Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում. Մաս 9.2 Զարգացող ազատությունը հաջողությամբ իրացնելը

Resistance 9.2

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները:

Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդհինգերորդ մասերին, վեցերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, յոթերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, ութերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, ինչպես նաև իններորդ մասի առաջին հատվածին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:

Խաղաղ անհնազանդության շարժման կարևոր յուրահատկություններից մեկը հանրային կամավոր միավորումների ստեղծումն ու եղածների ամրապնդումն է: Այն պատճառով, որ խաղաղ անհնազանդության շարժումն իր առջև հիմնականում դնում է քաղաքական համակարգի ամբողջական ժողովրդավարացման խնդիրը, ուստի՝ այս շարժման ընթացքում ձևավորվող տարատեսակ հանրային կամավոր միավորումների առկայությամբ է պայմանավորված շարժման մարդկային ներուժի ճիշտ կառավարումը: Որպես վերոգրյալի գործնական օրինակ կարելի է մատնանշել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում նախորդ դարավերջին տեղի ունեցած նմանատիպ շարժումները: Մասնավորապես, հանրային կամավոր միավորումների շնորհիվ հաջողությամբ խորհրդային օկուպացիայից ազատվեց Լեհաստանը, որը, ինչպես տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրներ, գտնվում էր երկաթյա վարագույրի ավտորիտար հատվածում: Հզոր խաղաղ անհնազանդության շարժման ընթացքում ձևավորված անկախ ինստիտուտների արդյունավետ գործունեությունը միջազգային հռչակ հաղորդեց լեհական շարժմանը: Միջազգային ճանաչելիություն ձեռք բերելուց բացի լեհական դիմադրության շարժումը կարողացավ նախ ձևավորել, ապա արդյունավետ կառավարել հանրային հզոր բողոքի ալիքը և հասնել իր առջև դրված նպատակների ամբողջական իրականացմանը: Լեհական «Համերաշխություն» շարժումը հանդիսանում էր երկրի ներսում սկսված ազատագրական պայքարի կենտրոնական կառույցը, բայց շարժման ողջ ընթացքում վերջինիս կենտրոնական մարմին լինելուց բացի, բազմաթիվ հանրային ինքնակամ միավորներ էին ձևավորվել, որոնք երկրի իշխանությունների կողմից հայտարարված ռազմական դրության և բազմաթիվ բանտարկությունների պայմաններում կարողացան շարունակել ազատագրական պայքարը և նոր շունչ հաղորդել սկիզբ առած շարժմանը:

Resistance 9.2-4

Որպես նմանատիպ օրինակ կարելի է դիտարկել նաև 1988-ի Ղարաբաղյան շարժման ընթացքում «Ղարաբաղ կոմիտեի» անդամների ձերբակալությանը հաջորդած ավելի լայնածավալ երևանյան հանրահավաքները, որոնց արդյունքում Խորհրդային կենտրոնական իշխանությունները ստիպված եղան ազատ արձակել կոմիտեի անդամներին:

Resistance 9.2-2

Հանրային կամավոր միավորումների ստեղծմամբ և դրանց արդյունավետ գործունեության շնորհիվ խաղաղ անհնազանդության շարժման հանգրվանային փուլերում, երբ արդեն հիմնական նպատակի իրականացումը բավականին մոտ է լինում, շարժման առաջնորդների համար նոր, ավելի կարևոր մարտահրավերներ են առաջ գալիս:

Resistance 9.2-3

Ինչպես նախորդ մասերում արձանագրել ենք, խաղաղ անհնազանդության շարժման հիմնական նպատակները վերաբերում են ոչ միայն ժողովրդավարական կարգեր ստեղծելուն, այլ նաև նոր ավտորիտար կամ բռնապետական համակարգերի առաջացումը կանխելուն: Ուստի, խաղաղ անհնազանդության հիմնական ռազմավարություն մշակողները պետք է նախապես հաշվարկեն այն հնարավոր և նախընտրելի ուղիները, որոնց միջոցով հնարավոր կլինի լավագույնս խուսափել նմանատիպ սցենարի սպառնալիքից: Քաղաքական փոփոխությունների ընթացքում, երբ հանրային ճնշումների արդյունքում ժողովրդավարները ձեռք են բերում առարկայական հաջողություններ, երբեմն կորցնում են օբյեկտիվ իրականությունը ճիշտ գնահատելու կարողությունները: Այդ ամենի արդյունքում շատ հաճախ տեղի են ունենում այնպիսի անշրջելի գործընթացներ, որոնք բացասական ազդեցություն են ունենում շարժման ձեռք բերած հաջողությունների վրա և երբեմն հանգեցնում են կործանարար հետևանքների:

Վերոգրյալը կանխելու համար հարկավոր է, որ ժողովրդավարներն ունենան մի քանի առանցքային հարցերի պատասխաններ, մասնավորապես, թե ինչպես պետք է տեղի ունենա իշխանության փոփոխության գործընթացը, ովքե՞ր են լինելու իշխանություններին փոխարինողները, ինչպիսի՞ անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների պետք է ենթարկվեն պետական ինստիտուտները, ինչպիսի՞ ճանապարհով պետք է իրականացվի ժողովրդավարացման գործընթացը, որպեսզի կանխվեն այդ գործընթացին սպառնացող բոլոր հնարավոր խոչընդոտները:

Վերոգրյալի համատեքստում բավականին կարևոր նշանակություն ունի իշխանափոխությունից հետո՝ արդեն նախկին իշխանավորների նկատմամբ վարվող քաղաքականությունը: Օրինակ՝ արդյո՞ք այդ անձանց նկատմամբ պետք է տեղի ունենան քրեական հետապնդումներ, կամ արդյո՞ք նրանց պետք է թույլատրել ընդմիշտ հեռանալ երկրից: Վերոգրյալ և արդյունավետ խաղաղ անհնազանդությանը հաջորդող այլ տրամաբանական հարցերի պատասխանները նախապես ունենալուն կարող է նպաստել շարժման որոշակի փուլից ստվերային կառավարության առկայությունը: Ժողովրդարների կողմից ստվերային կառավարության ստեղծումն ինքնին կարևոր է հանրային ընկալումներում սկսված շարժման միասնականության և հաղթական ավարտի մասին համոզվածության արմատավորման համար:

Հայկական իրականությանը հայտնի չէ ստվերային կառավարություն ձևավորելու գեթ մեկ արդյունավետ օրինակ, սակայն երկրում իրական փոփոխությունների ձգտող քաղաքական շարժումների համար այն առանցքային նշանակություն ունի:

Կատարելով խաղաղ անհնազանդության շարժման ընթացքում անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը՝ այդքան սպասված քաղաքական փոփոխությունները տեղի կունենան շարժման առաջնորդների աչքերի առաջ, որոնց պահպանման և տևական ժողովրդավարական բաց հասարակության ստեղծման համար ժողովրդավարներից կպահանջվեն ավելի մեծ ջանքեր, քան սպասված և այդքան անհրաժեշտ քաղաքական փոփոխություններին հասնելն է:

Նարեկ Սամսոնյան