«Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր», 1789թ.

10kpoqrov

1789 թվականին ընդունված «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», որը գրվել էր 1776 թվականի ԱՄՆ Անկախության հռչակագրի և 18-րդ դարի փիլիսոփայական մտքի ազդեցության ներքո, Ֆրանսիայում նախանշեց նոր դարաշրջանի սկիզբը։

«Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը» (այսուհետ՝ Հռչակագիր) (Ֆրանսերեն՝ La Déclaration des droits de l’Homme et du citoyen) ֆրանսիական հեղափոխության հիմնարար փաստաթղթերից է եղել։

Կրելով բնական իրավունքի դոկտրինի ազդեցությունը՝ այն հռչակում է մի շարք անձնական և հավաքական իրավունքներ, որոնք համարվում են համընդհանուր։ Ենթադրվում է, որ այդ իրավունքները կիրառելի են բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում, քանի որ կապվում են մարդկային բնույթի հետ։

Հռչակագրի վերջին հոդվածը գրվել է 1789 թվականի օգոստոսի 26-ին Ազգային սահմանադիր ժողովի կողմից (Ազգային սահմանադիր ժողովը ստեղծվել էր 1789 թվականի հուլիսի 9-ին Ֆրանսիական հեղափոխության սկզբնական ժամանակահատվածում և լուծարվել 1791 թվականի սեպտեմբերի 30-ին), որը ապագայի սահմանադրության ստեղծման համար առաջին քայլն էր։ ԱՄՆ Անկախության հռչակագրի հետ միասին այն համարվում էր մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կարևորագույն գործիք։

Հռչակագրում շարադրված սկզբունքներն ունեն սահմանադրական արժեք այժմյան ֆրանսիական իրավունքում և կարող են օգտագործվել օրենսդրությանը և այլ պետական գործունեությանը հակադրելու համար։

Ընդհանուր բնութագիրը

Առաջին հոդված. «Մարդիկ ծնվում և ապրում են ազատ և հավասար իրավունքներով։ Սոցիալական տարբերությունները կարող են հիմնված լինել միայն հանրային շահի վրա»։

Հռչակագիրը բացարձակ միապետությունից դեպի սահմանադրական միապետության անցման համար կարևոր նշանակություն ունեցող տարր էր։ Այն նախագծողների մեջ էր Մարկիզ դը Լաֆայեթը։ Հռչակագրում տեղ գտած սկզբունքների մեծ մասն ուղղակիորեն հակասում էին նախահեղափոխական Ֆրանսիայում առկա ինստիտուտներին և սովորույթներին։ Ֆրանսիան շուտով դարձավ հանրապետություն, բայց այս փաստաթուղթը մնաց որպես հիմնարար փաստաթուղթ։

Հռչակագրում ամրագրված իրավունքները ծագում են Լուսավորության ժամանակաշրջանի փիլիսոփայական և քաղաքական սկզբունքներից։ Օրինակ՝ ինդիվիդուալիզմը, քաղաքացիական պայմանագիրը (այս տեսությունն առաջ էր քաշել Անգլիայում Թոմաս Հոբսը, որն ընդունվեց Ֆրանսիայում Ժան Ժակ Ռուսոյի կողմից), իշխանությունների տարանջատումը, որի կողմնակիցն էր բարոն դը Մոնտեսքյոն։ Ֆրանսիական Հռչակագրի վրա մեծ ազդեցություն էր գործել ԱՄՆ Անկախության հռչակագրում (1776 թվականի հուլիսի 4) տեղ գտած մարդու իրավունքների հայեցակարգը։ Դեռ ավելին, Հռչակագիրն ընդունելուց առաջ այն ստուգել է ԱՄՆ Անկախության հռչակագրի հեղինակ Թոմաս Ջեֆերսոնը, ապա՝ Փարիզում ԱՄՆ դեսպանը։ Այդ ժամանակ Լաֆայեթը և Ֆրանսիական հեղափոխության այլ հիմնական դերակատարներ արդեն իսկ մասնակցել էին ԱՄՆ անկախության պատերազմին։

Հռչակագրի ազդեցությունը

Հռչակագրում ամրագրված սկզբունքները պայմանավորեցին մինչ այդ տեղի ունեցած ամենառադիկալ փոփոխությունները հասարակական կարգերում։

Հոդված 6. «Բոլոր քաղաքացիները, լինելով հավասար օրենքի առաջ, հավասարապես ընդունելի են բոլոր հասարակական արժեքներում, վայրերում և պաշտոններում, ըստ իրենց կարողությունների և առանց որևէ խտրականության, բացի նրանց առաքինություններից և տաղանդներից»։

Հավասարության այս սահմանումն ուղղակիորեն հակադրվում էր նախահեղափոխական Ֆրանսիայում գոյություն ունեցող հասարակության դասակարգմանը, որտեղ հասարակությունը բաժանված էր 3 դասի: Դրանք էին հոգևորականները, արիստոկրատները և հասարակ ժողովուրդը, որը կոչվում էր նաև 3-րդ դաս։ Հավասարությունը, հատկապես, հակասում էր այն գաղափարին, որ մարդիկ ծնվում էին ազնվական ընտանիքում կամ այլ դասին պատկանող ընտանիքում և հենց դրա շնորհիվ ի ծնե օժտված էին հատուկ իրավունքներով։

