Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում. Մաս 10

IMG_1156

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա:

Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ մասերին, վեցերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, յոթերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, ութերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, ինչպես նաև իններորդ մասի առաջին, երկրորդ և երրորդ հատվածներին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:

Ինչպես արդեն նշել էինք, այս մասով կամփոփենք «Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում» վերլուծական հոդվածաշարը: Հոդվածաշարի ամփոփիչ մասում հիմնականում կքննարկենք արդեն իսկ խաղաղ անհնազադության շարժման միջոցով իրականացրած իշխանափոխությանն անմիջապես հաջորդող մարտահրավերներն ու տևական ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ նախապայմանները:

Սույն վերլուծության ընթացքում համոզվեցինք, որ քաղաքացիական խաղաղ անհնազանդության շարժումների առանցքը ժողովրդավարական գործընթացն է: Ուստի, նմանատիպ շարժումների հաջողության բանալին ժողովրդավարական հասարակություն կառուցելու ձգտումն ու նպատակադրումն է: Արդյունավետ խաղաղ անհնազանդության շարժումների գործնական օրինակներն ուսումնասիրելիս համոզվում ես, որ նմանատիպ շարժումներն իրենց վերջնական նպատակին են հասել այն երկրներում, որտեղ շարժման հիմնական նպատակադրումը տևական և կայուն ժողովրդավարական հասարակություն ձևավորելն է եղել: Ինչպես նախորդ մասում արձանագրեցինք, հայկական իրականությանը հայտնի քաղաքական և քաղաքացիական շարժումներից շատերի կազմակերպիչներն անգամ նվազագույն պատկերացումներ չեն ունեցել այս ամենի մասին և, իմ խորին համոզմամբ, հենց սխալ հիմնական նպատակադրումն է եղել վերջիններիս ձախողման առանցքային պատճառներից մեկը: Հետևաբար, նախկինում արված սխալները չկրկնօրինակելու համար հարկավոր է խստագույնս հետևել խաղաղ անհնազանդության առաջարկած ժողովրդավարական գործընթացի տրամաբանությանը:

Տևական ժողովրդավարության կառուցումը որպես գրանցած հաջողության ամրապնդման կարևորագույն նախապայման

Որքան էլ առաջին հայացքից ցանկացած քաղաքական շարժման հիմնական և կարևորագույն նպատակն այդքան բաղձալի իշխանափոխության արձանագրումն է, սակայն դա միայն առաջին հայացքից: Շատ հաճախ վերոգրյալ շփոթը, իսկ քաղաքական տեսանկյունից ռազմավարական սխալը կիսագրագետ քաղաքական առաջնորդների ձեռքում վերածվում է գերպոպուլիստական գործիքի և տանում է ուղղակի քաղաքական ձախողման: Պատմությանը հայտնի նաև դեպքեր, երբ ներքաղաքական կամ/և աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների առկայությամբ միայն իշխանափոխության լոզունգով իշխանության եկած քաղաքական առաջնորդները վերածվել են մարդկությանը հայտնի ամենադաժան և արյունարբու բռնապետների: Կան նաև բազմաթիվ օրինակներ, երբ նույն իշխանափոխությունը իրականացվել է մի խումբ մարդկանց կամ մի քանի քաղաքական ուժերի կողմից և վերջում էլ ավելի մեծ պատուհաս է դարձել սեփական ժողովրդի համար (Յակոբիններ, Նապոլեոն Բոնապարտ, Բոլշևիկներ, Վլադիմիր Լենին, Ֆիդել Կաստրո, Ավգուստո Պինոչետ և այլն): Եվ հենց վերոգրյալ պատմական օրինակները բացառելու նպատակով է, որ խաղաղ անհնազանդության տեսությունը քաղաքական փոփոխությունների գործընթացը պայմանավորում է միայն ու միայն հանրային լայն զանգվածների ներգրավվածությամբ: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ նույնիսկ ժողովրդական լայն զանգվածների ներգրավվածությամբ իրականացված քաղաքական փոփոխություններն են վտանգվում տարատեսակ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների առկայության պատճառով: Անդրադառնանք նմանատիպ դեպքերին:

Խաղաղ անհնազանդության միջոցով ձևակերպված հաջողությունը, բնականաբար, մեծ ոգևորության առիթ է հանդիսանում ճնշված հասարակության համար: Շարժմանը մասնակցած յուրաքանչյուր քաղաքացի այդ հաղթանակը համարում է իրենը, հպարտանում է ձեռք բերված հաջողությամբ: Շարժման արձանագրած կարևորագույն հաջողության ժամանակահատվածում բավականին հեշտ է կորցնել զգոնությունը, այն պարագայում, երբ հենց այս ժամանակահատվածն է պահանջում ամենաշատ զգոնությունը: Սովորաբար հենց այս ժամանակահատվածում է առաջանում նոր բռնի իշխանության առաջացման սպառնալիքը: Վերոգրյալ սպառնալիքն առաջանում է երկու ուղղություններով. առաջինը՝ բռնի իշխանության առաջացման սպառնալիքը բխում է հենց շարժման ներսից, երբ շարժման ղեկավարներից շատերը կարող են չդիմանալ ստեղծված իրավիճակի գայթակղությանը և նոր բռնի ռեժիմ ստեղծելու փորձեր կատարեն և երկրորդ այդ սպառնալիքը բխում է արդեն նախկին իշխանավորներից, ովքեր կարող են իշխանության վերացումն օգտագործելով պալատական հեղաշրջում իրականացնել: Երկրորդ սպառնալիքի համատեքստում բավականին հետաքրքրական է 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ՀՀ-ում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծելով ընտրությունները զավթեց իշխանությունը, իսկ արդեն 1998 թվականին ընդդիմադիրների ճնշումներին զուգահեռ երկրում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում, և իշխանության հայտնի ուժերն այդպիսով ձևավորեցին նոր իշխանություն: Վերոգրյալից խուսափելու և առկա սպառնալիքները չեզոքացնելու համար ժողովրդվարական շարժման առաջնորդներից բավականին մեծ զգոնություն և արդեն տևական ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար պատրաստ ծրագրերի առկայություն է պահանջվում:

Խաղաղ անհնազանդությամբ արված իշխանափոխությունից հետո դժվար է պատկերացնել, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր է լինելու կառուցել կատարյալ ժողովրդավարական պետություն: Ուստի, վտանգավոր հասարակական դեպրիվացիայից խուսափելու համար ժողովրդավարական շարժման ղեկավարները պարտավոր են այդ ամենը հանգամանալից բացատրել շարժման մասնակիցներին: Այլ կերպ ասած, հնարավորինս հարկավոր է զերծ մնալ պաթոսային պոպուլիզմից և հայկական իրականությանը համապատասխան իշխանափոխությունից հետո սարեր ու ձորեր չխոստանալ ժողովրդին: Հակառակ պարագայում շարժման գրանցած դրական արդյունքները կարող են հիմք հանդիսանալ վերոգրյալ սպառնալիքներից մեկի իրականացմանը: Հարկավոր է միշտ հիշել և ժողովրդավարության աջակիցներին սովորեցնելու և քարոզելու (teach and preach) մեթոդներով հասկացնել, որ տևական ժողովրդավարական հասարակություն կառուցելու ճանապարհին իշխանափոխությունն առաջին քայլն է ընդամենը: Նույնիսկ կարճաժամկետ խաղաղ անհնազանդությամբ իրականացված իշխանափոխությունից հետո պետության ներսում առկա լուրջ խնդիրները մի քանի տարի կշարունակվեն, իսկ դրանց լուծման ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված կլինի շարժման ընթացքում ձևավորված կամավոր միավորումների, քաղաքացիական ինստիտուտների և իշխանությունը ստանձնող ուժերի ինտենսիվ և համբերատար համագործակցությամբ: Շարժման շնորհիվ ձևավորված նոր քաղաքական համակարգը նոր ժողովրդավարական հեռանկարներ և քաղաքացիական հասարակության վերջնական ձևավորման համար նպաստավոր պայմաններ կստեղծի միահամուռ ուժերով երկրում առկա թերությունները շտկելու համար:

