Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում. Մաս 6.2

mlk-nonviolence

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ մասերին, ինչպես նաև և վեցերորդ մասի առաջին հատվածին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:

Արդյունավետ քաղաքական գործընթացին անհրաժեշտ ռազմավարության մշակման կարևոր հասկացությունները

Ինչպես արդեն նշվել է հոդվածի տարբեր մասերում՝ սույն հոդվածը գրելիս հիմք է հանդիսացել խաղաղ անհնազանդության ժամանակակից տեսության հեղինակ Ջին Շարփի աշխատությունները: Պրոֆեսոր Շարփն իր «Բռնապետությունից դեպի Ժողովրդավարություն» ձեռնարկում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարում խաղաղ պայքարի ընթացքում մշակված ռազմավարության անհրաժեշտությանը՝ ամբողջացնելով մինչ այս աշխարհում տեղի ունեցած խաղաղ անհնազանդության շարժումների ընդհանուր հատկանիշները: Այսպիսով, պրոֆեսոր Շարփն առանձնացնում է խաղաղ պայքարի ընթացքում ռազմավարության մշակման չորս կարևոր հասկացություն: Դրանք են՝

  1. Հիմնական ռազմավարություն
  2. Ռազմավարություն
  3. Մարտավարություն
  4. Համալիր գործողություններ

Ռազմավարության մշակման այս չորս կարևոր հասկացություններին տիրապետելու պարագայում խաղաղ անհնազանդություն ծրագրող անհատներն ու խմբերը հնարավորություն կունենան զարգացնել իրենց ռազմավարական մտածելակերպը և ստեղծված քաղաքական ստատուս քվոն փոխարինել իրենց ցանկացածով:

Հոդվածի այս հատվածում հնարավորինս մանրամասն կքննարկենք վերոգրյալ հասկացություններից յուրաքանչյուրը:

Հիմնական ռազմավարություն

Հիմնական ռազմավարություն հասկացությունը, ըստ Շարփի, ուղղված է հակամարտության ժամանակ վերջնական նպատակների ձեռքբերմանը ձգտող խմբի համապատասխան և հասանելի ռեսուրսների (տնտեսական, մարդկային, բարոյական, քաղաքական, կազմակերպչական և այլն) համակարգմանն ու ուղղորդված կիրառմանը (Ջին Շարփ, «Բռնապետությունից դեպի Ժողովրդավարություն», հայերեն հրատարակություն, 69 էջ):

Հիմնական ռազմավարությունը սահմանում է նախատեսվող պայքարի համար առկա սահմանափակ ռազմավարական մեթոդների հիմնական շրջանակները: Այն նաև սահմանում է պայքարի ընթացքում գործող առանձին խմբերի միջև կարևոր առաջադրանքների և առկա ռեսուրսների բաշխումը:

Ռազմավարություն

Ռազմավարությունն այն սկզբունքների ամբողջությունն է, որը սահմանում է, թե հակամարտության ժամանակ ընտրված հիմնական ռազմավարության շրջանակներում ինչպես կարելի է առավելագույնս հասնել կոնկրետ նպատակների իրականացմանը (Ջին Շարփ, «Բռնապետությունից դեպի Ժողովրդավարություն», հայերեն հրատարակություն, 70 էջ): Ռազմավարության հիմնական խնդիրներն են՝ երբ և ինչպես պայքարել և ինչպես շարժման ընթացքում հասնել առավել արդյունավետության: Ռազմավարությունն իր մեջ կարող է ներառել նաև մշակված այնպիսի իրավիճակ, որը իրենից կենթադրի այնպիսի քայլերի հաջորդականություն, որ հակառակորդին կստիպի հնարավորինս զուսպ մնալ և հրաժարվել ռեպրեսիվ մեթոդների կիրառումից՝ հաշվի առնելով նման զարգացման բացասական հետևանքները:

Մշակված ռազմավարությունը պայքարի ընթացքի հիմնական գաղափարն է, որով էլ պայմանավորվում է պայքարի ընթացքն ու դրան մասնակցող տարատեսակ առանձին խմբերի միավորման ժամանակահատվածն ու մանրամասները: Ռազմավարության մշակումը ներառում է նաև պայքարի մասնակիցներից հատուկ խմբերի ձևավորում, որոնք պետք է զբաղվեն ավելի փոքրամասշտաբ առաջադրանքների իրականացմամբ: Հայկական իրականության մեջ ռազմավարության այս հատվածն առավել հայտնի է որպես «ցանցային պայքարի» սկզբունք, ինչն էլ հաճախակի օգտագործվում է առավել առաջադեմ քաղաքացիական ակտիվիստների շրջանում: Ռազմավարության մշակման ընթացքում հարկավոր է հաշվի առնել պայքարի ընտրված ձևի իրականացումն արդյունավետորեն կիրառելուն անհրաժեշտ բոլոր գործոնները: Հարկավոր է միշտ հիշել, որ տարբեր գործողությունների արդյունավետ իրագործումը պայմանավորված է տարբեր գործոններով և դրանք գնահատելիս հարկավոր է մաքսիմալ օբյեկտիվ լինել: Իրատեսական և արդյունավետ ռազմավարություն մշակելու համար պայքարի կազմակերպիչներից պահանջվում է հնարավորինս հստակ սահմանել իրենց վերջնական նպատակները և որոշել, թե ինչպիսի քայլեի հաջորդականությամբ է հնարավոր արդյունավետորեն իրականացնել դրանք: Նպատակների հստակ սահմանումն ու դրանց արդյունավետորեն կիրառելու տարբերակները գնահատելը վերաբերում են նաև մարտավարության մշակմանը:

Մարտավարություն

Ռազմավարությունը միս ու արյուն է ստանում մանրամասն մշակված մարտավարության և մշակված համալիր գործողությունների միջոցով: Համաձայն պրոֆեսոր Շարփի «Մարտավարությունը սահմանափակ իրավիճակում (փոքրամասշտաբ շրջանակներում) զգալի առավելության ձեռքբերման նպատակով առկա ուժերի հմուտ կիրառումն է» (Ջին Շարփ, «Բռնապետությունից դեպի Ժողովրդավարություն», հայերեն հրատարակություն, 71 էջ): Այսինքն, մարտավարության մեջ պետք է ներառվեն այն սահմանափակ գործողությունները, որոնք կիրառվում են բավականին սահմանափակ և կոնկրետ նպատակի հասնելու համար կամ, այլ կերպ ասած, այն իր մեջ ներառում է այն երթերն ու ակցիաները, որոնք կոնկրետ կարճաժամկետ խնդիրներ են լուծում (օրինակ՝ Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ շարժման ընթացքում Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա կազմակերպած երթերը նստացույցի ընթացքում կամ նույն երթերի ժամանակ այս կամ այն գլխավոր փողոցի երթևեկության ժամանակավոր արգելափակումը): Մարտավարության ճիշտ ընտրությունը կախված է այն հանգամանքից, թե կազմակերպված պայքարի որոշակի փուլում ինչպես կիրառել հնարավոր պայքարի միջոցները, որպեսզի իրականացվի պայքարի մշակված ռազմավարությունը: Մարտավարության մեջ առկա գործողություններն ունեն ավելի կարճ ժամկետներ, ավելի կարճ աշխարհագրական և ինստիտուցիոնալ տարածքներ և այդ գործողություններն իրականացվում են առավել քիչ թվով մարդկանց կողմից ու հետապնդում են առավել սահմանափակ նպատակների իրականացում: Կարելի է արձանագրել, որ մարտավարությունը վերաբերում է ռազմավարության մաս հանդիսացող սահմանափակ գործողություններին, ինչպես ռազմավարությունը՝ հիմնական ռազմավարության: Ընդհանրապես, ռազմավարության մշակման բոլոր չորս հասկացությունները փոխկապակցված են և դրանց իրականացումը հնարավոր չէ առանց մեկը մյուսի:

Համալիր գործողություններ

Համալիր գործողություններ կամ մեթոդներ ասելով պրոֆեսոր շարփը նկատի ունի գործողությունների որոշակի ձև կամ միջոց: Խաղաղ անհնազանդության պարագայում դրանք գործողությունների տասնյակ առանձին ձևերն են, որնցից Ջին Շարփն առանձնացրել է 198-ը, որոնք մենք ամբողջությամբ կհրապարակենք հոդվածաշարի ամփոփիչ հատվածից հետո: Այսպիսով, արձանագրենք, որ համալիր գործողությունները մշակելիս հարկավոր է կենտրոնանալ պայքարի ընթացքում մարտավարական և ռազմավարական նշանակության նպատակներն իրականացնող հնարավորինս արդյունավետ գործողությունների ընտրության վրա:

Խաղաղ պայքարի ճիշտ և արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման համար անհրաժեշտ է հնարավորինս մանրամասն մշակել հիմնական ռազմավարությունը, դրանից բխող ռազմավարությունը, մարտավարությունն ու դրան սպասարկող համալիր գործողություններն ու մեթոդները: Այս ամենից հետևում է, որ ցանկացած քաղաքական և քաղաքացիական նպատակադրում ունեցող պայքարի կազմակերպիչների ինտելեկտուալ կարողություններով է հիմնականում պայմանավորված խաղաղ անհնազանդության բնույթի շարժումների արդյունավետությունը: Ընդհանրապես, քաղաքական արդյունավետ գործընթացները բավականին ընդհանրություններ ունեն ռազմական արվեստի հետ: Հարկավոր է այդ գործընթացները դիտարկել այդ տեսանկյունից: Որքան ավելի մանրամասն և օբյեկտիվ է գնահատված նախատեսվող քաղաքական կամ քաղաքացիական գործընթացը, այնքան ավելի հավանական է դրա վերջնական հաջողությունը: Մեր երկրում մինչ այս տեղի ունեցած քաղաքական և քաղաքացիական գործընթացներում մանրամասն մշակված ռազմավարության բացակայությունն է դրանց տապալման հիմնական գրավականը:

Նարեկ Սամսոնյան