Հին Եգիպտոսի ճարտարապետությունը

egyptian-architecture

Եգիպտոսը հին Արևելքի ամենատիպական վաղ ստրկատիրական բռնապետություն էր: Նրա տնտեսության հիմքը ոռոգելի հողերի վրա երկրագործություն հիմնել էր: Ոռոգման համակարգերի ստեղծման ու շահագործման պայմաններում հողի օգտագործումը կենտրոնացված էր երկրի միահեծան տերերի` փարավոնների ձեռքում, որոնց անձն աստվածացվում էր:

Այսպիսի կենտրոնացումը և ստրկային ուժի մասսայական գործադրումն ու բնակլիմայական նպաստավոր պայմանները հանդիսացան այն սոցիալ-պատմական նախադրյալները, որոնցով պայմանավորվեց եգիպտական հնագույն քաղաքակրթության և ճարտարապետության գոյությունը: Եգիպտական ճարտարապետության զարգացումն ընթացել է երկրի պատմական զարգացման շրջաններին համապատասխանող հետևյալ փուլերով․

  1. Հին թագավորություն (մ.թ.ա 2800-2400թթ)
  2. Միջին թագավորություն (մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջից մինչև 17-րդ դդ)
  3. Նոր թագավորություն (մ.թ.ա. 16-11-րդ դդ)
  4. Ուշ Եգիպտոս (մ.թ.ա. 1050-332թթ)
  5. Հելլենսիտական Եգիպտոս (մ.թ.ա. 332-30թթ)

Հին թագավորության ժամանակաշրջանում ընթանում է Ճարտարապետական ձևերի զարգացումը մաստաբաների, բուրգերի տեսքով: Ձևավորվում է հնագույն դամբարանների տիպը ՝ մաստաբա (հանդերձյալ կյանքի տուն): Դրանք կանոնավոր շարքով ընկած են բուրգերի շուրջ: Ունեն հատած բուրգի տեսք՝ թեք պատերով, հարթ տանիքով: Ներսում գտնվում էր աղոթասրահը, իսկ գետնի տակ քողարկված տապանատունը:

Այս շրջանում դամբարանային կառուցվածքներում մշակվում են մասշտաբայնության և համաչափական համակարգերի հարցերը: Մաստաբաներից անցում է կատարվում բուրգերի ավարտուն տեսքին, որի վառ օրինակը Ջոսերի բուրգն է Սահարայում մ.թ.ա.2780թ: Այն աշխարհում հնագույն բուրգն է և ուներ աստիճանաձև տեսք, կազմված էր իրար վրա դրված 6 մաստաբաներից, որոնք ուղղահայաց ուղղությամբ փոքրանում էին:

Ջոսերի բուրգը նշանավորվում էր մոնումենտալությամբ, հատակագծային և ծավալաատարածական լուծումներում երկրաչափական ձևերի հստակությամբ:

Այստեղ մենք նկատում ենք անցումը գետնափոր մաստաբաներից դեպի վեհաշուք բուրգեր: Իհարկե, դեռ շատ ժամանակ կպահանջվեր հասնել բուրգերի ավարտուն տեսքի ձևավորմանը:

Հին թագավությունում ձևավորվել էր արձանի խիստ մշակման տիպ – կանգնած արձանը՝ ձգված, դիմահայաց, գլուխը բարձր, ձախ ոտքը մի քայլ առաջ, ձեռքերն ամուր սեղմած իրանին, իսկ նստած արձանը՝ ձեռքերը սիմետրիկ դրված ծնկներին, հայացքը ուղղված դեպի անսահմանություն:

Արձանների այս տիպը շարունակվել է միջին և նոր թագավորության ժամանակաշրջաններում: Ռելիեֆի և որմնանկարների մեջ, որպես սկզբունք, հաստատվեց հանդիսավոր երթ հիշեցնող մարդկային ֆիգուրների շարանը:

Գիզայի Բուրգերի համալիրը

Սրանք եգիպտական բուրգերի դասական, ավարտուն նմուշներ են և ծառայել են որպես փարավոնների 5-րդ գերդաստանի ներկայացուցիչներ Քեոփսի, Քեֆրենի և Միքերինոսի դամբարաններ: Գիզայի բուրգերում եգիպտական դամբարանային կառուցվածքի այս տիպն իր ահռելի մասշտաբներով ու պարզագույն ձևերով հասցված է գերագույն կատարելության: Այն ընկալվում է որպես հուժկու և անսասան աստվածակերպ մարդու՝ միահեծան փարավոնի անսահման իշխանության կայունության և հավերժության խորհրդանիշ: Միևնույն ժամանակ բուրգը պարզագույն միջոցներով ճարտարապետական բարձր արտահայտչականության հասնելու փայլուն օրինակ է:

Բուրգերից ամենամեծը Քեոփսինն է: Սկզբնական բարձրությունը եղել է 146.6 մ, այժմ քայքայման արդյունքում 138.8 մ է դարձել. աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Բուրգի մուտքը հյուսիսային կողմից գտնվում է 15,63մ բարձրության վրա: Միակ մուտքը չի պահպանվել և հավանաբար փակվել է քարե խցանով: Այսօր զբոսաշրջիկները ներս են մտնում բուրգի մեջ 17 մետրանոց խորշով, որը 820 թվականին Բաղդատի խալիֆա Աբդուլլախ ալ-Մամունը 10 մետրով իջեցրել է: Նա հույս ուներ գտնել այնտեղ փարավոնի գանձերը, բայց գտավ միայն փոշու հաստ շերտ:

Քեոփսի բուրգի ներսում տեղադրված է երեք նկուղային տեսախցիկներ` մեկը մյուսի ետևից: Քեոփսի բուրգում տապանատունը տեղավորված էր մոտավորապես կենտրոնում, և դեպի այն տանող անմիջա կան միջանցքը քողարկված էր:

Մինչև այժմ էլ գիտնականները չեն կարողացել բացահայտել բուրգերի գաղտնիքը: Գիտնականներին էլ ավելի շատ է հետաքրքրում, թե առանց տեխնիկայի եգիպտացիներն ինչպես են կարողացել ճշգրիտ կառուցել այդ հսկա բուրգերը:

Բուրգերի կառուցման առեղծվածը մինչև հիմա ամենաքննարկվողներից է: Ըստ որոշ գիտնականների՝ բուրգերն ունեն շատ բարդ կառուցվածք և անգամ այսօր ինչ-որ շինարարական կազմակերպություն դժվար թե կարողանա կառուցել նման բարդ կառուցվածք ունեցող շինություն: Ոմանց կարծիքով՝ բուրգերը կառուցվել են այլմոլորակայինների կամ Ատլանտիդայի բնակչության կողմից: Սակայն գիտնականների մեծ մասը վստահ է, որ բուրգերը կառուցվել են հենց մարդկանց ձեռքով:

Բուրգերից ամենամեծի ՝ Քեոփսի, կառուցման ամենահավանական տարբերակը, որի մասին մենք ունենք հավաստի տեղեկություններ Հերոդոտոսից, հետևյալն է. բուրգի շինարարությունից գրեթե 10 տարի առաջ կատարվում էին նախապատրաստական աշխատանքները, որից հետո միայն սկսվում էր բուրգի շինարարությունը:

Հերոդոտոսը գրում էր, որ օգտագործվող մեթոդի էությունն այն էր, որ բուրգերը կառուցում էին շարքերով: Հիմքի կառուցման աշխատանքները սկսելուց հետո անցնում էին հաջորդ հարկին: Հաջորդ հարկի բլոկները, հանում էին վերև հատուկ փայտե լծակավոր սարքավորումներով: Այսպես քայլ առ քայլ այս մեխանիզմի շնորհիվ Քեոփսի բուրգը բարձրանում էր վերև:

