Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում

Narek

Վերջին շրջանում հաճախակի է քննարկվում այն թեզը, համաձայն որի՝ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է անել միայն փողոցով և, հատկապես, հեղափոխական ճանապարհով: Շրջանցելով քաղաքական գործընթացների ժամանակ ընտրած ռազմավարական և մարտավարական նրբությունները՝ այսօր ցանկանում եմ խոսել այն քաղաքական գործիքների մասին, որոնց միջոցով իրականացվելու է այս կամ այն քաղաքական ռազմավարությունն ու մարտավարությունը:

Հոդվածաշարը բաժանված է մի քանի մասերի, որոնցում մանրամասն կքննարկենք քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա, և, որքան էլ շատ դեպքերում անհնար է շրջանցել հայկական իրականությունը, փորձել եմ հնարավորինս դուրս չգալ առաջարկվող տեսության շրջանակներից:

Նոյեմբերին ձերբակալված խմբի քրեական գործի շրջանակներում վերջերս ձերբակալվեցին նաև մի շարք ազատամարտիկներ: Հատկապես, ձերբակալված ազատամարտիկների ընկերների շրջանակներից է հաճախակի հնչում այն միտքը, որ ցանակացած քաղաքացի այսօր վստահ է, որ իշխանափոխություն կարելի է անել միայն զենքի միջոցով: Այս միտքը հեռու չէ իրականությունից և, այո՛, այսօր մեր քաղաքացիների մի ստվար զանգված հակված է հավատալ բռնությամբ իշխանափոխության անխուսափելությանը: Նմանատիպ իրավիճակը ոչ մի դրական զարգացում չի կանխորոշում, սակայն, այն ևս ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, որոնց մասին բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվելու: Այս պարագայում ամենացավալին այն է, որ շարքային քաղաքացիների նման են մտածում նաև բազմաթիվ քաղաքական ուժեր և հոսանքներ: Իրականում, բռնությամբ իրականացվող փոփոխություններն անգամ բավականին մեծ մտավոր աշխատանք են ենթադրում, որն իրականացնելուց այսօր զուրկ է մեր քաղաքական համակարգի ընդդիմադիր հատվածը: Համենայն դեպս, այս ընթացքում մենք համոզվել ենք, որ ցանկացած տեսակի ծայրահեղ պայքարի կոչ ընդամենը դեկլարատիվ բնույթ է կրել և բավականին կարճ կյանք է ունեցել:

Չնայած նրան, որ ընդդիմադիր հատվածի ուժերի կողմից նույնիսկ պայքարի ծայրահեղ տեսակները միայն պոպուլիզմի տարրեր են պարունակել և ոչ ավելին, ցանկանում եմ մի քանի դիտարկում անել կապված քաղաքական գործընթացների ուժային լուծումներին: Նախ ասեմ, որ քաղաքական գործընթացների ուժային լուծումները չընդունելը բնավ չի նշանակում մերժել փողոցային պայքարի գաղափարը: Հակառակը՝ ցանկացած քաղաքական պայքար պետք է կրի հրապարակային բնույթ և, բնականաբար, պետք է ուղեկցվի փողոցային պայքարով: Նախ, պետք է արձանագրել, որ որքան էլ բռնի պայքարի ջատագովները փորձում են ներկայացնել քաղաքական պայքարի այդ ձևի անխուսափելիությունն ու դրա հնարավոր «ձեռքբերումները», այնուամենայնիվ, ակնհայտ է. համարձակությունը բռնությամբ արտահայտելով տվյալ մարդիկ ընտրում են պայքարի այն ձևը, որում առավելությունը գրեթե միշտ իշխողների կողմն է:

Նույնիսկ այն դեպքում, երբ բռնությամբ հնարավոր է լինում հասնել հաջողության, այն հաճախ հանգեցնում է երկարատև կառուցվածքային բացասական հետևանքների: Որպես առավել ակնառու հետևանք կարելի է միայն մատնանշել այն հանգամանքը, որ բռնի պայքարի ընթացքում ամբողջությամբ ոչնչացվում են ժողովրդավարական հասարակության հաստատման և ամրապնդման համար անհրաժեշտ մարմինները: Առանձին անհատների կամ վարչախմբերի պետական պաշտոններից հեռացումը մեկ այլ խմբի ընձեռում է նրանց տեղը զբաղեցնելու հնարավորություն: Տեսականորեն, բռնությամբ իշխանության եկած նոր վարչախումբը կարող է լինել ավելի ժողովրդավարական և բաց բարեփոխումների համար: Բայց հակառակ տարբերակն էլ հավանական է, երբ դիրքերն ամրապնդելուց հետո նոր վարչախումբը կարող է ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել, քան նախորդը: Արդյունքում, «ազգի փրկության ճակատը», որի հետ շատերն էին հույսեր կապում, կկարողանա անել այն ամենը, ինչ ցանկանում է՝ առանց ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին հոգալու: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, հարկավոր է արձանագրել, որ այսպես կոչված հեղափոխական ճանապարհով իշխանություն վերցնելը նույնպես ստեղծված քաղաքական իրականության լուծման տարբերակ չէ:

Ընտրությունները որպես քաղաքական նշանակալի փոփոխությունների մեխանիզմ

Ներկայիս քաղաքական համակարգի պարագայում ընտրությունների արդյունքներն ու ընթացքն ամբողջությամբ վերահսկվում է իշխանության կողմից: Վերոգրյալի շուրջ ստեղծված ստատուս քվոն փոխելու համար անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել և վեր հանել դրա պատճառները: Իսկ պատճառներից ամենաակնառուն և անհերքելին այն է, որ իշխանության հակառակ բևեռը ոչ մի կերպ չի կարողանում համակարգային բնույթ հաղորդել տարիների ընթացքում կուտակված իռացիոնալ քաղաքական վարքին: Սուբյեկտիվ պատճառներից ամենակարևորն էլ, թերևս, այն պարզ իրողությունն է, որ այսօր ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը քաղաքական ակտիվ շահառու չէ նույնիսկ ընտրական գործընթացների ժամանակահատվածում: Այս իրավիճակը ևս քաղաքական համակարգի թերացման արդյունքն է: Մինչ այս քաղաքական ակտիվ գործունեություն իրականացրած ուժերն իրենց գործունեության ընթացքում հնարավորինս հիասթափեցրել և մաշել են իրենց վստահություն հայտնած քաղաքացիներին: Ասվածի վառ ապացույցը քաղաքացիների կողմից ընտրությունների նկատմամբ բացարձակ անվստահությունն է, որն այսօր գերակշռում է մեր երկրում և ինչի արդյունքում հուսահատված քաղաքացին ստիպված սկսում է համագործակցել իր կարծիքով չարյաց փոքրագույնը հանդիսացող իշխանության հետ, կամ, ինչպես ավելի հատուկ է հայկական իրականությանը, արտագաղթում են, քանի որ չեն հավատում, որ կարող են սեփական ուժերով արդյունքի հասնել: Քաղաքական իրավիճակից արտագաղթող քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը ևս հակված է «առանց բռնության ոչինչ չի փոխվի» սկզբունքին կամ կարծում է, որ ժողովուրդը կարող է արդյունքի հասնել միայն արտաքին միջամտության արդյունքում: Նրանք կարծում են, որ միայն արտաքին միջամտությունը կարող է արդյունավետ գործել արդյունքի հասնելու համար:

Օտար «փրկիչներ», կամ առանց արտաքին միջամտության ոչինչ հնարավոր չէ փոխել

Տարբեր երկրների օրինակները ցույց են տալիս, որ անցումային ժողովրդավարության կամ բռնապետական ու ավտորիտար կառավարման համակարգեր ունեցող երկրների բնակչության մտածելակերպը հիմնականում նույնական է: Իրականում, քաղաքական գործընթացների նկատմամբ իներտ հասարակությունն ի վիճակի չէ իր սեփական ջանքերով արդյունավետ գործել, բայց այդ տարբերակը գործում է միայն որոշակի ժամանակահատվածում:

Ինչպես արդեն նշվեց, սահմանափակ քաղաքական և քաղաքացիական իրավունքներ ունեցող հասարակությունը հաճախ չի էլ ցանկանում և ժամանակավորապես անկարող է արդյունավետ քաղաքական պայքար ծավալել, քանի որ վստահ չի իր սեփական ուժերի վրա և չգիտի արդյունավետ պայքարի որևէ գործնական օրինակ: Այդ իսկ պատճառով էլ նմանատիպ ճնշված հասարակությունները հաճախակի իրենց ազատության միակ հույսը փնտրում են արտաքին ուժերի ձեռքերում: Այս պարագայում արտաքին ազդեցություն է դիտվում միջազգային հանրության կարծիքը, միջազգային կազմակերպությունների կողմից տարատեսակ սանկցիաների կիրառումն ու, վերջիվերջո, որևէ կոնկրետ երկրի կողմից ռազմական կամ քաղաքական միջամտությունը: Պատմության մեջ նմանատիպ օրինակները բազմաթիվ են, սակայն նմանատիպ միջամտությունների գերակշիռ դեպքերում հետևանքներն ավելի շատ բացասական դինամիկա են գրանցել, քան դրական:

Կոնկրետ մեր երկրի պարագայում, արտաքին միջամտություն ասելով դաշտում քաղաքական գործոն հանդիսացող բոլոր ուժերը միարժեքորեն նկատի ունեն ՌԴ-ի կողմից ակնկալվող միջամտությունը: Այն, որ Երրորդ hանրապետության ողջ պատմության ընթացքում մեր թե՛ իշխանավորները, թե՛ ընդդիմադիրները հույս են կապել «Կրեմլից սպասվող դաբրոի» հետ, արդեն վաղուց ապացուցված իրողություն է: ՀՀ քաղաքական իրողություններից մեկն էլ հենց ռուսական ազդեցության գոտի համարվելն է: Կրեմլի նկատմամբ ակնհայտ ակնածանքով է լցված նաև մեր հասարակության բավականին զգալի մասը, ինչն էլ առիթ է հանդիսանում քաղաքական համակարգի երկու բևեռների համար մեկը մյուսից ավելի ռուսամետ լինելը քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց դարձնելը: Երկրի ներսում ռուսական ազդեցության հետևանքները մենք տեսնում ենք ամենուրեք. սկսած տնտեսական ոլորտից, ավարտած քաղաքական ոլորտով:

Ոչ բռնի պայքար սկսելու չորս հիմնական պահանջները

Ստեղծված քաղաքական իրավիճակը վերլուծելով՝ կարելի է արձանագրել, որ հանուն ժողովրդավարական հասարակության, արժեքների, մարդու իրավունքների պաշտպանվածության բավարար մակարդակի ստեղծման և պահպանման արդյունավետ քաղաքական պայքար մղելու անհրաժեշտ է հետևել չորս հիմնական պահանջների.

  1. Առաջին հերթին, անհրաժեշտ է բարձրացնել հենց հասարակության վճռականությունն ու ինքնավստահությունը, ինչպես նաև դիմադրելու կարողությունները,
  2. Պետք է ամրապնդել ստեղծված քաղաքական իրավիճակից հարաբերականորեն անկախ սոցիալական խմբերն ու ինստիտուտները,
  3. Անհրաժեշտ է ստեղծել ներքին դիմադրության կայուն և համակարգային ուժ,
  4. Նախագծել արդյունավետ քաղաքական պայքարի հիմնական ռազմավարական և մարտավարական ծրագիր ու հմտորեն կիրառել այն:

Այն, որ այսօր մեր հասարակությունը կարիք ունի ինքնավստահության և վճռականության բարձրացման, անհերքելի իրողություն է: Ասվածի ապացույցը սեփական իրավունքների համար պայքարելու պատրաստ քաղաքացիների բավականին ցածր ցուցանիշն է: Ստեղծված քաղաքական իրավիճակից հարաբերականորեն անկախ սոցիալական խմբերի և ինստիտուտների առկայության առումով էլ կան բազմաթիվ խնդիրներ, սակայն եղածը պահելու և զարգացնելու պարագայում այդ խնդիրն էլ է ամբողջությամբ լուծելի: Երրորդ և չորրորդ կետերի մասով էլ ամեն ինչ ակնհայտ է. այսօր մեր երկրում դեռևս գոյություն չունեն այդ կետերին համապատասխանող քաղաքական և/կամ քաղաքացիական ուժեր կամ միավորումներ:

Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ վերոգրյալ պահանջներին համապատասխանող խաղաղ անհնազանդության պայքարը համարձակության և պայքարող խմբերի ներքին կարողությունների մեծացման ժամանակահատվածն է: Նմանատիպ քաղաքական պայքարն իրենից ենթադրում է պայքարող խմբերի կողմից դրսևորվող համարձակ, կարգապահ և բավականին լավ մշակված գործողությունների ամբողջություն: Հարկավոր է միշտ հիշել, որ արդյունավետ քաղաքական պայքարը կախված է հենց դրան անմիջականորեն մասնակցող քաղաքացիների կարողություններից: Խաղաղ անհնազանդության բազմաթիվ հաջողված օրինակներն ապացուցում են, որ իսկապես գոյություն ունեն խաղաղ և բավականին արդյունավետ պայքար մղելու մեթոդներ, որոնք դեռևս այդքան էլ զարգացած չեն: Հարկ է նաև նշել, որ խաղաղ անհնազանդությունն ինքնին բարդ քաղաքական կոմբինացիա է, և այն իրականացնելն անհամատեղելի է մինչ այս մեր երկրում առկա ուժերի քաղաքական վարքի հետ:

Շարունակելի …

Նարեկ Սամսոնյան