Թուրք-գերմանական հարաբերությունների վատթարացում

germany-and-turkey-the-deterioration-of-relationships

Թուրքիան Եվրոպայի հետ սերտորեն կապված է եղել դեռևս Օսմանյան կայսրության ժամանակներից: Հանրապետության հռչակումից հետո այն սերտ հարաբերություններ է ունեցել Գերմանիայի հետ՝ դառնալով վերջինիս դաշնակիցը թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ:

Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում, սակայն, նկատվում է Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների վատթարացում, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել և մինչ օրս էլ ունենում է Թուրքիայի նկատմամբ միջազգային վերաբերմունքի և մոտեցումների վրա: Նույն ժամանակահատվածում, երբ Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները վատթարանում էին, աշխարհում տեղի էին ունենում լուրջ իրադարձություններ, որոնք իրենց ազդեցությունն էին ունենում դեպքերի զարգացման վրա:

Հարաբերությունների վատթարացումը սկսեց խորանալ հատկապես 2016թ. հունիսի 2-ին, երբ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում ընդունեց: Այս իրադարձությունը, բնականաբար, թուրքական կառավարության և թուրք հանրության կողմից քննադատության ենթարկվեց, իսկ թուրքական իշխանությունները սկսեցին հայտարարություններ անել այն մասին, որ սա ի վերջո ցույց տվեց Գերմանիայի «իրական դեմքը»: Նույն օրը Բեռլինից հետ կանչվեց թուրքական դեսպանը: Այնուամենայնիվ, սա միակ պատճառը չէր հարաբերությունների վատթարացման համար, կային բազմաթիվ շարժառիթներ, որոնք հանգեցրին այն իրավիճակին, որը տիրում է այսօր:

Թուրքիան և Գերմանիան միասին անցել են պատմական բավականին երկար ուղի, ուստի՝ շատ ընդհանրություններ ունեն, որոնք ընդգրկում են քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական (ժողովրդագրություն), ռազմական և մշակութային ոլորտները:

Դեմոգրաֆիական գործոն

Առաջին հերթին չմոռանանք, որ Գերմանիայում 3 միլիոնից ավելի թուրքական համայնք կա, որը պարզապես անգործ նստած չէ: Այն լուրջ գործիք է Թուրքիայի ձեռքին, որը ծառայեցվում է իր իսկ շահերին, ինչպես նաև ներգերմանական բազմաթիվ խնդիրներ լուծելու միջոց է: Գերմանիայի այս բազմամարդ համայնքն Անկարան օգտագործում է որպես «հինգերորդ շարասյուն»՝ այն ծառայեցնելով թուրքական լոբբինգին: Վերջին փաստարկի լավագույն օրինակ դարձավ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած կոչը Գերմանիայի թուրքական համայնքին` չքվերակել կանցլեր Անգելա Մերկելի և իր դաշնակիցների օգտին (Քրիստոնեա-դեմոկրատական միություն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն)` կոչելով նրանց Թուրքիայի թշնամիներ:

Քաղաքական գործոն

Կա նաև խնդրի քաղաքական կողմը: 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, լինելով ներքաղաքական երևույթ, իր ազդեցությունն ունեցավ նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության և մի շարք երկրների հետ վերջինիս հարաբերությունների վրա: Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո ձերբակալվածների թվում էին նաև բազմաթիվ գերմանացիներ, Գերմանիայի քաղաքացիներ, որն էլ Թուրքիայի համար հիմք հանդիսացավ ամեն պատեհ-անպատեհ առիթով մեղադրելու Գերմանիային Թուրքիայի ներքին գործերին խառնվելու և նման հակապետական քայլերին մասնակցություն ունենալու համար: Այս դեպքերին հաջորդած ամիսներն իրոք ճգնաժամային էին երկու երկրների համար, քանի որ չէին դադարում փոխադարձ սպառնալիքները և մեղադրանքները: Սա դեռ բավական չէր, Թուրքիայում ձերբակալվում են բազմաթիվ գերմանացի լրագրողներ, որը ևս մեկ անգամ խորացնում է ճգնաժամը:

Համաձայն անկախ լրագրողների հարթակի տվյալների՝ Թուրքիայում ավելի քան 160 լրագրող կալանքի տակ է գտնվում: 2016թ.-ից մինչ օրս երկրի իշխանությունները փակել են 130 տարբեր զանգվածային լրատվական միջոցներ:

Հատկապես հատկանշական է փետրվարին թուրքական արմատներով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունը՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու համար, որը լրջորեն սրեց հարաբերությունները:

Գերմանական «Die Welt» մեդիահոլդինգը Թուրքիայի դեմ դատական հայց է ներկայացրել Եվրոպական դատարան: Դենիզ Յուջելը կալանավորվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» և միջէթնիկական ատելություն բորբոքելու մեղադրանքով: Ըստ Թուրքիայի դատախազության՝ Յուջելը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ էր պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:

Բեռլինը պնդում է, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են՝ գերմանացի լրագրողի կալանավորումը քաղաքականապես մոտիվացված համարելով: ԵԽ-ն նամակ է հղել Թուրքիայի նախագահին և վարչապետին: Նամակում երկրի ղեկավարներին հիշեցրել են, որ Թուրքիան վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագիրը և պարտավոր է երաշխավորել մտքի և մամուլի ազատություն: Թուրքիայից պահանջել են ազատ արձակել կալանքի տակ գտնվող գերմանական «Die Welt» պարբերականի լրագրողին: «Որևիցե լրագրողի իր աշխատանքն իրականացնելու համար չպետք է անարդարացիորեն մեղադրել ահաբեկչության մեջ և բանտարկել»: Մայիսին համանման մեղադրանքով ձերբակալվել է գերմանացի լրագրող Մեշալե Տոլուն: Ավելի վաղ Թուրքիայի դատարանը միջազգային «Amnesty International» կազմակերպության թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին և ևս հինգ իրավապաշտպանների, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդտներին, կալանավորելու որոշում էր կայացրել:

Սրան հաջորդած ամիսների ընթացքում Գերմանիայում սկսեցին հայտարարություններով հանդես գալ, որ ապահով չէ Թուրքիա գնալը, քանի որ այդ երկրում պաշտպանված չեն օտարերկրացիների իրավունքները: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ բազմիցս մեղադրեց Գերմանիային ահաբեկիչներին ապաստան տալու և հեղաշրջման փորձին մասնակցածներին իրենց երկրում թաքցնելու համար: Նմանատիպ երևույթները ցույց են տալիս, որ Էրդողանի վարչակարգը բռնապետական է, իսկ Թուրքիայում պաշտպանված չեն այլ երկրների քաղաքացիները, և չկա ԶԼՄ-ների ազատություն:

Հարաբերությունների սրման համար առիթ հանդիսացավ Թուրքիայում ապրիլյան հանրաքվեն: Թուրքիայում ընդլայնվեցին նախագահի իրավունքները, որով իջեցվեց զսպումների և հակակշիռների մեխանիզմների դերակատարումը, ինչի արդյունքում երկիրն ավելի շատ սկսեց նմանվել բռնապետության` որպես բռնապետ ունենալով Էրդողանին:

Նույնիսկ հանրաքվեի նախօրյակին Գերմանիան քաղաքական մի ժեստ կատարեց, որով իր վերաբերմունքը և անվստահությունը բացահայտորեն ցույց տվեց Թուրքիայի նկատմամբ. սեփական երկրի անվտանգության ապահովման նպատակով Գերմանիայի իշխանությունները (և ոչ միայն, նաև Ավստրիան և Նիդեռլանդները) արգելեցին թուրք պաշտոնյաների մասնակցությունն Էրդողանի կողմնակիցների հանրահավաքներին, որոնց նպատակն էր ներկայացնել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, իսկ այնուհետև ընդհանրապես արգելեցին հանրահավաքները: Սրան կրկին հաջորդեցին փոխադարձ սպառնալիքներն ու վիրավորանքները (Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրեց «նացիստական մեթոդներով» ազատ խոսքի իրավունքը ճնշելու մեջ):

Ռազմական գործոն

Ռազմական գործոնը ևս մեծ ազդեցություն ունի Գերմանիա-Թուրքիա հարաբերություններում: Թե՛ Գերմանիան, թե՛ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են, որն էլ իրենց կապում է ռազմական որոշակի պարտավորություններով: Հենց սրա շրջանակներում էլ արտահայտվեց երկու երկրների հարաբերությունների վատթարացման մյուս ասպեկտը. թուրքական կողմն արգելեց գերմանացի խորհրդարանականներին այցելել Ինջիրլիքի ավիաբազա, որտեղ տեղակայված էր գերմանական 260 հոգանոց զորախումբ, 6 Տորնադո հետախուզական ինքնաթիռներ և լիցքավորիչ ինքնաթիռ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նպատակներով: Թուրքիայի կողմից այս քայլը հանգեցրեց նրան, որ հունիսի 22-ին Գերմանիայի Դաշնային խորհրդարանը (Բունդեսթագը) պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց դուրս բերել երկրի զինանձնակազմը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից: 569 պատգամավորից 461-ը կողմ են եղել դուրս բերմանը, 85-ը՝ դեմ, իսկ 23-ը՝ ձեռնպահ: Նրանք որոշել են տեղափոխել Հորդանան՝ Ալ-Ազրաք ռազմաբազա: Դա այլընտրանքային տարբերակ կարող էր լինել Ինջիրլիքին:

Նույնիսկ ռազմական ոլորտում Թուրքիան երկակի խաղ էր խաղում. երբ վատացան թուրք-գերմանական հարաբերությունները, նկատվեց ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցում այն աստիճան, որ Թուրքիան սկսեց Ռուսաստանի հետ բանակցել ռազմական նոր տեխնիկա (S-400) գնելու շուրջ: Այս երկդիմի քայլերը նույնպես ուղղակիորեն ազդում են Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի վրա:

Տնտեսական գործոն

Թուրքիայի և Գերմանիայի կարևորագույն աղերսներից մեկն էլ տնտեսությունն է: Գերմանիան Թուրքիայի կարևոր առևտրային գործընկերն է, ինչպես նաև Թուրքիայի համար ամենամեծ արտահանման շուկան: Թուրքիայում գործում են բազմաթիվ գերմանական կազմակերպություններ, բացի այդ Գերմանիան բավականին շատ ներդրումներ ունի Թուրքիայում: Երկուստեք շահերը համընկնում են, ուստի՝ որևէ կողմի համար այնքան էլ ձեռնտու չէ վատացնել հարաբերությունները մյուսի հետ: Եվ սա միայն Գերմանիային չի վերաբերում. Թուրքիայի համար տնտեսական կարևորագույն գործընկերներ են համարվում ԵՄ անդամ երկրները:

Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների վատթարացումը զուտ երկու երկրների սահմաններում դիտարկելն այնքան էլ օբյեկտիվ չի լինի, քանի որ այն ուղղակիորեն ազդում է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի վրա: Անկարան մեղադրել է Եվրոպային երկակի չափանիշներ կիրառելու մեջ: Էրդողանի մամուլի քարտուղարը նշել է, որ նրանք, ովքեր ամեն հարմար առիթի դեպքում փորձում են Թուրքիային ժողովրդավարություն, մարդու իրավունքների, ազատությունների դասեր տալ` միաժամանակ աջակցելով ահաբեկչական կազմակերպություններին, հեղաշրջում իրականացնողներին և հանցագործներին, փորձում են խանգարել արտասահմանում իր հայրենակիցների հետ Թուրքիայի նախագահի հանդիպմանը, դա ապացույց է, որ Եվրոպայում երկակի չափանիշներ են կիրառվում:

Այս փոխադարձ սպառնալիքներին և վիրավորանքներին Գերմանիան, ինչպես նաև Ավստրիան բազմիցս հայտարարություններով են հանդես եկել, որ Թուրքիան մեծ քայլերով հեռանում է Եվրոպայից, եվրոպական քաղաքակրթությունից և ժողովրդավարության սկզբունքներից, ուստի՝ նման երկիրը չի կարող մաս կազմել այնպիսի կառույցի, որը եվրոպական բազմադարյան քաղաքակրթության կրողն է: Ավստրիայի վարչապետը մատնանշել է երկու գործողություն, որոնք մաքսային միության ընդլայնման հարցի բարձրացումն անհիմն են դարձնում:

Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի աշխատակիցների դեմ քրեական գործերը.

Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցություն (CHP) պատգամավոր Էնիս Բերբերօղլուի՝ իր քաղաքական գործունեությունը ծավալելու համար կալանավորելու փաստը:

Սրան ի պատասխան՝ Էրդողանը բազմիցս նշել է, որ արդեն 55 տարի է, որ Թուրքիան կանգնած է ԵՄ շեմին, իսկ իր անդամակցությունը ձգձգվում է՝ տպավորություն ստեղծելով, որ ԵՄ-ն չի ուզում, որ Թուրքիան դառնա անդամ: Իրավացիորեն կարելի է մեջբերել Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետևյալ խոսքերը, որոնք բացահայտում են հենց այդ վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ. «Նույնիսկ 6 տարի անց, երբ Թուրքիան կնշի հանրապետության ձևավորման 100-ամյա տարեդարձը, նրա` ԵՄ-ին անդամակցելն անհնար կլինի»:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Թուրքիայի և Եվրամիության նախկին հարաբերությունների ավարտի մասին: Նա հայտարարել է, որ Թուրքիայի՝ մահապատժի մասին հայտարարությունները վերջ են դնում Անկարայի և Բրյուսելի նախկին հարաբերությունները: Նա հայտարարել է, որ Գերմանիան կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը և իր վարկային ու ներդրումային ծրագրերը Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորման պատճառով: Թուրքիայի վարչապետն ավելի վաղ նշել էր, որ եթե նույնիսկ Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, այն չի կարող կիրառվել ապստամբների նկատմամբ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի: Ապստամբներ ասելով ի նկատի ունի 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին:

Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները մինչ օրս շարունակում են վատթարանալ, չնայած այն հանգամանքին, որ երկու պետություներն էլ շահագրգռված չեն դրանում: Բոլոր դեպքերում, այժմ գերմանական կառավարությունը թուրքերի առնչությամբ չի հանդուրժում այնպիսի բաներ, որոնց վրա նախկինում աչք էր փակում:

Արև Սոխակյան

Մարի Ավետիսյան