Քաղաքագիտությանը հայտնի քաղաքական այլ տեխնոլոգիաներից խաղաղ անհնազանդության գործիքաշարերը տարբերվում են նրանով, որ կոչված չեն միայն քաղաքական իշխանափոխության համար, այլ նաև ճնշված հասարակության շրջանում ձևավորում են բարձր քաղաքացիական դիմադրողականություն, ինչի հետևանքով էլ ձևավորվում է իրական քաղաքացիական հասարակություն, որն էլ շարժման առաջին փուլի հաջողությունից հետո զգալի արտոնություններ է ստանում երկրում շարունակվող ժողովրդավարական փոփոխություններին անմիջականորեն մասնակցություն ցուցաբերելու համար: Վերոգրյալ արտոնությունները լայն հնարավորություն են ընձեռում հուսալքված հասարակությանը սեփական ձեռքերով կերտելու իրենց ազատությունն ու ժողովրդավարական պետությունը: Ուստի, հարկ է արձանագրել, որ բացի արդյունավետ քաղաքական տեխնոլոգիայից, պայքարի այս ձևը նաև հոգեբանական նշանակություն ունի հասարակության համար: Խաղաղ անհնազանդության առաջարկած երկարատև քաղաքական պայքարի օգտակար և կարևոր հետևանքն այն է, որ ձևավորում է այնպիսի հասարակություն, որն ի վիճակի է դիմակայել ընթացիկ և ապագա մարտահրավերներին, որոնք հիմնականում առնչվում են ապագա իշխանության կողմից հավանական չարաշահումները կանխելուն, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալուն և այլն: Հարկավոր է մեկընդմիշտ հիշել, որ խաղաղ անհնազանդության բովով անցած հասարակությանն անհնար է քաղաքական որոշումներ պարտադրելը և, որ այդ հասարակությունը խոցելի չէ որևէ բռնի ռեժիմի համար:

Որպես այս ենթավերնագրի ամփոփիչ հատված՝ մեջբերեմ խաղաղ անհնազանդության շարժումների ամենավառ ջատագովներից մեկին՝ Ջին Շարփին.

«Այս քաղաքական մարտահրավերի կամ խաղաղ պայքարի հետազոտության գաղափարները հավակնում են լինել օգտակար բոլոր մարդկանց և խմբերի համար, որոնք փորձում են վերացնել իրենց ժողովրդի վրա հաստատված բռնապետական ճնշումը և ստեղծել տևական ժողովրդավարական համակարգ, որում կհարգվի մարդու ազատությունը և կձևավորվի պատրաստակամ հասարակություն:

Այս գաղափարներում ուրվագծված է 3 հիմնական հետևություն.

  • Բռնապետությունից ազատվելը հնարավոր գործընթաց է:
  • Բռնապետությունից ազատվելու համար ճիշտ մտածողություն և ռազմավարական պլանավորում է անհրաժեշտ:
  • Բռնապետության տապալման համար միշտ անհրաժեշտ է զգոնություն, քրտնաջան աշխատանք և կանոնակարգված պայքար՝ երբեմն նաև բավականին թանկ գնով տրվող:

Հայտնի ասացվածքն ասում է. «Ազատությունը չեն նվիրում»: Ոչ մի արտաքին ուժ հենց այնպես հուսալքված մարդկանց չի նվիրաբերի այդքան սպասված ազատությունը: Մարդիկ պետք է սովորեն պայքարել ազատության համար: Ոչինչ էլ հեշտ չի տրվում:

Եթե մարդիկ կարողանան հասկանալ, թե ինչ է պահանջվում իրենց ազատագրման համար, նրանք կարող են նախագծել իրենց գործողությունների ընթացակարգերը և մեծ աշխատանքի արդյունքում նրանք, վերջիվերջո, կհասնեն ազատության: Ջանասիրության արդյունքում նրանք կարող են ստեղծել մի նոր ժողովրդավարական համակարգ և պատրաստվել դրա իրագործմանը: Պայքարի գնով ձեռք բերված ազատությունը կարող է տևական լինել: Այն կարող է պահպանվել համառ մարդկանց ջանքերի շնորհիվ՝ նպատակաուղղված համակարգի պահպանմանը և զարգացմանը» (Ջին Շարփ, «Բռնապետությունից դեպի Ժողովրդավարություն» 1-ին հայկական հրատարակություն, էջ 111):

