Ազատ տնտեսական գոտիների գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում

69143_b

Զարգացող երկրներում ազատ տնտեսական գոտիների ստեղծումն ու զարգացումն ունի մեծ նշանակություն, ինչպես նաև ունի որոշակի առանձնահատկություններ: Առանձնացնենք առանձնահատկություններից երեքը.

  • Արտադրա-արտահանման գոտիների զարգացվածություն, ինչը պայմանավորված է նրանով, որ զարգացող երկրներում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակներն են երկրում արդյունաբերական զարգացումը, օտարերկյա կապիտալի և ժամակակակից բարձր տեխնոլոգիաների ներգրավումը: Ուստի, ԱՏԳ-ները դառնում են որոշակի ժամանակահատվածում տնտեսական աճի գլխավոր նախապայմանը:
  • Գործունեության ուղղվածությունը դեպի արտաքին շուկա: Դա պայմանավորված է նրանով, որ միայն արտահանումը մեծացնելով նրանք կարող են լուծել իրենց առջև դրված խնդիրները: ՀՀ-ն ունի նման խնդիր կապված արտահանման հետ, ուստի՝ անհրաժեշտ է արտահանումը խթանող միջոցներ ձեռնարկել:
  • Ներգրավվող կապիտալի կառուցվածք: Եթե զարգացած երկրներում դա հիմնականում ազգային մասնավոր կապիտալն է, ապա զարգացող երկրներում՝ օտարերկյա մասնավոր կապիտալը: ԱՏԳ-ի ստեղծմանն ուղղված միջոցների 48-ից 57%-ն օտարերկյա ներդրողների ֆինանսավորումն է: Սա վկայում է այն մասին, որ նման երկրներում ներդրումային միջավայրն առավել բարենպաստ է օտարերկյա ներդրողների համար: Շատ անգամ ներդրումները կատարվում են այն պայմանով, որ արտադրված արտադրանքի 90%-ը կարտահանվի: Ընդ որում, գերապատվությունը տրվում է նյութական արտադրությանը:

Ինչպես մյուս զարգացող երկրներում, այնպես էլ Հայաստանում ստեղծվում և զարգանում են ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ): Այժմ ՀՀ-ում գործում է 2 ազատ տնտեսական գոտի՝ «Ալյանս»-ը և «Մերիդիան»-ը: Այս գոտիներում գրանցված են 15 ընկերություններ, որոնցից միայն 9-ը պատկանում են «Ալյանս»-ին: «Ալյանս»-ն առաջին ազատ տնտեսական գոտին է, որը ստեղծվել է 2013 թվականի հուլիսի 18-ին՝ Կառավարության որոշմամբ, «Ռաօ Մարս» ՓԲԸ-ի և «ԵՐՄՄԳՀՀ» ՓԲԸ-ի տարածքներում, որի կազմակերպիչ է ճանաչվել «Սիտրոնիկս» ՓԲԸ-ն: Վերոհիշյալ տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտին կողմնորոշված է բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման վրա: Ալյանսը հարթակ է ձեռնարկատերերի համար, որտեղ նրանք կարող են զբաղվել էլեկտրոնիկայի, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի աշխատանքով:

Դիտարկենք նաև ՀՀ Կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի տարածքում ստեղծված 2-րդ ազատ տնտեսական գոտին՝ «Մերիդիան»-ը: Այն ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության եզակի կլաստեր է Երևանում:

Դրա նպատակներն են՝

  • ՀՀ-ում ստեղծել և զարգացնել ոսկերչական կլաստերը,
  • Հայաստան ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ և աշխարհում հայտնի ապրանքանիշեր,
  • արտահանման ծավալների ավելացման շնորհիվ մեծացնել ազգային շահույթը,
  • պատրաստել նոր սերնդի ոսկերիչ մասնագետներ,
  • ներմուծել նոր տեխնոլոգիաներ՝ Հայաստանը դարձնելով ոսկեգործական արդյունաբերության միջազգային կենտրոն:

ԱՏԳ-ն ունի նաև մի շարք առավելություններ, որոնցից են՝ 

  • կապիտալի, շահույթի և շահաբաժինների ազատ տեղաշարժը,
  • ցանկացած արտասահմանյան արժույթի հետ աշխատելու հնարավորությունը,
  • ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիրը՝ միլիոնանոց շուկայի մուտքի հնարավորությունը,
  • GSP+ առևտրի ռեժիմը Եվրամիության երկրների հետ,
  • GSP առևտրի ռեժիմն ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ,
  • Հայաստանի՝ ԱՀԿ անդամ լինելը:

Ազատ տնտեսական գոտիների գործունեությունն ապահովելու համար ստեղծվել է համապատասխան իրավական դաշտ: Այսպես, հիմնական կարգավորող փաստաթուղթ է հանդիսանում 2011 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը: Օրենքը բաղկացած է 17 հոդվածից: Հոդված 3-ում տրված է «ԱՏԳ կազմակերպիչ» և «ԱՏԳ շահագործող» հասկացությունների բացատրությունը, ըստ որի՝ կազմակերպիչը ՀՀ Կառավարության կողմից ընտրված այն իրավաբանական անձն է, որն ապահովում է ԱՏԳ գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և ծառայությունների մատուցումը:

Հայաստանն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների համար: Այս ամենն այն բանի ապացույցն է, որ ստեղծվում է բարենպաստ գործարար միջավայր, մշակվում և իրականացվում են Հայաստանի Կառավարության տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումների ներհոսքը Հայաստան: 2014 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ԱՏԳ-ում արդեն գործունեության համար տարածք էին ամրագրել 10 ոսկերչական ընկերություններ, որոնք կապահովեին 170 աշխատատեղ: Այդ ընկերություններն էին GDM-ն (ՌԴ), Bin Vali-ն (ԱՄԷ), Art Design-ը (ԱՄՆ), Alex-ը (Ալժիր):

Այսպիսով, ազատ տնտեսական գոտիների նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար չափազանց կարևոր է: ՀՀ Կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է արտահանումը խթանելուն: Դրա մի մասն է կազմում նաև ԱՏԳ-ի ստեղծումը, որոնց հանդեպ արտաքին շուկան և միջազգային ընկերությունները մեծ հետաքրքրություն ունեն:

Ինչպես դառնալ ԱՏԳ-ի շահագործող (ռեզիդենտ)

2011 թվականի մայիսին ԱՏԳ-ի մասին ընդունված օրենքի համաձայն՝ ԱՏԳ շահագործող կարող են հանդիսանալ ինչպես ՀՀ-ում գրանցված անհատ ձեռներեցները, այնպես էլ օտարերկրյա, որոնք ձեռնարկատիրական գործունեություն կարող են ծավալել միայն ու միայն ԱՏԳ-ում: Այն անձինք, ովքեր ուզում են դառնալ ԱՏԳ-ի շահագործող (ռեզինդենտ), պետք է թույլտվություն ստանան հանձնաժողովի կողմից, որը ձևավորում է Կառավարությունը: Հայտատում այն մարդը, ով ուզում է դառնալ ԱՏԳ-ի շահագործող, ներկայացնում է իր գործարարական ծրագիրը, որի գնահատման արդյունքում որոշվում է՝ նա ԱՏԳ-ի ռեզիդենտ է դառնում, թե՝ ոչ:

Ազատ տնտեսական գոտում չեն կարող իրականացվել հետևյալ գործունեության տեսակները.

