Արաբական գարուն․ Պատճառները և հետևանքները: ԱՄՆ-ի արձագանքը

APTOPIX Mideast Syria

2010 թվականի դեկտեմբերի 18-ին արաբական երկրներում ցույցերի և հանրահավաքների հեղափոխական ալիք բարձրացավ։ Այն սկսվեց Թունիսում, Եգիպտոսում և Եմենում տեղի ունեցած հեղափոխություններից ու շարունակվեց Լիբիայում ու Սիրիայում` քաղաքացիական պատերազմի տեսքով։ Վերջինս շարունակվում է մինչ այժմ, իսկ Լիբիայում ավարտվել է 2012 թվականին՝ իշխանափոխությամբ։

Թունիս

Մերձավոր Արևելքում ներքաղաքական լարվածությունը սկսվեց Թունիսից: 2010 թ. դեկտեմբերին մանրավաճառ Մուհամմեդ Բուազիզին ինքնահրկիզվեց` այդպես իր բողոքը հայտնելով երկրում տիրող անհավասարության և անարդարության դեմ: Այս իրադարձությունը զանգվածային բողոքի ալիքի պատճառ դարձավ, որն աստիճանաբար արձագանք գտավ արաբական այլ երկրներում: Դրանց առաջացման համար Թունիսում կային մի շարք նախադրյալներ` փոքր տարածք, կրթված միջին խավ, կանանց հասարակական և տնտեսական ազատություն, սերտ համագործակցություն Եվրոպայի մի շարք երկրների, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ: Չնայած Թունիսի հետ սերտ համագործակցությանը` ԱՄՆ պաշտոնյաները պարբերաբար քննադատությամբ են հանդես եկել Թունիսի նախագահ Բեն Ալիի վարչակարգի վերաբերյալ` շեշտելով ազատ խոսքի, արդար և թափանցիկ ընտրությունների, ինչպես նաև քաղաքական իրավունքի բացակայությունը:

Թունիսի հեղափոխությունը դրական ազդեցություն է ունեցել թունիսցիների կյանքի վրա, որտեղ քաղաքական գործընթացները հարթ էին ընթանում, և ժողովրդավարացումը կարելի էր համարել հաջողված: Թունիսի դեպքում անցումը դեպի ժողովրդավարություն և կայունացում նկատելի է: Սակայն 2013 թ. փետրվարին ընդդիմադիր ուժերի առաջնորդի` Շուքրի Բելաիդի սպանությունից հետո կրկին ներքաղաքական լարվածություն նկատվեց:

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ կայունությունը և խաղաղությունը երկրում մակերեսային է, իսկ յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի պայմաններում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել և լայնածավալ անկարգություններ հրահրել:

Եգիպտոս

Թունիսում սկիզբ առած ընդվզումն իր արձագանքը գտավ նաև Եգիպտոսում: 2011 թ. հունվարի վերջին ժողովուրդը ոտքի կանգնեց` պահանջելով երկրում արդարության վերականգնում և Եգիպտոսի` ավելի քան 30 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած Հուսնի Մուբարաքի հեռացումը իշխանությունից: Նրա ձերբակալությունից հետո իշխանությունը ժամանակավորապես անցավ Զինված Ուժերի Գերագույն Խորհրդի ձեռքը: Եգիպտոսը որպես ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից և վստահելի երկիր, կարող էր ակնակալել ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը: Եգիպտոսում իրավիճակը շտկելու նպատակով 2012 թ. հուլիսին Կահիրեում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպում ունեցավ նորընտիր նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ, որի ընթացքում քննարկվեց 3 հիմնական կետ՝ տնտեսական զարգացում, կայունացում և ժողովրդավարության ամրապնդում:

2013 թ. սկզբին ԱՄՆ-ն հաստատեց Եգիպտոսին տրամադրվող ամենամյա օգնությունը, ընդ որում՝ այդ օգնության զգալի մասն ուղղված է ռազմական ոլորտի հզորացմանը: Եգիպտոսին լայնածավալ ռազմական օգնություն տրամադրելու ավանդույթը նկատելի էր նաև Մուբարաքի իշխանության օրոք: Ստացվում է, որ ԱՄՆ-ի կողմից տարբերակում չի դրվում մուբարաքյան և այժմյան Եգիպտոսի միջև: Հետևաբար, կարելի է նշել, որ Օբամայի վարչակարգը Եգիպտոսում տիրող իրավիճակը կա՛մ ըստ արժանվույն չի գնահատում, կա՛մ էլ նրանց ձեռնտու է այսպիսի քաղաքականություն վարելը, քանի որ Եգիպտոսում ձևավորված իշխանությունն իր գործունեությամբ ընդհանուր առմամբ բավարարում է ԱՄՆ-ի պահանջներին: Սակայն երկրի ծանր տնտեսական և սոցիալական վիճակը, որն «Արաբական գարնան» իրադարձություններից հետո էլ ավելի է սրվել, ստիպում է ժողովրդին շարունակել բողոքի ցույցերը՝ միաժամանակ խորացնելով նրանց հակակրանքը ինչպես Եգիպտոսում ձևավորված նոր վարչակարգի, այնպես էլ ԱՄՆ-ի նկատմամբ:

Լիբիա

Հեղափոխական ալիքներից զերծ չմնաց նաև Լիբիան: Այստեղ տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Օբաման պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ 2011 թ. մարտի 18-ին, որտեղ դատապարտեց Լիբիայի իշխանություններին, մասնավորապես նշելով, որ նրանք պայքարի դուրս եկածներին դիմավորեցին «երկաթյա բռունցքով»: Նախագահ Մուամար Քադաֆին, ով արդեն չորս տասնամյակ իշխում էր Լիբիայում, ձեռնամուխ եղավ ժողովրդական շարժումներն ամենադաժան ձևով ճնշելուն` զանգվածային ձերբակալություններ, սպանություններ, հարձակումներ հիվանդանոցների վրա, հիվանդների առևանգում և այլ միջոցների միջոցով:

Ստեղծված պայմաններում ԱՄՆ-ն և ԵՄ-ն պարբերաբար հայտարարություններով հանդես եկան` հորդորելով Քադաֆիին վերջ դնել բռնություններին, սակայն նրանց հորդորները մնացին անարդյունք: Այս իրադարձություններին ԱՄՆ-ի առաջին արձագանքը 2011 թ. փետրվարին Լիբիայում իր դեսպանատան փակումն էր: Նախագահ Օբաման քննադատաբար արտահայտվեց Քադաֆիի մասին` մեջբերելով վերջինի խոսքերը, թե «ոչ մի զիջում և ներում չի լինելու» իր վարչակարգի դեմ հանդես եկող մարդկանց նկատմամբ: Նույնիսկ կիրառվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևը: Այդ բանաձևի համաձայն՝ Լիբիայի օդային տարածքը հայտարարվեց փակ գոտի, սառեցվեցին իշխանության ներկայացուցիչների հաշիվները, խստացվեց զենքի էմբարգոն:

ԱՄՆ-ն ձգտում էր իրավիճակը հարթել խաղաղ բանակցությունների և դիվանագիտության ճանապարհով, սակայն Քադաֆիի գործելաոճը ստիպեց ռազմական ուժ կիրառել, ինչի արդյունքում հաջողվեց տապալել Քադաֆիի ռեժիմը:

Բայցևայնպես, այսօր Լիբիայում ներքաղաքական լարվածությունը նկատելի է: Այս իրավիճակը շտկելու նպատակով ԱՄՆ-ն շարունակում է սերտ համագործակցել Լիբիայի իշխանությունների հետ: Միացյալ Նահանգները շարունակում են օգնություն տրամադրել երկրի անվտանգությունն ապահովելու, նախկին վարչակարգից մնացած քիմիական զենքերը տնօրինելու, ինչպես նաև երկրում առկա տնտեսական վիճակը բարելավելու նպատակով:

