Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում. Մաս 9.1 Իրական քաղաքական փոփոխությունների սկիզբը

0,,6445286_4,00

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները:

Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդհինգերորդ մասերին, վեցերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, յոթերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, ինչպես նաև ութերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին կարող եք ծանոթանալ նշված հղումներով: Ցանկացած քաղաքական շարժում, որն իր առջև դնում է իրական քաղաքական փոփոխությունների իրականացում, պետք է հաշվի առնի այդ փոփոխությունների համատեքստում խաղաղ անհնազանդության գործիքաշարի տրված հնարավորությունները: Ինչպես արդեն համոզվեցիք հոդվածաշարի նախորդ մասերում, խաղաղ անհնազանդության կողմից առաջարկված քաղաքական փոփոխությունների տրամաբանությունն իր մանրամասն մշակված ռազմավարությամբ և դրանից բխող այլ կարևորագույն ասպեկտներով ամբողջությամբ համեմատելի է ռազմական գործողությունների հետ: Հոդվածաշարի այս մասում կքննարկենք խաղաղ անհնազանդության հետևանքով ձեռք բերված քաղաքական փոփոխությունների վերջնական փուլը:

Ինչպես արդեն նշել ենք, ճիշտ կազմակերպված քաղաքական դիմադրության քարոզարշավների վերջնարդյունքն ընդհանուր քաղաքական շարժման հզորացումն է, ինչն էլ իր հերթին պայմանավորված է հասարակության լայն զանգվածների ներգրավվածությամբ: Քաղաքագիտական ձևակերպումներով՝ քաղաքական համակարգի ժողովրդավարացմանն ուղղված փոփոխությունը հուսալի և արդյունավետ է այն պարագայում, երբ տեղի է ունենում «ներքևից վերև» սկզբունքով: Խաղաղ անհնազանդության առաջարկած քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում հենց «ներքևից վերև» սկզբունքով: Այսինքն, խաղաղ անհնազանդության շարժումը նախ ուղղում է ճնշված բնակչության ողնաշարը, ձևավորում է հզոր դիմադրության օջախներ, խթանում է հասարակության շրջանում կամավոր միությունների ստեղծումը, ձևավորում է քաղաքական համակարգից հարաբերականորեն անկախ քաղաքացիական հասարակություն, որն ունակ է լինում քաղաքական փոփոխություններ իրականացնելուն և ունենում է հետագայում ձեռք բերված ժողովրդավարական քաղաքական համակարգի դեմ ցանկացած ոտնձգություն կանխարգելելու ներուժ: Վերոգրյալ քայլերի հաջորդականությունն ապահովելուց հետո է միայն տեղի ունենում քաղաքական փոփոխությունը: Ի տարբերություն մեր երկրում ձևավորված ընդդիմադիր քաղաքական կոնյուկտուրայի «կայծակնային հաջողություններ արձանագրելու» հռետորաբանությանը՝ (որն, ի դեպ, արդեն 25 տարի է որևէ էական հաջողություն չի գրանցել) խաղաղ անհնազանդությունն առաջարկում է տևական և մանրակրկիտ մշակված քաղաքական պայքար:

