«Թեժ աշնան» առեղծվածը

Եռյակ/ Քառյակ/ քուռակ

Արդեն «եռյակ» դարձած «ոչ իշխանական քառյակի» հանրահավաքային արշավը, մեղմ ասած, սպասված և կանխատեսելի ընթացք է ստանում: Խորհրդարանական «ոչ իշխանական եռյակը» իր մարզային հանրահավաքները սկսեց Աբովյան քաղաքից: Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքը բավականին բազմամարդ էր: Նույնիսկ մանկահասակ երեխայի համար պարզ և կանխատեսելի էր, որ Աբովյանում պետք է տեղի ունենա այն, ինչը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին Երևանում:

Ինչպես հետագայում պարզ դարձավ մամուլի հրապարակումներից` Աբովյանում տեղի ուեցած հանրահավաքը կազմակերպել էր Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետը և այդքանից հետո նույնիսկ անիմաստ է անդրադառնալ, թե ինչ մեթոդներով են քաղաքացիները «բերման ենթարկվել» հրապարակ:

«Եռյակի» իրական քաղաքական ներուժը հետևաբար պետք է չափել ելնելով այլ քաղաքներում տեղի ունեցող հանրահավաքների մարդաշատությունից: Բնականաբար խոսքն այն մասին չէ, թե մնացած քաղաքներում մարդիկ իրենց կամքով են մասնակցում կամ չեն մասնակցում հանրահավաքներին: Խոսքն այն մասին է, որ եթե Աբովյանում վարչական բոլոր լծակների գերակշիռ մեծամասնությունը տնօրինվում է ԲՀԿ-ի կողմից, ապա մնացած քաղաքաներում վարչական լծակները տնօրինվում են ՀՀԿ-ի կողմից: Եթե Աբովյանում ԲՀԿ-ն կարողացավ «բերման ենթարկել» քաղաքացիներին, ապա այլ քաղաքներում ՀՀԿ-ն իր ունեցած ռեսուրսներով փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի հանրահավաքներին հնարավորինս քիչ մարդ մասնակցի: Այսինքն, իրականում թե’ ՀՀԿ-ն և թե’ ԲՀԿ-ն, ինչպես քաղաքական մնացած գործընթացներում, այնպես էլ հանրահավաք կազմակերպելիս օգտվում է նույն գործիքաշարից և բնական է, որ մենք հիմա ականատես ենք լինում այս երկու կուսակցությունների քաղաքական մրցավազքին հենց այս համատեքստում:

«Թեժ աշնան» հռետորիկան

Այս առումով հանրահավաքների մեկնարկից առաջ էլ ամեն ինչ պարզ էր: Գործընթացում ներգրավված քաղաքական ուժերից յուրաքանչյուրը քաղաքական առումով տարբեր օրակարգեր ունի.  հենց այդ պատճառով հանրահավաքային արշավի մեկնարկից առաջ գործընթացից դուրս մնաց ՀՅԴ-ն: Մինչև հանրահավաքների մեկնարկը քաղաքական երեք ուժերից յուրաքանչյուրն իր սեփական քաղաքական պատկերացումներն էր ներկայացնում: Հանրահավաքների ընթացքում ևս քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթները բովանդակային առումով բավականին տարբեր են: Եթե ՀԱԿ-ն ու Ժառանգությունը կողմնակից են գործող իշխանությունների անվերապահ հրաժարականին, ապա «ոչ իշխանականներին» առաջնորդող ուժը՝ ԲՀԿ-ն բնավ այդ կարծիքին չէ և դժվար էլ երբևէ համաձայնվի նմանատիպ օրակարգի հետ: Այսպիսով կարելի է արձանագրել, որ «ոչ իշխանականների» կարծիքները միայն համընկնում են սպասվող Սահմանադրական փոփոխությունների անցկացումը թույլ չտալու հարցում:

Այս ամենից հետևում է, որ «ոչ իշխանական եռյակի» հանրահավաքները և մասնավորապես Հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունենալիք հանրահավաքի միակ միասնական օրակարգը Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված Սահմանադրական փոփոխությունները մերժելն է: Այս առիթով արդեն իսկ «քաղաքացիական» նախաձեռնություններ են ստեղծվում ԲՀԿ-ի ազդեցության տակ գտնվող «քաղաքագետների» և ՀԱԿ երիտասարդների կողմից:

Այսպիսով քաղաքական «թեժ աշունը»  սահմանափակվելու է ընդամենը «Ոչ ասենք Սահմանադրական փոփոխություններին» կարգախոսով: Համենայն դեպս բացի վերոգրյալ լոզունգից այլ հարցերում «եռյակը» համակարծիք չէ և ըստ էության հենց այս լոզունգով է սահմանափակվելու «թեժ աշնան» հռետորիկան, և թե ինչ տեսակի գործիքաշարով կփորձեն «ոչ իշխանականները» իրագործել այս լոզունգը  բացարձակ կարևոր չէ:

Քաղաքացիների ներգրավվածությունը  

Որքան էլ ԲՀԿ-ն օգտագործի այս կամ այն քաղաքում ունեցած վարչական լծակները, իր առաջնորդի կողմից տնօրինվող ձեռնարկությունների աշխատակիցներին «բերման ենթարկի» հանրահավաքների, որքան էլ ՀԱԿ-ն ու Ժառանգությունը փորձեն դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել, թե ունեն աջակիցների հսկայական բանակ, միևնույն է օբյեկտիվ իրականությունը չի արտացոլում նրանց պնդումները: Օբյեկտիվ իրականությունն այն է, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ Ժառանգությունն արդեն վաղուց սպառել են իրենց վստահությունը ՀՀ քաղաքացիների շրջանում (ասվածի ապացույցը այս ուժերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցողների և ընտրազանգվածի հետզհետե նվազող թիվն է), իսկ ԲՀԿ-ն, ինչպես իշխող կուսակցությունը, ընտրություններում ձայներ է ստանում զանգվածային ընտրակաշառքների և ընտրակեղծիքների արդյունքում:  Ուստի այս գործընթացին ժողովրդական աջակցության ցուցանիշը բավականին ցածր է լինելու, իսկ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը «բերվելու» է հրապարակ, որպեսզի ապահովի, արդեն վաղուց շոուի վերածված, գործընթացի տրամաբանական շարունակությունը:

Նարեկ Սամսոնյան