Սիրիա

Արաբական աշխարհի հեղափոխական տրամադրություններն իրենց արձագանքը ստացան նաև Սիրիայում: Եթե նախորդ երեք երկրների դեպքում հնարավոր էր իրականացնել իշխանափոխությունը և համեմատաբար կայունացնել իրավիճակը, ապա Սիրիայի դեպքում այդ անհանգստությունները վերաճեցին պատերազմի, որը շարունակվում է մինչ օրս:

Սիրիայում հանրային ցույցերին և ժողովրդական ընդվզմանն ի պատասխան` պաշտոնական Վաշինգթոնը շարունակաբար հայտարարություններով դիմել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին` պահանջելով դադարեցնել բռնությունները և պայմաններ ստեղծել երկրում ժողովրդավարություն հաստատելու համար: «Իր ժողովրդի ձայնը լսելու փոխարեն, ալ-Ասադը մեղադրում է օտարներին և դիմում Իրանի օգնությանն իր քաղաքացիներին ճնշելու նպատակով»: Այս հայտարարությունը զարմանալի չէ, իսկ դրա տեքստն ավելի քան տրամաբանական է: Այն է` Սիրիա-Իրան համագործակցությունը ցանկալի չէ ԱՄՆ-ի համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիան Իրանի անկյունաքարային հենակետն է տարածաշրջանում, ում օգնությամբ Իրանը ապահովում է իր ներկայությունն արաբական երկրներում: Հետևաբար, Սիրիայի թուլացմամբ զգալի կնվազի Իրանի դերակատարումը տարածաշրջանում:

Սիրիայի ֆինանսական մեկուսացմանը հաջորդեց դիվանագիտական մեկուսացումը: Դեռ 2012 թ. հունվարի 31-ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանատան փակման մասին: Պաշտոնական Վաշինգթոնի այս քայլը հստակ ուղերձ էր ալ-Ասադին, որ ԱՄՆ-ն այլևս չի ճանաչում նրա իշխանությունը և պատրաստ է առավել կոշտ քայլերի դիմել նրան իշխանությունից հեռացնելու համար:

Հարկ է նշել, որ Սիրիայում տիրող իրավիճակը հաճախ նույնացվում էր Լիբիայի իրավիճակի հետ և կարծիքներ կան, որ Սիրիայում հետագա իրադարձությունները կարող են զարգանալ լիբիական սցենարներով: Այդ համեմատությունները սխալ էին, և որ Սիրիայում առաջացած խնդիրները պահանջում էին համապատասխան լուծումներ: Նաև անդրադառնալով Սիրիայում տարբեր կրոնական պատկանելություն ունեցող քաղաքացիներին` ալավիներին, սուննի մուսուլմաններին, քրիստոնյաներին` նշելով, որ վերջիններիս նկատմամբ դիրքորոշումը նույնը կմնա նոր իշխանության օրոք, և նրանք պետք է համերաշխ գոյակցեն հանուն ավելի հզոր Սիրիայի:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում այսօր էլ շարունակում է մնալ անկանխատեսելի և պայթյունավտանգ: Ներկայում միջազգային հասարակության ուշադրության կենտրոնում է սիրիական ճգնաժամը: Այս հարցի կարգավորման գործընթացում ներգրավված գեր տերությունները լուծումը տեսնում են բանակցային ճանապարհով, թեև մինչ այժմ այդ մոտեցումը շոշափելի արդյունքի չի հանգեցրել:

Թունիսի, Եգիպտոսի և Լիբիայի պարագայում անցումը նոր կարգերի պայմանականորեն ավարտված է համարվում: Քննարկված բոլոր երկրներում զանգվածային անհանգստություններն ու դժգոհությունները դեռևս շարունակվում են, ինչը ցույց է տալիս, որ վերջին տարիների ընթացքում այս տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական‚ հասարակական‚ տնտեսական գործընթացները, որոնք հսկայական մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլեցին, դեռ չեն տվել սպասված արդյունքները:

Մարիետա Հովհաննիսյան

Աղբյուրները՝ այստեղայստեղայստեղայստեղայստեղ և այստեղ