Ինչպես նախորդ մասերում քննարկվեց, ցանկացած իշխանության գոյություն պայմանավորված է միայն ու միայն իր հետ ուղղակի կամ անուղղակի համագործակցող հանրության առկայությամբ: Հետևաբար, խաղաղ անհնազանդության շարժումների հաջողության հասնելու հիմնական միջոցներից մեկը հասարակության հնարավորինս լայն զանգվածների կողմից այդ համագործակցության մերժմանը հասնելն է: Այդ ամենին հասնելու համար մեծ նշանակություն ունեն նախորդ մասերում քննարկված ընդհանուր ռազմավարության, ռազմավարական քարոզարշավների, մարտավարության և գործողությունների համալիր ծրագրի ճշգրիտ ընտրությունն ու արդյունավետ կիրառումը: Իշխանության ուժի աղբյուրների ճիշտ թիրախավորման և դրանք հետևողականորեն ոչնչացնելու շնորհիվ ցանկացած իշխանություն հայտնվում է անելանելի վիճակում և վերջնարդյունքում ստիպված է լինում հեռանալ: Որքան մեծ է իշխանության հեղինակությունը (խոսքը, բնականաբար, համացանցային տիրույթներում ունեցած հեղինակության մասին չէ), այնքան մեծ և հուսալի է հասարակության լայն զանգվածների կողմից նրան հնազանդվելու և նրա հետ համագործակցելու աստիճանը: Իսկ իշխանությունների հանդեպ հանրային լայն զանգվածների ունեցած հիասթափությունն ու անվստահությունը (որի պակասը մեր երկրում լայն իմաստով չկա) պետք է ճիշտ ուղղորդվի և արտահայտվի գործողությամբ, որպեսզի պասսիվ սպառնալիքից վերածվի ակտիվ ուժային աղբյուրի: Քաղաքական փոփոխությունների հասնելու համատեքստում ժողովրդավարական ուժային կենտրոնի մեկ այլ կարևորագույն ուժային աղբյուր է այն մարդկային ռեսուրսի առկայությունը, որը ենթարկվում և համագործակցում է իշխանության հետ: Այս մարդկային ռեսուրսի՝ ժողովրդավարական ուժին հայտնած աջակցությունը կարող է մեծ վնասներ հասցնել իշխանությանը լայնամասշտաբ համագործակցության մերժման ընթացքում: Ինչպես արդեն բազմիցս նշվել է, այս մարդկանց ներգրավվածությունը շարժմանն ընդամենը ենթադրում է իշխանություններին մատուցվելիք ծառայություններից միտումնավոր հրաժարում կամ դրանց ոչ արդյունավետ կատարում: Հարկավոր է միշտ հիշել, որ մեկ այլ նշանակություն ունի այն, որ ժողովրդավարական շարժմանը միանում են շարքային քաղաքացիներ, մեկ այլ՝ ավելի զգալի նշանակություն ունի այն, որ ժողովրդավարական շարժմանն իրենց աջակցությունն են հայտնում այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում իրենց մասնագիտական հմտություններով նպաստել են իշխանական ապօրինություններին: Այդպիսի մարդկանց կողմից համագործակցության մերժումը մեծ հոգեբանական ազդեցություն է  ունենում իշխանության վրա, ինչի հետևանքով նվազում է նույնիսկ նրանց՝ լավ իրազեկված որոշումներ կայացնելու և արդյունավետ քաղաքականություն զարգացնելու ներուժը: Բացի վերոգրյալը, նմանատիպ անձանց համագործակցության մերժումը բավականին լավ հետևանքներ է ունենում շարժմանը մասնակցող և մասնակցելու հակված քաղաքացիների վրա:

Քաղաքական փոփոխություններ իրականացնելու ճանապարհին ժողովրդավարական ուժերը բախվում են նաև մեկ այլ կարևորագույն խնդրի հետ: Այն է՝ հակառակորդի (իշխանության) ունեցած ահռելի նյութական ռեսուրսները: Իշխանության ուժային այս աղբյուրի սահմանափակումն ամենադժվար լուծելի խնդիրներից է թվում, սակայն խաղաղ անհնազանդության շարժման սկզբնական և միջանկյալ շրջաններում նախանշված ռազմավարական քարոզարշավների ճշգրիտ իրականացման պարագայում այս ուժային աղբյուրի սահմանափակումն ինքնաբերաբար է լինում: Երբ շարժման վերջին փուլում սկսվում է հանրային լայն շրջանակների կողմից համագործակցության մերժման զանգվածային միջոցառումը, իշխանությունների համար բարդանում է ֆինանսական ռեսուրսների, տնտեսական համակարգի, սեփականության, բնական պաշարների, տրանսպորտի և կապի միջոցների վերահսկողությունը և ինքնըստինքյան անհրաժետություն է առաջանում դրանց վրա այլընտրանքային վերահսկողության սահմանումը: Ինչն էլ արդյունավետորեն կարողանում է իրականացնել ժողովրդավարական շարժումը:

Վերոգրյալ ուժի աղբյուրի սահմանափակմանը հետևում են իշխանության ավելի ավտորիտար դրսևորումները և գործի է դրվում իշխանության ուժի կենտրոնական աղբյուրը՝ չենթարկվողներին ահաբեկելու կամ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կարողությունը: Ուժի այս աղբյուրի սահմանափակումը խաղաղ անհնազանդության շարժման վերջնական փուլում հնարավոր է իրականացնել երկու ճանապարհով: Առաջինը՝ եթե ժողովրդավարական շարժման առաջնորդները կարողացել են շարժմանը մասնակցող լայն հանրային զանգվածներին բացատրել, որ ինչպես պատերազմում, այնպես էլ այս պարագայում հաղթանակներ գրանցելու համար անհրաժեշտ է թանկ գին վճարել և զոհողությունների գնալ, ապա իշխանության կողմից իրականացվող պատժիչ գործողությունների արդյունավետությունը կտրուկ կնվազի: Եվ երկրորդ՝ ինչպես արդեն նշվել է հոդվածաշարի մասերից մեկում, իշխանությունների այս ուժային աղբյուրից հնարավոր է ազատվել ուժային կառույցների հետ տարվող ճիշտ աշխատանքի շնորհիվ, երբ ուժային կառույցներն իրենք դժգոհությամբ լցված իշխանական կամայականությունների նկատմամբ կհրաժարվեն կատարել պատժիչ գործողությունների հրամանները կամ կփորձեն արդեն նշված ձևերով խուսափողական գործողություններով տապալել այդ հրահանգների իրականացումը:

Խստորեն պահպանելով վերոգրյալ սկզբունքներն ու իշխանության ուժի աղբյուրների սահմանափակման միջոցները՝ ժողովրդավարական ուժերի ռազմավարություն մշակողները պետք է հաշվի առնեն, որ ընթացիկ շարժումը ցանկացած պահի կարող է հասունանալ և ցանկացած կամընտրական դիմադրության ռազմավարական քարոզարշավ կարող է վերածվել զանգվածային անհնազանդության: Սակայն հարկավոր է հաշվի առնել նաև հակառակը, որ դիմադրության կարողություններ ստեղծելու և զանգվածային անհնազանդություն իրականացնելու գործընթացը կարող է երկարատև բնույթ կրել: Անկախ ցանկացած տարբերակից՝ ժողովրդավարական ուժերի ռազմավարություն մշակողները պետք է միշտ հաշվի առնեն զանգվածային անհնազանդության փուլի ճիշտ ժամանակը: Զանգվածային անհնազանդության հասունացումը պետք է զուգակցվի անկախ և կամավոր ինստիտուտների ստեղծմամբ, որոնք իրենց հերթին կապահովեն շարժման միջազգային ճանաչման գործընթացը: Այս ընթացքում ժողովրդավարական շարժման առաջնորդները պետք է հիշելով իրենց հիմնական նպատակը չհրաժարվեն տոնել շարժման կողմից արձանագրած նույնիսկ ամենաչնչին հաղթանակները: Անկախ գործընթացի փուլից՝ հարկավոր է երբեք չմոռանալ ներքին թիմային աշխատանքի ու շարժման ընթացքում հաջողություններ արձանագրած անհատներին խրախուսելու կարևորությունը: Մարդիկ պետք է ճանաչեն նրանց, ովքեր թեկուզ փոքր, բայց ընդհանուր գործընթացի վրա բեկումնային նշանակություն ունեցող հաջողություններ են արձանագրել:

Ամփոփելով իրական քաղաքական փոփոխությունների սկիզբը նախանշող գործողությունների մասին հատվածը՝ կարելի է արձանագրել, որ իրական քաղաքական փոփոխությունների միտված շարժման վերջնական հաջողությունը պահանջում է շարժման վերջնական փուլում հաջողությամբ իրացնել մինչ այդ կուտակած քաղաքական հաջողությունների հանրագումարը: Հաջողված խաղաղ անհնազանդության ընթացիկ հաջողությունները վերջնարդյունքում կիրառելով հնարավոր է դառնում ազատվել ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգից և փոխարենը կառուցել զարգացող ազատությամբ ժողովրդավարական քաղաքական համակարգ, որի պայմաններում սկսում է մեծանալ հանրության շրջանում վստահության աստիճանը, ինչն էլ իր հերթին մեծացնում է քաղաքացիական հասարակության արդյունավետության աստիճանը: Նմանատիպ պայմաններում խթանվում է պետության ներսում հանրային կամավոր միավորումների ստեղծումը, ինչին էլ հետևում է իշխանությունների նկատմամբ հանրային վերահսկողության բարձրացումը պետական համակարգի բոլոր ոլորտներում:  

Նարեկ Սամսոնյան