Ադամ Սմիթ (1723-1790)

author-adam-smith-illustrated-protrait-copyright-wikipedia-commons

Ադամ Սմիթն ազդեցիկ շոտլանդացի տնտեսագետ և փիլիսոփա է, ով առավելապես հայտնի է իր «Ազգերի հարստությունը» աշխատությամբ:

Ադամ Սմիթի ծննդյան հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն նա մկրտվել է 1723 թվականի հունիսի 5-ին: Սմիթի հայրը եղել է Քիրկկալդիի մաքսատան աշխատակից, ով մահացել է նախքան Սմիթի ծնվելը: Սմիթը սովորել է Գլասգոյի և Օքսֆորդի համալսարաններում: 1746 թվականին նա վերադարձել է Քիրկկալդի, իսկ երկու տարի անց վերջինիս խնդրել են հրապարակային դասախոսություններ անցկացնել Էդինբուրգում, որից հետո և վերջինս նրան հեղինակություն է բերել:

1764 թ.-ին Սմիթը հեռացել է Գլասգոյից, որպեսզի շրջագայի մայրցամաքով որպես Բուխլուքի ապագա դուքս՝ Հենրիի դասավանդող: Ճամփորդության ընթացքում Սմիթը հանդիպել է մի շարք առաջատար եվրոպական մտավորականների, այդ թվում՝ Վոլտերին, Ռուսոյին և Քվեզնեին:

1776 թ.-ին Սմիթը տեղափոխվել է Լոնդոն: Նա հրատարակել է մի հատոր, որը մտադիր էր դարձնել հասարակության ամբողջական տեսության առաջին մասը: Այն ներառում էր աստվածաբանություն, էթիկա, քաղաքականություն և օրենք: Այս աշխատությունը՝ «Ազգերի հարստության բնույթի և պատճառների ուսումնասիրությունը» (1776 թ.), քաղաքական տնտեսության առաջին խոշոր աշխատությունն էր: Սմիթը խստիվ դեմ էր առևտրի և ապրանքափոխանակման կարգավորմանը և գրել է, որ եթե մարդկանց ազատություն տրվի իրենց վիճակը լավացնելու համար, ապա դա կբերի տնտեսական բարօրություն բոլորի համար:

1778 թ.-ին Սմիթը նշանակվել է Էդինբուրգի մաքսատան լիազորի պաշտոնում: 1783-ին դարձել է Էդինբուրգի Թագավորական ընկերության հիմնադիր անդամ: Ադամ Սմիթը մահացել է 1790 թ. հուլիսի 17-ին:

«Բարոյական զգացումների տեսություն»

Սմիթն ավելի շատ հայտնի է իր «Ազգերի հարստությունը» աշխատությամբ, սակայն նրա խոշոր գիտական աշխատությունը եղել է «Բարոյական զգացումների տեսությունը» (1759 թ.), որում շարադրված մտքերը մինչ օրս արդիական են։

Կարող է զարմանալի թվալ, որ այս գրքում Սմիթը, ով համարվում է «կապիտալիզմի հայրը», քննարկում է մարդկանց էթիկան և բարեգործությունը։ Սմիթի աշխատությունների մեծ մասի փիլիսոփայությունը հիմնված է սեփական անձի կարևորման և եկամտի մաքսիմալացման վրա, սակայն «Բարոյական զգացումների տեսությունը» տրակտատ է այն մասին, թե ինչպես է մարդկանց հաղորդակցումը հիմնվում համակրանքի վրա։ Գրքում Սմիթը համաձայնում է, որ մարդիկ սեփական անձը սիրող են, բայց բնականաբար սիրում են նաև օգնել ուրիշներին։

Ըստ այս տեսության՝ Սմիթը հաստատում է, որ մարդկանց ձգտումը դեպի հարստություն կապված է ոչ թե նյութական բավարարվածության հետ, այլ շրջապատի գովասանքը, աջակցությունը, ուշադրությունը, ցավակցանքը ստանալու, ընդունված լինելու զգացողությունն ունենալու հետ։ Ըստ Սմիթի՝ մարդու հիմնական նպատակն իր իսկ անձը բարձրացնելն է, ոչ թե բարեկեցությունը կամ հաճույքը։ Այսինքն, հարստությունը մարդուն ուղղում է դեպի «առաջին գիծ»՝ նրան պահելով բոլորի ուշադրության կենտրոնում, իսկ աղքատությունը՝ անհայտության ու մոռացության։ Մարդիկ հպարտանում են հարուստներով, քանի որ կարծում են, որ նրանց կյանքը լիարժեք երջանկություն է։ Այս պարագայում նման երևույթը բավականին նորմալ է, քանի որ մարդիկ հարուստներին համարում են իրենց իդեալը, իսկ նրանց կյանքը՝ ապրելու լավագույն տարբերակը։

Թեև դա, կարծես, հակասում է այն տեսակետին, որ մարդիկ աշխատում են իրենց վիճակը լավացնելու համար՝ հաշվի չառնելով ընդհանուրի բարօրությունը, այնուամենայնիվ անտեսանելի ձեռքի գաղափարը, որն օգնում է բոլորին եսակենտրոն անձանց աշխատանքի միջոցով, փոխհատուցում է այս թվացյալ հակասությունը:

«Ազգերի հարստությունը»

Սմիթի 1776 թ.-ի աշխատությունը՝ «Ազգերի հարստության բնույթի և պատճառների ուսումնասիրությունը» (կրճատ՝ «Ազգերի հարստությունը») փաստեց Եվրոպայում արդյունաբերական զարգացման մասին: Քննադատները նշում են, որ չնայած Սմիթն իր գրքում գրած շատ մտքերի հեղինակը չէ, սակայն նա առաջինն է, ով հավաքել և հրատարակել է դրանք: Արդյունքում, նա պատասխանատու է այն գաղափարների տարածման համար, որոնք հիմնեցին «դասական տնտեսագիտություն» անվամբ հայտնի դարձած դպրոցը:

Այլ տնտեսագետներ հիմնվեցին Սմիթի աշխատության վրա, որպեսզի ամրապնդեն դասական տնտեսագիտության տեսությունը, որը կդառնար տնտեսագիտության գերիշխող դպրոց Մեծ ճգնաժամի ժամանակ:

Չմիջամտելու սկզբունքի (ֆր. Laissez-faire) փիլիսոփայությունները, ինչպիսիք են նվազագույնի հասցնել պետական միջամտության դերը և հարկերն ազատ շուկաներում, և այն գաղափարը, որ «անտեսանելի ձեռքն» առաջարկի և պահանջարկի ուղեցույց է, հիմնական գաղափարներից են, որոնք «առաջ տարան» Սմիթի աշխատությունը: Այս գաղափարները արտացոլում են այն հասկացությունը, որ յուրաքանչյուր անձ մտածելով իր մասին՝ անուղղակիորեն օգնում է ստեղծել բոլորի համար լավագույն արդյունքը: «Դա ոչ թե մսագործի, գարեջրագործի կամ հացթուխի բարեգործությունից է, այլ իրենց շահերից է, որ մենք կարող ենք ակնկալել մեր ընթրիքը», – գրել է Սմիթը:

Վաճառելով այնպիսի ապրանքներ, որոնք ցանկանում են գնել մարդիկ, մսագործը, գարեջրագործը և հացթուխը հույս ունեն փող աշխատել: Եթե ​​նրանք բավարարում են հաճախորդների կարիքները, ապա ստանում են ֆինանսական փոխհատուցում: Սմիթը պնդում էր, որ նման համակարգը ստեղծում է հարստություն ոչ միայն մսագործի, գարեջրագործի և հացթուխի համար, այլև ամբողջ ազգի համար, երբ քաղաքացիներն աշխատում են արդյունավետ՝ իրենց վիճակը լավացնելու և ֆինանսական կարիքները հոգալու նպատակով: Նմանապես, Սմիթը նշել է, որ մարդն իր հարստությունը ներդնում է ձեռնարկությունում, որպեսզի վաստակի ամենաբարձր եկամուտը ռիսկի տրված մակարդակի դեպքում: Այսօր անտեսանելի ձեռքի տեսությունը հաճախ ներկայացվում է որպես բնական երևույթ, որն ուղեկցում է ազատ շուկաներին և կապիտալիզմին դեպի արդյունավետություն՝ առաջարկի, պահանջարկի և սահմանափակ ռեսուրսների մրցակցության միջոցով։

«Ազգերի հարստությունը» մեծ աշխատություն է, որը բաղկացած է երկու հատորից`բաժանված հինգ գրքերի: Գաղափարները, որոնք գրավեցին միջազգային հանրությանը, նպաստեցին հողային հարստությունից անցում կատարելուն այնպիսի հարստության, որը ստացվում էր աշխատանքի բաժանման արդյունքում ստեղծվող արտադրական մեթոդներով: Մի օրինակում Սմիթը նշում է բռնակ պատրաստելու համար կատարվող աշխատանքը: Այսպես, մեկ մարդը կարող է ստեղծել շաբաթական մի բուռ բռնակ՝ կատարելով 18 գործողություն, բայց եթե 10 մարդ կատարեն այդ գործողությունները, արտադրությունը կարող է հասնել շաբաթական հազար բռնակի:

Այլ կերպ ասած, Սմիթը պնդում է, որ աշխատանքի և մասնագիտության բաժանումը բարգավաճում է: «Դա աշխատանքի բաժանման հետևանքով բոլոր տարբեր արվեստների արտադրությունների մեծ բազմապատկումն է, որը պատահում է լավ կառավարվող հասարակությունում», – նշում է Սմիթը:

Ադամ Սմիթը ստեղծում է ՀՆԱ – ի գաղափարը

Ի վերջո, «Ազգերի հարստությունում» ներկայացված գաղափարների միջոցով Սմիթը փոխեց ներմուծման / արտահանման բիզնեսը, ստեղծեց այն, ինչ այժմ հայտնի է որպես համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) անվամբ և պաշտպանեց ազատ փոխանակման գաղափարը:

Մինչ «Ազգերի հարստության» հրատարակումը, երկրներն իրենց հարստությունը հայտարարում էին հիմնված իրենց ոսկու և արծաթի պաշարների արժեքի վրա: Այնուամենայնիվ, Սմիթի աշխատանքը խիստ քննադատում էր մերկանտիլիզմը. այս ուղղությունը պնդում էր, որ փոխարենը պետությունները պետք է գնահատվեն արտադրության և առևտրի մակարդակով: Այս գաղափարը հիմք ստեղծեց ազգի բարեկեցության չափման համար, որը հիմնված է ՀՆԱ-ի անվանական չափման վրա:

Նախքան Սմիթի գիրքը, երկրները տարակուսում էին առևտուր անել այլ երկրների հետ, մինչև այն շահավետ չլիներ: Սակայն Սմիթը պնդում էր, որ պետք է ստեղծվի ազատ փոխանակություն, քանի որ երկու կողմերի առևտուրն ավելի լավն է դառնում: Դա հանգեցրեց ներմուծման և արտահանման ավելացմանը։ Սմիթը նաև կողմնակից էր սահմանափակ դերակատարությամբ կառավարությանը: Նա ցանկանում էր տեսնել «գործին չխառնվող» կառավարություն և ազատ ու բաց շուկային նպաստող օրենսդրություն: Սմիթը, իհարկե, որոշակի ոլորտների համար պատասխանատու էր տեսնում կառավարությանը, այդ թվում` կրթության և պաշտպանության ոլորտներում:

Ազատ փոխանակման արդյունավետությունը

Սմիթի օրերում մարդիկ ազգային հարստությունը տեսնում էին երկրի ոսկու և արծաթի պաշարներով: Արտերկրից ապրանքներ ներմուծելը համարվում էր վնասակար, քանի որ դրանց համար պետք է վճարեին, իսկ արտահանումը համարվում էր լավ, քանի որ այդ թանկարժեք մետաղները հետ էին վերադառնում երկիր: Այսպիսով, երկրները պահպանում էին վերահսկողության հսկայական ցանց՝ կանխելու համար այս մետաղական հարստության հոսքը երկրից:

Սմիթը ցույց տվեց, որ այս խոշոր մերկանտելիստական կառույցը հիմարություն է: Նա պնդում էր, որ ազատ փոխանակման ընթացքում երկու կողմերն էլ ավելի լավ վիճակում են հայտնվում: Բավականին պարզ է, որ ոչ ոք առևտուր չի անի, եթե պետք է կորուստներ կրի: Գնորդը շահույթ է ստանում, ինչպես վաճառողը: Ներմուծումը նույնքան արժեքավոր է մեզ համար, որքան մեր արտահանումը մյուսների համար:

Քանի որ առևտրից երկու կողմերն էլ օգուտ են ստանում, այն մեծացնում է մեր բարեկեցությունը ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսությունը կամ արտադրությունը: Ազգի հարստությունը ոչ թե իր ոսկու և արծաթի քանակների մեջ է, այլ նրա արտադրության և առևտրի ընդհանուր ծավալների, ինչն այսօր մենք անվանում ենք համախառն ազգային արդյունք:

Ազգերի հարստությունը խորապես ազդեց ժամանակի քաղաքական գործիչների վրա և ապահովեց տասնիններորդ դարի ազատ առևտրի և տնտեսական ընդլայնման համար մտավոր հիմք: Այսօր նույնիսկ ազատ առևտրի ընդհանուր իմաստն ընդունվում է ամբողջ աշխարհում՝ անկախ դրան հասնելու գործնական դժվարություններից:

Հասարակական կարգը` ազատության հիման վրա

Սմիթը արմատական, թարմ պատկերացում ուներ, թե ինչպես են մարդկային հասարակություններն իրականում աշխատում: Նա համոզվել էր, որ հասարակության ներդաշնակությունը բնական զարգացում կապրի, քանի որ մարդիկ պայքարում են, որպեսզի ապրեն և աշխատեն միմյանց հետ: Ազատությունը և սեփական անձի կարևորությունը ոչ թե պետք է ստեղծեն քաոս, այլ կարգ ու կանոն, եթե առաջնորդվեն «անտեսանելի ձեռքով»: Եվ քանի որ մարդիկ առևտուր են անում միմյանց հետ, ազգի ռեսուրսները ինքնաբերաբար կուղղվեն այն նպատակների իրականացմանը, որոնք մարդիկ առավել բարձր կգնահատեն:

Այսպիսով, բարգավաճող հասարակական կարգը չպետք է վերահսկվի թագավորների և նախարարների կողմից: Այն կաճի որպես մարդկային բնույթի արդյունք: Այն լավագույնս կաճի բաց, մրցունակ շուկայում, ազատ փոխանակմամբ և առանց հարկադրանքի:

Ուստի, «Ազգերի հարստությունը» ոչ թե տնտեսագիտության ուսումնասիրություն էր, այլ մարդկային սոցիալական հոգեբանության հետազոտություն՝ կյանքի, բարեկեցության, քաղաքական ինստիտուտների, օրենքի և բարոյականության մասին:

Ռոզա Մխիթարյան

Աղբյուրները`այստեղ, այստեղ և այստեղ