Հայ-ռուսական հարաբերություններ. միֆեր և իրականություն

Turkey-Russia

Վերջերս հայ հասարակության շրջանում օբյեկտիվորեն ձևավորվում են հակառուսական կամ պետականամետ տրամադրություններ: Պատճառը միանգամայն պարզ է: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հակառակորդը կրակում էր ռուսական ծանր զրահատեխնիկայով: Փաստացի, վերջին տարիներին ձևավորված ռուս-ադրբեջանական տանդեմը, որի հանգուցային կետերից է, այպես կոչված, «ռազմավարական դաշնակցի» կողմից հակառակորդին զենք վաճառելը, գործնական տեսք ստացավ:

Դրա մասին է վկայում վերջին շրջանի իրադարձությունների համատեքստում ՌԴ քաղաքական վերնախավի ցինիկ պահվածքը: Մասնավորապես, փոխվարչապետ Դ. Ռոգոզինի հայտարարությունն այն մասին, որ ի հեճուկս հայկական կողմի բողոքների՝ ՌԴ-ն շարունակելու է զենք մատակարարել ադրբեջանցիներին, իսկ մի քանի օր անց նա «փսլինքներ» անվանեց այն մարդկանց, ովքեր բողոքում են մեր հանդեպ իրականացվող ՌԴ քաղաքականությունից:

Այս օրերին քարոզչական դաշտում արդեն մարտի են նետվել 5-րդ շարասյան ներկայացուցիչները, որոնց, ըստ երևույթին, հանձնարարված է ամեն կերպ սանձել հասարակության շրջանում ՌԴ քաղաքականության հանդեպ ահագնացող բողոքի ալիքը: Մի կողմ թողնելով երեկ ընդդիմությանը, այսօր իշխանությանը ներկայացնող երիտասարդների և ժամանակ առ ժամանակ հասարակական-քաղաքական դաշտում կենդանության նշույլներ ցույց տվող սուբյեկտների ասած անհեթեթությունները, այնուամենայնիվ, հարկ է քննարկել ընդհանրապես պրոռուսական քարոզչության հիմնական ուղղությունները:

1. Հայ-ռուսական «դարավոր բարեկամություն»: Այս միտքը լայնորեն տարածվում է 5-րդ շարասյան ներկայացուցիչների կողմից առանց պարզաբանելու, թե որն է այդ «բարեկամությունը»: Եթե հայացք նետենք հայ-ռուսական հարաբերությունների՝ վերջին 200 տարվա պատմությանը, ապա հստակ կարելի է նշել, որ ոչ մի բարեկամական հարաբերություն չի էլ եղել: Եթե ոմանց համար մեր հանդեպ ցարիզմի կողմից իրականացված գաղութային քաղաքականությունը կարելի է դիտել որպես հայ-ռուսական «դարավոր բարեկամություն», ապա դա արդեն արժեքային համակարգի խնդիր է, որովհետև գաղութացնողի և գաղութացվողի միջև հարաբերությունները չեն կարող որակվել որպես «դարավոր բարեկամություն»:

Մերկապարանոց չթվալու համար պետք է ընդամենն ուշադրություն դարձնել մի քանի կարևոր փաստի վրա. 1828թ. Արևելյան Հայաստանը կցվեց Ռուսաստանին, ապա ցարիզմը ձեռնամուխ եղավ ազգային գաղութային քաղաքականության իրականացմանը: 1840թ. վերացվեց «Հայկական մարզ» վարչական միավորը: Տարածաշրջանում ձևավորվեց Վրացա-Իմերեթական նահանգը և Կասպիական մարզը: Փաստացի Հայկական մարզի վերացումով ի չիք դարձավ Ռուսաստանի հովանու ներքո ինքնավարություն ունենալու հայերի հույսը:

Ցարիզմը սկսել էր ժողովուրդների ձուլման քաղաքականություն վարել: Այդ նպատակով այն պետք է կարողանար վերջիններիս զրկել իրենց ազգային դիմագծերից: Թիրախում հայտնվել էր հայ եկեղեցին, որն Արևելյան Հայաստանի հոգևոր և մշակութային կյանքին զարկ տվողն էր: 1836թ. մի օրինագիծ ընդունվեց, որը կոչվեց «Պոլոժենիե»: Այն լրջորեն սահմանափակում էր եկեղեցու իրավասությունները: Կաթողիկոսին հաստատելու որոշում կայացնելու իրավունքը վերապահվում էր ռուսներին: Ստեղծվում էին հատուկ եկեղեցական մարմիններ` սինոդներ, որոնք ենթակա էին ռուս աստիճանավոր եկեղեցականներին: Եկեղեցին անցնում էր ցարական կայսրության վերահսկողության ներքո և զրկվում էր պետական գործերին մասնակցելու իրավունքից:

Ցարիզմը սկսել էր երկրամասը բնակեցնել չերքեզներով, կազակներով, որպեսզի դեմոգրաֆիական վիճակը փոխվեր ի վնաս հայերի: 1860-80-ականներին ցարիզմը սաստկացրեց ենթակա ժողովուրդներին ճնշելու իր քաղաքականությունը: Այդ ամենը կատարվում էր «Ռուսաստանը ռուսների համար» շովինիստական գաղափարախոսության ներքո: Այլազգիների նկատմամբ իրականացվող հալածանքները կտրուկ ավելացան, կայսրությունը սկսեց հակակրանքով վերաբերվել հայերի՝ Արևմտյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու ձգտումներին, քանի որ դա կարող էր վարակիչ լինել այլ ազգերի համար: Այն արգելեց հայ ֆիդայիներին Անդրկովկասից Թուրքիա անցնել և օգնել իրենց արևմտահայ եղբայրներին: Այնուհետև ցարիզմը սկսեց ուժեղացնել հայերի հալածանքները: Սահմանափակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի և Էջմիածնի Մայր աթոռի իրավունքները: Ռուսական իշխանությունները հսկողություն սահմանեցին Էջմիածնի վրա: Այդ շրջանում մի շարք հոգևորականներ և աշխարհիկ գործիչներ հալածանքների և աքսորի ենթարկվեցին: Հետագայում դպրոցներում արգելվեց պատմության և աշխարհագրության դասավանդումը: Հայկական դպրոցների վրա խիստ վերահսկողություն սահմանվեց, իսկ 1885 թվականին փակվեց Անդրկովկասում գործող շուրջ մի քանի հարյուր հայկական դպրոց: Թիֆլիսում դպրոցների փակումը նկարագրելով՝ ականատեսը հաղորդում էր, որ հազարավոր աշակերտներ հրաժարվեցին դպրոց հաճախել, իսկ հարյուրավոր ուսուցիչներ պարզապես զրկվեցին իրենց աշխատանքից: Ռուսական այս քաղաքականությունը պայմանավորվում էր նրանով, որ ռուսներն ամեն կերպ փորձում էին հայերին զրկել ազատագրական նկրտումներ ունենալուց և այդ իսկ պատճառով փորձում էին ճնշել եկեղեցուն, որն ազատագրական պայքարի կարևորագույն կենտրոններից մեկը կարող էր հանդիսանալ: Միաժամանակ ցարիզմը շարունակում էր տարածաշրջանը և Արևելյան Հայաստանը այլազգիներով բնակեցնելու իր քաղաքականությունը: Կարսի մարզը կայսրությանը միացնելուց հետո ցարական պաշտոնյաները մարզի ազատ տարածքները հատկացրին ռուսներին: Նրանք եկողներին հող էին տրամադրում և երկարաժամկետ պայմանով ազատում հարկային պարտավորություններից:

Ցարական կառավարության կողմից տարվող այդ քաղաքականության հետևանքով Սևանի ավազանում, Կարսի մարզում, Զանգեզուրի գավառներում տասնյակ հազարավոր ռուսական ընտանիքներ բնակություն հաստատեցին: Այս քաղաքականության հետևանքով 19-րդ դարի վերջին Արևելյան Հայաստանում դեմոգրաֆիական իրավիճակը կտրուկ փոխվեց ի վնաս հայերի: 20-րդ դարի սկզբին Ցարիզմը շարունակեց իր գաղութային քաղաքականությունը: Կովկասի կառավարչապետ էր նշանակվել իշխան Գոլիցինը, ով ավելի սաստկացրեց հայերի նկատմամբ իրականացվող հալածանքները: Վերջինս համոզված էր, որ հայերը պետք է վերանան, քանի որ հեղափոխականներ են:

Ցարիզմի գաղութային քաղաքականության ամենավառ արտահայտություններից մեկը հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին՝ 1903թ. հունիսի 12-ին ընդունված օրենքն էր: Վերջինիս համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ողջ անշարժ գույքն ու կապիտալն անցնում էր պետության տնօրինության տակ։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվող պետական դպրոցներին։ Այդ օրենքը հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության ամենացայտուն դրսևորումն էր, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից և արագացնել հայերի ռուսականացումը: Այդ նպատակով հարվածի տակ էր դրվել հայ ժողովրդի կյանքում ամենակարևոր դերերից մեկն ունեցող հայ Եկեղեցին: Նույնիսկ գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտառակ ակտ»: 1903թ. դեկտեմբերի 17-ին Գանձակի նահանգապետի և Էջմիածնի սինոդի կարգադրությամբ փակվեց Շուշիի թեմական դպրոցը: Դպրոցը փակելու հրամանն արձակել էր Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Պլեևը նույն թվականի հոկտեմբերի 27-ին արձակված թիվ 370 կարգադրությամբ: Պատճառն այն էր, որ երբ հռչակվեց հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին Նիկոլայի տխրահռչակ հրամանագիրը, Շուշիի թեմական դպրոցի աշակերտները և ուսուցիչները բողոքի ցույցեր կազմակերպեցին ընդդեմ այդ ապօրինի որոշման:

1905 թվականին ցարական ռեժիմի անմիջական հրահրմամբ սկսվեցին հայ-թաթարական ընդհարումները: Բանն այն է, որ Ռուսաստանում այդ ժամանակ հեղափոխական գործընթաց էր սկսվել, և իշխանություններն ամեն ինչ անում էին, որ ալիքը չհասներ ծայրամասեր: Ազգամիջյան բախումներ հրահրելն այդ միջոցներից մեկն էր: 1905թ. փետրվարի 6-9 հայկական ջարդեր սկսեցին Բաքվում: Ցարական իշխանություններն ամենայն հեշտությամբ կարողացան հետամնաց, մոլեռանդ մահմեդական զանգվածին հայերի դեմ տրամադրել: Հատկանշական է, որ ցարական իշխանությունները ջարդերի ժամանակ բաժանիր, որ տիրես սկզբունքն էին կիրառում: Նրանք թուրքերի մոտ ցույց էին տալիս, թե հայերն են մեղավոր, իսկ հայերի մոտ՝ հակառակը: Պատմաբան Լեոն գրում է «…Կովկասյան փոխարքա Վորոնցով-Դաշկովը, նորից կարդալով թուրքական զեկուցումը, հայտարարում է պատվիրակներին, թե ինքը միանգամայն համաձայն է բոլոր կետերի հետ, թե ռուսական իշխանությունները շատ լավ գիտեն հայ-թուրքական կռիվների բուն պատճառը, իսկ ինքը համոզված է, որ թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել, որ հայերի կոտորածների մասին լրագրական նկարագրությունները խիստ չափազանցված են և այլն։ Այդ հայտարարությունները շատ լավ բնորոշում են Կովկասի այս նոր սատրապի աղվեսային դեմքը։ Հայերին ասում էր, թե իրենք սկսողներ չեն. թուրքերին ևս ասում էր, թե իրենք չեն սկսողները»: Բացի Բաքվից, այլ քաղաքներն ընդգրկած ջարդերը դադարեցվեցին 1906թ. աշնանը, երբ Ռուսաստանում մարել էին հեղափոխական կրքերը: Բերված օրինակներն ընդամենը մի փոքրիկ դրվագներ են, որոնք լիովին բնորոշում են ռուսական ցարիզմի այն ամբողջ հալածանքը, որն իրականացվել է մեր հանդեպ:

Անդրադառնանք պրոռուսական քարոզիչների մեկ այլ կետի. 2. «Ռուսը մեզ միշտ պաշտպանել է», «Ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի»: Թերևս հասարակության մի ստվար զանգված հավատում է վերոգրյալ մտքերին: Այնուամենայնիվ, պատմությունը լրիվ այլ բան է ցույց տալիս: Ռուսաստանի համար հայերը եղել են տարածաշրջանում լոկ սեփական մտադրություններն իրականացնելու գործիք: Դեռևս 1700-ականներից սկսած ռուսական կայսրությունը Պետրոս 1-ինի գլխավորությամբ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Անդրկովկասի նկատմամբ: Ռուսաստանն այդ ժամանակ «Հյուսիսային պատերազմի» մեջ էր Շվեդիայի դեմ: Հետագայում, սակայն, սկսեց Անդրկովկասի վերաբերյալ գործնական քայլեր կատարել: 1715թ. Ռուսաստանը դեսպանություններ ուղարկեց Անդրկովկաս, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալ տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ռուսաստանը տարածաշրջանում ունեցած իր կապերի շնորհիվ սկսեց ապստամբության նախապատրաստություններ տեսնել: Մասնավորապես, աշխատանք էր կատարվում վրացիների և Արցախի հայկական մելիքությունների հետ: Ռուսական Ցարը Շվեդիայի դեմ պատերազմից հետո ձեռնամուխ եղավ Անդրկովկասը գրավելուն: 1722թ. ռուսական զորքերը գրավեցին Դերբենտը, սակայն հետո անհասկանալի պատճառներով նահանջեցին: Հատկանշական է, որ մինչ այդ ռուսներն աշխատում էին վրաց Վախթանգ 6-րդ թագավորի հետ՝ վստահեցնելով նրան, որ կօգնեն ապստամբության ժամանակ: Վերջինս էլ իր հերթին աշխատում էր Արցախի հայկական մելիքությունների հետ: Հայ-վրացական զորքերը Չոլակում երկու ամիս սպասեցին ռուսական զորքերին, սակայն, ինչպես նշեցինք, ռուսական զորքերն այդպես էլ չեկան: Հայկական զորամիավորումները վերադարձան Հայաստան, որպեսզի տեղական ինքնապաշտպանությունը կարողանաին կազմակերպել: Փաստացի, ստացվեց այնպես, որ ռուսները ստիպեցին տարածաշրջանի ժողովուրդներին այնպիսի քայլերի դիմել, որոնք կհրահրեին թշնամուն և թողեցին բախտի քմահաճույքին:

