Աղցքի Արշակունիների դամբարանը

27901923_1587321707987981_1718468395_o

Աղցքի Արշակունյաց արքաների դամբարանը, լինելով Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում, հայտնաբերված և հստակ թվագրված (364թ.) միակ պահպանված արքայական դամբարանը, ունի մեծ պատմագիտական և մշակութային արժեք:

Այն հայկական քաղաքակրթության հազարամյա պատմության խոսուն վկան է, սակայն, այս ամենով հանդերձ, դեռևս չափազանց քիչ է ուսումնասիրված, և շատ քչերը գիտեն դրա գոյության մասին: Ուստի, սույն հոդվածով կանդրադառնանք հայ միջնադարյան ճարտարապետության այս յուրահատուկ կոթողին:

Ստեղծման պատմությունը

Երևանից 30 կմ հեռավորության վրա՝ Աշտարակից ոչ հեռու, Արագածի լանջերին, համանուն գյուղում գտնվում է Աղցքի հայոց հին արքաների դամբարանը: Պատմիչ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ 4-րդ դարում հայ-պարսկական պատերազմի ժամանակ պարսից Շապուհ Բ արքան պարսիկների կողմն անցած Մերուժան Արծրունու օգնությամբ գրավում է հայոց Անի-Կամախ քաղաքը, ուր ամփոփված էին հայոց Արշակունի արքաների աճյունները: Նա քանդել է տալիս հայոց թագավորների գերեզմանները՝ չկարողանալով բացել միայն Սանատրուկ արքայի դամբարանը, որը ‹‹մի հսկայական, անհավատալիորեն ամուր և հնարամտորեն կառուցված շինություն էր››: Ըստ հին հավատալիքի՝ արքաների ոսկորներն ապահովում էին երկրի ոգեղեն հզորությունը, անպարտելիությունը եւ ազատությունը։ Ուստի, դժվար չէ ենթադրել, որ ցանկանալով Պարսկաստան տանել հայոց արքաների աճյունները՝ Շապուհը նախ և առաջ մտադիր էր կոտրել հայոց ոգու ուժը: Սակայն սպարապետ Վասակ Մամիկոնյանը, հետապնդելով պարսկական բանակին, ճակատամարտում հաղթում է նրանց և ազատում հայոց արքաների աճյունները գերեվարությունից: Բայց այստեղ առաջանում է մեկ հարց. ինչու՞ արքաների ոսկորները չեն վերադարձնում իրենց հին տեղը, այլ տեղափոխում ու վերաթաղում Արագածի լանջերին գտնվող նոր դամբարանում:

Սա երկու բացատրություն ունի: Առաջին, Անիի ամրոցի քարուքանդ կամ էլ դեռևս թշնամու ձեռքին լինելու պատճառով անհրաժեշտ էր դրանք տեղափոխել ավելի ապահով վայր: Երկրորդ, մի փոքր ավելի անհավանական տարբերակը, որը տալիս է Մովսես Խորենացին, ըստ որի՝ գերեվարվելու ժամանակ արքայական ոսկորները խառնվել էին իրար, հնարավոր չէր եղել քրիստոնյաներին զատել հեթանոսներից, ուստի՝ արժանի չեն համարել աճյուններն ամփոփել մայրաքաղաք Վաղարշապատում՝ սուրբ կույսերի նահատակների դամբարանում:

Այս վարկածը հերքվում է այն փաստով, որ Հայ թագավորները, հետևելով իրանական աշխարհի ավանդույթին, իրենց տոհմական դամբարանն ի սկզբանե զետեղել էին ոչ թե գործող մայրաքաղաքին կից սրբարան-տարածքում, ինչպես շատ այլ հին ու նոր քաղաքակրթությունների և ժողովուրդների մոտ է ընդունված, այլ Միջնաշխարհից` Արարատյան ոստանից դուրս և հայտնի արքայանիստ քաղաքներից հեռու։ Հետևաբար այն, որ գերեվարությունից վերադարձվելուց հետո դրանք կրկին չէին թաղվում մայրաքաղաքում, պետք է, որ զարմանալի չլիներ:

Դամբարանի ընդհանուր կառուցվածքը

Աղցքը որպես բնակավայր գոյություն է ունեցել դեռևս վաղ ժամանակներից: Պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են նյութեր, որոնք թվագրվում են ընդհուպ Ք.ա. 1-ին հազարամյակ:

1973-1974 թվականներին կատարված պեղումներով բացվեց վաղմիջնադարյան համալիր ՝ բաղկացած դամբարանից, նրան հյուսիսից հարող եռանավ բազիլիկից և հարավային կողմում բացված երեք հուշասյուներից (գտնվել են հիմնախարիսխները): Նման համալիրներն ավանդական էին հենց վաղ միջնադարի համար:

Դամբարանը եղել է երկհարկանի՝ բաղկացած կիսագետնափոր քարաշեն տապանատնից և վերնահարկից, որը ծառայել է որպես աղոթարան։ Պահպանվել է միայն դամբարանի կիսագետնափոր մասը՝ շարված սրբատաշ սև գույնի տուֆով, և վերգետնյա մասի՝ 5 աստիճաններից բաղկացած հիմնապատվանդան, որը շրջանցում է արևելյան կողմից հարավային կողմը:

Դամբարանն ունի ուղղանկյուն խաչաձև հատակագիծ (3,75×2,65, բարձ. 2,6 մ): Ուղղված է արևմուտքից արևելք և ավարտվում է կիսաշրջանաձև խորանով (աբսիդ): Ունի թաղածածակ փոքր նախամուտք, թաղակապ ծածկ, ներսում՝ պայտաձև կամարներ, հատակը սալահատակված է: Հարավային և հյուսիսային պատերի մեջ կան մեկական կամարակապ ուղանկյուն խորշեր, որոնք կիսով չափ ծածկված են ուղղահայաց կանգնեցված քանդակազարդ սալերով (արկոսոլներ )՝ հետևի կողմում առաջացնելով արկղաձև տարածություններ: Ենթադրվում է, որ հենց այս խորշերում էլ թաղված են եղել թագավորների ոսկորները:

Աղցքի դամբարանն աչքի է ընկնում արտաքնապես հարուստ և ինքնատիպ հարդարանքով: Մուտքի աջ և ձախ կողմերում ուղղահայաց դրված խոշոր քարերը, որոնք տարբերվում են նաև քարի գույնով (կարմրավուն), և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը հարդարված են հեթանոսական և քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ և այլն):

Դամբարանից հյուսիս բացվել են եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդները, որի հատակագիծը, պայտաձև խորանը, որմնախարիսխների մշակումը բնորոշ են 4-րդ դարին, երբ դեռևս ձևավորվման փուլում էին եկեղեցիների ծավալահատակագծային լուծումները:

Վերջինս երկու զույգ ուղղանկյուն (V-VI դդ. T-աձևի և խաչաձևի վերափոխված) մույթերով գրեթե քառակուսի դահլիճ է: Պայտաձև խորանի հարավային կողմում պահպանվել է ուղղանկյուն հատակագծով սենյակ: Նախքան եկեղեցին այստեղ հեթանոսական տաճար է եղել:

Դամբարանի հարավային մասում բացվել է սրբատաշ քարերով շարված հսկայական կառույց, որն ամենայն հավանականությամբ եղել է պալատական կառույց ՝ նախատիպը Դվինի և Ավանի վաղ միջնադարյան պալատական կառույցների: Պեղումների արդյունքում գետնափոր դամբարանի և պալատի միջև բացվեցին աստիճանաձև հիմքով մեկ այլ դամբարան և բազմաթիվ միջնադարյան գերեզմաններ, նյութական մշակույթի և արհեստագործական արտադրանքի մնացորդներ, որոնք վկայում են դամբարանի հարևանությամբ բնակելի, հասարակական և տնտեսական շինությունների առկայությունը: Այսինքն, տարածքի ընտրությունը բնավ պատահական չէր թագավորների ոսկորները թաղելու համար: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև փողրակներ. տուֆե սալահատակի միջով հոսել է առուն՝ զովացնելով շրջապատը. երկու կողմերում փայտե սյուների հենքեր են փորված եղել քարերի մեջ: Դրանք իրենց վրա ծածկ են կրել, որոնց ստվերին էլ նստել, զրուցել են 4-րդ դարի հայ պատմիչները:

Դամբարանի պատկերաքանդակները

Դամբարանի մուտքի աջ և ձախ կողմերում ուղղահայաց դրված քարերի քանդակները չափից դուրս մաշված են, և այսօր արդեն ձախ քարի վրա գրեթե ոչինչ հնարավոր չէ տեսնել: Սակայն օգտվելով վաղ լուսանկարներից և ուսումնասիրողների նկարագրություններից (Բ. Առաքելյան)՝ կարելի է նկարագրել հորինվածքն ամբողջությամբ: Այսպես, աջ կողմում քանդակված է առյուծ, որն առջևի թաթերով բարձրացել է եղջերուի ուսերին՝ գլուխը վերև պարզած, կենտրոնում՝ շրջանակի մեջ խաչ է, դրանից վերև՝ խաղողի վազին մոտեցող խոյ կամ եղջերավոր այծյամ: Դատելով առյուծի՝ եղջերուի եղջյուրների վրա հակած գլխից, այu տեսարանն ավելի խաղաղ գոյակցություն է ցուցադրում, քան հետապնդում կամ հոշոտում: Եղջերուի վրա բարձրացած առյուծի, խաղողի ողկույզն ուտող խոյի, ցուլի, այծյամի և թռչունի պատկերները ներկայացնում են «խաղաղ արքայությունը», որի մասին խոսվում է Եսայու մարգարեության մեջ, համաձայն որի` գազանների, խոտաճարակների և թռչունների խաղաղ գոյակցությունը երկնային արքայության և փրկության երաշխիքն է՝ նկատի ունենալով հոգիների փրկության վաղ քրիստոնեական գազափարաբանությունը, միանգամայն հասկանալի է: Եթե հաշվի առնենք, որ խաչն էլ միջնադարյան դավանաբանական երկերում համարվում է հենց սպասվելիք դրախտի կենաց ծառը, ապա դրա ներառումն Աղցքի քննարկվող հորինվածքներում միանգամայն օրինաչափ է:

Ձախ կողմի ներքևի քանդակը հավանաբար ցուլ է կամ ձի, հետո՝ այծյամ, ավելի վերև՝ կտուցներն իրար մոտեցրած երկու թռչուն: Մուտքի ճակատակալի աջ և ձախ հատվածներում պատկերված է մեկական ֆիգուր, որոնք մենամարտում են զույգ գազանների հետ:

Կա նաև տեսակետ այն մասին, որ Աղցքի դամբարանի մուտքի կենդանիների պատկերները կոչված էին պահպանելու դամբարանը չար ուժերից:

Դամբարանի ներսում քանդակներով հարդարված են կողմնային խորշերը եզրավորող սալաքարերը՝ ձևավորելով յուրօրինակ սարկոֆագներ (բարձրությունը` մինչև 1 մ): Ձախ կողմում՝ հյուսիսային խորշի առաջին սալի վրա, քանդակված են իրար հաջորդող խոշոր նշաձև զարդատարրեր, որոնց համադրությունը ձևավորում է գալարվող ժապավենի հորինվածք: Երկրորդ սալաքարի վրա ներկայացված է աստվածաշնչյան հայտնի տեսարան՝ «Դանիելն առյուծների գրկում», կենտրոնում թևատարած, ձեռնաբարձ աղոթողի դիրքով Դանիել մարգարեն է՝ հնազանդ երկու առյուծներով շրջապատված: «Դանիելն առյուծների գրկում» հորինվածքն աստվածաշնչյան հայտնի թեմա է և դասվում է քրիստոնեական առավել տարածված թեմաների շարքին: Այն խորհրդանշում է հավատի ուժն ու հավատով փրկվելու գաղափարը:

Աջ կամ հարավային խորշի արկասոլին կազմված է երկու սալաքարից՝ քանդակված երկու հորինվածքներ: Ձախ սալաքարին պատկերված է խաչային հորինվածք՝ վերցված շրջանի կամ մեդալիոնի մեջ: Պատկերված են նաև զարմանահրաշ առասպելական կերպարներ կամ աստվածներ՝ թռչունների ոճավորված խորհրդապատկերներով: Քանդակված է շրջանի մեջ հավասարաթև խաչ, որի՝ դեպի եզրերը լայնացող թևերի տարբեր մասերից ծագում են բեղիկ-գալարներ, խաչահատուման մասում պատկերված են խաղողի ոստեր: Խաչի հորիզոնական թևերից վեր պատկերված են տերևը կտցահարող երկու աղավնի, իսկ շրջանակի ստորին հատվածում՝ մեկական բացված ծաղիկ՝ վարդակի ձևով: Հորինվածքի շարունակությունն աջակողմյան մասում խաղողի գալարուն վազերով, մեծադիր տերևներով, բեղիկ-գալարներով հատվող որթեր են՝ կախված ողկույզներով, ներքևում՝ ցուլ, որն ուտում է խաղողի տերևը, վերևում՝ թռչուն, որը կտցահարում է ողկույզը: Այս հորինվածքը ներկայացնում է երկնային արքայության այլաբանությունը, ինչպես որ աղավնիները և կենդանիները վայելում են խաղողուտը, այնպես էլ երկնային կյանքում հոգիներն են վայելելու երկնային դրախտը:

28170713_1286578358140830_381525163_o

Հարկ է նշել, Աղցքի խաչային հորինվածքում հանդիպում ենք խաչի այգային ներկայացման ամենավաղ և ուշագրավ արտահայտումներից մեկին: Խաչի թևերը դեպի եզրերը աննշան լայնանում են, խաչը ներառված է մեդալիոնի մեջ՝ համաձայն վաղ պատկերագրության, և ուղեկցվում է բուսական ու կենդանական պատկերներով, որտեղ թռչունները խորհրդանշում են մահացածների կամ հավատացյալների հոգիները: Հատկանշական է, որ քրիստոնեական գլխավոր խորհրդանիշն Աղցքում պատկերվում է կցագիր խաչի տեսքով, որը պատմականորեն սերում է Կոստանդիանոս Մեծի տեսիլքում հայտնված խաչից:

Խաչի նման պատկերումը թույլ է տալիս ենթադրել, որ գործ ունենք խաչ-խաղողի որթի պատկերման ամենաառաջին փորձերից մեկի հետ, երբ դեռևս մինչև վերջ հստակեցված չէր, թե ինչպես ներկայացնել խաչ-խաղողի որթը, որտեղից պիտի ծագեն ոստերը, ինչպես պիտի արտահայտվի խաչի և վազի հիերարխիան: Այս ամենը մեզ հիմք է տալիս պնդելու, որ խաչի այգային թեման Հայաստանում ունեցել է ինքնուրույն զարգացում:

Սալաքարի հաջորդ հատվածում սյուժետային պատկեր է, որտեղ քանդակված է ամբողջ հասակով մերկ մի մարդ՝ նիզակը ձեռքին: Նա նիզակահարում է իր վրա հարձակվող վարազին: Մարդուն ուղեկցող որսորդական շներից մեկը բռնել է վարազի հետևի ոտքը, իսկ մյուսը՝ ականջները:

Տեր-Ներսեսյանը, հաշվի առնելով հին ու նոր թեմաների համադրումը, ինչպես նաև խաչազարդ հորինվածքների ոչ այնքան վաղ լինելը, գտնում էր, որ Աղցքի դամբարանն ունեցել է պատկերագրության երկու փուլ. առաջինին պատկանում է որսի տեսարանը, երկրորդ փուլին՝ արկասոլիի խաչային հորինվածքը, որը նա համարում էր պատճեն 4-րդ դարի վերջին բյուզանդական արվեստում հազվագյուտ հանդիպող մենագրային խաչի:

Պատկերագրական տեսանկյունից Աղցքում ներկայացված և՛ խորհրդանշական որսի, և՛ Դանիելի փրկության տեսարանները սերում են կանոնավոր, պատկերագրորեն ձևավորված և խորհրդանշորեն իմաստավորված քրիստոնեական և սասանյան նախատիպերից, որոնք լայն շրջանառություն ունեին այդ տարածաշրջանում: Ուրեմն, կարելի է ասել, որ Աղցքի դամբարանում համատեղված են նախաքրիստոնեական և քրիստոնեական (աստվածաշնչյան) թեմաներ, որոնք, ըստ Ս. Մնացականյանի, կարող էին պայմանավորված լինել հեթանոս և քրիստոնյա թագավորների այստեղ թաղված լինելու հանգամանքով:

Աղցքը դեռ նոր է սկսել բացել իր գաղտնիքները, որոնք ավելի քան մեկ ու կես հազարամյակ խնամքով իր ընդերքում պահպանել է մայր հողը: Ուստի, անհրաժեշտ է շարունակել դամբարանի ուսումնասիրության աշխատանքները, ինչը հնարավորություն կտա նոր ու արժեքավոր տեղեկություններ ստանալ վաղ միջնադարյան Հայաստանի պատմության և մշակույթի մասին:

Նարեկ Պետրոսյան

Քրիստինե Չիլինգարյան

Գրականության ցանկ

  • Քալանթարյան Ա. , Սիմոնյան Հ. – Աղցքի հնագիտական արժեքները , Երևան, 2005
  • Պետրոսյան Հ., Աղցքի արքայական դամբարանի խաչային հորինվածքները, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 2005
  • Հակոբյան Զ. , Հայկական վաղմիջնադարյան քանդակը , Երևան, 2016