Անկում՝ ոսկե դարաշրջանից հետո. Մաս 3

osmanli-devletinde-devlet-yonetimi

Ավարտելով 18-րդ դարում Օսմանյան կայսրության վարած արտաքին քաղաքականության առավել ուշագրավ իրադարձությունների ուսումնասիրությունը՝ ներկայացնում ենք դարավերջին կայսրության քայլերը պետության դիրքը և հեղինակությունը պահպանելու, եվրոպական պետությունների հետ հարաբերությունների զարգացման, երկրի արդիականացման ուղղությամբ: Խոսքը մասնավորապես Սելիմ Երրորդ սուլթանի կառավարման ժամանակահատվածի մասին է:

…1774թ., երբ պարտված ու նվաստացած Կ. Պոլիսը կնքեց Քյուչյուկ-Կայնարջիի պայմանագիրը, մահացավ Մուստաֆա Երրորդը: 50 տարեկան հասակում գահ բարձրացավ վերջինիս եղբայրը` սուլթան Աբդուլ Համիդ I-ը (1774-1789թթ.):

1776-1779թթ. Օսմանյան կայսրությունը պատերազմեց նաև Պարսկաստանի հետ, որը գրավել էր Բարսան: 1779 թ. մարտի 21-ին հռչակագիր հրապարակվեց, որը հաստատեց Քյուչյուկ-Կայնարջիի համաձայնագիրը: Հռչակագիրն ընդլայնեց սուլթանի` որպես խալիֆի իրավունքները Ղրիմի թաթարների նկատմամբ, ինչպես նաև Բուգի և Դնեստրի միջև գտնվող այլ տարածքներ հանձնվեցին Օսմանյան կայսրությանը: Այս հռչակագրի ստորագրումից հետո Օսմանյան կայսրությունը չհրաժարվեց Ղրիմը վերադարձնելու մտքից: Իր այս փորձերը 1787թ. Ռուսաստանի հետ պատերազմի հանգեցրին:

Քյուչուկ-Կայնարջիի պայմանագրի ստորագրումից հետո մի քանի տարի անց Եկատերինա II կայսրուհին, որի մասին Հաբսբուրգների Իոսիֆ կայսրն ասել էր, որ «այդ կինն օժտված է սեփական բացառիկ կամքով, և ոչինչ նրան չի կարող կանգնեցնել», մտածում էր մասնատել Օսմանյան կայսրությունը: Երբ 1778թ. կայսրուհին ունեցավ երկրորդ թոռը, նրան անվանակոչեցին Կոնստանդին` հեռահար նպատակ ունենալով ապագայում նրան նստեցնել «բյուզանդական» գահին: Թագուհու այս ծրագրերն արժանանում էին ֆրանսիական լուսավորիչների և առաջավոր մարդկանց դրվատանքին: Վոլտերը, օրինակ, կարծում էր, որ կայսրուհու վարած պատերազմը Մուստաֆա Երրորդի հետ հանդիսանում էր պատերազմ բանականության և մոլեռանդության, քաղաքակրթության ու հետամնացության միջև: Իսկ Կ. Պոլսում ֆրանսիական դեսպան կոմս Դե Վոլնեյը մտածում էր, որ թուրքերը բոսֆորյան բարբարոսներ են, նրանք «անկիրթ և այլասերված մի ազգ են, և նրանց նկատմամբ հարձակումը անհրաժեշտ է պաշտպանել»:

1787թ. օգոստոսի 14-ին Բարձր Դուռը վերջնագիր ներկայացրեց Ռուսաստանին` պահանջելով անհապաղ հեռանալ Ղրիմից և Վրաստանից: Պատասխան չստանալով` 1787թ. օգոստոսի 24-ին Բարձր Դուռը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Ռուսական դեսպանը և նրա աշխատակիցները կրկին հայտնվեցին Յոթաշտարականի ամրոցի բանտում:

Պատերազմական գործողությունները ծավալվեցին ոչ ի օգուտ Օսմանյան կայսրության: Ռուսների տարած հաղթանակներն արագացրին Ավստրիայի մուտքը պատերազմ: 1788թ. Իոսիֆ կայսրը, խախտելով իր կնքած խաղաղության պայմանագիրը թուրքերի հետ, պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը` դրանով իսկ դաշնակցելով Ռուսաստանի հետ:

Սակայն 1789թ. ֆրանսիական մեծ հեղափոխության հետ կապված իրադարձությունների պատճառով Ավստրիան այլևս չէր մասնակցում ռազմական գործողություններին: Ռուսները շարունակելու էին պատերազմը միայնակ, առանց դաշնակցի: Նոր տարածքների կորուստը կանխելու նպատակով Բարձր Դուռը որոշեց ռուսներից հաշտություն խնդրել: Պետերբուրգն անմիջապես տվեց իր համաձայնությունը, քանի որ Եկատերինա Երկրորդը որոշել էր զբաղվել Լեհաստանի բաժանման և նրա նկատմամբ իր վերահսկողությունը սահմանելու հարցով:

1791թ. դեկտեմբերի 29-ին Յասսիում կնքվեց ռուս-թուրքական խաղաղության պայմանագիրը: Այն հաստատում էր 1774թ. Քյուչուկ-Կայնարջիի պայմանագրի բոլոր դրույթները և 1783թ. ակտը Ղրիմն ու Կուբանը Ռուսաստանին միացնելու մասին: Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր այսուհետև հավակնություն չներկայացնել Վրաստանի նկատմամբ և նրա հանդեպ չձեռնարկել թշնամական գործողություններ:

Ընդհանուր առմամբ, Օսմանյան կայսրության և նրա միջազգային դրության վրա մեծ և տևական ազդեցություն ունեցան նրա ծանր պարտությունները 1768-1774թթ. և 1787-1791թթ. ռուս-թուրքական պատերազմներում: Այս պատերազմների հետևանքով փոխվեց ուժերի փոխհարաբերակցությունը: Ռուսաստանը դարձավ սևծովյան հզոր գերտերություն:

Սուլթանը հաստատակամ էր Ռուսաստանի հետ 1789թ. սկսված պատերազմը շարունակելու մեջ: Նա հույս ուներ, որ իրեն կհաջողվի հետ վերադարձնել այն տարածքները, որոնք Օսմանյան կայսրությունը կորցրել էր 1768-1774թթ. պատերազմում: Սուլթանի երազանքը Ղրիմը վերադարձնելն էր: Սելիմը, գահ բարձրանալով, նամակ է գրում արքունի բարձրաստիճան անձանցից մեկին, որտեղ ասում է. «Ցանկությունս և աղոթքս եմ հղում առ Աստված, որ սուրը պատյան չմտնի այնքան ժամանակ, մինչև չհաղթենք թշնամուն: Լինել հաղթված կնշանակի լինել Օսմանյան կայսրության դատապարտված սուլթան»:

Սելիմ սուլթանի պատերազմական տրամադրությունը հոգևոր առաջնորդների սրտով էր, որոնց շրջանում նույնպես թևածում էին ռևանշիստական տրամադրություններ: Սակայն թույլ Օսմանյան կայսրությունը կրկին պարտություն կրեց և ստիպված եղավ կնքել Յասսիի հանրահայտ պայմանագիրը:

Նոր պարտությունը ևս մեկ ապացույց էր, որ երկիրը կարիք ուներ արմատական բարեփոխումների, որպեսզի հնարավորություն ստանա գոյատևել և զարգանալ նոր պայմաններում: Ինքը` Սելիմը, դեռ երիտասարդ տարիներից բարեփոխումների կողմնակից էր: Սելիմը նամակագրության մեջ էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ի հետ: Իր նամակներում Սելիմը հայտնում էր հոր մահից հետո օրեցօր վատթարացող Օսմանյան կայսրության առանց այդ էլ ծանր վիճակը և Լյուդովիկոսից խորհուրդ էր հարցնում այդ վիճակը մի փոքր բարելավելու համար: Նա ակնկալում էր Ֆրանսիայի օգնությունը Ռուսական կայսրության դեմ սպասվող պատերազմում: 1787թ. Սելիմի ստացած նամակում, որն առաջացրել էր վերջինիս դժգոհությունը, Լյուդովիկոսը խորհուրդ էր տալիս չսկսել պատերազմներ, մինչև չկարգավորվեին պետական գործերը, և չարդիականացվեր բանակը, և ռազմական բարեփոխումների անցկացմանն օգնելու համար խոստացավ ուղարկել 15 սպաների: Նա գրել էր ֆրանս-թուրքական բարեկամության կարևորության մասին, բայց խուսափել էր Ռուսաստանի հետ պատերազմի պարագայում ցուցաբերվելիք օգնության մասին խոսելուց: Իսահակ Բեյին Փարիզ ուղարկելով` Սելիմը հրահանգեց նրան ծանոթանալ Եվրոպայում տիրող իրավիճակին: Նրան հետաքրքրում էին եվրոպական երկրների փոխհարաբերությունները, ցամաքում և ծովում պատերազմ վարելու նոր եղանակները, ռազմական համագործակցությունը, նավաշինարարությունը և այլն:

Ավելի մեծ նշանակություն ուներ Վիեննայում Օսմանյան կայսրության արտակարգ դեսպանության ղեկավար Աբու Բաքր Ռաթիբ Էֆենդու հաշվետվությունը սուլթանին: Անմիջապես Ավստրիայի հետ 1791թ. օգոստոսի 4-ին անջատ հաշտություն կնքելուց հետո սուլթանը Վիեննա ուղարկեց արտակարգ դեսպանություն` Ռաթիբ էֆենդու գլխավորությամբ: Որպեսզի կատարի իր առջև դրված դիվանագիտական առաջադրանքը, Ռաթիբ էֆենդին պետք է խորությամբ ծանոթանար ավստրիական կայսրության կյանքի բոլոր ոլորտներին, նրա քաղաքական իստիտուտներին, ֆինանսական դրությանը, բանակին և այլն:

Ի դեմս Ռաթիբ էֆենդու` Սելիմ Երրորդը գտել էր մարդու, ում կարող էր հույս դնել: Ռաթիբ էֆենդին Սելիմի վստահելի անձն էր նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս դեռ գահաժառանգ էր: Ռաթիբ էֆենդու գլխավորած դեսպանությունն Ավստրիայում մնաց 227 օր: Վերադառնալով Կ. Պոլիս` նրանք սուլթանին ներկայացրին 500 էջից բաղկացած համընդգրկուն զեկույց: Զեկույցում Ռաթիբ էֆենդին ներկայացրել էր ավստրիական, պրուսական, ռուսական և ֆրանսիական բանակների կառուցվածքը, դրանց սպաների պատրաստման համակարգը, Ավստրիայի պետական կառուցվածքը և հարկային համակարգը, բանկերը, մաքսային ծառայությունը և այլն: Ռաթիբ էֆենդին ընդգծում էր, որ եվրոպական պետություններում ոչ թագավորը, ոչ գեներալները ոչ սպաները իրավունք չունեին ճնշել որևէ մեկին, եթե նա կատարում է թագավորական հրամանները, հետևում է կարգուկանոնին և ժամանակին վճարում հարկերը: Յուրաքանչյուրը կարող է ուտել, հագնվել, շարժվել այնպես, ինչպես ինքն է ուզում:

Ռաթիբ էֆենդուց առաջ ոչ մի թուրք այսպես չէր ներկայացրել եվրոպական կյանքը, չէր ընդգծել եվրոպական երկրների գերակայությունը թուրքականից: 1793-1798թթ. Սելիմ Երրորդը մի շարք միջոցառումներ ձեռնարկեց: Դրանցից մեկն արևմտյան պետությունների հետ հարաբերությունների և կապերի ընդլայնումն էր. թուրքական բարձրաստիճան հասարակությունը սկսել էր ծանոթանալ եվրոպական կարգին ու արժեքներին: Մշտական դիվանագիտական ներկայացուցչություններ բացվեցին Լոնդոնում (1793թ.), Վիեննայում (1794թ.), Բեռլինում (1795թ.). և Փարիզում (1796թ.): Սելիմ Երրորդի ժամանակ բացված դեսպանությունների գործունեությունը հաջողություն չունեցավ, և դրանք շուտով փակվեցին (1821թ.):

Սակայն Սելիմ Երրորդի բարեփոխումերին խանգարեցին արտաքին քաղաքականության խնդրիները, մասնավորապես՝ 1798-1802թթ. ֆրանս-թուրքական պատերազմը: Նապոլեոն Բոնապարտը որոշել էր վերականգնել Ֆրանսիայի տիրապետությունը Արևելքում: Նա այն կարծիքին էր, որ Օսմանյան կայսրությունը վաղուց սպառել է իրեն: Բոնապարտը որոշել էր գրավել Եգիպտոսը և այն դարձնել ֆրանսիական առևտրի Արևելքի դարպասը: Նա հասկացել էր, որ Եգիպտոսի նվաճումը և Հնդկաստան տանող ծովային ճանապարհների վրա հսկողություն սահմանելը մահացու կլիներ բրիտանական կայսրության համար: Հենց այդ նպատակով Բոնապարտը ձեռնամուխ եղավ դրա նվաճմանը:

Այդ լուրը ցնցեց սուլթանին և թուրքական արքունիքին, քանի որ Ֆրանսիան հարյուրամյակներ շարունակ հանդիսացել էր Օսմանյան կայսրության բարեկամը: Քանի որ Եգիպտոսն Օսմանյան կայսրության նահանգներից մեկն էր, փաստացի, Ֆրանսիան պատերազմի մեջ էր մտել իր հետ: Սակայն Սելիմ Երրորդը որոշեց պատերազմ հայտարարել Ֆրանսիային միայն այն բանից հետո, երբ նա ստացավ Ռուսաստանի և Անգլիայի աջակցության խոստումը: 1798թ. սեպտեմբերի 12-ին Բարձր Դուռը հրապարակեց սուլթանական հրամանագիր Ֆրանսիային պատերազմ հայտարարելու մասին: 1798թ. հոկտեմբեր-նոյեմբերին ռուս-թուրքական նավատորմների ուժերով ֆրանսիացիներից ազատագրվեցին մի շարք կղզիներ: 1799թ. հունվարին դաշնակցային պայմանագրեր կնքվեցին Օսմանյան կայսրության, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև: Պետերբուրգն ու Լոնդոնն Օսմանյան կայսրությանը տարածքային ամբողջականության երաշխիքներ էին տալիս: Ի վերջո ստեղծվեց հակաֆրանսիական դաշինք, որին անդամակցում էին Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ավստրիան, Նեապոլիտանական թագավորությունը և Օսմանյան կայսրությունը:

1802թ. հունսիս 25-ին Ամյենում Օսմանյան կայսրության և Ֆրանսիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր: Օսմանյան կայսրությունը հետ էր ստանում պատերազմի ժամանակ Եգիպտոսում ֆրանսիացիների գրաված բոլոր հողերը: Բարձր Դուռը ներում էր շնորհում ֆրանսիացի բոլոր գերիներին և ֆրանսիացիներին էր վերադարձնում առգրավված գույքը: Ֆրանսիական կապիտուլյացիաները կրկին մտնում էին ուժի մեջ: Ֆրանսիական հպատակներին վերադարձվում էին այն բոլոր իրավունքներն ու արտոնությունները, որոնք իրենք նախկինում ձեռք էին բերել սուլթաններից: Բարձր Դռան կողմից ֆրանսիացիները ճնշվում էին որպես առավել բարենպաստ կարգավիճակ ունեցող ազգություն: Սևծովյան ավազանում ֆրանսիացիներին հատկացվում էր լրացուցիչ արտոնություններ և իրավունքներ:

Ամյենի պայմանագրով օսմանյան կայսրությունը մեծ զիջումների էր գնում հօգուտ Ֆրանսիայի: Առհասարակ պետք է նշել, որ երեքամյա դադարից հետո ֆրանսիական ազդեցությունը դարձյալ գերակայեց կայսրությունում: Հետագայում Ֆրանսիայի և Օսմանյան կայսրության միջև հարաբերություններն էլ ավելի սերտացան: Ավելին` Սուլթանը Նապոլեոնին ճանաչեց որպես կայսր և նրան շնորհեց «փադիշահի» տիտղոս: Այս քայլին ի պատասխան` Նապոլեոնը, իր դեսպանին ուղարկելով Կ. Պոլիս, հանձնարարեց սուլթանին փոխանցել հետևյալ խոսքերը. «Այն, ինչ տեղի կունենա օսմանցիների հետ, լինի դա երջանիկ կամ դժբախտ դեպք, երջանիկ կամ դժբախտ կլինի նաև ֆրանսիայի համար»:

1806թ. աշնանը սկսած ռուս-թուրքական պատերազմը զգալիորեն թուլացրեց սուլթանի և վերջինիս կողմնակիցների դիրքերը: Ենիչերիները կրկին ապստամբեցին, և ահաբեկված Սելիմ III-ը 1806թ. մայիսի 29-ին ստիպված էր հրաժարվել գահից` այն փոխանցելով Մուստաֆա IV-ին:

Հակաիշխանական խմբավորումների և ենիչերիների ապստամբության պատճառով ջուրը լցվեցին Սելիմ Երրորդի բոլոր ջանքերը` ուղղված երկիրը արդիականացնելուն, կայսրության անկումը կասեցնելուն և այն վերստին հզորացնելուն: Օսմանյան կայսրության պատմության մեջ ավարտվեց ևս մեկ դարաշրջան` իր վերելքներով և վայրէջքներով: Այն ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ Օսմանյան կայսրությունը բռնել էր շարունակական թուլացման ուղին:

Մելինե Հայրապետյան

Աղբյուրները՝

Лорд Кинросс, “Рассвет и упадок Османской империй”, Москва, 1999, էջ 463

Վ. Բայբուրդյան, «Օսմանյան կայսրություն», Երևան, 2011, էջ 356

А. Д. Нoвичев, “История Турции” тоm 2, Санкт Петербург, 1968, էջ 17-18