Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ

ImageVaultHandler.aspx

Քաղաքական դաշտում սկսված բանավեճն իր «մշակութային» դրսևորումներով «անցել է ռուբիկոնը»։ Սահմանադրական փոփոխությունների շուրջ կարծիքների և մոտեցումների տարբերությունը դաշտում յուրօրինակ իրավիճակ է ստեղծել։

Տարբեր ժամանակներում ժողովրդական լայն զանգվածներին հիասթափեցրած և մի քանի բազմահազարանոց շարժումներ տապալած քաղաքական ուժերն այս անգամ էլ հայտնվել են իրենցից ոչնչով չտարբերվող իշխանականների առաջարկած քաղաքական օրակարգի հակադիր բևեռում։

Ըստ էության, ստեղծված իրավիճակը բավականին սովորական է դարձել և քաղաքական դաշտն իր միապաղաղությամբ և միշտ նույնական ելքով արդեն իսկ ձանձրալի է։ Նվազագույնը, վերջին 20 տարիների ընթացքում մեր քաղաքական դաշտը գտնվում է նույն շրջապտույտի մեջ. 1995-ից սկսած մենք գործ ունենք տարատեսակ քաղաքական օրակարգեր դաշտ նետող իշխանության և այդ օրակարգերին արձագանքող ընդդիմության հետ։ Վերջին 20 տարիների ընթացքում հայրենի ընդդիմադիրների մոտ միշտ գործել է անպտուղ արձագանքողի հոգեբանությունը։ Երբեք նախաձեռնող ընդդիմություն չենք ունեցել։ Ամեն անգամ համապետական ընտրություններից 2 ամիս առաջ ակտիվացող և տառացիորեն նույն հռետորիկայով առաջնորդվող քաղաքական ընդդիմության պատճառով (իհարկե, ամեն գնով վերարտադրվելու պատրաստ իշխանությունների մեղքը չեմ անտեսում) արդեն 20 տարի է մեր երկրում գործում են նույն կարգերը։

Ընդհանրապես, քաղաքական համակարգը սկսում է կայանալ հակակշիռների և զսպման մեխանիզմների առկայության պայմաններում։ Փաստացի, իշխանությունն ու ընդդիմությունը ոչ թե միմյանց դասակարգային թշնամիներ են, այլ քաղաքական համակարգի հակակշիռների և զսպման մեխանիզմների գործնական մարմնավորում։ Կարճ ասած, քաղաքական իշխանության որակն ուղղակիորեն կապված է ընդդիմության քաղաքական պոտենցյալից։ Որքան մեծ է ընդդիմության՝ իշխանությունը վերցնելու քաղաքական պոտենցյալը, այնքան ավելի զգոն և օրինապաշտ է իշխանությունը։ Այս համատեքստում հարևան Վրաստանի օրինակը թերևս ամենաարդիականն է։

Այս տարվա առաջին կեսին ուսումնառության նպատակով գտնվում էի Վրաստանում և այն, ինչ տեսա հարևան երկրում, մեղմ ասած, նախանձելի էր։ Վրաստանում մինչև վարդերի հեղափոխությունը քաղաքական քաոս էր տիրում, հեղափոխությունից հետո վրացական եռյակն ուղղակի «վիրահատական միջամտություններով» սկսեց քաղաքական և տնտեսական բարեփոխումների շղթան։ Ինչից հետո նույնիսկ արտահերթ ընտրություններով Միխեիլ Սահակաշվիլին վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Հետագայում նույն Սահակաշվիլին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց, ինչից անմիջապես հետո պարտվեց խորհրդարանական ընտրություններում։ Խորհրդարանական ընտրություններում Սահակաշվիլու պարտությունը պայմանավորված էր ոչ թե ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու բարի կամքի առկայությամբ, այլ հզոր ընդդիմադիր դաշինքով։ Իվանիշվիլին գործի դնելով իր ահռելի ֆինանսական ռեսուրսները կարճ ժամանակահատվածում կարողացավ ստեղծել համակարգային ընդդիմադիր ճակատ և, պարզապես, պարտադրեց Սահակաշվիլուն անցկացնել արդար ընտրություններ։ Արդյունքում, այսօր Վրաստանի նույնիսկ ամենահամեստ կրթական մակարդակն ունեցող քաղաքացին վստահ է, որ իր քվեով է պայմանավորված ընտրությունների արդյունքները։

Որքան էլ շատերը պնդում են, որ հայկական քաղաքական իրողությունները չեն կարող պայմանավորվել դասական քաղաքագիտական իրողություններով, միևնույն է, ամեն անգամ մենք տեսնում ենք հակառակը։ Ամեն անգամ երկրում տեղի ունեցած հերթական քաղաքական ֆիասկոյի մշտական մեղավորը հանցավոր իշխանությունն է, ընդդիմդիր հատվածը ոչ մի պատասխանատվություն չի կրում տեղի ունեցծի համար։ Իրականում, երկրում տիրող իրավիճակի հիմնական մեղավորներից մեկը հենց այն քաղաքական բևեռն է, որը կոչված է մյուսին՝ վատին փոխելու։ Վերջիվերջո, քաղաքական պատասխանատվություն եզրույթը վերաբերում է թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերին։ Այն ընդդիմությունը, որը չի կարողանում իշխանություն փոխել կամ բազմաթիվ փորձերից հետո ձախողում է իշխանափոխության գործընթացը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից կամ, նվազագույնը, չպետք է նեղսրտի նրանից, որ ՀՀ քաղաքացին իրենց օգտին քվեարկելուց վեր է դասում  5000 դրամը։

