը մեր երկրում կրելու հարցը կենսական նշանակություն ունի բոլորիս և ամենաառաջինը Հայաստանի Հանրապետության միջազգային վարկի համար: Ուստի վերոնշյալ պահանջը առանցքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման և ազգային արժանապատվության տեսանկյունից: Վստահ եմ, որ ռուսական կողմը ամեն ինչ անելու է, որպեսզի չհանձնի դահճին, սակայն պաշտոնական մակարդակում նմանատիպ պահանջ ներկայացնելը բավականին կարևոր նշանակություն ունի: Երեկ գյումրեցի ցուցարարները հենց այդ պահանջը ներկայացրին գլխավոր դատախազին, ով խոստացավ պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ դատախազությանը: Մի հատկանշական փաստ ևս. երեկ Գյումրիում հավաքված ցուցարարների հետ դեմ առ դեմ բանակցում էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Մարտուն Գրիգորյանը, իսկ ցանկացած պահի «ժողովրդի կողքին և ժողովրդի համար» սկզբունքով առաջնորդվող ռազմահայրենասիրական ուժերն ու «ժողովրդավարության» ջատագովները երևի խորհրդակցում էին անդրանիկնիկողոսյանների, սմբատկարախանյանների և վոլինկինների հետ: Այս մասով մնացած ենթադրությունները թողնում եմ ընթերցողին:

Գյումրիում տեղի ունեցած սպանդին հաջորդած քաղաքացիական դրսևորումները, թերևս, խորն ուսումնասիրությունների առարկա են: Վստահաբար, այդ ուսումնասիրությունները բավականին դրական արդյունքների կարող են հանգեցնել և ներկայումս դրանք քննարկելն ուղղակի անիմաստ է, սակայն կա մի ակնհայտ և ուրախալի փաստ. ՀՀ բնակչությունն աստիճանաբար սկսում է գիտակցել ռուսական կեղտոտ ներկայության սպառնալիքները, պարզապես անհրաժեշտ է այս ամենը վերաձևակերպել ինքնիշխանության, ժամանակակից և ինքնաբավ պետություն կառուցելու համատեքստում:

Հ.Գ. Մոսկվայի՝ արդեն իսկ «մաշված գործիքների» վերածված «քաղաքական» ուժերն ու նրանց արբանյակները վաղ թե ուշ ստիպված են լինելու իրենց տեղը զիջել ինքնիշխան պետականության կարևորությունը գիտակցող և հանուն Հայաստանի Հանրապետության գործող քաղաքացիներին, որոնց առկայությամբ է երաշխավորվում ժողովրդավարական և զարգացող Հայաստանի կայացումը:

Նարեկ Սամսոնյան