Ազատ տնտեսական գոտիների դասակարգումը

ky-islands

Ազատ տնտեսական գոտիների ֆունկցիոնալ կառուցվածքը բազմազան է: Հաճախ դժվարություններ են առաջանում այս կամ այն ԱՏԳ-ն որևէ խմբում դասակարգելիս, քանի որ դրանք ունեն ընդհանուր գծեր:

Գոտիների դասկարգման հիմքում ընկած են այնպիսի գործոններ, ինչպիսիք են շուկայի չափը և աշխարհագրական դիրքը, ռեսուրսների առկայությունը և դրանք իրացնելու պայմանները, տարածքի «ազգային պատկանելությունը», պետության կողմից թույլատրված տնտեսական գործունեության տեսակը և այլն: ԱՏԳ-ների ստեղծման հիմքում կա երկու մոտեցում` տարածքային և ֆունկցիոնալ: Տարածքայինն իրենից ներկայացնում է հարմարեցված տարածք, որտեղ բոլոր ռեզիդենտները կարող են օգտվել արտոնյալ ռեժիմից: Իսկ ֆունկցիոնալը ենթադրում է տարածք, որը, անկախ գտնվելու վայրից, կիրառվում է որոշակի տեսակի գործունեության համար:

Տնտեսական գործունեություն իրականացնելու տեսակից կախված՝ ԱՏԳ-ները դասակարգվում են` առևտրային, արդյունաբերաարտադրական, գիտատեխնոլոգիական, սպասարկման և համալիր ԱՏԳ-ներ:

Առևտրային գոտիներն ամենապարզ գոտիներն են և համարվում են ազատ տնտեսական գոտիների առաջին սերունդը: Այս գոտիներում արտասահմանյան ծագում ունեցող ապրանքների և արտադրատեսակների առքուվաճառքը, ինչպես նաև պահպանումը կատարվում է հնարավորին չափ նվազեցված հարկերով և տուրքերով (որոշ դեպքերում զրոյացված են հարկերը): Այս գոտիները ստեղծվում են համաշխարհային շուկան սպասարկելու համար և, որքան էլ ազատ լինի գոտին, չի բացառվում պետության կողմից միջամտությունը հանցավոր գործունեություններ կանխելու նպատակով:

Այս գոտիներն առաջացել են 1950-ականների Եվրոպայում և մեծ տարածում գտել զարգացող երկրների շրջանում: Օրինակ, կարելի է առանձնացնել Պանամայի Կոլոն ազատ գոտին, որը ստեղծվել է 1948 թվականին և բավականին արագ ընդլայնվել: Գոտու տարածք ապրանք ներմուծողներն ազատվում էին բոլոր տեսակի վճարումներից, իսկ առևտրային ֆիրմաների եկամտահարկը 90 % -ով զեղչվում էր:

Առևտրային գոտիները նախատեսված են ոչ միայն ապրանքների առքուվաճառքի և պահպանման, այլև ապրանքների սպառողական հատկանիշները բարելավող որոշ գործողությունների կիրառման համար: Դրանցից են ազատ մաքսային գոտիները: Դրանք պահեստներ են և նախատեսված են ապրանքների պահպանման, ինչպես նաև փաթեթավորման և որոշ վերամշակման քայլերի իրականացման համար: Այս գոտիների շարքին են դասվում «Duty-free» խանութները` մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոններն օդանավակայաններում և նավահանգիստներում: Դրանք նաև եկամուտ են ստանում ապրանքների պահպանման համար և ցուցահանդեսների ու այլ միջոցառումների համար տարածքներ տրամադրելով: Որոշ նավահանգիստներում իրականացվում է նաև նավերի տեխնիկական սպասարկում և վերանորոգում: Այժմ այս գոտիներն ունեն նաև արտադրական գործառույթ, ընդ որում արտադրված ապրանքները գլխավորապես ներկրվում են ներքին շուկա:

Արդյունաբերաարտադրական գոտիները համարվում են ազատ տնտեսական գոտիների երկրորդ սերունդը և առաջացել են ավելի ուշ՝ ժամանակի ընթացքում ազատ առևտրային գոտիների էվոլյուցիայի հետևանքով, երբ մարդիկ հասկացան, որ կարելի է բացի ապրանքներից, ազատ գոտի բերել նաև կապիտալ և արտադրություն սկսել: Սրանք հիմնականում ստեղծվում են այնպիսի տարածքներում, որտեղ կա հատուկ մաքսային ռեժիմ: Այդ գոտիներում ստեղծվում են ընկերություններ ու կազմակերպություններ, որոնք ներմուծում են կիսաֆաբրիկատ հումք և վերամշակման արդյունքում ստանում են պատրաստի արտադրանք, որը կա՛մ մատակարարվում է ներքին շուկա, կա՛մ էլ արտահանվում: Այս տիպի գոտիների առավելություններից է նաև այն, որ այստեղ զարգանում են արտադրության հեռանկարային ճյուղերը (նաև տնտեսապես թույլ վայրերում), զարգացնելով արտահանմանն ուղղված արտադրությունը, ներգրավվում են արտասահմանյան արժույթ և/կամ ներքին ներդրումներ: Դա թույլ է տալիս առավել ռացիոնալ և արդյունավետ օգտագործել հումքը, հասարակության մի մասին ապահովել զբաղվածությամբ, պատրաստել նոր մասնագետներ, ինչը բարձրացնում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:

Այս գոտիներում արտադրության կազմակերպման համար ներկրված սարքավորումները և հումքը չեն հարկվում: Կա նաև արտոնյալ վարկ ստանալու ազատ իրավունք: Հողի և այլ վարձակալությունների գումարները հաշվարկվում են արտոնյալ սակագներով: Տարածքից կախված կարող են լինել նաև այլ արտոնություններ: Օրինակ, Թաիլանդում արտոնություններ ստանալու համար պետք է չվնասել շրջակա միջավայրը և արտադրել այնպիսի արտադրանք, որը նախկինում չի արտադրվել:

Այսպիսի գոտիներ առաջին անգամ ստեղծվել են Մեծ Բրիտանիայում 1980- ականներին: Բրիտանական կառավարությունն ընդունել է մի որոշում, որով խթանվել է տնտեսապես թույլ զարգացած հատվածների զարգացումը: Նրանք ստեղծել են ձեռնարկատիրական գոտիներ՝ կապիտալի արտահոսքը զսպելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով, որի համար կառավարությունն այդ տարածքում գործող, ինչպես նաև նոր ստեղծված ձեռնարկություններին ազատել է հարկերից: Վերջինս նաև նվազագույնի է հասցրել նոր ստեղծվող ձեռնարկության գրանցման համար անհրաժեշտ պայմաններն ու փաստաթղթերը: Հետագայում այս գոտիները տարածում գտան ԱՄՆ-ում և Եվրոպայում:

Արդյունաբերաարտադրական գոտիները ստեղծվում են ավելի շատ տնտեսապես թույլ զարգացած հատվածների (երկրների) զարգացման համար:

Գիտատեխնոլոգիական գոտիներն ազատ գոտիների երրորդ սերունդն են: Այս գոտիներն իրենց մեջ ներառում են տեխնոպոլիսները, տեխնոպարկերը և ինովացիոն կենտրոնները: Այս գոտիները հիմնականում ֆինանսավորվում կամ ստեղծվում են պետությունների կողմից: Դրանք իրենց տարածքում ընդգրկում են գիտական և արտադրատեխնոլոգիական գործունեություն իրականացնող հզոր ֆիրմաներ: Ինովացիոն կենտրոնը համակարգ է՝ նախատեսված նոր ստեղծված ու փոքր ֆիրմաների համար: Տեխնոպարկերը կոմպլեքսներ են, որոնք իրենց մեջ ընդգրկում են գիտահետազոտական ինստիտուտներ, արդյունաբերական օբյեկտներ, բիզնես կենտրոններ, ցուցադրության հրապարակներ, ուսումնական կենտրոններ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ, բնակավայրեր և թիկնապահներ: Ըստ տեխնոպարկերի միջազգային ասոցիացիայի` տեխնոպարկը կազմակերպություն է, որը ղեկավարվում է մասնագետների կողմից, որոնց հիմնական նպատակն ինովացիոն տեխնոլոգիաների խթանման հաշվին հասարակության կենսամակարդակի բարձրացումն է, ինչպես նաև ինովացիոն բիզնեսի և գիտական կազմակերպությունների մրցունակության ավելացումը: Որպես այդպիսին առաջին անգամ տեխնոպարկեր հիմնադրվել են ԱՄՆ-ում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ստենֆորդի համալսարանի ուսանողների թիվը զգալի աճեց և նկատելի դարձան ֆինանսավորման խնդիրները: Համալսարանն ուներ բավականին մեծ տարածք՝ 32 կմ2, սակայն չէր կարող վաճառել այն: Հաշվարկելով սահմանափակումները` ճարտարագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ֆրեդերիկ Տերմանը ղեկավարությանն առաջարկեց տարածքի հողը երկարաժամկետ հանձնել վարձակալության: Համալսարանը սկսեց շահույթ ստանալ, իսկ կազմակերպությունները կարող էին օգտվել լիզինգից: Այս տարածքում վարձակալները կարող էին հանդես գալ միայն որպես բարձր տեխնոլոգիաների ընկերություններ, ինչը հետագայում լուծեց նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների խնդիրը: Պրոֆեսոր Տերմանի գաղափարը և դրա իրագործումը դարձան հանրահայտ «Սիլիկոնյան հովտի» սկիզբը: «Սիլիկոնյան հովտն» ամենահայտնի տեխնոպարկերից մեկն է և ամենամեծն ԱՄՆ-ում, որը տալիս է ամբողջ աշխարհում տարեկան համակարգչային արտադրության 20 % -ը:

ԱՄՆ-ի տեխնոպարկերի նմանությամբ 70-ականներին այդպիսիք ստեղծվեցին նաև Եվրոպայում, իսկ ավելի ուշ` 1990 թվականին նաև Ռուսաստանում:

Տեխնոպոլիսները գիտաարտադրական կոմպլեքսներ են, որոնք ստեղծվում են տեխնոլոգիական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների փոխգործունեության ու աջակցության միջոցով նոր առաջատար արտադրանք ստեղծելու համար:

Սպասարկման գոտիները վերաբերում են այն տարածքներին, որտեղ ծավալվող գործունեությունը կապված է սպասարկման ոլորտի հետ (օրինակ` ֆինանսատնտեսական, ապահովագրական, զբոսաշրջային և այլ տիպի ծառայություններ մատուցող ոլորտներ):

Սպասարկման գոտիների թվին են դասվում նաև օֆշորները: Օֆշորները տարածքներ են կամ երկրներ, որոնց տարածքում օտարերկրյա կազմակերպությունների համար գործում են արտոնյալ` շատ ցածր (հաճախ զրոյական) հարկային վճարներ, կառավարման և հաշվառման դեպքում գործում են պարզագույն պայմաններ և հնարավորություն կա թաքցնել իրական տիրոջը: Չնայած առավելություններին՝ այս արտոնյալ պայմանները պարարտ հող են նաև տարբեր տեսակի հանցագործությունների, մեքենայությունների, հանցավոր փողերի լվացման և այլ խարդախությունների համար:

Օֆշորային ընկերությունը կարող է նաև ընտրել այն մեթոդը, որով նվազեցնում է հարկային պարտավորությունները: Օֆշորները բավականին երկար ժամանակահատվածով ապահովագրվում են անբարենպաստ փոփոխություններից: Այստեղ հաշվետվության միակ ձևը տարեկան ֆինանսական հաշվետվությունն է, սակայն հարկային և մաքսային ծառայությունները միշտ ունենում են վերահսկողության լծակներ: Բաժնետոմսերի իրական տերերին կարելի է բացահայտել միայն բացառիկ դեպքերում:

Այժմ օֆշորային գոտիներ կան աշխարհի տարբեր երկրներում, որոնցից կարելի է ընդգծել մի քանի խոշորներիn` Լիխտենշտեյն, Պանամա, Մոնակո, Կիպրոս, Հոնկոնգ, Սինգապուր:

Համալիր գոտիներ: Սովորաբար կոնկրետ մի գործառույթով զբաղվող ազատ գոտի գրեթե չի լինում. դրանք հիմնականում լինում են տարբեր գործառություններ կատարող, այլ կերպ ասած` համալիր գոտիներ: Դրա շնորհիվ այստեղ ներգրավվում են տարբեր կողմնորոշման մեծ թվով ներդրողներ: Ելնելով գոտու սահմաններից և գործունեությունից` գոտիները լինում են ինտեգրացիոն և անկլավային: Անկլավային կամ ներփակված գոտիներն աշխատում են հիմնականում արտահանման վրա` նպատակ հետապնդելով ստանալ ազատ փոխարկելի արժույթներով եկամուտներ: Սա բնորոշ է հիմնականում տնտեսապես թույլ զարգացած հատվածներին: Ինտեգրացիոն գոտիները կապված են ազգային ու համաշխարհային տնտեսության հետ: Բնորոշ է տնտեսապես զարգացած հատվածներին: Ինտեգրացիոն գոտիներում գործում է տվյալ երկրի ներսում ընդունված միասնականացված տնտեսական և իրավական ռեժիմ:

Ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրից կախված դրանք լինում են ազգային և միջազգային: Ազգային ԱՏԳ-ները գտնվում են մեկ պետության մեջ և գործում ըստ այդ երկրի օրենսդրության, իսկ միջազգային ազատ գոտիները գտնվում են մի քանի պետությունների սահմաններում և գործում են համաձայնեցված օրենքներով:

Տնտեսական խմբավորումները ժամանակի ընթացքում զարգանալով ստեղծում են ավելի կայուն միավորումներ, ինչպիսիք են մաքսային միավորումները և ընդհանուր շուկան: Մաքսային միությունը ենթադրում է մի համագործակցություն, որի դեպքում անդամ երկրների միջև հանվում են բոլոր տեսակի սահմանապակումները և հաստատվում է միևնույն հարկային սակագները ոչ անդամ պետությունների հետ: Հանվում են նաև անդամ երկրների սահմանների մաքսային ծառայության կետերը:

Միջազգային ազատ տնտեսական գոտիների հաջորդ փուլն ընդհանուր շուկան է, որի դեպքում տեղի է ունենում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ և, որ ամենակարևորն է՝ ընդունվում է միևնույն արժույթը: Միակ միավորումը տնտեսության պատմության մեջ, որն անցել է զարգացման բոլոր փուլերը, Եվրամիությունն է, որը հիմնադրվել է 1992 թվականին:

Սեդրակ Իկիլիկյան