Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան

Անկախության օր

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 23-րդ ամյակը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին: Անկախության հանրաքվեով անկախանալուց հետո ՀՀ-ն ընտրեց ժողովրդավարական բաց հասարակաություն կառուցելու արևմտյան մոդելը:

Ցանկացած ազգի պահպանման և կայուն զարգացման միակ երաշխավորը անկախ պետականության առկայությունն է, որն այսօր արդեն 23 տարի ունի հայ ժողովուրդը: 1988-ից սկիզբ առած «Ղարաբաղյան» անկախական շարժումը հայ ժողովրդին հասցրեց իր վերջնական հանգրվանին՝ Անկախ պետականության կերտմանը:  23 տարի առաջ հայ ժողովուրդը վերանվաճեց դարերով իրենից «գողացված» պետականությունը:

Անկախությունը թանկ արժեցավ հայ ժողովրդի համար: Անկախության հանրաքվեից մեկ տարի անց հայ ժողովրդին ավելի դժվարին փորձություն էր սպասվում, սակայն ի պատիվ հայ ազգի նվիրյալ զավակների այդ փորձությունն էլ հաղթահարվեց, ինչի արդյունքում ազատագրվեց Արցախը: Եվ չնայած այն հանգամանքին, որ մեր օրերում բազմաթիվ ինքնադրսևորման կարիք ունեցող անհատներ փորձում են Արցախյան հերոսամարտի տարիները պիտակավորել այն անվանելով «ցուրտ ու մութ տարիներ», այնուամենայնիվ ՀՀ արժանապատիվ և ինքնորոշված քաղաքացին այդ տարիները համարել և համարում է հերոսական մաքառման տարիներ:

Քաղաքական առումով ևս անկախության տարիները հայ ժողովրդի համար, մեղմ ասած, սահուն չընթացան: ՀՀ Նախագահի առաջին ընտրություններից հետո հայ ժողովուրդը ականատես եղավ բազմաթիվ կեղծված ընտրությունների: Ունեցանք Հոկտեմբերի 27, 1998-2008 թվականների ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ քաղաքական սպանություններ, կեղծված սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, Մարտի 1-ին Երևանի կենտրոնում իրենց իրավունքները իրացնելիս գնտակահարվեցին 10 քաղաքացիներ:

Աշխարհաքաղաքական մրցավազքի արդյունքում այսօր արդեն ՀՀ-ն կանգնած է իր ինքնիշխանությունը կորցնելու սպառնալիքի առջև, ինչն ամբողջությամբ պաշտպանվում է ներկայիս քաղաքական համակարգի դերակատար կուսակցությունների կողմից:

Երկրում առկա խնդիրները բազմաթիվ են և բազմապիսի, սակայն այսօր դրանք բարձրաձայնելու օրը չէ: Այսօր ՀՀ 3-րդ Հանրապետության 23 ամյակն է և մենք ցանկանում ենք շնորհավորել մեզ բոլորիս՝ մեր երկրի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ կապակցությամբ: Շնորհավոր Տոնդ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Կեցցե՛ Հայաստանի Անկախ Հանրապետությունը, Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության Հպարտ և Արժանապատիվ Քաղաքացին:

Նարեկ Սամսոնյան