Հիմա անդրադառնանք ստեղծված իրավիճակում վերոգրյալ տեսական մասի գործնական դրսևորումներին։ Այն պատկերը, որն ունենք ներկայումս ամբողջությամբ արտացոլում է վերոգրյալի գործնական դրսևորումները։ Սահամնադրական փոփոխությունների շուրջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական 0 պոտենցյալ ունեցող ուժերը հերթական անգամ կանգնել են նույն իրավիճակի առաջ։ Նախ, նրանք ոչ մի դեպքում չէին կարող համաձայնվել սահմանադրական փոփոխությունների հետ. առաջինն այն պարզ պատճառով, որ դա առաջարկել է իշխանությունը, երկրորդը՝ քանի որ նրանց առաջնորդները նախագահական ամբիցիաներ ունեն, իսկ երրորդն այն պարզագույն իրողությունն է, որ նրանցից շատերը նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում մասնագիտական ունակությունների բացակայության պատճառով չեն էլ կարող բովանդակային քննարկումների մեջ մտնել առաջարկված նախագծի շուրջ։ Սակայն, անկախ  առաջարկված նախագիծը մերժելու անխուսափելիությանը, տվյալ ուժերը լավ գիտակցում են, որ այդ քայլին գնալով նրանք հերթական անխուսափելի ֆիասկոյի առաջ են կանգնելու։ «Ոչ»-ի տարատեսակ ճամբարներում հանգրվանած քաղաքական ուժերն արդեն վաղուց ապացուցել են իրենց մարգինալ լինելը՝ նրանք հիմնականում չեն մասնակցել վերջին տարիներին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, չունեն բավականաչափ ֆինանսական և մտավոր ռեսուրսներ, նախկինում բազմիցս հիասթափեցրել են իրենց ձայն տված քաղաքացիներին և, բնականաբար, իրենք էլ են վստահ, որ ընթանում են հերթական խայտառակ պարտությանն ընդառաջ։

Սահմանադրական փոփոխություններին «այո» ասողների ճամբարում իրավիճակն այլ է։ «Այո»-ի լոկոմոտիվը, բնականաբար, ՀՀԿ-ն է իր ունեցած ահռելի վարչական ռեսուրսով և իր շուրջը հավաքված քաղաքական ուժերով։ Իշխող ուժն այս պարագայում ևս, չունենալով համապատասխան հակակշիռ, վստահորեն ընթանում է իր օրակարգին համապատասխան։ Որքան էլ երկրի բնակչության մեծամասնությունը չի վստահում և, մեղմ ասած, հիացած չէ իշխանություններով, միևնույն է, չտեսնելով արժանի հակակշիռ՝ վերջում նախընտրելու է 5000 դրամը և, ինքնըստինքյան, դառնալու է «այո»-ի ճամբարի աջակից, և դեկտեմբերի 6-ից հետո մենք ունենալու ենք հերթական սովորական իրավիճակը, երբ ապոկալիպտիկ քաղաքական պայծառատեսությունը կտեղափոխվի հեռուստաեթերից հրապարակ, մի քանի օր կլսենք ճամարտակումներ «խուճապահար իշխանությունների, թեժ եղանակների» մասին և արդեն դեկտեմբերի երկրորդ կեսից կսկսենք պատրաստվել ամանորի արարողություններին, բայց արդեն հանդիսանալով խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող ունիտար պետության քաղաքացիներ։

Ստեղծված իրավիճակը, որքան էլ փակուղային է թվում, սակայն իրականում, արդեն իսկ դաշտում նկատվում են առողջ ուժերի ձևավորման խմորումներ, և ստեղծված իրավիճակից տեսական ելքերը գնալով ավելի գործնական բնույթ են ստանում։ Ի տարբերություն անցած 20 տարիների ընդդիմադիր քաղաքական ուժերի ստանդարտ պատկերացումների՝ ներկայումս դաշտում սկսում է դոմինանտ դառնալ նոր սերնդի քաղաքական ընդդիմության հայտ ներկայացրած և իշխանական ազդեցությունից հարաբերականորեն անկախ ուժերի և անհատների մոտեցումները, որոնք տրամագծորեն տարբերվում են մինչ այս դաշտում գործած և ոչնչով իշխանություններից չտարբերվող քաղաքական ուժերի մոտեցումներից։

Ի հեճուկս «անհնազանդ աղոթքների և հայաստանածին անշրջելիների» սիրահարների՝ այսօր դաշտում սկսում է ձևավորվել նոր քաղաքական մտածելակերպ, որը, բնականաբար, անխնա քարկոծվելու է մարգինալների կողմից։ Վերոգրյալ ուժերի ձևավորումը բնավ արհեստական ներգործության արդյունք չէ, դա բնական և տրամաբանական գործընթաց է, որը շատերը կոչում են քաղաքական սերնդափոխություն։

Հ.Գ. Քաղաքական համակարգի այն բևեռը, որը չի կարողանում լուծել իր առջև ծառացած խնդիրները և չի ծառայում ժողովրդին վաղ թե ուշ սպառում է ջրի երեսին մնալու իր բոլոր ռեսուրսները և ստիպված է լինում լքել քաղաքական թատերաբեմը։ Մենք ներկայումս ականատես ենք լինում հենց այդ գործընթացի մեկնարկին։

Նարեկ Սամսոնյան