Եզրակացություն

Այս վերլուծության շրջանակներում հնարավորինս հանգամանալից և հանրամատչելի ձևով փորձեցի ներկայացնել այն առանձնահատկություններն ու բարդությունները, որոնք անհրաժեշտ են խաղաղ անհնազանդության շարժում ձևավորելու և արդյունավետորեն կիրառելու համար: Հայկական իրականության պայմաններում, երբ բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերն ու մարգինալ հոսանքները անդադար խոսում են խաղաղ անհնազանդությունից, բայց ուղղակի գաղափար չունեն նմանատիպ շարժումների մասին, հուսով եմ, որ սույն վերլուծությունը օգտակար կլինի գոնե վերջինիս մասին նվազագույն պատկերացումներ կազմելու տեսանկյունից: Վերլուծության տարբեր մասերում հանգամանալից անդրադարձ եղավ խաղաղ անհնազանդության էությանը, բավականին ճկուն գործիքակազմին, ռազմավարության, մարտավարության և շարժման ընթացքում գործողությունների ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությանը: Քննարկվեցին նաև խաղաղ անհնազանդության բազմաթիվ գործնական օրինակներ, ինչպես նաև առանձնացրեցինք այն բոլոր հավանական ռիսկերը, որոնք պետք է հնարավորինս հաշվի առնել նմանատիպ շարժումների պարագայում: Մանրամասն ներկայացվեց շարժման քաղաքագիտական նշանակությունն ու այն կարևոր հանգամանքը, որ խաղաղ անհնազանդությունն ըստ էության քաղաքական և ցանկացած այլ փոփոխությունների է հանգեցնում ներքևից վերև սկզբունքով և, հետևաբար, ամբողջությամբ նպաստում է քաղաքական որոշումների կայացման գործընթացում հանրային հնարավորինս լայն շրջանակների ներգրավմանը: Միասին նաև դիտարկեցինք այն տրիվիալ իրողությունը, որ խաղաղ անհնազանդության շարժումները հաջողության հասնելու համար պետք է լինեն բացառապես ժողովրդավարական և թափանցիկ գործընթաց, իսկ մնացած այլ ոչ ժողովրդավարական գործընթացները որքան էլ փորձենք տեղավորել խաղաղ անհնազանդություն եզրույթի տակ, միևնույնն է այդ փորձերը դատապարտված են ձախողման: Գործնական և տեսական օրինակներով արձանագրվեց, որ խաղաղ անհնազանդության հիմնական նպատականերից և արդյունավետ կիրառման պարագայում ակնառու հետևանքներից մեկը ամուր քաղաքացիական հասարակության ստեղծումն է, որը ժամանակակից կայացած պետությունների ժողովրդավարության թիվ մեկ երաշխավորն է:

Այսպիսով, ամփոփելով «Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում» վերլուծական աշխատանքը, կարելի է արձանագրել, որ նախ` խաղաղ անհնազանդության առաջարկած բազմաբովանդակ գործիքաշարը խաղաղ փոփոխության հասնելու լավագույն միջոցն է: Իհարկե, հարկավոր է նաև միշտ հիշել, որ քաղաքական փոփոխությունների այս մեթոդը քարացած ուսմունք չէ և այն միշտ կարելի է զարգացնել և կատարելագործել: Կլինեն շատերը, ովքեր բացարձակ վստահությամբ կպնդեն, որ խաղաղ անհնազանդության մեթոդները մեր երկրում կիրառելի չեն և հնարավոր չէ մեր երկրում այս մեթոդով հաջողության հասնելը: Ցավալիորեն, ես ևս հակված եմ այդ տարբերակին, սակայն, ի տարբերություն մյուսների, ես ոչ թե այդ համոզմանն եմ այն պատճառով, որ այն տեղայնացնելն անլուծելի խնդիրներ կառաջացնի և նմանատիպ՝ ալարկոտությունը մարտնչող տգիտությամբ քողարկելու փորձեր հիշեցնող այլ պատճառաբանություններով, այլ այն պարզ պատճառով, որ այսօր մեր երկրում ժողովրդավարական ուժերի քանակը բավարար չէ նմանատիպ շարժում իրականացնելու համար: Ավելին, ես առավել քան վստահ եմ, որ խաղաղ անհնազանդության կիրառելիության անհնարինությունը մեր երկրում կրում է խիստ ժամանակավոր բնույթ: Լինելով խաղաղ անհնազանդության գաղափարական հետևորդ՝ վստահ եմ, որ մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհի առանցքը լինելու է հենց այս բնույթի շարժումը:

Շնորհակալություն ընթերցելու համար:

Նարեկ Սամսոնյան