«Դավաճաններն» ու սահմանադրական բարեփոխումները

Sahmanadrakan popoxutyunner

Քաղաքական ընդդիմության արձանագրած կատարյալ ձախողմանն անմիջապես հետևեց քաղաքական իշխանության կողմից Սահմանադրական փոփոխությունները ՀՀ ներքաղաքական օրակարգի թիվ 1 թեմա դարձնելը: Այսօր, երևի, արդեն ոչ ոք չի կարող ժխտել, որ նախորդ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանը մեկ քայլանոց շախմատային պարտիա խաղարկեց և ուղղակիորեն ջախջախեց իր իսկ կողմից ստեղծված քաղաքական միավորը և սկսեց ամբողջությամբ տիրապետել քաղաքական դաշտին:

(Ինչպես նշել էի դեռևս նախորդ ամռանը՝ տեղի ունեցող քաղաքական գործընթացն ամբողջությամբ տեղավորվում էր ՀՀԿ-ԲՀԿ տրամաբանության մեջ, իսկ մնացած կուսակցությունների առկայությունն իրականում ձևական բնույթ էր կրում, ինչն ապացուցվեց ԲՀԿ-ի ջախջախումից հետո մյուս երկու քաղաքական մարմինների բացարձակ անգործությամբ):

Այսպիսով, Սերժ Սարգսյանը, ամբողջությամբ չեզոքացնելով իր իսկ կողմից ստեղծված «սպառնալիքները», սահուն կերպով անցում կատարեց Սահմանադրական փոփոխություններին և նախորդ շաբաթ նախագահականում ընդունեց դաշտում գործող գրեթե բոլոր քաղաքական ուժերին: Սարգսյանի կազմակերպած խորհրդակցություններին մասնակցեցին բոլորը՝ բացառությամբ Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը փաստացի ղեկավարում է ողջ քաղաքական դաշտում առկա գործընթացները, Կոնգրեսին հրավեր չուղարկելն ուղղակիորեն նշանակում էր, որ Բաղրամյան 26-ում որոշել են առաջին նախագահին թոշակի ուղարկել:

Բացի այդ, ՀԱԿ-ի բացակայությունը, ինչպես նաև որոշ ուժերի մասնակցությունը խորհրդակցություններին որևէ էական նշանակություն չեն կարող ունենալ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի համատեքստում: Այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանը ստեղծված քաղաքական իրականության միանձնյա առաջատարն է և բնական է, որ տեղի ունեցող խորհրդակցություններն ընդամենը ձևական բնույթ են կրում, ոչ ավելին:

Սարգսյանի նախաձեռնած խորհրդակցություններին մասնակցելը տարբեր արձագանքների և գնահատականների արժանացավ ԶԼՄ-ներում: Շատերը նախագահական գնալու որոշում կայացրած կուսակցություններին «գամեցին անարգանքի սյունին», որոշները այն համարեցին քաղաքական մշակույթի ցցուն դրսևորում: Իրականում, նախագահականում տեղի ունեցած խորհրդակցություններն իրենցից այդքան էլ «դավաճանական» գործընթաց չէին ենթադրում, քանի որ կուսակցություններից շատերը գնացել էին իրենց կարծիքը հրապարակված հայեցակարգի վերաբերյալ հայտնելու, անկախ այն հանգամանքից համամիտ են գործող իշխանությունների հետ, թե ոչ: Այլ հարց է, որ իրենց քաղաքական մայրամուտին գտնվող և ուղղակիորեն մի քանի շաբաթ առաջ Սարգսյանի հետ հանդիպում աղերսող, բայց մերժված քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից այս քայլը պետք է դաժանաբար քարկոծվեր: Ներկայումս քաղաքական դաշտում առկա դասավորվածությունը հրավիրված կուսակցություններին ուղղակի այլ ելք չէր թողնում, քան ընդունել հրավերը և մասնակցել խորհրդակցություններին:

Վերջիվերջո, քաղաքական գործընթացներում կուսակցությունները գործում են իրատեսական հաշվարկներով, այլ ոչ էմոցիաներով կամ «քաղաքագիտական վերլուծություններով»: Փաստացի կարելի է արձանագրել, որ ԲՀԿ-ի ջախջախումից և «քաղաքագիտական վերլուծության» կատարյալ ձախողումից հետո ընդդիմադիր դաշտում առկա վակումն այս պահին լրացվեց իշխանությունների կողմից և սեփական քաղաքական օրակարգը չունեցող ուժերին այլ բան չէր մնում, քան համաձայնվել ստեղծված իրավիճակին և սեղմել Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը:

Սահմանադրական փոփոխությունների միֆականացումը

Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ կարծիքներ են հնչում քաղաքական ուժերի կողմից, որոնք ավելի նման են միֆերի և դեմագոգիկ պոռթկումների, քան քաղաքական գնահատականների: Սահմանադրական փոփոխությունների մասին ամենատարածված կարծիքն այն է, թե այս փոփոխություններով Սարգսյանը փորձում է «հավերժացնել իր իշխանությունը»: Իրականում, իշխանությունը հավերժացնելու գործընթացն արդեն վաղուց ավարտված է: Ավելին՝ ՀՀ-ում  հավերժական իշխանություն ունենալու մոդելի ճարտարապետն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով դեռևս 1995-ի և 1996-ի համապետական ընտրությունների արդյունքներով ապացուցեց, որ իր ստեղծած քաղաքական համակարգը «հավերժական իշխանություն» ունենալու աներկբա երաշխիքն է:

Սկսած 1995 թվականի խորհրդարանական ընտրություններից մեր երկրում ընտրությունների արդյունքով իշխանություն չի փոխվել, և այդ ժամանակներից ի վեր ՀՀ-ում իշխում է նույն քաղաքական էլիտան (չնչին բացառություններով): Տեր-Պետրոսյանի ստեղծած «հավերժական իշխանության» քաղաքական համակարգը տարիների ընթացքում կատարելագործվելով հասել է այնպիսի մակարդակի, որ ամբողջությամբ կարողանում է ապահովել գործող իշխանությունների վերարտադրությունը: Այսինքն, կիսանախագահական, խորհրդարանական կամ նախագահական համակարգերի միջոցով չէ, որ քաղաքական իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն է ստանում:

Վերոգրյալ կարծիքն առաջ տանող քաղաքական ուժերը կա՛մ լուրջ մտավոր խնդիրներ ունեն, կա՛մ փորձում են հանրությանը համոզել, որ կիսանախագահական համակարգի առկայության պայմաններում իշխանությունների վերարտադրությունն ուղղակիորեն հնարավոր չէ: Եթե կառավարման համակարգով է պայմանավորված իշխանությունների վերարտադրության բացառումը կամ հակառակը, ապա այդ ինչպե՞ս է ստացվում, որ սկսած 1995 թվականից կիսանախագահական կառավարման համակարգ ունեցող ՀՀ-ում իշխանությունները վերարտադրվում են ընտրությունից ընտրություն: Կամ մի՞թե որևէ մեկը կարող է երաշխավորել, որ խորհրդարանական կառավարման համակարգ չլինելու դեպքում ներկայիս իշխանությունը վերարտադրվելու ռեսուրս չունի:

Իմ խորին համոզմամբ, իշխանությունների հավերժականությունը կառավարման համակարգով պայմանավորողներն իրենք էլ են վստահ իրենց կողմից առաջ քաշված վարկածի անհեթեթությանը: Ուղղակիորեն այդ կարծիքով առաջնորդվողները սովորել են հասարակությանը մանիպուլացնելով քողարկել իրենց տկարությունը: Իրականում, ՀՀ-ում իշխանությունների վերարտադրման պատճառներից ամենաարտահայտիչը քաղաքական կատեգորիաներով առաջնորդվող և քաղաքական գործընթացներին համակարգային մոտեցում ունեցող ուժերի բացակայությունն է: ՀՀ քաղաքացիներն անցնած 20 տարիների ընթացքում ապացուցել են, որ վճռական են, պատրաստ են մասնակցել քաղաքական գործընթացներին, պաշտպանել իրենց քվեն, բայց ի հեճուկս քաղաքացիների ակտիվ մասնակցության քաղաքական ուժերը միշտ հակառակն են ապացուցել: Վերջիվերջո արդեն վաղուց ժամանակն է դադարել սեփական անճարությունն ու դիլետանտությունը քողարկել ժողովրդի պասիվության, իշխանությունների բռնի լինելու, կառավարման համակարգերի և այլ անտրամաբանական երևույթների միջոցով:

Սահմանադրական փոփոխություններն ըստ էության

Առաջարկված Սահմանադրական փոփոխությունների քաղաքական նշանակությունը, ըստ էության, զրոյական է այնքան ժամանակ, քանի դեռ չի հրապարակվել  վերջնական փոփոխություններով Սահամանադրության տեքստը և չի հայտարարվել, թե ինչ այլընտրանքներով է այն դրվելու հանրաքվեի: Ընդհանուր առմամբ, երկրում կառավարման ձևի փոփոխությունը ևս ոչ մի էական փոփոխությունների չի կարող հանգեցնել, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ այն ինչպես ներկայումս գործող կիսանախագահական համակարգը, ընդամենը ձևական բնույթ չի կրելու: Բացի այդ, գոյություն ունի միջազգային փորձ, որն ապացուցում է, որ կառավարման համակարգերի տարբերությամբ չէ պայմանավորված երկրում առկա քաղաքական իրականությունը: Միջազգային փորձից մեզ հայտնի են բազմաթիվ ժողովրդավարական կամ բռնապետական երկրներ, որտեղ գործում է այս կամ այն քաղաքական համակարգը: Ժողովրդավարական կարգերը երբեք պայմանավորված չեն եղել կառավարման համակարգերի բովանդակությամբ: Կան բազմաթիվ նախագահական, խորհրդարանական և կիսանախագահական կառավարման համակարգեր ունեցող երկրներ, որոնց քաղաքական համակարգերը բռնապետական բնույթի են և հակառակը:

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված մի կարևոր հանգամանք ևս: Սերժ Սարգսյանը դեռևս նախորդ տարի, երբ հայտարարում էր փոփոխությունների մասին, նշում էր, որ ինքը դեմ է անցմանը խորհրդարանական կառավարման ձևին և նախորդ շաբաթ Սահամանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ևս արտահայտեց նույն միտքը: Ավելին՝ Սարգսյանը Սահմանադրական հանձնաժողովին հանձնարարեց խորհրդարանական կառավարման համակարգին զուգահեռ կազմել նաև կառավարման կիսանախագահական համակարգի կատարելագործված տարբերակը, ինչը նշանակում է, որ շատ հնարավոր է հանրաքվեի դրվի նաև կիսանախագահական համակարգի բարեփոխված տարբերակը: Բացի այդ, գործող իշխանությունները պետք է կարողանան արժանահավատ երաշխիքներ ներկայացնել առ այն, որ Սահմանադրական հանրաքվեից հետո նոր կամ գործող կառավարման համակարգի կատարելագործված տարբերակը դե յուրեից դե ֆակտոյի վերածելու կամք և հնարավորություններ կստեղծի: Թե որքանով արժանահավատ կլինի իշխանությունների ներկայացրած երաշխիքները, կարելի է ենթադրել, սակայն Սահմանադրության ֆորմալ բնույթը փաստացի կիրառելիության վերածելը հիմնականում պայմանավորված է նաև իրական և գործունյա ընդդիմություն ունենալու հետ: Վերջիվերջո, պետք է խորապես գիտակցել այն պարզ տրամաբանությունը, որ քաղաքական ընդդիմությունն իշխանության հետ միասին կիսում է երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը:

Հ.Գ. Երբ վերջնականապես պատրաստ կլինի և Սահմանադրական հանձնաժողովի կողմից կհրապարակվի պատրաստի փասթաթղթերը, այդ ժամանակ կարելի է անցնել փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկումների, իսկ մինչ այդ այս ամենի շուրջ բարձրացված աղմուկն ուղղակիորեն անպտուղ է և հիշեցնում է «ռեժիմը խուճապի մեջ է» գծի տրամաբանական շարունակությունը:

Նարեկ Սամսոնյան