1952 թվականին հույն կանայք ընտրելու իրավունք ստացան

Greece-Marks_Suffrage

1952 թվականի մայիս ամսին՝ 64 տարի առաջ, հույն կանայք ընտրելու իրավունք ստացան և հնարավորություն՝ ընտրվելու օրենսդրական և տեղական ինքնակառավարման մարմիններում:

Տասնամյակներ շարունակ տևող պայքարից հետո, ինչպես եվրոպական շատ երկրներում, այնպես էլ Հունաստանում կանայք կարողացան ընտրելու և ընտրվելու իրավունք ձեռք բերել: Այդ տարի ընտարական իրավունք ստացան նաև Կոտ դ’Իվուարի և Լիբանանի կանայք, իսկ Բոլիվիայում վերացվեցին կանանց ընտրական իրավունքի բոլոր սահմանափակումները:

1844 թվականին ընդունված Հունաստանի առաջին սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանվում էր. «հույները հավասար են օրենքի առջև»՝ առանց վկայակոչելու կանանց, որոնք զրկված էին իրենց քաղաքական իրավունքներից՝ չնայած այն բանին, որ հույն կանայք մեծ ավանդ են ունեցել օսմանյան լծից Հունաստանի ազատագրման պայքարում:

Մինչև 20-րդ դարի կեսերն ընտրելու իրավունք միայն տղամարդիկ ունեին: 1928 թվականի մարտի 20-ին հունական Nea Imera (Նոր Օր) թերթի համարում տեղ գտած հոդվածներից մեկում ասվում էր. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կանայք անընդմեջ գտնվում են հոգեկան անհավասարակշիռ վիճակում… հետևաբար՝ կանանց ընտրական իրավունք շնորհելը կարող է լինել վտանգավոր և անկանխատեսելի»:

«Ընտրե՛ք կանանց» կարգախոսը Հունաստանում առաջին անգամ օգտագործվել է 1887 թվականին «Efimerida ton Kyrion» թերթում (Կանանց թերթ), որը հրատարակել է Kallirrhoe Siganou-Parren-ը: Այս թերթի բոլոր հոդվածների հեղինակները կանայք էին, որոնք պաշտպանում էին իրենց իրավունքները:

1921 թվականին Հունաստանի վարչապետ Դմիտրիոս Գունարիսը խոստացել էր վերականգնել կանանց ընտրական իրավունքը և համապատասխան առաջարկով ներկայացել խորհրդարան, որը սակայն արժանացել էր տղամարդկանց դժգոհությանը:

Շուրջ 5 տարի տևած վեճերից հետո 1924 թվականին նախագահի հրամանագրով այս առաջարկը կրկին դրվում է քվեարկության: 1930 թվականի փետրվարի 5-ին միայն երեսուննանց և բարձրագույն կրութությամբ հույն կանայք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ստացան:

Կանայք տղամարդկանց հավասար իրավունքներ ձեռք բերեցին միայն 1952 թվականի մայիսի 28-ին խորհրդարանի կողմից ընդունված 2159 օրենքով, սակայն դրան հաջորդող նոյեմբերյան ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին, քանի որ ընտրացուցակները դեռևս չէին թարմացվել:

Չնայած այս օրենքի ընդունմանը, որով ամրագրվում էր կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, դրա կիրառելիությունն այնքան էլ հարթ չի ընթացել: Մինչև 1983 թվականը դեռ չէր վերացվել օժիտի գործածությունը, այսինքն՝ մինչ այդ թվականն ամուսնանալիս կնոջ ընտանիքը պարտավորվում էր գումար կամ որևէ հարստություն նվիրել տղամադուն:

Հատկանշական է նաև այն, որ 1983 թվականին Հունաստանում կանանց շարժումը ևս մեկ ձեռքբերում գրանցեց: Այդ տարի ընդունվեց ընտանեկան իրավունքի վերաբերյալ նոր օրենք, որում ասվում էր հետևյալը. «Ամուսնական երկու կողմերն էլ ընտանեկան հարցերում որոշումներ կայացնելու հավասար իրավունքներ ունեն և երկուսն էլ փոխադարձ պատասխանատվություն են կրում ամուսնության և ընտանեկան տնտեսության համար»:

Որքան էլ, որ այս օրենքները ստեղծվում էին կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարությունն ապահովելու համար, մինչ այժմ էլ կան որոշ սահմանափակումներ, որոնք հույն կանայք հանդուրժում են: Այդ սահմանափակումները հատկապես նկատելի են տարբերվող մշակութային, քաղաքական և կրոնական հայացքներ ունեցող կանանց համար:

Հունական մեծ քաղաքներում, օրինակ՝ Աթենքում, կանանց դերը հասարակական գործընթացներում և համայնքային նշանակության հարցերում համեմատաբար ավելի մեծ է, սակայն Հունաստանի գյուղական շրջաններում խիստ նահապետական հասարակարգերը դեռևս շատ ավելի ընդունված են: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ կանանց դերն այդ շրջաններում ավելի կենցաղային բնույթ էր կրում («բնության կողմից կանխորոշված» պատճառներով), քան այն դերը, որը ստանձնում էին տղամարդիկ (հատկապես ծանր աշխատանքների համար): Այս մտածելակերպն արմատացած է հունական գյուղական ընտանիքներում՝ մեծ մարտահրավերներ նետելով այդ շրջանների կանանց:

Քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությունը, ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ Հունաստանում մինչև վերջերս մեծ վեճերի առիթ է հանդիսացել: Չնայած, որ Հունաստանը համարվում է «ժողովրդավարության ծննդավայրը», այս երկրում կանանց մուտքը քաղաքականություն հնարավոր է դարձել շատ դանդաղ տեմպերով: Վերոնշյալ պատճառներով (ներառյալ նաև ընտրելու և ընտրվելու իրավունքի բացակայությունը) կանանց ինտեգրացիան քաղաքական գործընթացներում գրեթե զրոյական է եղել: Արդյունքում, կառավարության մեջ կանանց ներգրավվածության ցուցանիշով Հունաստանն ավանդաբար եղել է ստորին շարքերում: Այս ցուցանիշը թույլ է տալիս եզրակացնել, որ կանանց ակտիվությունը հասարակական գործընթացներում բավականին երկար ժամանակ թե՛ գյուղական, թե՛ քաղաքային համայնքներում եղել է թույլ զարգացած: Չնայած դրան, վերջին ժամանակներս կանայք նաև հաջողություններ են գրանցել այս ասպարեզում: 2004 թվականի ընտրություններին պրոֆեսոր Հելեն Լուրին ընտրվել է վարչապետի տնտեսական գծով ավագ խորհրդատու:

1952 թվականի մայիսի 28-ին կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի վերաբերյալ Հունաստանում ընդունված օրենքը մեծ հնարավորություններ ստեղծեց կանանց համար: Չնայած այդ օրենքի կիրառելիության ժամանակային տարբեր բարդությունների, այժմ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ Հունաստանում աճում է բավական դրական տեմպերով: Դա է վկայում այն, որ 2014 թվականին Հունաստանի նոր ընտրված խորհրադարանի պատգամավորների թվի 21%-ը կանայք են:

Չմոռանանք, որ անկախ մարդկանց սեռից, մաշկի գույնից, կրոնական և քաղաքական հայացնքներից, մշակութային տարբերություններից՝ բոլորն էլ ունեն հավասար իրավունքներ և օրենքի առաջ կրում են նույն պատասխանատվությունը: Կանանց ընտրական իրավունքը խախտելը ևս խտրականության դրսևորում է:

Արեգ Սարգսյան