Իշխանության 5 տոկոսանոց զիջումն ընդդիմությանը

1306072

Մի քանի օր առաջ մեր քաղաքական կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ոմանց կողմից որակվեց իբրև «ընդդիմության կողմից արձանագրած աննախադեպ հաղթանակ», ոմանց կողմից էլ որպես «իշխանությունների կողմից ժողովրդավարական քայլ և կոնսենսուս ընդդիմության հետ»:

Ինչպես արդեն կռահեցիք, խոսքն ընտրական օրենսգրքի շուրջ իշխանական կուսակցությունների և ոչ իշխանական ՕԵԿ-ի, Կոնգրեսի և Բարգավաճի միջև ստորագրված համաձայնության մասին է: Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով անցկացվող քննարկումներին մասնակցում էին նաև որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հրաժարվեցին ստորագրել Օրինացի, Կոնգրեսի և Բարգավաճի ստորագրած փաստաթուղթը՝ հայտարարելով, որ նույնիսկ այդ «զիջումները», որոնց գնաց իշխանությունը, բավարար չեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման համար:

Ըստ էության այդ ձևաչափով տեղի ունեցող քննարկումները, կամ, ինչպես ոչ իշխանականներն էին այն կոչում, «բանակցությունները» որևէ էական ազդեցություն չէին ունենալու սպասվող ընտրությունների անցկացման բնույթի վրա, և այդ գործընթացն ընդամենն իրենց ընդդիմություն հռչակած ՕԵԿ-ի, Կոնգրեսի և զրոյացված Բարգավաճի համար ջրի երեսին մնալու և սպառված քաղաքական օրակարգը լրացնելուն ուղղված քայլեր էին: Այսօր Հայաստանում, նույնիսկ փորձագիտական շրջանակներից բավականին հեռու գտնվող քաղաքացիների համար ակնհայտ է, որ ժողովրդավարական ընտրությունների անցկացման դեպքում այդ երեք կուսակցությունների միասնական քաղաքական կշիռն անգամ քաղաքացիների քվեների 5 տոկոսին չի արժանանա: Գլոբալ առումով, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար ընդամենը հարկավոր է քաղաքական կամք, և այս ամենի մասին քաջ գիտկցում էին այդ «բանակցություններում» ընդգրկված կողմերը: Բայց քանի որ ընդդիմության հետ կոնսենսուսի գնալու իմիտացիան ամբողջությամբ համապատասխանում էր իշխանական ուժերի շահերին, նրանք առանց վարանելու համաձայնվեցին այդ ձևաչափով քննարկումներին: Եվ վերջապես տեղի ունեցավ այդքան սպասված կոնսենսուսը, որտեղ «թե՛ գայլերը կուշտ մնացին, թե՛ գառները՝ կենդանի»: Եվ, վերջիվերջո, ի՞նչ տվեց այս գործընթացը հայաստանյան քաղաքական կյանքին և, որ ամենակարևորն է, ՀՀ քաղաքացիներին:

Ամենաառաջինը, տեղի ունեցած իշխանություն-ընդդիմություն «մերձեցումը» ամբողջությամբ բխում էր իշխանության շահերից: Այս համատեքստում կանխավ ամբողջությամբ լեգիտիմացվում է 2017 թվականին տեղի ունենալիք ընտրությունների արդյունքները, իշխանությունը միջազգային հանրությանն ու հատկապես Վենետիկի հանձնաժողովին այս քայլով վերջնականորեն վստահեցնում է, որ ԸՕ-ի շուրջ գոյություն ունի լայն կոնսենսուս, մինչև ընտրություններն ամբողջությամբ կոմպենսացնում է նոր ԸՕ-ի շուրջ այլ ընդդիմադիր ուժերի դժգոհությունները և ամբողջությամբ կենտրոնացնում է իր ուժային աղբյուրները գալիք ընտրություններում հաղթելու համար: Ի հակադրություն իշխանությունների՝ ընդդիմությունը որևէ էական օգուտներ չի ստանում այս գործընթացից, հակառակը՝ իր իսկ ստորագրությամբ վավերացնում է գալիք ընտրությունների արդյունքները և փոխարենը ստանում է «խուճապահար իշխանությունն ընկրկեց ընդդիմության պահանջների առաջ»-ի մակարդակի հայտարարություններով կարճաժամկետ և էժանագին նախընտրական քարոզարշավի հնարավորություն: Իսկ եթե հաշվի առնենք ՀՀ-ում անցկացվող ընտրությունների որակն ու «դաբրոներով» ԱԺ անցնելու ներկուլիսային ավանդույթները, ապա կարելի է վստահորեն արձանագրել, որ Օրինացն ու Կոնգրեսն այս «բանակցություններում» կոնսենսուսի իմիտացիան ապահովելու համար իշխանության կողմից 2017-ին 5 տոկոսանոց ֆրակցիաներ ունենալու երաշխիքներ են ստացել և առանց վարանելու ստորագրել են այդ փաստաթղթի տակ:

Իշխանություն-ընդդիմություն բեմադրության ընթացքում հերթական անգամ օգտագործվեց քաղաքացիական հասարակությունը և, որքան էլ վերջում ՀԿ-ները հրաժարվեցին ստորագրել այդ փաստաթղթի տակ, միևնույն է նրանք էլ իրենց հերթին և իրենց չափով նպաստեցին կոնսենսուսի իմիտացիային այն պարագայում, երբ հենց սկզբից այդ կազմակերպություններից ոմանք պնդում էին, որ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար ընդամենը քաղաքական կամք է անհրաժեշտ: Բայց այդ ամենն արձանագրելով մասնակցեցին քաղաքական ուժերի կողմից բեմադրված ներկայացմանը: Այդ բեմադրությանը մասնակցած ՀԿ ներկայացուցիչներից ոմանք սոցիալական ցանցերում հիասթափական և այդ բեմադրության լեգիտիմացմանը փաստացի մասնակցելու համար զղջման գրառումներ են կատարում, բայց այդ ամենը որևէ էական նշանակություն չի կարող ունենալ ընտրությունների ժողովրդավարական բնույթի վրա: Իրենց քաղաքացիական հասարակության մաս համարող կառույցները հերթական անգամ կուլ տվեցին քաղաքական ուժերի խայծը և մասնակցեցին ՕԵԿ-ի, Կոնգրեսի և Բարգավաճի 5 տոկոսանոց սակարկման բեմադրությանը:

Ամփոփելով, կարելի է արձանագրել, որ իշխանություն+ՕԵԿ+ՀԱԿ+ԲՀԿ կոնսենսուսը որևէ աղերս չունի երկրում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման հետ և, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այդ գործընթացն ընդամենը պայմանավորված էր նեղ կուսակցական շահերով:

Հ.Գ. Մեր կազմակերպությունը նոր ԸՕ-ի քննարկումների հրավերի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ պարզ ձևով նշել էր այն վտանգները, որոնցով հղի է նմանատիպ իմիտացիոն գործընթացին մասնակցելը և ներկայումս նմանատիպ ելքը մեզ համար կանխատեսելի էր:

Նարեկ Սամսոնյան