Սերնդափոխության մասին

change

Վերջերս հաճախակիացել են քաղաքական սերնդափոխության մասին խոսակցությունները։ Ներկայումս դաշտում սերնդափոխության վերաբերյալ տարատեսակ քննարկումներն ու բանավեճերը գնալով ավելի խորքային բնույթ են ստանում։ Իրականում, քաղաքական սերնդափոխությունն այսօր կենսական նշանակության խնդիր է, սակայն այնպես չէ, որ այն պետք է տեղի ունենա արհեստական միջամտության կամ, պարզապես, ազնիվ ցանկության դեպքում։

Քաղաքական սերնդափոխություն պահանջող և այդ սերնդափոխության համար կոնկրետ գործնական քայլեր կատարող կազմակերպություններից մեկը հենց «Քաղաքացիական գիտակցությունն» է, բայց այդ գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումն արտահայտելուց առաջ ցանականում եմ անդրադառնալ ներկայումս սերնդափոխության վերաբերյալ քաղաքական-հասարակական շրջանակներում առկա պատկերացումներին։ Այդ համատեքստում դաշտում առկա թեզերը բավականին իռացիոնալ են։ Շատերի կարծիքով, քաղաքական սերնդափոխությունը զուտ տարբեր տարիքային խմբերի տեղափոխությունն է։ Կան քաղաքական սուբյեկտներ, որոնց կարծիքով սերնդափոխությունն իրենց կողմից կատարյալ կառավարելի և իրենց կարծիքները կապկող երիտասարդներին դաշտ նետելն ու նույն ձախողակ քաղաքական գիծը շարունակելն է։

Իրականում, քաղաքական սերնդափոխությունը նախ և առաջ գաղափարական (խոսքը չի վերաբերում քաղաքական գաղափարախոսություններին), քաղաքական մեխանիզմների, դաշտում գործելու գործիքաշարերի փոփոխություն է ենթադրում։ Չի կարող սերնդափոխություն համարվել ձախողված քաղաքական պրակտիկայի նույնօրինակ կապկումը, եթե նույնիսկ այն իրականացվում է նույն ձախողակ ուժի առավել երիտասարդ ներկայացուցչի կողմից։ Ավելի գործնական արտահայտվեմ. երբ 20 տարի շարունակ քաղաքական համակարգի մի բևեռի ներկայացուցիչները կրկնում են նույն ձախողակ հռետորիկան և օգտագործում են նույն՝ մաշված գործիքները, ապա ի՞նչ տարբերություն դա անում է Արշակ Սադոյանը, թե մեկ այլ՝ ավելի կրտսեր սերնդի ներկայացուցիչ։ Տեսողական ազդեցության առումով, տարբերությունն ակնհայտ է, սակայն արդյունավետության առումով, վերջնարդյունքը նույնն է։

Այսպիսով, կարելի է գոնե սկզբի համար արձանագրել, որ քաղաքական սերնդափոխություն ասելով հարկավոր է նկատի ունենալ վերոգրյալ մոտեցումներն ու տարանջատել տարիքային տարբերությունը բովանդակային և գաղափարական մոտեցումների տարբերությունից։