Պատմությանը հայտնի են տասնյակից ավել ռուս-թուրքական պատերազմներ, որոնց մի մասը տեղի է ունեցել կովկասյան ռազմաճակատում: 1806-1812թթ. պատերազմ բռնկվեց Կովկասում: 1812թ. մայիսի 16-ին հաշտության պայմանագիր կնքվեց, որի համաձայն՝ Ռուսաստանին անցավ Բեսարաբիան: Ռուս-թուրքական հերթական պատերազմը տեղի ունեցավ 1828-29թթ: Այն դարձյալ ընթացավ երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում: Այս պատերազմի ընթացքում արևմտահայերը վերստին սկսեցին իրենց ազատագրման հույսերը կապել ռուսական բանակի հետ: Կազմվում էին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական բանակին կից մասնակցում էին ռազմական գործողություններին: 1829թ. սեպտեմբերի 2-ին երկու կողմերի միջև հաշտության պայմանագիր կնքվեց, որի համաձայն՝ կովկասյան ռազմաճակատում ռուսները ստացան հսկայական տարածքներ: Այնուամենայնիվ, հետագայում թուրքերին վերադաձվեցին Կարսը, Արդահանը, Էրզրումը և Բայազետը: Այսպիսով, չարդարացվեցին արևմտահայերի հույսերը: Հետագայում այս պատկերը բազմիցս կրկնվեց: Հայերը ռուսական զորքերին դիմավորում էին խանդավառությամբ, կամավորական ջոկատներ կազմում, սակայն վերջում մնում էին ձեռնունայն և ազատության փոխարեն թուրքական կոտորածներ ստանում:

Իրականում, հայերը պետք է հասկանային, որ իրենց որպես կռվող ուժ էին օգտագործում և ռուսներն իրենց իղձերը որևէ կերպ չէին իրականացնելու: Վերոգրյալի վառ օրինակն Արևելյան Հայաստանն էր, որտեղ ռուսները ոչ միայն հայերին չշնորհեցին իրենց երազած ինքնավարությունը, այլև, ինչպես տեսանք, տիպիկ գաղութային քաղաքականություն վարեցին: 1878թ. հերթական ռուս-թուրքական պատերազմից հետո Հայկական հարցը դարձավ միջազգային դիվանագիտության առարկա: Այն Բեռլինի կոնգրեսում գեր տերությունների և Ռուսաստանի վրա դրված հայկական վիլայեթներում բարեփոխումների հարցն էր, որը, սակայն, չէր լուծվում տերությունների միջև առկա հակասությունների պատճառով: Գեր տերությունները, գլխավորապես Ռուսաստանը, վիլայեթների բարեփոխումների հարցը հիշում էին այն ժամանակ, երբ Թուրքիայից ինչ որ զիջում էր պետք լինում: Սուլթան Աբդուլ Համիդն էլ որոշեց իր ձևով լուծել Հայկական հարցը՝ ջարդերով: Ռուսական հակահայկական քաղաքականության ամենասարսափելի երանգները սկսեցին ի հայտ գալ հենց այդ ժամանակ: Այդ շրջանում ռուսական քաղաքական վերնախավը որդեգրեց «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությունը: Այն իրենից ենթադրում էր հետևյալը. հայկական տարածքներում հայեր չպետք է լինեին և այդտեղ սահմանափակ քանակությամբ սահմանապահ զորք պետք է լիներ: Ռուսական այս քաղաքականության գաղափարական հայրերից մեկը արտգործնախարար Ալեքսեյ Լոբանով Ռոստովսկին էր, ով բառացիորեն հայտարարում էր, որ տարածաշրջանում «Նոր Բուլղարիա» թույլ չտալու համար Հայաստանն իրենց առանց հայերի է պետք: Ինչպես նշեցինք, 1894-96թթ. Աբդուլ Համիդի ձեռքով հայկական կոտորածներ կազմակերպվեցին: Դրանց նպատակը հայկական հարցի փակումն էր: Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն սկսեց դատապարտել Համիդյան բարբարոսությունները: Եվրոպացիները հայտարարեցին, որ եթե չբռնեն թուրքերի ձեռքը, կխայտառակվեն ամբողջ աշխարհի առջև: Նրանք պահանջեցին դադարեցնել հայկական կոտորածները, ինչպես նաև Թուրքիան գեր տերությունների միջև բաժանելու առաջարկով հանդես եկան: Սակայն Ռուսաստանը եվրոպական ազդեցությունը թույլ չտալու համար հայտարարեց, որ կպաշտպանի Թուրքիային: Այս շրջանում բավական բացասական էր Ռուսաստանի դերակատարությունը: Ցարական կառավարությունը գտնում էր, որ արևմտահայերի ազատագրական շարժումները վարակիչ ազդեցություն կունենան Անդրկովկասի համար և պաշտպանում էր սուլթանի հակահայկական քաղաքականությունը, հանդես էր գալիս Թուրքիայի ամբողջականության պահպանման օգտին: Պատմաբան Լեոն գրում է. «Ցարական կառավարությունն այլևս ավելորդ էր համարում թզենու տերևով ծածկել իր լպիրշ մերկությունը։ Մինչ այդ նա սուլթանին ծածուկ խրախուսել էր դիմադրել Անգլիայի պահանջներին Հայկական հարցի մեջ, իսկ այժմ խրախուսում էր նրան կոտորել հայերին։ Ռուս հրապարակախոսներից մեկը (Ամֆիտեատրով) այս մասին գրել է։ Վերջինս գրում էր, թե ռուսաց դեսպան Նելիդովը Աբդուլ-Համիդին շարունակ ասելիս է եղել «Massacrez, Majeste, Massacrez»։ Այս բացարձակ մեղադրանքը չեն հերքել ո՛չ Նելիդովը, ո՛չ Նիկոլայի կառավարությունը։ Նույնիսկ եթե հերքեին էլ, դարձյալ բազմաթիվ փաստեր կմնային, որոնք կապացուցեին 1895-1896 թվերի կոտորածների հարցում ցարի և սուլթանի համագործակցությունը: Կոտորածների, որոնց շուրջ 300 հազար հայ զոգ գնաց։