Յուրաքանչյուր շարք կամ մակարդակ ուներ նույն տիպի իր սեփական մեխանիզմները, որոնց միջոցով բեռը հեշտ տեղափոխվում էր մի մակարդակից մյուսը, սակայն ամենահանելուկայինը ոչ թե բուրգերի կառուցումն է, այլ նրանցում եղած օրինաչափությունները և համաչափությունները: Սկսենք ամենահասարակ և անվիճելի, չնայած ոչ պակաս հանելուկային փաստից։

1925 թ. ճշգրիտ չափումների արդյունքում առաջ եկավ անհավատալի փաստ. բուրգը գրեթե անսխալ ցույց է տալիս հյուսիսային բևեռը։ Նրա դիրքի տարբերությունը հյուսիսային բևեռից ընդամնեը 3 րոպե 6 վայրկյան է։ Համեմատության համար բերում են այն փաստը, որ 1577 թ. դանիացի հանճարեղ աստղագետ Տիխո Բրագեն երկար ու բարդ հաշվարկներով Օրանիենբուրգի աստղադիտարանը ցանկանում էր ուղղել այնպես, որ այն «նայի» դեպի հյուսիս։ Բայց միևնույնն է, արդյունքում սխալվեց 18 րոպեով։

Աբբատ Մորեն ֆրանսիական Բուրժուայի աստղադիտարանի տնօրենը հայտնաբերեց ավելի հետաքրքիր փաստ։ Մեծ բուրգի բարձրությունն է 148.21 մ, մեկ միլիոնով բազմապատկելիս նա ստացավ Երկիր-Արեգակ հեռավորությունը կմ-ով՝ 148.210.000 կմ։

Ավելի հետաքրքիր արդյունք տվեցին վերջին տարիների հետազոտությունները, որոնցից պարզվեց, որ երեք բուրգերի և Սֆինքսի չափերը, մեծությունը, քաշը և դիրքը միմյանց նկատմամբ արտացոլում են համանման փոխազդեցություն Արեգակի, Վեներայի, Երկրի և Մարսի միջև։

Վերոնշվածները միանշանակ փաստում են այն, որ հին եգիպտացիները փայլուն տիրապետել են աստղագիտության և աշխարհագրության, իսկ նմանատիպ ճշգրտության ձգտումը վկայում է նրանց բարձր քաղաքակրթության մասին:

2012 թվականին կատարված հետազոտությունները ցույց տվեցին ուղղակի անհավատալի արդյունքներ: Սեպտեմբերի 17–ին գիտնականները նոր ռոբոտի միջոցով փորձեցին տեսնել, թե դեպի ուր է տանում բուրգի ստորին դուռը, որից ներս անգամ մեկ տարեկան երեխան չի կարող անցնել: Արդյունքում պարզ դարձավ, որ դռնից այն կողմ եղած ճանապարհն այնքան երկար է, որ ռոբոտն այն կարող է անցնել միայն 9 տարում:

Անկախ նրանից, թե ինչպես են կառուցվել եգիպտական բուրգերը, դրանք մնում են մարդկության պատմության մեծագույն և միևնույն ժամանակ ամենաառեծվածային կառույներից մեկը:

Եգիպտական ճարտարապետության զարգացման հաջորդ կարևոր ժամանակաշրջանի՝ միջին շրջանի ճարտարապետության մեջ նկատվում են արդեն բուրգերի մասշտաբների փոքրացում, որը պայմանավորված է քաղաքակրթության զարգացմամբ: Կառուցվում էին քաղաքներ, ձևավորվում էր քաղաքային կյանքն ու մշակույթը, որոշ չափով սահմանափակվում էր փարավոնի իշխանությունը:

Զարկ է տրվում տաճարաշնությանը: Որպես այդպիսին հնագույնն են համարվում Բենի Հասանի ժայռափոր դամբարանը և Մենթուհոտեպների հուղարկավորության տաճարը Դեիր-էլ-Բահիրում, որտեղ առաջին անգամ համատեղված էր տաճարային և դամբարանային ճարտարապետությունը: Այն նաև լանդշաֆտային ներդաշնակության հետաքրքիր օրինակ է:

Նոր թագավորության շրջանում եգիպտական ճարտարապետությունը հասավ իր զարգացման գագաթնակետին: Այլևս չէին կառուցում բուրգեր: Կառուցում էին պալատներ, տաճարներ, բնակավայրեր: Ամենհոթեպ 4-րդը հակադրվեց ստրկատիրական ավագանուն և քրմերին, բարեփոխումներ մտցրեց հավատքի մեջ՝ բազմաստվածությանը փոխարինեց արևի ՝ Ամոն-Ռա–ի միասնական աստծով: Սա նույնպես իր մեծ ազդեցությունն ունեցավ ճարտարապետության վրա, հատկապես տաճարային:

Մշակվեց տաճարական կառույցների հորինվածքն իր հիմնական մասերով: Եգիպտական բոլոր տաճարները, մասնակի տարբերություններով հանդերձ, ունեն հատակագծային և ծավալատարածական սկզբունքային նույն հորինվածքը`

  • ներփակ պերիստիլային բակ,
  • ծածկված հիպոստիլային դահլիճ,
  • օժանդակ մասերով շրջապատված կիսամութ սրբատեղի:

Դրանք բոլորը ձգվում էին գլխավոր առանցքով, որը կարող էր ձգվել կիլոմետրերով իր շուրջը ձևավորելով արձանուղի, որի վերջում գտնվում էր տաճարը: Մուտքի երկու կողմերում կառուցված էին մինչև 100մ բարձրության հասնող հատած բուրգի տեսք ունեցող հզոր պատնեշներ` պիլոններ, ծածկված բազմաթիվ գծաքանդակներով: Դրանց դիմաց դրվում էին ստելլաներ (հուշակոթողներ) փարավոնի կերպարով: Պիլոնի կենտրոնում գտնվող մուտքը տանում էր սյունազարդ (պերիստիլային) մեծ բակ (երբեմն կենտրոնում բուրգ), որը բաց էր: Կենտրոնում՝ առանցքի ուղղության 2 կողմերում գտնվող սյուները ուղեկցում էին հավատացիալին դեպի հիպոստիլային դահլիճ: Հիպոստիլային դահլիճի ծածկը կրում էին փոքր և մեծ սյուները, որոնց բարձրությունների տարբերության հետևանքով առաջացած բազիլիկ կտրվածքի շնորհիվ լուսավորվում էր դահլիճը: Այս շրջանի ճարտարապետության լավագույն օրինակներն են.

Ամոնի տաճարը՝ Կառնակում,

Ամոնի տաճարը՝ Լուքսորում,

Աբու Սիմբելի ժայռափոր տաճարը,

Մեդինեթ Հաբուի համալիրը,

Հաչեփսութ թագուհու տաճարային համալիրը՝ Դեր-էլ-Բահարիում:

Աստիճանաբար փոխվում են նաև քանդակներն ու ռելիեֆները: Թեման դառնում է բազմազան, ավելի ընդգրկուն: Հին թագավորության հանգիստ, պարզ կերպարներին գալիս են փոխարինելու լարված, բարդ մարդկային կերպարներ: Հարթաքանդակները դառնում են ավելի ռեալիստական, պատկերվող կենդանիները և մարդիկ ունեին բնական, կենսունակ տեսք:

Ամոնի տաճարը Կառնակում

Դեպի տաճար տանող ճանապարհը, որն ուներ 2 կմ երկարություն, անցնում էր ոչխարակերպ սֆինքսների ուղիով, որպեսզի հավատացյալներին աստվածավախություն և մոլեռանդություն ներշնչեր։ Տաճարի առջևում՝ հսկա պիլոնի դիմաց, տեղադրված էին փարավոն աստվածների հսկա արձաններ, իսկ պիլոնի զանգվածեղ պատի արտաքին երեսը պատված էր գծաքանդակներով։ Սա կրոնական ճարտարապետության մեջ առաջին անգամ էր հանդիպում և իր զարգացումը գտավ մինչև մեր օրեր, երբ հավատացյալները սրբատեղի մտնելու համար պետք է որոշակի, երբեմն էլ ահռելի ճանապարհով քայլեն և ժամանակ ունենան մտորելու և հավատքի կարևորությունը զգալու համար:

Գաղափարական ներազդեցության այս միջոցներն ավելի զորեղանում են տաճարի ներսում։ Պիլոնի կենտրոնում գտնվող մուտքը հավատացյալի առաջ բացում էր պերիստոլային մեծ բակը, որն ամբողջ պարագծով սյունազարդ էր և բաց։ Կենտրոնում` առանցքի ուղղության երկու կողմերում գտնվող սյուները ուղեկցում էին հավատացյալներին դեպի տաճարի հաջորդ մաս` հիպոստիլային դահլիճ։ Ահռելի չափերի (52×103 մ) դահլիճի ծածկը կրում էին 124 փոքր և 12 (կենտրոնում դասավորված 20,4 մ բարձրություն և 3,57 մ տրամագիծ ունեցող) մեծ սյուները, որոնց ստորին հատվածները՝ խարիսխները, ծածկված էին տարբեր գծաքանդակներով։ Դահլիճը լուսավորվում էր վերևից փոքր ու մեծ տարբերությունների հետևանքով առաջացած բազիլիկ կտրվածքի շնորհիվ։

Տաճարի առանձին մասերը թեև հաջորդաբար կառուցվել են առանձին փարավոնների օրոք, բայց հաջողվել է պահպանել ճարտարապետության ու մասշտաբի միասնականությունը։ Տաճարի նախնական կորիզին, որը բազմիցս է վերակառուցվել, հետագայում ավելացվել են նորանոր մասեր` պիլոններ, բակեր, հիպոստիլային դահլիճներ և այլն։

Հին Եգիպտոսում յուրաքանչյուր տաճար հագեցած էր փարավոնի համար հատկացված հատուկ վայրով: Հենց այդ վայրից էր նա ծառայություն մատուցում: Բայց ոչ բոլոր տաճարներում էր փարավոնը լինում: Նման դեպքերում նրա տեղը զբաղեցնում էր տաճարի քահանայապետը:

Եգիպտական ճարտարապետության զարգացման վերջին՝ Ուշ և Հելլենիստական ժամանակաշրջանները մեծապես կրել են հռոմեական ճարտարապետության ազդեցությունը՝ պայմանավորված Եգիպտոսի՝ հռոմեացիների կողմից նվաճմամբ: Տաճարների հատակագծում կրկնվում են ավանդական ձևերը, միայն այն տարբերությամբ, որ արտաքին պատից ներս հիպոստիլային դահլիճն ու սրբատեղին շրջապատվում էին շրջանցող միջանցքով: Այդպիսին էին Էդֆուում գտնվող տաճարը և Դենդերում գտնվող Հաթոր աստվածուհու տաճարը:

Հայտնաբերվել են նաև տաճարային կառույցներ Ֆիլե կղզում, սակայն սրանք արդեն իրենց հորինվածքով մոտենում էին հունահռոմեական տաճարներին:

Եգիպտական ճարտարապետությունը գերբնական մասշտաբի և քանակական ճարտարապետություն է, որն առանձնանում է բացառիկ ինքնատիպությամբ և ճարտարապետաշինարարական կատարելությամբ:

Եգիպտական մոնումենտալ ճարտարապետության մեջ կար արվեստների միասնություն: Այն սկիզբ դրեց համաշխարհային ճարտարապետության զարգացման մի նոր փուլի, որը տարբեր տարածաշրջաններում զարգացավ տեղական ճարտարապետության առանձնահատկությունների հետ միաձուլվելով:

Նարեկ Պետրոսյան

Արսեն Խոպչյան