Սերնդափոխության կայացման օբյեկտիվ և սուբյեկտիվ բարդությունները

Անկախ նրանից, որ քաղաքական սերնդափոխությունն այսօր անկյունաքարային նշանակություն ունի երկրի զարգացման և քաղաքական ինստիտուտների ու մշակույթի կայացման հարցում, միևնույն է, այն կյանքի կոչելու համար գոյություն ունեն մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։ Ցանկացած քաղաքական համակարգում ձևավորվում է այդ համակարգի զարգացվածությանն ու ընտրած խաղի կանոններին համապատասխան քաղաքական միջավայր, ինչն էլ իր հերթին վերածվում է քաղաքական մշակույթի։ Հասարակությունն այդպիսով վերածվում է այդ մշակույթը կրող մի մարմնի, և ցանկացած փոփոխություն, որը փորձում են իրականացնել արդեն իսկ ստեղծված միջավայրում, հասարակության կողմից ընդունվում է սվիններով։ Որոշ տեսաբաններ կարծիքով, փոփոխությունների հանդեպ իներտ և երբեմն էլ պրոակտիվ բացասական վերաբերմունքը հասարակության կողմից բավականին օբյեկտիվ և հիմնավորված երևույթ է, և երբ այդ ամենին էլ ավելացնում ենք անցումային հասարակություններին բնորոշ հետադիմական դինամիկան, պատկերն ամբողջանում է։ Այսպիսով, սերնդափոխության կայացմանը խոչընդոտող հիմնական օբյեկտիվ պատճառներից մեկը հասարակության կողմից փոփոխությունների հանդեպ բացասական վերաբերմունքն է։

Մյուս օբյեկտիվ խոչընդոտն ամբողջական ձևավորված քաղաքացիական հասարակության բացակայությունն է, որի պատճառով էլ քաղաքացիական հատվածը տարանջատված չէ կուսակցական համակարգից, ինչի հետևանքով էլ երկու համակարգերի միջև չի գործում հակակշիռների և վերահսկման մեխանիզմները։

Սերնդափոխության կայացման սուբյեկտիվ խոչընդոտներից հիմնականն ու, թերևս, ամենաբարդ հաղթահարելին էլ քաղաքական դաշտում ներկայումս առկա քաղաքական սուբյեկտներն են։ Սկսած 1990 թվականից մինչև այսօր մեր երկրում քաղաքական դաշտի դերակատարները չեն փոխվել։ Խոսքը, բնականաբար, քաղաքական կուսակցությունների մասին չէ, այլ այն անձանց, որոնք երկրի քաղաքական դաշտում են գտնվում 1990 թվականից (ոմանց պարագայում դեռևս խորհրդային տարիներից): Ասածս հիմնավորելու համար խորհուրդ կտամ պարզապես դիտել վերջին Գերագույն Խորհրդի համացանցում առկա նիստերը։ Քաղաքական համակարգի դերակատաներն այդ օրերից ի վեր նույնն են։ Ստեղծվել են տարատեսակ կուսակցություններ, որոնք գործում են տարբեր անուններով, գաղափարախոսություններով, տարբեր ճամբարներում, բայց այդ բոլոր սուբյեկտներում հիմնական դերակատարները հենց 90-ականներին ասպարեզ եկած և քաղաքական սերնդափոխություն իրականացրած անհատներն են։ Այսքանից հետո բավականին սովորական է այն հանգամանքը, որ տվյալ անհատների կողմից ղեկավարվող քաղաքական սուբյեկտների համար պարզապես անընդունելի է դաշտում սերնդափոխության մասին նույնիսկ խոսելը։ Ուշադրություն դարձրեք ցանկացած նոր նախաձեռնություն, որը դուրս է 90-ականներին ձևավորված քաղաքական սուբյեկտների ազդեցությունից, միանգամից տարատեսակ պիտակավորումների է ենթարկվում վերջիններիս կողմից։ Ցանկացած նոր միտք, գաղափար կամ քաղաքական ռազմավարություն, որը երևան է գալիս միանգամից անխնա քարկոծվում է տվյալ սերնդի քաղաքական սուբյեկտների կողմից։ Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր հատվածին։

Սերնդափոխությանը խոչընդոտող օբյեկտիվ պատճառների հաղթահարումն իրականում ավելի հեշտ խնդիր է, քանի որ հայկական իրականության պայմաններում հասարակության առաջադեմ հատվածի կողմից արդեն վաղուց այն մեծ պահանջարկ ունի։ Վերջին շրջանում տարատեսակ սոցհարցումները (նաև մեր Կազմակերպության կողմից իրականացված) ցույց են տալիս, որ հասարակության մի զգալի հատված ավելի շատ է համակրում և հավատում երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություններին, քան 90-ականների սերնդի քաղաքական ուժերին։ Այս խնդրի հաղթահարման ամենաթարմ օրինակը Electric Yerevan շարժումն է, որի վերաբերյալ դեռևս ավելի հանգամանալից և բազմակողմանի վերլուծություններ կլինեն։