Գլադստոնն իր հրապարակային ճառերի մեջ Աբդուլ-Համիդին անվանեց մարդասպան, բայց ավելացրեց, թե նրանից պակաս չէ ռուսաց ցարը, ով իր գործունեությունն արատավորեց հայ ժողովրդի արյան գետերով։ 1895-ին, մինչ Թուրքահայաստանն արյունողող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ. խուզարկվում էին մարդկանց տները, կալանավորվում էին դաշնակցականներն ու հնչակյանները: Ռուսական ցարիզմի հալածանքն այդ տխուր ու արյունոտ ժամանակներում այն աստիճան հիմարության հասավ, որ երբ հայոց կաթողիկոսը կարգադրեց եկեղեցիներում հոգեհանգստի արարողություններ կատարել Թուրքիայում խողքաղված հայերի համար և աղոթքներ կարդալ, որ երկինքը փրկե կորչող հայ ժողովրդին, կովկասյան բարձր իշխանությունը՝ հանձին ռուսական «քրիստոսասեր» բանակի զորավար Շերեմետևի, արգելեց դժբախտների ձեռքին մնացած այդ միակ, թշվառ ցույցերը։ Բացի այդ, Խրիմյան կաթողիկոսը մի ստրկական աղերսագրով դիմեց «առ սրբազան տերն» Նիկոլայ Երկրորդին և աղաչեց-պաղատեց նրան հանուն Քրիստոսի, հանուն Աստծո, ի սեր եկեղեցու և բոլոր սրբերի ու սրբազանների` ազատել իր դժբախտ ժողովրդի վերջին մնացորդները բնաջնջումից։

Բայց ի՞նչ ստացավ «աստծո օծյալը»։ Լոբանով-Ռոստովսկին հայոց ծերունի կղերապետին պատասխանեց, թե Թուրքիայում հայերն են, որ ապստամբում են սուլթանի դեմ եւ հարձակումներ գործում թուրք ժողովրդի վրա, որ ստիպված է ինքն իրեն պաշտպանել։ Եվ ցարի անարգ ծառան խորհուրդ էր տալիս, որ կաթողիկոսն իբրև հոգևոր պետ` թղթեր ուղարկի Թուրքիայի հայերին, խրատի, որ նրանք խելոք կենան, հնազանդվեն թուրքական իշխանությանը։ Որպեսզի շեշտված լինի ցարա-սուլթանական սրտակցությունն այն ահռելի ոճիրների մեջ, որոնք այդ իսկ րոպեին ցնցում էին ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը, ես պիտի ասեմ, որ միաժամանակ ճիշտ միևնույն բովանդակությամբ պահանջ ստանում էր Կ. Պոլսի հայոց պատրիարքը թուրքական կառավարությունից»: Փաստորեն, ցարական կառավարությունը թիկունք կանգնեց Թուրքիային: Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի վերոգրյալ պահվածքն ուղղակիորեն տեղավորվում էր հայերի հանդեպ իր հռչակած քաղաքականության սկզբունքների շրջանակներում:

Ընդհանրապես, «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությունն ավելի ցայտուն դրսևորվեց 1915թ. ցեղասպանության ժամանակ, երբ ռուսները Կովկասի կառավարիչ Վորոնցով-Դաշկովի միջոցով հայերին դրդում էին ապստամբության, այնուհետև թուրքական սրի դեմ միայնակ թողնում և հեռանում: Այդ առումով հատկանշական էին Վանի դեպքերը: 1915թ. Վանում հայերը փայլուն հաղթանակներ տարան թուրքերի դեմ և հաղթարշավի շարունակության և անկախության վերականգման հարցում փաստացի հույս կար, որը բնականաբար չէր մտնում ռուսների պլանների մեջ: Նրանք առանց որևէ լուրջ հիմնավորման որոշեցին ստիպել վանեցիներին գաղթի ուղին բռնել: Վան-Վասպուրականի բնակչության գաղթի մասին լուրը 1915թ. հուլիսի 13-ին հասավ Վան:  Դրա հետ մեկտեղ ռուսական զորքը պետք է նահանջեր:

Արամ Մանուկյանը ռուսական զորքերի գեներալ Նիկոլաևին գրություն ուղարկեց. «Մենք անհայտ ռազմագիտական պատճառով լսում ենք, որ ռուս զորքը պիտի նահանջի: Մենք, որոշած լինելով մնալ, խնդրում ենք մեզ թողնել բավական ռազմամթերք, մեզ թողնել այն զենքը, որ դուք հնարավորություն չպիտի ունենաք տեղափոխելու, ձեր մթերանոցները, որոնք փոխադրելու հնարավորություն չունենաք, չփչացնեք»: Պատասխանը բացասական էր: Ռուսական զորքը ոչ միայն հեռանում էր, այլև հրաժարվում էր զենք-զինամթերք թողնել վանեցիներին: Արամն ու պաշտպանության ղեկավար կազմը, որոնք որոշել էին մնալ և դիմադրել, այս լուրից հետո փոխեցին իրենց մտադրությունը, և տեղի ունեցած ժողովի ժամանակ որոշվեց կազմակերպել Վանի հայության գաղթը:

Հետագայում աշնանը ռուսները կրկին գրավեցին Վանը, որտեղ, բնականաբար, որևէ հայ չէր մնացել: Մի մասը ռուսական զորքի հետ գաղթել էր, իսկ մյուս մասը՝ հոշոտվել թուրքերի կողմից: Հովհաննես Թումանյանն ու Անդրանիկ Օզանյանը ռուսական զորքի այս անսպասելի նահանջը Վանից անվանեցին «մեծագույն դավաճանական քայլ հայ ժողովրդի նկատմամբ»: Այդ շրջանում ռուսների քաղաքականությունը բնորոշող ավելի մի ակնառու փաստ ևս, որը բացահայտում էր հայերին թուրքերի դեմ ապստամբեցնելու իրական նպատակը: Ապրիլ ամսին գեներալ Յուդենիչը Կովկասի կառավարիչ Վորոնցով Դաշկովին մի նամակ է ուղարկում, որում նշվում էր այն մասին, որ կովկասյան զորքերն այդ պահին սննդամթերքի կարիք ունեն, այդ իսկ պատճառով պետք է այդտեղ քաղաքացիական խմբեր լինեն, որոնք կզբաղվեն վերոգրյալ խնդիրներով: Միաժամանակ գեներալը նշում էր, որ գրավված հողերը ոչ մի դեպքում չպետք է զբաղեցվեն հայերի կողմից: Դրանք պետք է բնակեցվեն ռուսներով: Դրա համար հարկավոր է Դոնի և Կուբանի տարածաշրջանից գաղթ կազմակերպել և սահմանապահ կազակային միավորում ստեղծել Արևմտյան Հայաստանում: Պատասխան նամակում հավանություն է տրվում այս ծրագրին: Հայերին արգելվում էր որևէ տեսակի հող տրամադրելը, իսկ Արևմտյան Հայաստանում ստեղծվելու էր «Եփրատյան կազակային միություն»: Ռուսական զորքի վերաբերմունքն այն աստիճան փոխվեց, որ հայ գործիչները և կաթողիկոսները սկսեցին բողոքել ռուսական զորքի գործողություններից: Կաթողիկոս Գևորգը Իլորիան Իլորիանովիչին ուղարկած իր նամակում դժգոհում էր գեներալ Աբացիևից՝ նշելով, որ ռուսները ոչ մի օգնություն չեն տրամադրում սպանվող քրիստոնյաներին, այլև նույնիսկ ընկերություն են անում հայերին սպանող քրդերի և թուրքերի հետ: Հովհաննես Թումանյանը գրում էր. «…Քաջարի» (ռուսական) զորքն իր «մեծ» գործի վրա է, հայերին ոչ մի միջոց ու հնար չեն տալիս, այնինչ քրդերն ազատ՝ զենքները ձեռքին թափառում են սար ու ձոր, իսկ չերքեզները և օսեթիններն իրենց հավատարմությունն են հայտնում ռուս գեներալ Աբացիևին, իսկ Աբացիևի կարգադրությամբ բոլոր հայերին զինաթափ են անում»:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, ռուսների կողմից հռչակված և հետամնաց թուրքերի ու մահմեդական խուժանի միջոցով իրականացվող «Հայաստանն առանց հայերի» ծրագիրն իր բուռն ընթացքի մեջ էր: Պատմության մեջ բացի ռուս-թուրքական բախումները եղել են նաև մերձեցումներ, բնականաբար, մեր հաշվին: Դրա ամենացայտուն օրինակը 1920թ. օգոստոսի 24-ի պայմանագիրն էր Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև և 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը: 1920թ. ռուսները քեմալականներին դիտում էին որպես հեղափոխական պայքարի կենտրոն արևելքում և ամեն կերպ ձգտում էին պահել իրենց առանցքում: 1920թ. օգոստոսի 24-ին Մոսկվայում համաձայնագիր կնքվեց նրանց միջև: Պատահական չէ, որ սույն գաղտնի համաձայնագրով նրանց հատկացվեց 200,4 կգ ոսկի և զենք-զինամթերք, իսկ այնուհետև զորախմբեր, ինչպես իրենք էին ասում, «հայ իմպերիալիստների» դեմ կռվելու: 1920թ. օգոստոսի վերջին բոլշևիկյան առաջին զորախումբը, որը բաղկացած էր 7000 հոգուց, ժամանեց Էրզրում: Քիչ ավելի ուշ քեմալականերին օգնության եկավ մեկ այլ զորախումբ՝ 10.000 հոգուց բաղկացած: Եթե առաջին զորախմբի պարտականությունն էր մասնակցել Հայաստանի դեմ իրականացվող ռազմական գործողություններին:

1920թ. սեպտեմբերին բոլշևիկների նախաձեռնությամբ Բաքվում Արևելքի ժողովուրդների համագումար տեղի ունեցավ, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններից վերացնել հայկական սեպը: Խոսքն այն մասին էր, որ թուրքական բանակը հարձակվեր Հայաստանի վրա, իսկ ռուսական բանակը հայերին պաշտպանելու պատրվակով մտներ Հայաստան և խորհրդայնացներ այն: Ռուսների հետ համագումարին մասնակցում էր նաև Էնվեր փաշան: Ժողովի ժամանակ բանաձև ընդունվեց ըստ որի՝ «ՀՀ ներկայիս կառավարությունը միջազգային իմպերիալիզմի գործակալ է և հայ ժողովրդի թշնամի»: Սեպտեմբերի 17-ին ժողովի նախագահող խորհուրդը «Թուրքական ազգային բանակի հետ Հայաստանի վրա հարձակվելու, սեփական ժողովրդին հարստահարող դաշնակներից ազատելու և հեղափոխական Թուրքիային միացնելու» գաղտնի որոշում ընդունեց:

Հենց այդ ժամանակ Քեմալը, խորհրդային Ռուսաստանի հավանությունը ստանալով, հրամայեց բանակին և «Հատուկ Կոմիտեին» ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանը: Օրեր անց թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա, իսկ հետագայում Խորհրդային Ռուսաստանը հայերին պաշտպանելու պատրվակով ներխուժեց Հայաստան և խորհրդայնացրեց այն, ինչ մնացել էր թուրքական հարձակումից հետո: Ի դեպ, այդ պատերազմի ժամանակ հայկական բանակը, որը 2 տարի առաջ թուրքերին դուրս էր վռնդել սեփական երկրից, բավականին բարոյալքված վիճակում էր: Նրանք հեշտությամբ հանձնեցին Կարսը, որն իր աշխարհագրական դիրքով և ունեցած ռազմամթերքով կարող էր ամիսներ շարունակ դիմադրել: Բանակի բարոյալքվածության պատճառը շարքերում տիրող այն կարծիքն էր, որ իրենք գործ ունեն ռուս-թուրքական միացյալ ուժերի հետ: Եվ, իրոք, այդ շրջանում Հայաստանը հայտնվել էր ռուս-թուրքական մահաբեր տանդեմի առջև:

Ռուս-թուրքական մերձեցման հաջորդ ամենաղաղակող փաստը Մոսկվայի պայմանագիրն էր, որն ուղղակիորեն տեղի ունեցավ մեր կենսական շահերի հաշվին: 1921թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական խորհրդաժողով, որտեղ քննարկվելու էին նաև Հայաստանին առնչվող հույժ կարևոր հարցեր: Մոսկվա մեկնեց նաև հայկական պատվիրակությունը՝ արտգործժողկոմ Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ, որը սեփական առաջարկները պետք է ներկայացներ խոհրդաժողովի մասնակիցներին: Թուրքերի պնդմամբ, սակայն,  հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, թեև, ինչպես ասվեց, այնտեղ վճռվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ: Հայկական կողմը հույս ուներ, որ ռուսական կողմն իր վրա կվերցներ հայերի շահերը ներկայացնելու գործը, սակայն, բնականաբար, դա նույնպես տեղի չունեցավ: Պետք է նշել, որ բանակցությունների ժամանակ ռուսական կողմը ճանաչել էր թուրքական «Ազգային ուխտը»: Բանակցությունների հիմքում ընկած էր 1920թ. օգոստոսի 24-ին կնքված քեմալաբոլշևիկյան հայտնի համաձայնագիրը: Հարկ է ընդգծել, որ ճանաչելով «Ազգային ուխտը»՝ ռուսական կողմն ընդունում էր թուրքական կողմի իրավունքներն այն տարածքների առչությամբ, որոնք այդ ուխտով սահմանված էին որպես թուրքական տարածքներ: Խոսքը հայկական տարածքների մասին էր:

1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիր կնքվեց: Պայմանագրի Հայաստանին վերաբերող մասի համաձայն՝ Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները բոլոր թուրքաբնակ շրջաններում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում: Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով. թուրքական կողմին էր անցնում Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը՝ ընդ որում հատուկ նշվում էր, որ Ադրբեջանն այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը, Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Այս կետն ուղղված էր 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյալ հայտարարել:

Խորհրդային Ռուսաստանը բարյացակամ հարաբերությունների մեջ էր նաև Ադրբեջանի հետ: Դրա վառ ապացույցը 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշումն էր, համաձայն որի Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մաս կազմեր: Մոսկվան հուլիսի 5-ի այս որոշումը պայմանավորում էր Ադրբեջանի հետ լայն տնտեսական կապերի առկայությամբ:

Հայ-ռուսական հարաբերությունների մասին կարելի է երկար խոսել: Կարելի է խոսել նաև Երևանում և Ղարաբաղում մեր դեմ կռվող ռուսների մասին, «Կոլցո» օպերացիայի մասին, Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին: Վերջիվերջո մեկ բան պարզ է. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ: Պատմության մեջ չի եղել հայ-ռուսական դարավոր բարեկամություն, այլ եղել է ռուսների կողմից մեր հանդեպ իրականացվող գաղութային քաղաքականություն և, վերջապես, ռուսը մեր փրկիչը չի եղել, այլ հանդիսացել է հայ ժողովրդի անմիջական դահիճներից մեկը: Վերջին 300 տարվա ընթացքում չի եղել մի դեպք, երբ ռուսի օգնությամբ մենք կարևորագույն հաղթանակներ ենք տարել թշնամու նկատմամբ կամ պետականություն ենք վերականգնել: Ընդհակառակը՝ պատմությունը և այսօրվա իրավիճակը ցույց են տալիս, որ ռուսները գործել և գործում են մեր դեմ: Վերլուծելով պատմականորեն ռուսների, իբր թե, «փրկչի» դերը հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում և համադրելով փաստերը՝ կարելի է հանգել ընդամենը մի պարզ եզրակացության: Մենք հաղթել ենք թուրքերին, երբ հիմնվել ենք միայն սեփական ուժերի վրա և ռուսի օգնությանը չենք սպասել (Սարդարապատ, Զանգեզուր, Ղարաբաղ): Հակառակ պարագայում մենք միշտ տուժել ենք: Բոլոր ռուս-թուրքական պատերազմների ժամանակ հայ ժողովուրդը եղել է ամենաշատ տուժած կողմը: Պատերազմների վերջնական արդյունքում մեր հողերի հաշվին առևտուր է տեղի ունեցել: Երբ ապավինել ենք ռուսների օգնությանը, չենք ստացել մեր ակնկալած պետականությունը, այլ ընդհակառակը՝ ռուսների կողմից օգտագործվելով որպես թնդանոթի միս ստացել ենք կոտորածներ, Ցարիզմի գաղութային քաղաքականություն, Հայկական հարց, Համիդյան ջարդեր, 1915թ. ցեղասպանություն, Մոսկվայի և Կարսի պայմանագրեր: Ընդորում, ցեղասպանությունների ժամանակ ռուսական կողմը «Հայաստանն առանց հայերի» ծրագրի իրականացման շրջանակներում հայերին կոտորելու հարցում ուղղակիորեն աջակցել է թուրքական կողմին:

Հ.Գ. Բոլորս էլ գիտենք հայտնի խոսքերը՝ պատմությունը լավագույն ուսուցիչն է, որն ունի ամենավատ աշակերտները: Եկել է ժամանակը, որ մենք դադարենք լինել այդ վատ աշակերտը:

Դավիթ Ֆիդանյան