1961 թվականի այս օրն Ալաբամայում ավտոբուս է պայթեցվել հանուն ազատության ավտոերթի ժամանակ

new-york-posters

1960 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Բոյթոնի որոշմամբ (Boynton v. Virginia) միջպետական երթևեկությունների սեգրեգացիան անօրինական ճանաչեց: Ուղևորների համար նախատեսված հասարակական պետքարանների և ճաշարանների տարանջատումն ըստ մաշկի գույնի արգելվեց: Այդ որոշմամբ բոլոր ճանապարհորդները կարող էին օգտվել իրենց ցանկացած միջոցներից և նստել այնտեղ, որտեղ կամենում էին:

1961 թվականի առաջին ամսիներին ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Ռոք Հիլ քաղաքում նստացույցեր էին տեղի ունենում, որոնց նպատակը ռասայական խտրականության դեմ պայքարելն էր: Նստացույցի կազմակերպիչներից մեկի՝ Թոմ Գայդերի նախաձեռնությամբ (ով նաև CORE-ի՝ ՌՀԿ-Ռասայական հավասարության կոմիտեի, այնուհետև՝ Կոնգրեսի համահիմնադիրներից էր) նստացույցը կարճ ժամանակ անց վերաճեց «Ազատության երթ»-ի: Այդպիսով ակտիվիստները ցանկանում էին հասնել Բոյթոնի որոշման անարգել կիրառմանը: Ազատության երթը պետք է անցկացվեր Ռոք Հիլում և հարավային մյուս քաղաքներում:

Մայիսի 4-ին ՌՀԿ տնօրեն Ջեյմս Ֆարմերն Ազատության երթի 13 մասնակիցների հետ միասին (որոնցից 7-ը սևամորթներ էին) Գրեյհաունդի և Թրեյլուեյսի ավտոբուսներով առաջնորդում էր Վաշինգտոնից մեկնարկած երթը: Երթուղին ներառում էր Վիրջինիա, Կարոլինա, Ջորջիա, Ալաբամա և Միսիսիպի նահանգները և ավարտվում էր Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում: Ազատության երթի «մարտիկները» հիմնականում Ռասայական հավասարության կոնգրեսի ներկայացուցիչներ էին, շատերը քառասուննանց, իսկ երկուսն էլ երիտասարդ ուսանողներ էին SNCC-ից (Student Nonviolent Coordinating Committee – Խաղաղ անհնազանդության կազմակերպման ուսանողական կոմիտե): Վիրջինիայում և Հյուսիսային Կարոլինայում երթի մասնակիցները հանդիպեցին որոշ խոչընդոտների, իսկ Ռոք Հիլում մասնակիցներից Ջոն Լյուիսը, Ալ Բիգելոուն և Ջենեվիվ Հյուզը ծեծի ենթարկվեցին, ոմանք էլ ձերբակալվեցին Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ և Հարավային Կարոլինայի Ուինսբորո քաղաքներում:

Անիսթոն և Բիրմինգհեմ քաղաքները

Ջորջիայում Ազատության երթի մարտիկները չհանդիպեցին որևէ դիմադրության, քանի որ սպիտակամորթ քաղաքական գործիչները որոշել էին չխախտել Գերագույն դատարանի որոշումը և չձերբակալել երթի մասնակիցներին, ոչ էլ նպաստել ռասայական հիստերիայի առաջացմանը և դիմել բռնության: Արդյունքում, ոչ մի արտառոց դեպք տեղի չունեցավ, երբ երթի մասնակիցներն անցնում էին Ջորջիայով (Augusta – Athens – Atlanta): Բայց Ալաբամայում և Միսիսիպիում սեգրեգացիայի կողմնակից քաղաքական գործիչներն Ազատության երթը դիտարկեցին որպես քաղաքական հնարավորություն, որն ուղղված էր ինտեգրացիայի, ռասայական միաձուլումների, կոմունիստների, Գերագույն դատարանի և Դաշնային իշխանությունների դեմ:

Համագործակցելով տեղի ոստիկանական ուժերի հետ՝ մայիսի 14-ին՝ Մայրության օրը, Կու Կլուքս Կլանի (ռասիստական գաղտնի կազմակերպություն ԱՄՆ-ում, որը ստեղծվել է 1865 թվականին՝ սևամորթների և նրանց սպիտակամորթ դաշնակիցների դեմ պայքարելու համար) ավելի քան հարյուր անդամներ Ալաբամայի Անիսթոն քաղաքում հարձակվեցին երթի մասնակիցների վրա՝ կոտրելով Գրեյհաունդ ավտոբուսի պատուհանները և ծակելով անվադողերը, սակայն մասնակիցները խուճապի չմատնվելով շարունակեցին երթը: Դարանակալած հանցագործներն իրավիճակի վերահսկելիությունն ամեն կերպ փորձելով իրենց ձեռքում պահել, նախապես հստակեցված ծրագրի համաձայն հետապնդելով երթի մասնակիցներին մինչև քաղաքի ծայրամասը, պայթեցրեցին հարձակման թիրախ դարձած ավտոբուսը: Ռասիստներն ավտոբուսի դռները դիտավորյալ փակել էին՝ ներսում թողնելով մասնակիցներին ողջակիզվելու: Ալաբամայի Ճանապարհային ոստիկանությունը ժամանակին միջամտելով կրակ բացեց ԿԿԿ անդամների ուղղությամբ՝ հնարավորություն տալով ավտոբուսում փակված Ազատության երթի մասնակիցներին ճողոպրել և փրկել սեփական կյանքերը՝ նախքան ավտոբուսը կպայթեր: SNCC ուսանողներից Հենք Թոմասը ծեծի էր ենթարկվել բեսյբոլի փայտի գործադրմամբ՝ արդյունքում ծանր վնասվածքներ ստանալով, իսկ երթի մյուս մասնակիցները նույնպես զերծ չէին մնացել մարմնական վնասվածքներից:

Այս իրադարձություններից հետո 12-ամյա սպիտակամորթ մի աղջնակ իր ընտանիքի հետ միասին տարատեսակ բնույթի հալածանքների ենթարկվելով ստիպված է եղել լքել քաղաքը, քանի որ պայթյունից հետո փորձել էր օգնել արյունաքամ եղող վիրավորներին՝ կուլ չգնալով ԿԿԿ անդամների ծաղրանքներին և ջուր հասցնելով ծխից խեղդվող մարտիկներին:

Հաջորդը Թրեյլուեյսի ավտոբուսի հերթն էր: Անիսթոն հասնելուն պես ռասիստներին հաջողվում է բարձրանալ և ծեծի ենթարկել ավտոբուսի անձնակազմին: Այնուամենայնիվ, Ազատության երթի մասնակիցները կարողանում են փախչել Անիսթոնից՝ հասնելով Բիրմինգհեմ: Այստեղ Հանրային անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար  Յոգեն Քոնորը Կու Կլուքս Կլանի մեկ այլ ռասիստական խմբի թույլատրում է հարձակվել երթի մասնակիցների վրա և վայրենաբար ծեծի ենթարկել նրանց: ՌՀԿ ներկայացուցիչ Ջիմ Փեքն այնպիսի անողոք ծեծի էր ենթարկվել, որ հիվանդանոցում անհրաժեշտություն էր առաջացել 53 կար դնել նրա վերքերին:

ԱՄՆ Հետախուզութան դաշնային բյուրոն (FBI), իհարկե, տեղյակ էր այս երկու ավտոբուսների վրա Կու Կլուքս Կլանի նախապատրաստած հարձակումների մասին, սակայն ոչինչ չէր ձեռնարկել ո՛չ այն կանխարգելելու, ո՛չ էլ Գերագույն դատարանի որոշումն ի կատար ածելու համար:

Անիսթոնում պայթեցված ավտոբուսի և Բիրմինգհեմում տեղի ունեցած բռնությունների մասին լուրերը մեծ թափով տարածվեցին ողջ աշխարհով՝ բարդություններ ստեղծելով Քենեդու համար: ԱՄՆ Գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին հայտարարում է «սառեցման ժամանակահատվածի» անհրաժեշտության մասին, որը նշանակում էր դադարեցնել ՌՀԿ կողմից նախաձեռնված Ազատության երթը: Քենեդին երկու կողմերին էլ մեղադրում էր բռնությունների սանձազերծման համար՝ նրանց անվանելով ծայրահեղականներ: Իհարկե, բեյսբոլի փայտերով մարդկանց վրա հարձակվող և արյունալի ծեծկռտուքներ կազմակերպող ու մարդատար ավտոբուսները պայթեցնող ռասիստներին ծայրահեղականներ կոչել կարելի էր, սակայն խաղաղ ցուցարարներին, որոնք օրենքի տառից այն կողմ չէին անցել՝ համեմատել Կու Կլուքս Կլանի անդամների հետ և որոշել սառեցնել Ազատության երթը՝ անհասկանալի է և տարօրինակ:

Կատարվածից հետո Գրեյհաունդի և Թրեյլուեյսի ավտոբուսների վարորդները հրաժարվեցին տեղափոխել Ազատության երթի մասնակիցներին, և արդյունքում ՌՀԿ անդամները որոշում ընդունեցին Նոր Օրլեան թռչել, որտեղ էլ պետք է անցկացվեր նախօրոք ծրագրավորված հանրահավաքը: Կլանի մի նոր խումբ բացահայտ սպառնալիքներ էր ներկայացնում օդանավակայանում թռիչքի նախապատրաստվող ակտիվիստների համար: Օդանավը պայթեցնելու վտանգ կար, որն էլ պատճառ դարձավ սպասվող հանրահավաքը չեղարկելու համար:

Այնուամենայինիվ, Գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու ճնշումների միջոցով Ազատության երթի մարտիկները, օդանավակայանի ադմինիստրացիայից թույլտվություն ստանալով, ուշ գիշերով կարողացան բարեհաջող թռչել Նոր Օրլեան:

Այս դեպքերը մեկ անգամ ևս ապացուցում են, որ սեգրեգացիայի դեմ տարվող պայքարը չի անցել հարթ ճանապարհներով և հանդիպել է տարատեսակ բարդությունների: Գաղափարապես անկոտրուն անհատները և նրանց առաջնորդած հասարակական խմբերը, չտրվելով ոչ մի սադրանքների, կարողացել են պայքարել և հասնել դրական արդյունքի:

Արեգ Սարգսյան