Իսկ ահա սերնդափոխության սուբյեկտիվ խոչընդոտների հաղթահարումը դեռևս անհաղթահարելի է եղել ցանկացած սերնդափոխության հայտ ներկայացրած նախաձեռնության կամ քաղաքական ուժի համար։ Այս պարագայում ևս օրինակը կարելի է բերել Բաղրամյան պողոտայի շարժման փորձից։ Սկզբնական շրջանում էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ ձևավորված շարժաման հիմնական դերակատարները (խոսքն այստեղ չի վերաբերում միայն «նախաձեռնող խմբին») երիտասարդներ էին, որոնք չէին պատկանում հին սերնդի քաղաքական սուբյեկտներից և ոչ մեկին։ Կար նոր միտք, նոր շունչ, սեփական գաղափարներով առաջնորդվելու վճռականություն։ Ի վերջո, վերոգրյալ կամային հատկանիշների արդյունքում տեղի ունեցավ անհնարինը՝ ավելի քան 10 օրով պարալիզացվեց Բաղրամյան պողոտան։ Մինչև ընկրկելն ու քաղաքական հին սերնդի ուժերին զիջելը շարժումն օր օրի նոր ձեռքբերումներ էր գրանցում, և երբ քաղաքական հին սերնդի սուբյեկտները հասկացան, որ տվյալ երիտասարդների հեղինակությունն ու հանրային աջակցությունը մի քանի անգամ սկսեց գերազանցել իրենց երբևէ ունեցած հեղինակությանը, գործի դրվեցին խարդավանքների և բանսարկության ողջ զինանոցը։ Արդյունքում հզոր շարժումը մասնատվեց, իսկ մի շաբաթից ավել միմյանց հանդեպ խորը վստահություն տածող երիտասարդները սկսեցին մեկը մյուսին մեղադրել դավաճանության մեջ։ (Կոնկրետ Բաղրամյան պողոտայի շարժման վերաբերյալ ես ունեմ իմ անձնական և դաշտում եղածներից տարբերվող կարծիքը, որը, սակայն, չեմ ցանկանում զետեղել տվյալ վերլուծության մեջ։ Ուստի, կխնդրեմ ընթերցողին չկենտրոնանալ վերևում արտաբերված ընդհանուր գնահատականների վրա։)

Հ.Գ. Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ քաղաքական սերնդափոխության համար ներկայումս մեր երկրում ստեղծված են օբյեկտիվ պայմաններ, բայց դրա իրականացման համար ևս առկա են բավականին բարդ հաղթահարելի սուբյեկտիվ խոչընդոտներ, որոնց հաղթահարման համար հարկավոր է ստեղծել համակրգային բնույթ ունեցող և ստեղծված քաղաքական համակարգից հարաբերականորեն անկախ քաղաքական/քաղաքացիական միավորներ։ Սերնդափոխության հայտ ներկայացրած ցանկացած միավոր պետք է նկատի ունենա, որ սերնդափոխության ճանապարհին բազմաթիվ սուբյեկտիվ խոչընդոտների հետ է առերեսվելու, որոնց հաղթահարումը պահանջում է նոր գաղափարերի, քաղաքական ռազմավարության, նոր մարտավարական հմտությունների և, բնականաբար, անսահման համառության առկայություն։ Վերոգրյալի առկայության պայմաններում է հնարավոր միայն հաղթահարել սերնդափոխության ճանապարհին առկա բազմաթիվ և բազմապիսի խոչընդոտները, որոնք երբեմն բավականին ցավոտ և հիասթափեցնող են լինում։ Հարկավոր է ընտրել բարդ, սակայն իրական փոփոխությունների տանող ճանապարը։

Նարեկ Սամսոնյան