Խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները և սահմանները լրատվության ոլորտում և գովազդում

19850648_1071946626273354_198825100_o

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակման մեջ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ հետազոտական-վերլուծական աշխատանքների շրջանակներում «Քաղաքացիական գիտակցություն» ազատաական ՀԿ Իրավական ակումբի առաջին հոդվածաշարը նվիրված է խոսքի (արտահայտման) ազատության իրավունքին, որի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է խոսքի ազատությունը սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական, միջազգային իրավունքի տեսանկյունից: Հոդվածաշարը հիմնված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային իրավունքի, ներպետական և միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա իրավաբանական գրականության վրա:

Հոդվածաշարի առաջին («Խոսքի ազատությունը որպես սահմանադրական իրավունք») և երկրորդ («Խոսքի ազատությունը քաղաքացիական իրավունքում. վիրավորանք և զրպարտություն») մասերին կարող եք ծանոթանալ այս հղումներով:

Սույն հոդվածի շրջանակներում կներկայացնենք խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները և սահմանները լրատվության ոլորտում և գովազդում:

Ժողովրդավարական պետությունում, ի թիվս իշխանության երեք ճյուղերի, զանգվածային լրատվության միջոցները (այսուհետ՝ ԶԼՄ) ևս համարվում են իշխանության առանձին և անկախ ճյուղ, քանի որ ԶԼՄ-ների վրա է դրված իշխանության մյուս երեք ճյուղերի գործունեության լուսաբանումը, հասարակությանը քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, մշակութային, տնտեսական իրադարձություններին մասնակից դարձնելը: Ինչ-որ չափով ԶԼՄ-ների գործունեությամբ է պայմանավորված հասարակության իրավական և քաղաքացիական գիտակցության մակարդակը, քաղաքական համակարգի գործունեության թերությունների մասին հասարակությանը իրազեկ դարձնելը…. Որքան անկախ և ինքնուրույն են ԶԼՄ-ները, այնքան երաշխավորված է քաղաքացիների օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ ԶԼՄ-ները հավուր պատշաճի կկատարեն իրենց չորրորդ իշխանության գործառույթները:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը: Այս երաշխիքներն առաջին հերթին ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ, ապա՝ «Զանգվածային լրատվության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներով:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք

Զանգվածային լրատվության իրականացման հետ կապված հարաբերությունները, լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները և սահմանափակումները սահմանվում են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով:

Օրենքի 4-րդ հոդվածն ամբողջությամբ նվիրված է լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի երաշխիքներին։ Համաձայն այդ հոդվածի՝ խոսքի ազատության երաշխիքներն են համարվում հետևյալ սկզբունքները՝

  • իրավահավասարությունը,
  • օրինականությունը,
  • արտահայտվելու ազատությունը,
  • բազմակարծությունը:

Իրավահավասարության սկզբունքը իրենից ենթադրում է, որ բոլոր լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները հավասար են, ինչը նշանակում է, որ ոչ մեկին չի կարող տրվել ավելի մեծ հնարավորություններ խոսքի ազատության ոլորտում և ոչ մեկի խոսքի ազատության իրավունքը չի կարող ավելի խիստ սահմանափակվել։

Օրինականության սկզբունքը նշված հոդվածում նշանակում է, որ ԶԼՄ-ների խոսքի ազատության իրավունքը կարգավորվում է օրենքով, մասնավորապես ՀՀ Սահմանադրությամբ և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, և այն կարող է սահմանափակվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում:

Արտահայտվելու ազատության սկզբունքը իրենից ենթադրում է, որ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները ունեն իրենց կարծիքները ազատ արտահայտելու իրավուք, սակայն հետևյալ սկզբունքը ամենևին չի նշանակում, որ այդ ազատությունը անսահմանափակ է։

Բազմակարծության սկզբունքը երաշխավորում է ԶԼՄ-ների գաղափարական անկախությունը և բազմազանությունը:

ԶԼՄ-ների անկախության երաշխիք է նաև այն, որ լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման (hեռուստառադիոհեռարձակման լիցենզավորումն իրականացվում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան):