Հռչակագիրը նաև երաշխավորում է քաղաքացիների ազատության, սեփականության, ապահովության, ճնշմանը դիմադրելու իրավունքները։ Հռչակագիրը պնդում է, որ օրենքի անհրաժեշտությունը բխում է նրանից, որ «յուրաքանչյուրի բնական իրավունքների իրականացումն ունի այն սահմանները, որով երաշխավորվում է հասարակության մյուս անդամների նույն իրավունքներից օգտվելու հնարավորությունը»։ Այսպիսով, Հռչակագիրն օրենքը դիտարկում է որպես «ընդհանուրի կամքի դրսևորում», որը նպատակ ունի խթանելու իրավունքների հավասարությունը և արգելելու «միայն հասարակությանը վտանգող գործողությունները»։

Բաստիլի գրավումից ընդամենը 6 շաբաթ անց և ֆեոդալիզմի վերացումից 3 շաբաթ անց Հռչակագիրն առաջ քաշեց ժողովրդի ինքնիշխանության և հավասար հնարավորությունների դոկտրինը։

Հոդված 3. «Ցանկացած ինքնիշխանության սկզբունք պայմանավորված է ժողովրդի գոյությամբ։ Ոչ մի անհատ կամ մարմին չի կարող իշխանություն գործադրել, որը ուղղակիորեն չի բխում դրանից»։

Այս սկզբունքը հակադրվում էր նախահեղափոխական Ֆրանսիայում եղած իրավիճակի հետ, որտեղ միապետության քաղաքական ուսմունքը հանդիսանում էր թագավորների աստվածային իրավունքի աղբյուրը։

Հռչակագիրը նաև արգելում է քրեական օրենքների կիրառումը հետադարձ ուժով, ինչպես նաև նախատեսում է անմեղության կանխավարկածը՝ արգելելով կասկածյալին ճնշումների և խոշտանգումների ենթարկելը։

Հռչակագիրը նախատեսում է նաև խոսքի և մամուլի ազատությունը, մինչդեռ կրոնի ազատության համար նախատեսում է ավելի քիչ երաշխիքներ։

Հռչակագիրը հիմնականում ուղղված է անհատների իրավունքներին և չի անդրադառնում հավաքների և միավորվելու իրավունքներին կամ գործադուլի իրավունքին։ Այնուամենայնիվ, հետագայում այս սկզբունքները ձեռք են բերում սահմանադրական արժեք և տեղ են գտնում Ֆրանսիայի 4-րդ Հանրապետության Սահմանադրության դրույթներում։

Հռչակագրի ազդեցությունն այսօր

Համաձայն Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության Սահմանադրության (ընդունված 1958 թվականի հոկտեմեբրի 4-ին, ինչպես նաև 2005 թվականի ներկայիս Սահմանադրության) նախաբանի՝ Հռչակագրում ամրագրված սկզբունքներն ունեն սահմանադրական արժեք։ Բազմաթիվ օրենքներ և կարգավորումներ, որոնք ընդունվել են պետության կողմից, վերացվել են, քանի որ դրանք չեն համապատասխանում այդ սկզբունքներին՝ ըստ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի։

1789 թվականի Հռչակագրում տեղ գտած սկզբունքներն ունեն մեծ ազդեցություն և հետևանքներ մեր օրերում.

· Հարկային օրենսդրությունը և պրակտիկան, որը չհիմնավորված տարբերություններ էր դնում քաղաքացիների միջև, ճանաչվել է հակասահմանադրական։

· Դրական խտրականության վերաբերյալ առաջարկությունները (պայմանավորված էթնիկ ծագմամբ) մերժվում են, քանի որ հակասում են հավասարության սկզբունքին։

· Կրոնականների վերաբերյալ խտրական (արտոնություններ սահմանող) օրենքները նույնպես ճանաչվում են հակասահմանադրական։

Հռչակագիրը նաև մեծ ազդեցություն է ունեցել լիբերալ-ժողովրդավարության վրա հիմնված օրենքների ընդունման համար ամբողջ աշխարհում։

Այսպիսով, Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը վավերացվեց 1789 թվականի հոկտեմբերի 5-ին Լյուի 16-րդի կողմից Ասամբլեայի և Վերսալում հավաքված ժողովրդի ճնշումների ներքո, հանդիսացավ Ֆրանսիական հեղափոխության 1791 թվականին ընդունված առաջին սահմանադրության նախաբանը։ Չնայած նրան, որ Հռչակագրի որոշ սկզբունքներ հետագայում վերացվեցին և մշակվեցին Մարդու իրավունքների 2 նոր հռչակագրեր (1793, 1795), այնուամենայնիվ, հենց 1789 թվականի օգոստոսի 26-ի Հռչակագիրը հիմք հանդիսացավ մի շարք ինստիտուտների ստեղծման համար, մասնավորապես՝ 1852, 1946 և 1958 թվականների Սահմանադրություններում։ 1789 թվականի Հռչակագիրը մեծ ազդեցություն ունեցավ 19-րդ դարում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում նմանատիպ փաստաթղթերի ստեղծման համար։ Ֆրանսիական հեղափոխության դոկտրինը նաև տեղ է գտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։

Աստղիկ Մաթևոսյան