Խոսքի ազատության իրավունքի քրեաիրավական սահմանափակումները և պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում

19989076_1071946249606725_1621796602_n

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակման մեջ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ հետազոտական-վերլուծական աշխատանքների շրջանակներում «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Իրավական ակումբի առաջին հոդվածաշարը նվիրված է խոսքի (արտահայտման) ազատության իրավունքին, որի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է խոսքի ազատությունը սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական, միջազգային իրավունքի տեսանկյունից:

Հոդվածաշարը հիմնված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային իրավունքի, ներպետական և միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա իրավաբանական գրականության վրա:

Հոդվածաշարի առաջին («Խոսքի ազատությունը որպես սահմանադրական իրավունք»), երկրորդ («Խոսքի ազատությունը քաղաքացիական իրավունքում. վիրավորանք և զրպարտություն») և երրորդ («Խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները և սահմանները լրատվության ոլորտում և գովազդում») մասերին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:

Սույն հոդվածի շրջանակներում կներկայացնենք խոսքի ազատության քրեաիրավական սահմանները:

Խոսքի ազատության քրեաիրավական սահմաններից խոսելիս պետք է հաշվի առնել, որ որքան էլ կարևոր է խոսքի ազատության իրավունքը և դրա պաշտպանության երաշխիքները ժողովրդավարական պետությունում, այնուամենայնիվ այն բացարձակ իրավունք չէ և, կախված այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից, ենթակա է սահմանափակման: Խոսքի ազատության չարաշահումը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան այդ իրավունքի սահմանափակումը, հետևաբար՝ այն չի կարող անվերջ ճկվել՝ սպառնալիք ստեղծել կամ վնաս հասցնել անձանց, հասարակության և պետության շահերին: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սահմանափակումները չպետք է լինեն կամայական, այլ պետք է ուղղակիորեն նախատեսված լինեն օրենքով, լինեն համաչափ և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում խոսքի ազատության այնպիսի չարաշահումների համար, որոնք ուղղված են անձի ազատության, պատվի, արժանապատվության, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների, ընտանիքի և երեխայի շահերի, հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության, արդարադատության, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ:

Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ. սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածը պատասխանատվություն է սահմանում ոչ միայն փաստացի կյանքից զրկելու, առողջությանը վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու համար, այլև դրանց սպառնալիքի համար:

Հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում սպառնալիքը: Սպառնալիքը մարդու նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որը նպատակ է հետապնդում վախեցնել նրան, նրա մոտ առաջացնել տագնապի, իր անվտանգության համար անհանգստության զգացում: Սպառնալիքը կարող է դրսևորվել մի քանի եղանակով` գրավոր, բանավոր, հեռախոսով, հեռագրական հաղորդումներով, էլեկտրոնային փոստով: Սպառնալիք է նաև համարվում ժեստերով ինչ-որ բան հասկացնելը: Ընդ որում, սպառնալիքի եղանակը որևէ ազդեցություն չունի արարքի որակման համար:

Այս հանցագործության պարտադիր հատկանիշներից են սպառնալիքի հստակությունը և իրական լինելը:

Սպառնալիքի հստակությունը ենթադրում է այն հանգամանքի հստակությունը, թե ինչպիսի վնաս է հանցավորը պատրաստվում հասցնել` սպանե՞լ, առողջությանը ծանր վնա՞ս հասցնել, թե՞ խոշոր չափի գույքային վնաս պատճառել:

Սպառնալիքն իրական է համարվում այն դեպքերում, երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից: Այլ կերպ ասած, տուժողը պետք է կարծի, որ սպառնալիքի իրականացումը հնարավոր է: Իրական է սպառնալիքը, թե ոչ, որոշվում է ինչպես օբյեկտիվ իրադրության գնահատմամբ, այնպես էլ տուժողի սուբյեկտիվ ընկալումը հաշվի առնելով:

ՀՀ քրեական օրենսգիրքն այս հանցագործության համար քրեական պատասխանատվություն է նախատեսում 16 տարին լրացած ֆիզիկական մեղսունակ անձի համար:

Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը

ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն`

«1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

Լրագրողների խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ապահովումը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական պետությունում, քանի որ լրագրողների մասնագիտությունն իրենից ենթադրում է հրապարակային գործունեություն և հասարակական կարևոր իրադարձությունների լուսաբանում: Լրագրողները պետք է պաշտպանված զգան, որպեսզի կարողանան ապահովել այդ կարևորագույն գործունեության անաչառությունը և օբյեկտիվ իրականության վերհանումը: Դրանով է պայմանավորված, որ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար:

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչնդոտել է համարվում գրաքննություն իրականցնելը, խմբագրության մասնագիտական ինքնուրույնությունը խախտելը և նրա գործունեությանն ապօրինի միջամտելը, զանգվածային լրատվամիջոցի գործունեությունն ապօրինի կասեցնելը կամ դադարեցնելը, լրագրողի՝ օրենքով նախատեսված իրավուքնները խախտելը և նմանատիպ գործողությունները:

Լրագրողին տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրել ասելով հասկացվում է տուժողի վրա ցանկացած եղանակով` ֆիզիկական կամ հոգեկան ճնշում գործադրելը:

Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններ. որդեգրման գաղտնիքը հրապարակելը կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելը կամ հարկադրելը

ՀՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն` որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ հրապարակելն այն անձի կողմից, ով որդեգրման փաստը պարտավոր էր պահպանել որպես ծառայողական կամ մասնագիտական գաղտնիք, կամ այդ գաղտնիքն այլ անձի կողմից շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հրապարակելը, ինչպես նաև որդեգրման նպատակով որդեգրվողի օրինական ներկայացուցչի կամքին հակառակ նրան որդեգրման համաձայնություն տալուն շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հակելը կամ հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Որդեգրումն իրավաբանական ակտ է, որի համաձայն որդեգրվածները և որդեգրողները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ: Որդեգրումը կատարում է դատարանը՝ որդեգրել ցանկացող ծնողի դիմումով: Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի և որդեգրել ցանկացող անձի պարտադիր մասնակցությամբ: Երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով: Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը և աշխատողները, ինչպես նաև որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը: Եթե նշված անձինք հրապարակում են երեխայի որդեգրման գաղտնիքը որդեգրողների կամքին հակառակ, պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

Գաղտնիք հրապարակել ասելով պետք է հասկանալ ինչպես որդեգրման փաստի մասին բանավոր կամ գրավոր ձևով որևէ մեկին տեղեկացնելը, այնպես էլ որդեգրվածին այնպիսի տեղեկություններ հաղորդելը, որոնցից հայտնի կդառնա, որ որդեգրողները նրա հարազատ ծնողները չեն:

Իսկ որդեգրման համաձայնություն տալուն հարկադրել ասելով պետք է հասկանալ ցանկացած հարկադրանքի կիրառում, որն ուղղված է որդեգրվողի օրինական ներկայացուցչի կամքը ճնշելուն: Օրինակ` բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, գույքը ոչնչացնելը կամ վնասելը և այլն:

Որդեգրման համաձայնություն տալուն հակելը նշանակում է դիտավորյալ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ուղղված են որդեգրվողի օրինական ներկայացուցչի մեջ իր կամքին հակառակ համաձայնություն տալու վճռականություն հարուցելուն: Դա կարող է տեղի ունենալ խաբեության, համոզելու, հորդորելու, ներշնչելու միջոցով:

Այսպիսով՝ որդեգրման գաղտիք հրապարակելը համարվում է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանգագործություն և քանի որ ընտանիքը համարվում է հասարակության հիմանական օղակը, հետևաբար` պետութայն պատրականությունն է դառնում պաշտպանել ընտանիքի շահերը: Երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով, քանի որ որդեգրման գաղտնիությունը անհրաժեշտ է նախևառաջ ընտանիքի պահպանության և երեխայի զարգացման համար:

Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ. ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը

ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությունը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունների համար:

Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ են համարվում այնպիսի գաղափարներ կամ հայացքներ տարածելը, որոնք խարխլում են վստահությունն ու հարգանքը որևէ ազգի, ռասայի կամ կրոնական դավանանքի նկատմամբ, ատելություն են սերմանում որևէ ազգի, ռասայի կամ կրոնական դավանանքի ներկայացուցիչների ապրելակերպի, մշակույթի, ավանդույթների ու սովորույթների նկատմամբ: Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու առավել տարածված ձևերն են`

ա) որև ազգի, ռասայի կամ կրոնի բացասական կերպարի ստեղծումը,

բ) առանձին անձանց իրական կամ մտացածին բացասական հատկությունների վերագրումը ողջ ազգին, ռասային կամ դավանանքի ներկայացուցիչներին,

գ) սեփական ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների ծանր վիճակի համար պատասխանատվությունը այլ ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների վրա բարդելը,

դ) այլ ազգի, ռասայի կամ կրոնի ներկայացուցիչներին սեփական ազգի դեմ թշնամական գործողությունների մտադրություն ունենալու մեջ մեղադրելը,

ե) այլ ազգի, ռասայի կամ կրոնական խմբի նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու պահանջը և այլն:

Ընդ որում, տարածվող գաղափարներն ու հայացքները պետք է ընդհանրացնող բնույթ ունենան և ոչ թե վերաբերեն կոնկրետ անձի:

Ազգային արժանապատվությունը ստորացնելուն ուղղված գործողություններ են անձի վերաբերյալ նրա պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող սուտ տեղեկությունների տարածումը, կամ անձի հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելը, կամ էլ նրա նկատմամբ անպարկեշտ արարքներ կատարելը` կապված այդ անձի ազգային, ռասայական կամ կրոնական պատկանելության հետ:

Ռասայական գերազանցությանն ուղղված գործողություններ կարող են համարվել տվյալ ռասայի ընտրյալ լինելու, բացառիկության, մնացած ռասաների նկատմամբ գերազանցություն ունենալու քարոզչությունը, տվյալ ռասայի համար կենսագործունեության տարբեր ոլորտներում արտոնությունների սահմանումը և այլն:

Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ. պետական գաղտնիք հրապարակելը, պետական դավաճանությունը, լրտեսությունը

ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի համաձայն`

«1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պետական գաղտնիքն անզգուշությամբ հրապարակելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Վերոգրյալ արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

«Պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար: Պետական գաղտնիքի հրապարակմամբ կարող է վնաս հասցվել երկրի անվտանգությանը, ուստի պետական գաղտնիք հրապարակելը ՀՀ-ում քրեորեն պատժելի արարք է:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` պետական գաղտնիքի հրապարակումը օրենքով գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումն է, տրամադրումը, առաքումը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք կամ սահմանված կարգով ծանոթանալու թույլտվություն չունեն»:

ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը նշում է, որ պետական գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվության ենթարկվում է այն անձը, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ:

Բայցևայնպես պետական գաղտնիքի հրապարակումը անհրաժեշտ է սահմանազատել պետական դավաճանությունից:

ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը ուղղակիորեն նշում է, որ պետական գաղտնիքի հրապարակումը առկա է, եթե կատարված արարքում բացակայում են պետական դավաճանություն հատկանիշները: Սյս երկու հանցագործությունների միջև տարբերությունն այն է, որ պետական դավաճանության դեպքում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հաղորդվում են օտարերկրյա պետությանը կամ կազմակերպությանը, իսկ պետական գաղտնիքի հրապարակման դեպքում այլ սուբյեկտների, օրինակ՝ հարազատներին կամ ընկերներին:

Այս համատեքստում կարևոր ենք համարում մեկնաբանել նաև պետական դավաճանության հանցակազմը:

ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝

«1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Թշնամու կողմ անցնելը մեկնաբանվում է հետևյալ կերպ. թշնամի է հանդիսանում այն պետությունը, որի հետ ՀՀ-ն գտնվում է զինված ընդհարման մեջ: Թշնամու կողմն անցնելը կարող է իրականցվել ինչպես թշնամու կողմից զավթած տարածքում նրա օգտին գործունեություն իրականցնելով, այնպես էլ առանց թշնամու կողմից զավթած տարածք մուտք գործելու՝ թիկունքում: Պետական դավաճանության մյուս տեսակը լրտեսությունն է, որը համընկնում է որպես հանցագործության առանձին տեսակ հանդիսացող լրտեսությանը (302-րդ հոդված): Լրտեսությունը որպես պետական դավաճանության տեսակ և լրտեսության քրեական օրենսգրքով նախատեսված առանձին հանցակազմը տարբերվում են միմյանցից սուբյեկտներով, քանի որ պետական դավաճանության սուբյեկտ կարող է լինել միայն ՀՀ քաղաքացին, իսկ որպես առանձին հանցագործություն՝ լրտեսության սուբյեկտ է միայն օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը:

Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը

ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Նախ հականանք, թե ինչ է նշանակում կոչեր անել: Կոչեր են համարվում այնպիսի հայտարարությունները, որոնց միջոցով քարոզվում է բռնությամբ իշխանությունը զավթելը: Մարդկանց վրա ազդեցություն ունենալը դրսևորվում է նրանց դիմելով, հորդորելով, համոզելով, հրահրելով: Այս հանցագործության դեպքում կոչերը պետք է կրեն ընդհանուր բնույթ և ոչ թե ուղղված լինեն կոնկրետ մեկին: Կոչեր անելուց չպետք է նշվի հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և այլն:

Կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի պահանջի հիմնավորումը, ցույցերի, միտինգների կոչը կամ կազմակերպելը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները: Հանցագործության համար պատադիր է կոչերի հրապարակային լինելը, այսինքն` կոչերի բացահայտ և ընկալելի լինելը` ուղղված մարդկանց լայն շրջանակի:

Այս հանցագործությունը ավարտված է համարվում հրապարակային կոչեր իրականացնելու պահից` անկախ նրանից հանցավորը հասել է իր նպատակին, թե՝ ոչ: Վերը նշված հանցագործությունը չի կարող կատավել անզգուշությամբ: Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար պատասխանատվության է ենթարկվում 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը:

Արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ. դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը

ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի համաձայն` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով: Իսկ նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

Այս հոդվածի համար նախատեսված քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է նշել սահմանադրական այն դրույթը, որը հռչակում է դատավորների անկախության սկզբունքը, որը արդարադատության իրականացման կարևորագույն երաշխիքներից մեկն է: Անկախություն չունեցող դատարանը դադարում է արդարադատության մարմին լինելուց, քանի որ որոշումներ կայացնում է ոչ թե օրենքի հիմա վրա, այլ դատարանի վրա ճնշում գործադրող անհատների կամ կազմակերպությունների ցանկությամբ: Նույնը կարելի է ասել դատավորների, դատախազների, քննիչների մասին:

Վիրավորանքը արտահայտվում է նշված անձանց պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու միջոցով: Վիրավորանքը կարող է հասցվել խոսքով, գրավոր կերպով կամ կոնկրետ գործողություններով: Վիրավորանքի դեպքում հանցավորը տալիս է տուժողի անձնական հատկությունների, վարքի այնպիսի գնահատականներ, որի հետևանքով անպարկեշտ ձևով ստորացնում է նրա պատիվն ու արժանապատվությունը: Պարտադիր չէ, որ վիրավորանքը հասցվի միայն դատարանում, դատական քննության ժամանակ:

Այսպիսով՝ կարող ենք ասել, որ օրենքը արդարացիորեն սահմանափակում է խոսքի ազատությունը հատկապես այս ոլորտում, քանի որ դատարանը, ըստ էության, անկախ լինելով, հանդիսանում է արդարադատություն իրականցնող մարմին: Հետևաբար` ցանկացած անպարկեշտ խոսք, գործողություն, որոնք չեն համապատասխանում իրականությանը կարող են հեղինակազրկել դատարանին, դատական մարմիններին:

Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը

ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի երկրորդ մասը նախատեսում է նույն արարքի կատարումը դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ:

Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակելն է, որոնք չեն համապատասպանում իրականությանը և արարտավորում են նրա պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը: Ընդ որում, պարտադիր հատկանիշ է համարվում զրպարտության կապը նախնական քննություն վարելու, վճռի, դատական այլ ակտի կատարման հետ; Հանցագործության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած ֆիզիկական անձը:

Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ. ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը

ՀՀ քրեական օրենսգրքի 3971–րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը, ագրեսիվ պատերազմը, ահաբեկչական գործողությունն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ, միջազգային ահաբեկչությունը, միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատության վրա հարձակվելը, միջազգային պայմանագրերով պահպանվող տարբերանշաններն ապօրինի օգտագործելը, զանգվածային ոչնչացման զենք արտադրելը կամ տարածելը, անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ, վարձկանությունը, էկոցիդը հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու կամ արդարացնելու համար, եթե դա կատարվել է ռասայական պատկանելիության, մաշկի գույնի ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելիության հիման վրա անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով:

Այս հանցագործությունը վնաս է հասցնում այն հասարակական հարաբերություններին, որոնք ապահովում են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբերի գոյությունը և անվտանգությունը: Նշված հանցագործությունը ավարտված է համարվում խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու պահից: Հանցագործությունը ավարտված համարելու համար պարտադիր է այս արարքներից գոնե մեկի կատարումը: Այս հանցագործության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած ֆիզիկական մեղսունակ անձը:

Խոսքի ազատության քրեաիրավական կարգավորումների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ նախատեսված սահմանափակումները բխում են մարդու, հասարակության և պետության պաշտպանությունից: Օրենսդիրը փորձ է արել հնարավորինս համապարփակ կերպով անդրադառնալ մարդու, հասարակության և պետության դեմ ուղղված հանցագործություններին, սակայն անհրաժեշտ է նաև ուշադրություն հատկացնել այն բացերին, որոնք առկա են ՀՀ քրեական օրենսգրքում և դրանց չկարգավորումը վտանգ է ներկայացնում հասարակության համար: Օրինակ` ՀՀ քրեական օրենսգիրքը իրավացիորեն պատասխանատվություն է նախատեսում ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությունը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունների համար: Այսինքն` օրենսդիրը սահմանել է երեք հիմք, որոնց դեպքում ատելության խոսքը դիտարկվում է որպես հանցավոր արարք: Դրանք են` ազգային, ռասայական և կրոնական հիմքերը: Մինչդեռ, օրենսդիրը չի անդրադարձել ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության մյուս հիմքերին` սեռին, մաշկի գույնին, էթնիկ կամ սոցիալական ծագմանը, գենետիկական հատկանիշներին, լեզվին, աշխարհայացքին, քաղաքական կամ այլ հայացքներին: Այս իրավակարգավորումների պայմաններում անձը մի շարք դեպքում զրկվում է պաշտպանության մեխանիզմներից:

Աղբյուրներ`

  • ՀՀ քրեական օրենսգիրք
  • ՀՀ սահմանադրություն
  • ՀՀ ընտանեկան օրենսգիրք
  • ՀՀ քրեական իրավունք (հատուկ մաս) – Գ. Ղազինյան, Ս. Արաքեյան, Արա Գաբուզյան Երևան, «ԵՊՀ», Երևան 2012 թ.

Հեղինակներ`

Հասմիկ Հարությունյան

Դուխիկ Գրիգորյան