Լրատվության միջոցների խոսքի ազատության երաշխիքներն ապահովելու համար՝

  • արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ,
  • արգելվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը,
  • արգելվում է խտրականությունը լրատվության համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի քաղաքացիական շրջանառությունում,
  • արգելվում է ցանկացած, այդ թվում` այլ երկրներում թողարկված և տարածված լրատվության միջոցներից օգտվելու` անձի իրավունքի սահմանափակումը:

Հաշվի առնելով այն, որ ԶԼՄ-ներն ունեն հրապարակային բնույթ և լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը կարող է ուղղակիորեն ազդել մեծ թվով անձանց գիտակցության վրա, ինչպես նաև կարող է վնասել այլոց իրավունքներն ու օրինական շահերը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է նաև լրատվության միջոցների գործունեության ազատության սահմանափակումները, որոնք ամրագրված են 7-րդ հոդվածում։ Սահմանափակման երկու հիմքերն են՝

  • արգելվում է գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը,
  • արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, և այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար և դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել:

Մինչդեռ, անհրաժեշտ է նշել նաև, որ վերոգրյալ վերջին հիմքով նախատեսված տեղեկատվության, ինչպես նաև մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:

Ուստի՝ նշված սահմանափակումներից միայն գաղտնիքի տարածումն է, որ ոչ մի դեպքում չի թույլատրվում։ Գաղտնիք ասելով պետք է հասկանալ ինչպես պետական, այնպես էլ առևտրային, բանկային, փաստաբանական, որդեգրման և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունների տարածումը:

Նշված սահմանափակումները խախտելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողները ենթարկվում են պատասխանատվության։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենք

Ստորև կներկայացնենք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որտեղ նույնպես որոշակիորեն կարգավորվում է խոսքի ազատությունը հեռուստատեսությունում և ռադիոյում։

Սույն օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է:

Այս կետով սահմանվում է հեռուստառադիոհաղորդումների ազատությունը։ Սակայն սույն օրենքը թույլատրում է այդ ազատության սահմանափակումը որոշ պայմանների առկայության դեպքում։ Այդ դեպքերից մեկը նշված է սույն օրենքի 11-րդ հոդվածում, որով սահմանափակվում է հեռուստառադիոհաղորդումների ազատությունը հանրաքվեների և ընտրությունների ժամանակ։ Համաձայն նշված հոդվածի՝ հանրաքվեների և ընտրությունների քարոզչությանը նախորդող ու դրանց անցկացման ժամանակաշրջանում հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների ու հանրաքվեների մասին օրենսդրությանը համապատասխան։ Նշված ժամանակահատվածում արգելվում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ՝ տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով։ Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով՝ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում», իսկ ռադիոսփռման դեպքում՝ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում, ոչ պակաս, քան երեք անգամ, պետք է հիշեցվի դրա մասին։

Սահմանափակումներ է նախատեսում նաև օրենքի 24-րդ հոդվածը, որը վերաբերում է հեռուստառադիոհաղորդումների ազատության օգտագործման նպատակներին։ Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել՝

  • իշխանությունը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության,
  • ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու,
  • օրենքով պահպանվող պետական կամ այլ գաղտնիքներ հրապարակելու,
  • պատերազմ քարոզելու,
  • քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված գործողությունների կոչեր տարածելու,
  • պոռնկագրություն տարածելու,
  • բռնության և դաժանության պաշտամունք, մարդկային արժանապատվությունը նսեմացնող և անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումներ հեռարձակելու,
  • զրպարտության, այլ անձանց իրավունքները, անմեղության կանխավարկածը խախտելու նպատակներով։

Բացառություն կարող են կազմել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումը և ցուցադրումը։

Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ֆիլմերը կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը։ Բացառություն կարող են լինել կոդավորված հեռուստառադիոհաղորդումները։

