Ժողովրդավարության երեք հիմնարար սկզբունքները

Three Fundamental Principles of Democracy 1

Ժողովրդավարության կայացման խնդիրը շարունակում է պահպանել իր արդիականությունը ժամանակակից աշխարհում: Ժողովրդավարության սահմանման և ձևակերպումների բազմազանության հետևանքով վերջինս հնարավոր չէ միանշանակորեն չափել, քանի որ կախված այն հանգամանքից, թե կոնկրետ մտածողներ ինչպես են սահմանում «ժողովրդավարություն» եզրույթը՝ փոփոխվում են նաև այն գործոնները, որոնք որոշում են ժողովրդավարության աստիճանը:

Այնուամենայնիվ, ժողովրդավարության չափման հարցում առանձնանում են երեք հիմնարար սկզբունքներ, առանց որոնց ժողովրդավարություն պարզապես գոյություն ունենալ չի կարող: Դրանք են հավասարությունը, ազատությունը և վերահսկողությունը:

Խոսքը քաղաքական հավասարության մասին է: Վերջինս ժողովրդավար իշխանությունների կայացման կարևորագույն բաղկացուցիչներից է (Դալ, 1975): Որքան քաղաքակիրթ աշխարհն առաջ է շարժվում, այնքան մեծանում է բոլոր քաղաքացիներին հավասար վերաբերվելու պահանջն առ իշխանություններ: Իրականում, այն, որ սահմանադրությունը երաշխավորում է օրենքի առջև քաղաքացիների հավասարությունն ու անհատի իրավունքների պաշտպանվածությունը, այդ հավասարության պահանջի արդյունք է, որը զարգացել է տարիների ընթացքում: Քաղաքական հավասարության անհրաժեշտությունը լավագույնս մեկնաբանվում է ընտրական իրավունքի զարգացմամբ: Քաղաքական հավասարությունը ենթադրում է, որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև և քաղաքական գործընթացներում: Այսինքն, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և հավասար հնարավորություններ ազդելու քաղաքական որոշումների կայացման վրա: Բոլոր քաղաքացիները պետք է օժտված լինեն քաղաքական իշխանություն ձեռք բերելու հավասար իրավունքով (Բոքենֆորդ, 1991):

Ռոբերտ Դալը կարողանում է լավագույնս մեկնաբանել, թե քաղաքական հավասարությունն ինչու է համարվում ժողովրդավարության կարևորագույն բաղկացուցիչ: Նախ, ժամանակակից հասարակությունները հակված են այն տեսակետին, որ մի քաղաքացու կյանքն ու ազատությունը չեն կարող գերադասվել կամ ստորադասվել մեկ այլ քաղաքացու կյանքից ու ազատությունից: Հավասարության գաղափարը բարոյական արժեք է, որը գնահատում են ժամանակակից հասարակությունները:

Ազատությունը ժամանակակից աշխարհի կողմից գնահատվող հաջորդ կարևորագույն սկզբունքն է, առանց որի անհնար է ժողովրդավարություն ստեղծել: Ազատության իրավունքը քաղաքացուն առաջին հերթին պաշտպանում է պետության կողմից վերջինիս իրավունքների ոտնահարումից: Ազատության կարևորագույն ասպեկտներից են սեփականություն ունենալու իրավունքը և սեփականության իրավունքի պաշտպանվածությունը:

Ազատությունն իրենից ենթադրում է նաև ազգերի ինքնորոշման իրավունք (Դվորքին, 1998): Այս տեսանկյունից դիտարկումներ կատարելու պարագայում, քաղաքական ազատություններն ընկալվում են որպես քաղաքացիների՝ քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու նախապայման: Հետևաբար, պետությունը պարտավոր է պաշտպանել քաղաքացիների ազատությունները:

Ազատությունն ու հավասարությունը միաժամանակ կարող են նաև փոխազդել և զսպել միմյանց: Ինչպես Ալեքսիս դը Տոքվիլն է պնդում, անհատի ազատությունը հնարավոր է միայն անհատի հավասարության դեպքում, սակայն հավասարությունը կարող է նաև վնասել ազատությանը: Տարբեր մտածողներ տարբեր կերպ են ընկալում ազատության և հավասարության փոխհարաբերությունները: Հոբսն, օրինակ, այն կարծիքին է, որ մարդիկ ազատ են, սակայն հավասար չեն: Ըստ Հոբսի՝ ազատության սահմանափակումն այն գինն է, որ պետք է վճարել խաղաղության համար:

Հակառակ Հոբսի՝ Ջոն Լոկն առաջ է քաշում այն տեսակետը, որ ժողովրդավարության համար անհրաժեշտ այս երկու բաղկացուցիչները չպետք է ստորադասվեն միմյանց, ուստի՝ կարիք չկա մեկը զոհել հանուն մյուսի: Ազատությունն ու հավասարությունը պետք է հակակշռեն միմյանց: Այստեղ առաջանում է երրորդ կարևորագույն բաղկացուցիչը՝ վերահսկողությունը: Վերջինս անհրաժեշտ է ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար: Մարդիկ պետք է վերահսկեն կառավարության ներկայացուցիչներին, որպեսզի հնարավոր լինի երաշխավորել վերջիններիս ազատությունն ու հավասարությունը: Գործադիր մարմնի վերահսկողությունը պետք է իրականանա ժողովրդավարական միջոցներով և ինստիտուցիոնալ հակակշիռների և զսպումների մեխանիզմներով:

Խոսելով ժողովրդավարության համար կարևոր երեք սկզբունքների մասին՝ հարկ է հիշել, որ վերջիններս առանց մեկը մյուսի չեն կարող լիարժեք գործել: Ոչ ազատությունն առանց հավասարության կարող է լինել, ոչ հավասարությունն առանց ազատության: Վերահսկողությունը կարող է երաշխավորել այս երկու սկզբունքները, սակայն պետք է կառուցված լինի ազատության և հավասարության նորմերով:

Ժողովրդավարական պետություն համարվելու համար առկա քաղաքական համակարգը պետք է երաշխավորի քաղաքացիների ազատությունն ու հավասարությունը, որոնց փոխկախվածությունը պետք է լավագույնս գործածվի վերահսկողության միջոցով: Վերահսկողություն, որի միջոցով թե՛ կառավարությունը վերահսկում է, թե՛՝ վերահսկվում:

Լուսինե Առաքելյան