1. ռադիոակտիվ նյութերի արտադրություն և առևտուր,

2. զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրություն և առևտուր,

3. թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծում, արտադրություն և առևտուր առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության:

Ճիշտ է, շահագործողների գործառույթները որոշակի չափով սահմանափակված են (հաշվի առնելով այն, որ կան արգելքներ, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ առևտուր իրականցնելու համատեքստում), բայց նրանք ունեն որոշակի արտոնություններ, որոնք կարող է ունենալ ԱՏԳ-ի ռեզիդենտը:

Որոնք են ԱՏԳ-ի շահագործողի արտոնությունները

Ըստ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 11–րդ հոդվածի՝ շահագործողներն ազատվում են՝

  • շահութահարկից և եկամտահարկից (գոտու տարածքում գտնվող ԱՏԳ-ի ռեզիդենտին պատկանող շենք, շինություններն ազատված են գույքահարկից),
  • ավելացված արժեքի հարկից,
  • ներմուծման ու արտահանման մաքսատուրքից:

Ինչպես կարող է լուծարվել ԱՏԳ-ն

Եթե լրացել է սահմանված ժամկետը և Կառավարությունը ժամկետը երկարաձգելու մասին որոշում չի կայացրել, ապա որոշումը կայացնելուց 1 տարի հետո սկսվում է լուծարման գործընթացը: ԱՏԳ-ն կարող է նաև լուծարվել վաղաժամկետ, եթե նախապես փոխհատուցել են շահագործողի և կառավարչի (այն մարդն է, ով զբաղվում է ԱՏԳ-ի կառուցապատմամբ, միջազգային ճանաչմամբ, ինչպես նաև Կառավարության կողմից ընտված շահագործողների հետ պայմանագրեր կնքելով) կողմից կրած վնասները:

Ազատ տնտեսական գոտու խնդիրներն ու նպատակները

ՀՀ տնտեսության համար այժմ կարևորագույն խնդիրներից է օտարերկյա կապիտալի ներգրավումը, արտադրական հզորությունների օգտագործումը, արտաքին տնտեսական կապերի ակտիվացումը, որոնց հասնելու ճանապարհին կարևոր դեր են խաղում ԱՏԳ-ները: Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակներն են՝

  • խթանել օտարերկրյա ուղղակի ներդրումները,
  • զարգացնել նոր և առաջադեմ տեխնոլոգիաներ,
  • աշխատատեղերի բացում,
  • մեծացնել արտահանումը ՀՀ-ից,
  • նպաստել կայուն տնտեսական զարգացմանը:

Ովքե՞ր կարող են նախաձեռնել ԱՏԳ ստեղծումը Հայաստանի Հանրապետության տարածքում

  • Կառավարություն.
  1. Կառավարությունը կայացնում է որոշում ԱՏԳ ստեղծելու վերաբերյալ,
  2. ընտրում է կազմակերպիչ «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիման վրա,
  3. իրականացնում է հսկողություն ԱՏԳ կազմակերպման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:
  • Մասնավոր նախաձեռնող.
  1. Կառավարությունը հավանություն է տալիս ԱՏԳ ստեղծելու նախաձեռնությանը, նաև ճանաչում է տվյալ մասնավոր անձին՝ որպես ԱՏԳ կազմակերպիչ:

Հետևաբար կողմերը, որոնք ներգրավված են ԱՏԳ-ում, երեքն են՝ Կառավարություն, կազմակերպիչ, շահագործող:

ԱՏԳ-ն և արտաքին շուկան

ՀՀ-ն ունի նաև որոշակի արտոնություններ արտաքին շուկայում: ՀՀ-ն Համաշխարհային Առևտրի Կազմակերպության անդամ է: Ազատ առևտրի պայմանագիրն ԱՊՀ երկրերի հետ, բացառությամբ Ուզբեկստանի և Ադրբեջանի, նշանակում է 0% մաքսային հարկ դեպի ԱՊՀ շուկա: Հայաստանն ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ համագործակցում է «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» շրջանակներում: ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերություններում գործում է GSP+ համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ին շուրջ 6400 հայկական ծագման ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերի դրույքաչափերով:

Աղբյուրները՝ այստեղ այստեղ,  այստեղ,  այստեղ,  այստեղ,  այստեղ, այստեղ և  այստեղ

Անուշ Անդրեասյան

Նարինե Մակարյան