Հանրային հեռուստառադիոընկերության հասկացությունը, նրա ազատությունը և այդ ազատության սահմանափակումները ևս կարգավարվում են սույն օրենքով, որի համաձայն՝ հանրային հեռուստառադիոընկերությունն ստեղծում է պետությունը՝ ապահովելու համար քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այսինքն՝ ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմության, մարզական, զվարճալի և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվություն:

Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության սկզբունքներն են՝

  • օբյեկտիվությունը,
  • ժողովրդավարությունը,
  • անկողմնակալությունը,
  • խոսքի ու ստեղծագործության ազատությունը։

Հանրային հեռուստառադիոընկերության ազատությունը սահմանափակվում է նրա վրա որոշակի պարտավորություններ դելով։ Համաձայն սույն օրենքի 28-րդ հոդվածի հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է՝

1. օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին,

2. ապահովել հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը՝ հնարավոր հաղորդաշարերի և հաղորդումների տեսակների տեսքով,

3. մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն,

4. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը՝ ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ կարծիքների բազմազանությունը,

5. հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,

6. իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը։

Օրենքով սահմանափակվում է հանրային հեռուստառադիոընկերությամբ թողարկվող առևտրային գովազդի քանակը, որը համաձայն սույն օրենքի չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների հինգ տոկոսը։ Իսկ պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի հեռարձակումն առհասարակ արգելվում է։ Նաև արգելվում է հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը և ընտրարշավներից դուրս քաղաքական գովազդի առկայությունը։

«Գովազդի մասին» ՀՀ օրենք

Հաշվի առնելով գովազդի հրապարակային բնույթը և ազդեցությունը հասարակական լայն զանգվածների վրա, գովազդում խոսքի ազատությունը ևս անսահմանափակ չի կարող լինել, որն էլ կարգավորվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, որը կներկայացնենք ստորև:

Սույն օրենքի 6-րդ հոդվածը վերաբերում է գովազդի օրինականությանը, որի համաձայն՝ արգելվում և հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականցվում է օգտագործելով՝

  • անհատ կամ մի խումբ մրցակիցներին, ինչպես նաև արտադրվող և իրացվող ապրանքների հատկությունները վարկաբեկող արտահայտությունները կամ այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց և ապրանքների հետ անհարկի համեմատությունները,
  • քաղաքացիներին բռնության, հարձակողականության, խուճապի, ինչպես նաև բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչերը,
  • շրջակա միջավայրի դեմ ուղղված կոչերը և փաստարկումները,
  • սպառողի կյանքին, առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող գործողությունների դրդող կոչերը և փաստարկումները,
  • նախագծի, տեքստի, գովազդային բանաձևերի, պատկերների, երաժշտական և ձայնային էֆեկտների և այլ միջոցներով սպառողների մոլորեցումը:

Վերոգրյալից հետևում է, որ խոսքի ազատության սահմանափակումներ նախատեսված են նաև գովազդի համար, որը բխում է հասարակական կարգի անվտանգության, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, առողջության և բարոյականության, շրջական միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունից:

Օրենքի 8-րդ հոդվածը վերաբերվում է գովազդի պատշաճությանը, որի համաձայն արգելվում է այն գովազդը, որը՝

  • վարկաբեկում է բարոյականության համընդհանուր և ազգային նորմերը,
  • պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ,
  • ուղղակի կամ անուղղակի ձևով արատավորում կամ անհարգալից վերաբերմունք է արտահայտում պետական խորհրդանիշների (զինանշանի, դրոշի, օրհներգի, դրամանիշի և այլն ) նկատմամբ,
  • վարկաբեկում է իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ինչպես նաև արտադրական, առևտրային կամ այլ գործունեությունը, մասնագիտությունը, ապրանքատեսակը և այլն:

Շատ կարևոր է խոսել նաև անչափահասների պաշտպանության մասին գովազդի արտադրության, տեղաբաշխման և տարածման ժամանակ: Մասնավորապես, արգելվում են այն գովազդները, որտեղ օգտագործվում են անչափահասների դյուրահավատությունը և անփորձությունը, որոնք պարունակում են տեսաձայնային այնպիսի դրվագներ, որոնք կարող են բարոյական կամ ֆիզիկական վնաս պատճառել անչափահասներին, ինչպես նաև արգելվում են այնպիսի գովազդները, որոնցում խաթարվում են ծնողների և դաստիարակների հեղինակությունը, անչափահասների վստահությունը նրանց նկատմամբ: Որոշակի արգելքներ են դրվում նաև ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գովազդի տեղակայման վրա, մասնավորապես՝ արգելվում է նմանատիպ գովազդների տեղակայումը մանկապատանեկան հեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչև տասնութ տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:

Արգելվում է նաև անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին:

Օրենքի 15-րդ հոդվածը վերաբերում է առանձին տեսակների գովազդի առանձնահատկություններին: Օրինակ՝ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի առանձնահատկության համար պետք է նշել, որ արգելվում է այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն: Արգելվում է նաև դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը՝ առանց ՀՀ առողջապահության նախարարության թույլտվության: Արգելվում է թմրադեղերի, թունավոր և ուժեղ ազդող դեղերի գովազդը: Արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում, որոնց ցանկը հաստատվում է ՀՀ կառավարությունը:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև անբարեխիղճ գովազդի մասին ընդհանուր դրույթներին, համաձայն որի՝ արգելվում է հրապարակել անբարեխիղճ, այդ թվում՝ կանխամտածված կեղծ գովազդ: Գովազդն անբարեխիղճ ճանաչվելու համար օրենքն առանձնացնում է 2 փաստ, որոնց առկայության դեպքում գովազդը կհամարվի անբարեխիղճ: Դրանք են՝

  • մոլորեցման փաստի առկայությունը,
  • հասարակական վտանգի փաստի առկայությունը:

Լրիվ հասկանալու համար, նախ պետք է պարզել՝ ինչ ենք հասկանում մոլորեցում ասելով: Մոլորեցում ասելով պետք է հասկանալ գովազդի փաստացի ունակությունը ապրանքների հատկությունների, քանակի, որակի, առանձնահատկությունների, գնի և այլ տեղեկությունների, ինչպես նաև դրանց գովազդատուների մասին տեղեկատվության լրիվ կամ մասնակի անարժանահավատության, բացթողումների և աղավաղումների հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց ապակողմնորոշումը: Իսկ հասարակական վտանգ ասելով պետք է հասկանալ գովազդի փաստացի ունակությունը մրցակցին վնաս հասցնելու, բռնության դրդելու, գովազդ սպառողի նախապաշարումներն ու սնահավատությունը, փորձի պակասն օգտագործելու, գովազդ սպառողներին առողջության, սեփականության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող գործողությունների մղելը:

Յուրաքանչյուր անգամ, երբ քննարկվում է խոսքի ազատությունը, դրա երաշխիքներն ու սահմանները, չպետք է մոռանալ, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, և հաշվի առնելով պետական անվտանգությունը, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել:

Խոսքի ազատության արտահայտման այնպիսի գործիքները, ինչպիսիք են լրատվության միջոցները և գովազդը, չեն կարող զերծ մնալ սահմանափակումներից, քանի որ դրանց հրապարակային բնույթը հնարավորություն է տալիս վերջիններիս ազդելու հասարակության լայն զանգվածների վրա: Ուստի՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ այն սահամանափակումները, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ այդ սահմանափակումների կիրառումը չի կարող կրել կամայական և ոչ համաչափ բնույթ, քանի որ լրատվության միջոցների գործունեությանը խոչընդոտելը նշանակում է զրկել հասարակությանը օբյեկտիվ, առողջ տեղեկատվություն ստանալու, քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական, մշակութային, իրավական իրադարձություններին հաղորդակից լինելու, ցանկացած բնույթի տեղեկություն ազատորեն փնտրելու և գտնելու հնարավորությունից, ինչը պարզապես անհամատեղելի է 21-րդ դարի ժողովրդավարական պետության համար:

Հեղինակներ՝

Սոնա Խուրշուդյան

Դիանա Բարսեղյան