Խոսքի ազատությունը քաղաքացիական իրավունքում. վիրավորանք և զրպարտություն

kdk5mhy7-1461250873

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակման մեջ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ հետազոտական-վերլուծական աշխատանքների շրջանակներում «Քաղաքացիական գիտակցություն» ազատաական ՀԿ Իրավական ակումբի առաջին հոդվածաշարը նվիրված է խոսքի (արտահայտման) ազատության իրավունքին, որի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է խոսքի ազատությունը սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական, միջազգային իրավունքի տեսանկյունից:

Հոդվածաշարը հիմնված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային իրավունքի, ներպետական և միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա իրավաբանական գրականության վրա:

Հոդվածաշարի առաջին («Խոսքի ազատությունը որպես սահմանադրական իրավունք») մասին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Սույն հոդվածի շրջանակներում կներկայացնենք խոսքի ազատության քաղաքացիաիրավական կարգավորումները, մասնավորապես` վիրավորանքը և զրպարտությունը:

1998 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվում էր պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության կապակցությամբ առաջացող հարաբերությունները: Սակայն օրենսգիրքը անդրադարձ չէր կատարում վիրավորանք և զրպարտություն հասկացություններին: Վիրավորանքին և զրպարտությանն առնչվող հարաբերությունները կրում էին քրեաիրավական բնույթ, այսինքն` վիրավորանքը և զրպարտությունը համարվում էին քրեական հանցագործություններ, որոնց համար նախատեսվում էր քրեական պատասխանատվություն:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը տալիս էր զրպարտության հասկացությունը, որն ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելն էր, որը պատժվում էր տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: 2-րդ մասը սահմանում էր նույն արարքը հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով կատարելը, որը պատժվում էր տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում էր վիրավորանքի հասկացությունը, որը ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելն էր, որը պատժվում էր տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով: Իսկ 2-րդ մասը սահմանում էր նույն արարքի կատարումը հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով, որը պատժվում էր տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577 բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 2010 թվականի մայիսի 18-ի փոփոխություններով և լրացումներով զրպարտությունը և վիրավորանքն ապաքրեականացվեցին և տեղափոխվեցին քաղաքացիաիրավական կարգավորումների դաշտ: Միևնույն ժամանակ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներում:

Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում էր խոսքի ազատության կարևորությունից որպես ժողովրդավարական հասարակությունում մարդու հիմնարար իրավունք և ազատություն: Փոփոխությունները հիմնավորվում էին նրանով, որ խոսքի ազատության որևէ դրսևորման կապակցությամբ զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված քրեական պատասխանատվությունը միջազգային ժողովրդավարական չափանիշներով չի համարվում համաչափ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից: Քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է նաև նրա մահից հետո: Եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը նախատեսում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները: Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Վերոգրյալից հետևում է, որ զրպարտությանը բնորոշ հատկանիշներն են.

ա) իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ ներկայացնելը,

գ) դրանք հրապարակայնորեն ներկայացնելը,

դ) անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորելը:

Սահմանադրական դատարանն իր 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման (այսուհետ` ՍԴ որոշում) մեջ արտահայտվել է այն իրավական դիրքորոշումը, որ արատավորելու նպատակը ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ:

Ինչ վերաբերում է հրապարակային արտահայտությանը, ապա Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այն հանրության առջև, առնվազն երրորդ անձի ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելու համար կատարված արտահայտությունն է:

Փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`

1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.

2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.

3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:

Անդրադառնալով «գերակա հանրային շահ» հասկացությանը, 2012 թվականի ապրիլի 27-ին Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ (ԵԿԴ/2293/02/10) գործով ՀՀ վճռաբեկ դատարանը իրավացիորեն նշել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները ոչ միայն պետք է փաստական հանգամանքները գնահատեն ըստ համընդհանուր երեք թեստերի (արդյո՞ք տեղեկատվությունը արատավորող է, արդյո՞ք առկա է արատավորելու նպատակ, արդյո՞ք տեղեկատվությունը տարածվել է հրապարակային ձևով), այլ նաև «յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը:

Իսկ սահմանադրական դատարանը «գերակա հանրային շահ», ինչպես նաև տվյալների «հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացում» եզրույթների իրավական որոշակիության վերաբերյալ գտնում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, կախված գործի հանգամանքներից, պետք է որոշվի, թե արդյոք հասարակության տեղեկացված լինելու շահը գերակա է եղել տեղեկություն հայտնած անձի վրա դրված պարտականության ու պատասխանատվության համեմատ:

Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

  • հրապարակայնորեն ներողություն խնդրել,
  • եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը,
  • մեկ միլիոն ՀՀ դրամի չափով վճարել փոխհատուցում:

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

  • եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը,
  • երկու միլիոն ՀՀ դրամի չափով վճարել փոխհատուցում,

Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի քննարկվող 1087.1-րդ հոդվածում փոխհատուցման և գույքային վնասի հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ

  • փոխհատուցման պահանջն անձի՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից դատական կարգով պաշտպանվելու՝ օրենքով նախատեսված միջոց է,
  • գույքային վնասը՝ վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձի կրած նյութական բնույթի զրկանքներն են, կորուստը, այդ թվում՝ դատական ծախսերը, խախտված իրավունքների վերականգնման համար կատարված ողջամիտ ծախսերը, որոնք համապատասխան փաստերով դատարանում ենթակա են հիմնավորման և վերականգնման,
  • փոխհատուցման չափը որոշում է դատարանը՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, այդ թվում՝ վիրավորանքի կամ զրպարտության եղանակից և տարածման շրջանակից, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից,
  • փոխհատուցման, ինչպես և՝ գույքային վնասի հատուցման հարց դատարանը քննում է բացառապես այն անձի պահանջով, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է,
  • փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի չի առնում վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձին պատճառված գույքային վնասը:

Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

ՍԴ որոշման համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1-րդ հոդվածների դրույթների` իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան կիրառումը երաշխավորելու համար անհրաժեշտ է իրավակիրառական պրակտիկայում հաշվի առնել միջազգային իրավական հետևյալ սկզբունքային մոտեցումները.

- նկատի ունենալով, որ զրպարտությանն առնչվող գործերով առաջանում է արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելը գնահատելու խնդիր, իրավակիրառողները պարտավոր են հաշվի առնել, որ արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին և լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար,

- վեճի առարկա հոդվածի իմաստով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ,

- «զրպարտություն» և «վիրավորանք» եզրույթները պետք է դիտարկել դիտավորության, անձին անվանարկելու մտադրության առկայության համատեքստում,

- չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար և նպաստել հասարակության համար կարևոր հարցերի շուրջ քննարկումներին,

- մամուլի ներկայացուցիչների` պատասխանողի դերում հանդես գալու հանգամանքը չի կարող դիտվել որպես գործոն առավել խիստ պատասխանատվություն սահմանելու համար,

- ներպետական մարմինների որոշումը պետք է հիմնված լինի գործի համար նշանակություն ունեցող փաստերի ընդունելի գնահատման վրա,

- պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը` նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, և արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից,

- նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաև մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը,

- արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։ Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար,

- վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար,

- ոչ նյութական վնասի համար նյութական փոխհատուցում պահանջող հայցվորը պետք է ապացուցի այդ վնասի առկայության փաստը,

- փոխհատուցման` օրենքով սահմանված առավելագույն չափը կիրառելի է միայն առավել լուրջ ու ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքերում,

- լոկ փաստերի քննադատական գնահատականը, որը չի պարունակում փաստական ենթատեքստ, որի կեղծ լինելը հնարավոր է ապացուցել, չի կարող փոխհատուցման պահանջի հիմք հանդիսանալ: Սակայն, եթե անձի բարի համբավը ոտնահարվում է, եթե նույնիսկ ոչ ստույգ տեղեկատվությունը եղել է գնահատողական դատողություն, կարող է սահմանվել ոչ նյութական վնասի փոխհատուցում,

- փոխհատուցում սահմանելիս պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են զգացմունքներին հասցված վնասը, ներողություն հայցելու պատրաստակամության բացակայությունը,

- լրագրողի` հանրային նշանակություն ունեցող տեղեկատվության գաղտնի աղբյուրները չբացահայտելու իրավունքից օգտվելու հանգամանքը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի` փոխհատուցման չափը որոշելիս,

- հաշվի առնելով, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ քաղաքական գործիչների պարագայում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներն օգտվում են առավելագույն պաշտպանությունից` հայցվորի նման կարգավիճակը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի` փոխհատուցման չափը որոշելիս,

- անհրաժեշտ է հաշվի առնել, թե հայցվորի համբավին ու պատվին հասցրած վնասը մեղմելու համար արդյո՞ք հայցվել և օգտագործվել են արտադատական հատուցման ձևերը, այդ թվում` կամավոր կամ ինքնակարգավորման մեխանիզմները,

- պետք է պարտադիր կերպով կողմերին առաջարկվի հաշտության գալ և աջակցություն ցուցաբերվի այդ հարցում: Վնասը գնահատելիս հաշտեցման առաջարկը պետք է դիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք,

- պետք է բացահայտ կերպով ճանաչվեն ճշմարտությունը պաշտպանելու իրավունքը, կարծիքը պաշտպանելու իրավունքը և այլ անձանց խոսքը փոխանցելու իրավունքը։

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ խոսքի ազատությունը ժողովրդավարության կարևորագույն նվաճումներից է և հնարավորություն է տալիս բացահայտել մադկանց կարծիքների և համոզմունքների բազմազանությունը և նպաստել հասարակության առաջընթացին, այնուամենայնիվ կարծիքի ազատության իրավունքի դրսևորումը խոսքի միջոցով՝ վիրավորանքը և զրպարտությունը, կարող է օգտագործվել ի վնաս հասարակության, ունենալ կործանարար ազդեցություն առանձին անհատների և կազմակերպությունների համար՝ արատավորելով վերջիններիս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված խոսքի ազատության սահմանափակումները և դրանց համար սահմանված քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցները միանգամայն իրավաչափ են:

Հեղինակներ`

Ինեսա Վիրաբյան

Սյուզաննա Մինասյան

Անուշիկ Փանոսյան