Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում. Մաս 8.2

Resistance 8.2

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ մասերին, վեցերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, յոթերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, ինչպես նաև ութերորդ մասի առաջին հատվածին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:

ՀՀ-ում մինչ այս տեղի ունեցած ընդդիմադիր քաղաքական շարժումների փորձը հաշվի առնելով պարզապես անհրաժեշտություն է առանձին ենթամասով անդրադառնալ շարժման ղեկավարների կողմից իշխանության ուժի թիրախավորման խնդրին: Այս մասում հատկապես քննարկվելու է փողոցային գործընթացների ժամանակ ուժային կառույցների հետ հարաբերվելու մարտավարական բացթողումներն ու դրանց արդյունավետ այլընտրանքները:

Ընդհանրապես, ընդդիմադիր շարժումների կողմից գործնականում թույլ տրված սխալները բազմաթիվ են, բայց հատկապես քննարկման ենթակա է իշխանության ուժի թիրախավորման խնդիրը, որտեղ ընդդիմադիր քաղաքական հոսանքների կողմից թույլ տրված սխալներն ուղղակի կանխորոշել են ցանկացած շարժման բացասական ելքը:

Հոդվածաշարի այս հատվածը ևս հիմնականում վերաբերելու է ընդդիմադիր քաղաքական գործընթացի ռազմավարություն մշակողներին: Քանի որ, ինչպես արդեն նշվել է հոդվածաշարի տարբեր մասերում, երկարաժամկետ քաղաքական գործընթացը սկզբնական ռազմավարություններից աճման կարգով ընթանում է դեպի ավելի հավակնոտ փուլերի, ռազմավարություն մշակողները պետք է նկատի ունենան, որ գործընթացի որոշիչ փուլերում իշխանության ունեցած ուժի աղբյուրները հետզհետե նվազելու են: Այդ ժամանակ ընդդիմադիր շարժման հիմնական նպատակը պետք է լինի ստեղծված օբյեկտիվ իրականության պայմաններում շարժման համար առավել նպաստավոր ռազմավարական իրավիճակի ստեղծումը: Ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համար առավել նպաստավոր ռազմավարական իրավիճակի ստեղծումն այս փուլում հիմնականում պայմանավորված է հակառակորդի ուժի ճիշտ թիրախավորմամբ: Այլ կերպ ասած, ռազմավարություն մշակողները պետք է հիմնականում կենտրոնանան իշխանության հետ համագործակցող առանցքային անհատների, իշխանությունը սպասարկող հիմնական կուսակցության, ոստիկանության և մյուս ուժային կառույցների և նրանց սատարող բուրժուազիայի ներկայացուցիչների հետ ճիշտ հաղորդակցման և նրանց՝ ընդդիմադիր շարժմանը ոչ թե հակառակորդ, այլ դաշնակից դարձնելու բարդ խնդրի վրա:

Ոստիկանության և ուժային կառույցների հետ հարաբերությունները

Իշխանության ուժի ճիշտ թիրախավորման համատեքստում հատկապես կենտրոնական նշանակություն ունի պետության մենաշնորհը համարվող ուժային կառույցների հետ հարաբերվելու ճիշտ ռազմավարության և մարտավարության առկայությունը: Այս հարցում հայկական փորձը, առաջին հայացքից, բավականին անհուսալի է թվում, քանի որ վերջին տասնամյակում մեր երկրում տեղի ունեցած բազմաթիվ փողոցային գործընթացներում մենք ականատես ենք եղել ոստիկանական ուժերի և տվյալ գործընթացի մասնակիցների միջև առկա լարված և երբեմն էլ անխուսափելի բախման տանող հարաբերություններին: Գրեթե բոլոր քաղաքացիական/քաղաքական շարժումների փողոցային դրսևորումներն ավարտվել են կամ, նվազագույնը, ուղեկցվել են ոստիկանական ուժերի կողմից գործադրված բռնություններով և զանգվածային ձերբակալություններով:

Քաղաքական/քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող անհատների և կառույցների կողմից հաճախակի է քննարկվում այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր է փողոցային գործընթացների ընթացքում զերծ մնալ ոստիկանության հետ բախումներից, թե ոչ: Նմանատիպ դիսկուրսների ընթացքում բազմաթիվ կարծիքներ են հնչում, որոնք բաժանվում են երկու մասի: Ոստիկանության հետ բախումներից զերծ մնալու հավանականության կողմնակիցները, սակայն, այս բաժանման մեջ բացարձակ փոքրամասնություն են կազմում: Մեծամասնությունը ոչ միայն կարծում է, որ փողոցային պայքարն անհնարին է պատկերացնել առանց ոստիկանական ուժերի հետ բախումների, այլ նրանցից շատերի համար այդ բախումներն ուղղակի «մասնագիտական» նշանակության են: Ի զարմանս ինձ՝ նույնիսկ հանդիպել եմ այնպիսի անհատների, որոնք հպարտանում են իրենց՝ ոստիկանական տեղամասերում հայտնվելու քանակից կամ, որն առավել զավեշտալի է, հպարտորեն հաշվում են իրենց վրա հարուցված վարչական գործերի քանակը և հերթական փողոցային միջոցառումը դիտարկում են դրանք ավելացնելու լավագույն հնարավորություն: Իրականում, ոստիկանական ուժերի հետ բախումներից խուսափելը հնարավոր է, իսկ հակառակը ցանկացած տեսակի շարժում տանում է փակուղի:

Փողոցային պայքարի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քաղաքական տեխնոլոգիաներին հայտնի պայքարի բոլոր տեսակներից ամենաարդյունավետը եղել է խաղաղ անհնազանդության առաջարկած ուժային կառույցների հետ հարաբերվելու մեթոդը: Իսկ այդ մեթոդը սահմանում է, որ ցանկացած պարագայում, որքան էլ ոստիկանական ուժերը հակված լինեն բռնության, խաղաղ պայքարի կողմնակիցները պետք է իրենց գործողություններով հնարավորինս նվազագույնի հասցնեն բախման հեռանկարը: Այս ամենը ոչ միայն արվում է խաղաղ պայքարի սկզբունքներից ելնելով, այլ նաև այն պարզ պատճառով, որ բռնության և բախման դեպքում ոստիկանական ուժերն անխուսափելիորեն հայտնվում են շահեկան դիրքերում: Եվ, քանի որ խաղաղ անհնազանդության հիմնական մարտավարական միջոցներից մեկը քաղաքական ջիուջիցուի կիրառումն է, ուստի՝ ոստիկանության հետ բախումն ուղղակիորեն հակասում է հենց ջիուջիցուի օրենքներին:

Խաղաղ անհնազանդության պայքարի ռազմավարություն մշակողներն իշխանության ուժի թիրախավորումն իրականացնելիս պարտավոր են հաշվի առնել հենց ուժային կառույցների հետ հարաբերությունները: Այդ ամենը սկսում է իշխանությունների հանդեպ ուժային կառույցների հավատարմության աստիճանը գնահատելուց: Բացի վերը նշվածը, ռազմավարություն մշակողները պետք է հստակ պատկերացում կազմեն այն մասին, թե արդյոք ժողովրդավարական ուժերն ինչպիսի՞ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ իշխանությունների նկատմամբ որոշակի հավատարմության աստիճան ունեցող ուժային կառույցների վրա: Ցանկացած պարագայում պետք է չբացառել, որ ուժային կառույցներում ծառայություն իրականացնող շարքային ծառայողներից շատերն անձնական, ընտանեկան կամ քաղաքական պատճառներից ելնելով կարող են դժգոհ ու վախեցած լինել և ժողովրդավար ընդդիմության կողմից ճիշտ մարտավարության ընտրության դեպքում կարող են հրաժարվել ռեժիմին ծառայելուց: Նմանատիպ դեպքերը գործնականում բազմաթիվ են, սակայն հենց ընդդիմադիր ուժերի կողմից վարվող սխալ մարտավարության արդյունքում այդպիսի ծառայողները հաճախակի իրենց ինքնապաշտպանական բնազդից ելնելով առավել ագրեսիվ են դառնում: Վերոգրյալից խուսափելու համար հանուն ժողովրդավարացման մղվող խաղաղ անհնազանդության շարժման սկզբում ուժային կառույցների հետ հաղորդակցվելու նպատակով շարժման առաջնորդները պետք է հատուկ մարտավարություն մշակեն:

Ուժային կառույցների հետ հաղորդակցվելու նպատակով մշակված մարտավարության մեջ պետք է ներառվի փողոցային պայքարի ընթացքում ոստիականական վերակարգի հետ հարաբերվելու հստակ կանոններ և կոնկրետ հռետորաբանություն, որը պետք է բացառի անհարգալից վերաբերմունքի դրսևորումներն ու սադրիչ գործողությունները: Ոստիկանական ուժերին պետք է հստակ իրազեկել, որ շարժման գործողություններն ուղղված են երկրի ընդհանուր բարեկեցությանը և երբեք ու երբեք չեն կարող սպառնալ նրանց կյանքին և անվտանգությանը: Հակառակ այս սկզբունքին, հայկական իրականության մեջ մենք հաճախակի ենք ականատես լինում այնպիսի դեպքերի, երբ տարբեր շարժումների մասնակիցներ անհանդուրժող և վիրավորական պահվածք են դրսևորում ոստիկանական վերակարգի նկատմամբ, դրանով իսկ նրանց դարձնում են դրական փոփոխություններ ենթադրող շարժման հակառակորդներ: Երբ հակառակ հայկական փորձի, ոստիկանական ուժերի հետ հարաբերություններում կիրառվում է հստակ մշակված մարտավարություն, նրանք դադարում են ժողովրդավարական ուժին դիտարկել որպես հակառակորդ, ինչն էլ իր հերթին նվազեցնում է բախման հավանականությունն ու մեծացնում շարժման արդյունավետ ելքի հնարավորությունները:

Ուժային կառույցների հետ հարաբերություններում դրական մարտավարության կիրառումը, սակայն, պետք չէ շփոթել ուժային կառույցներին ռազմական հեղաշրջման հրահրելու հետ: Նմանատիպ սցենարը որևէ կերպ չի կարող նպաստել երկրում ժողովրդավարական կարգերի հաստատմանը, այլ, հակառակը, բազմաթիվ ժամանակակից օրինակներով այն կարող է հանգեցնել մեկ այլ՝ ավելի ոչ ժողովրդավարական վարչակարգի ձևավորմանը: Այդ իսկ պատճառով ուժային կառույցների հետ հարաբերությունների մարտավարություն մշակողները պետք է հաշվի առնեն նաև այն, թե որքանով ուժային կառույցների ներկայացուցիչները կհամաձայնեն ընդունել այն փաստը, որ ժողովրդավարացման համար ո՛չ ռազմական հեղաշրջում է հարկավոր, ո՛չ էլ որևէ տեսակի ուժային գործողություն: Պետք է հիշել, որ ուժային կառույցներից ընդամենը հարկավոր է, որպեսզի նրանք չխառնվեն քաղաքական գործընթացներին և զերծ մնան շարժման ընթացքում ժողովրդավարական ուժի նկատմամբ որևէ տեսակի բռնի գործողություններից: Այս ամենը հասկացող ուժային կառույցի ներկայացուցիչները խաղաղ անհնազանդության ընթացքում կարող են բավականին որոշիչ նշանակություն ունենալ: Օրինակ, նմանատիպ սպաներն ու շարքայինները կարող են իրենց ստորաբաժանումներում ապօրինությունների նկատմամբ անհնադուրժողականություն և համագործակցության մերժում տարածել, կանխամտածված կերպով անարդյունավետ աշխատանքի դրդել իրենց ենթականերին և ծառայակիցներին, հրաժարվել կատարել ապօրինի հրամանները կամ ծայրահեղ դեպքում կանխամտածված թերի կատարել դրանք:

Խաղաղ անհնազանդությանն աջակցող ուժային կառույցները կարող են նաև բազմաթիվ դրական օգնության տեսակներով ապահովել ժողովրդավարական ընդդիմությանը՝ ապահովելով իրականացվող փողոցային միջոցառումների անվտանգությունը, ինչպես նաև շարժմանն ապահովելով անհրաժեշտ տեղեկատվությամբ, սնունդով և բժշկական օգնությամբ:

Ռազմավարություն մշակողները պետք է հաշվի առնեն նաև, որ խաղաղ անհնազանդություն իրականացնող ժողովրդավարական ընդդիմությանն աջակցող ուժային կառույցի ներկայացուցիչներն իշխանությանը հնազանդ ղեկավարության կողմից բացահայտվելու դեպքում կարող են դաժան պատժի ենթարկվել: Ուստի, ուժային կառույցների հետ հարաբերվելու մարտավարություն մշակողները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին և հնարավորինս զգուշավոր լինեն նրանց հետ հարաբերություններում:

Սկզբնական շրջանում ժողովրդավարական ընդդիմությանը սատարող ուժային կառույցի ներկայացուցիչներից ընդամենը հարկավոր է «քողարկված անհնազանդություն» կիրառել, որն իրականացնելու համար համեմատաբար անվտանգ հազարավոր եղանակներ գոյություն ունեն: Օրինակ, ուժային կառույցները կարող են պարզապես անարդյունավետ կերպով կատարել ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումներ կիրառելու հրահանգները, ձախողել քաղաքական հայացքների համար հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերումը, անհնազանդության մասնակիցներին իրազեկել սպասվող հալածանքների մասին, ժողովրդավար ընդդիմությանը վերաբերվող կարևոր տեղեկատվությունը թաքցնել վերադասներից և այլն:

Խաղաղ անհնազանդության ռազմավարություն մշակողները միշտ պետք է հիշեն, որ բավականին դժվար և նույնիսկ անհնար է փողոցային պայքարի միջոցով հասնել զգալի արդյունքի, եթե երկրի ուժային կառույցները (ոստիկանություն, հետախուզական ծառայություններ, զինված ուժեր) և բյուրոկրատիան լիովին հավատարիմ են մնում իշխող վարչակարգին և կատարում են բոլոր տեսակի ապօրինի հրամանները:

Հատկապես մեր երկրում նախկինում տեղի ունեցած ընդդիմադիր շարժումների փորձը ցույց է տալիս, որ հիմնականում ուժային կառույցների հետ հարաբերությունների համապատասխան մարտավարության բացակայությունն է հանդիսացել ձախողումների պատճառը: 2008-ին տեղի ունեցած համաժողովրդավարական շարժման երկարատևությունն ու նախկինների համեմատ առավել արդյունավետ ընթացքը պայմանավորված էր հենց ուժային կառույցների և բյուրոկրատական համակարգի ներկայացուցիչների շարժմանը միանալով, իսկ տապալումը դրա ընթացքում առաջացած խնդիրներին անհրաժեշտ լուծումներ չտալով:

Նարեկ Սամսոնյան