«Հիմնադիր խորհրդարանն» ու ԼՂՀ-ն

Zhirayr Sefilyan

«Հիմնադիր խորհրդարանի» հանդեպ կիրառված բռնությունն աննախադեպ էր և, բնականաբար, այն պետք է դառնար ներքաղաքական քննարկման թիվ 1 թեման: Տարընթերցումներից կամ հոդվածի նշանակությունը նենգափոխելուց զերծ մնալու համար ցանկանում եմ հենց սկզբից իմ վերաբերմունքն արտահայտել տեղի ունեցած բռնության փաստի առթիվ:

Ինչպես ֆեյսբուքյան գրառմանս մեջ եմ արտահայտվել, այնպես էլ այստեղ ցանկանում եմ վերահաստատել իմ այն կարծիքը, որ ոչ մի հանգամանք և ոչ մի կանխավարկած չի կարող արդարացնել Բերձորում ոստիկանական ուժերի և քաղաքացիական անձանց կողմից իրականացված անասնական դրսևորումը: Այն, ինչ արեցին ԼՂՀ ոստիկաններն ու քաղաքացիական անձինք, ուղղակի չի կարող տեղավորվել բանականության, բարոյականության, առավել ևս, իրավական հարթության սահմաններում: Սակայն այստեղ կարելի է ևս մի կարևոր փաստ շեշտել. նմանատիպ գործողություններ չի կարելի իրականացնել ոչ մի քաղաքացու կամ անհատի նկատմամբ անկախ այդ անհատի ով լինելուց: Այսինքն, այն փաստը, որ բռնության է ենթարկվել Ղարաբաղյան պատերազմի հրամանատար Ժիրայր Սևֆիլյանը որևէ սաստկացուցիչ նշանակություն չունի, համենայն դեպս, բանականության և իրավական տեսանկյունից: Այլ հարց է, որ դա փորձում են ամեն կերպ շահարկել «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, բայց այդ հանգամանքը բնական է քաղաքական դիվիդենտներ ստանալու և տեղի ունեցածի հուզական կողմն ապահովելու տեսանկյունից:

Ինչպես և սպասվում էր՝ տեղի ունեցածը դարձավ ներքաղաքական օրակարգի թիվ 1 թեման և տարբեր իրարամերժ գնահատականների արժանացավ: «Հիմնադիր խորհրդարանի» անդամները սկսեցին պնդել իրենց այն համոզմունքը, որ «Արցախը (ԼՂՀ-ն) իրենց ընկալումներով Հայաստանի մարզ է»: Բնականաբար, վերոնշյալ պնդումը բավականին սուր քննադատության ենթարկվեց քաղաքական և քաղաքացիական շրջանակներում և իր արտառոցությամբ անցավ բանականության բոլոր սահմանները: Այն որ ցանկացած քաղաքական և/կամ քաղաքացիական ուժ ինքն է ձևակերպում իր օրակարգը, թերևս, քննարկման առարկա չէ, բայց այն հանգամանքը, որ մեր երկրում արդեն սովորություն է դարձել «մի երթուղայինի» չափ անդամներ ունեցող կազմակերպությունների երկնած մտքերը, որպես հանրային ճշմարտություն և պահանջ ներկայացնելն արդեն դուրս է նույնիսկ քաղաքական սատիրայի ժանրից:

«Հիմնադիր խորհրդարանը» մեկ այլ դարակազմիկ «գործընթաց» է առաջարկում՝ «Ապրիլի 24-ից զանգվածային քաղաքացիական անհնազանդության միջոցառումներով սկսենք ռեժիմից ազատվելու գործընթացը»: Առաջին հայացքից անմեղ թվացող այդ նախադասությունը գործնականում բավականին վտանգավոր հետևանքներ ունեցող գործընթաց է ենթադրում, սակայն ոչ թե «ռեժիմի» այլ մեր պետականության համար, բայց ապրիլի 24-ի մասին մեկ ուրիշ անգամ: Այս անգամ համոզմունքներս հիմնավորելու համար փորձեմ հնարավորինս հակիրճ անդրադառնալ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից ԼՂՀ-ն ՀՀ մարզ համարելու գաղափարին:

«Լեռնային Ղարաբաղը սուվերեն Հանրապետություն է և վերջ՛»

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուսումնասիրելու ընթացքում հնարավորություն եմ ունեցել հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրել հակամարտության փուլերը, դրանց ընթացքում ՀՀ և ԼՂՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումները, միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներն ու հակամարտության վրա աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությունը: Առավել քան հիմնավորված եմ համարում ԼՂ-ի՝ առանձին պետություն լինելու անհրաժեշտությունը, քանի որ այդ ուղին ընտրել է ԼՂՀ քաղաքացին և հենց ԼՂՀ-ի բնակչությունն է իրավասու որոշելու իր երկրի կարգավիճակը: Այլ հարց է, որ ԼՂՀ-ն համարվում և ապագայում ևս պետք է համարվի աշխարհում 2-րդ հայկական պետությունը:

Ղարաբաղյան հակամարտության սկզբնական շրջանում ԼՂ տարածքում ապրող բնակչությունը միջազգային իրավունքից բխող հանրաքվեի արդյունքում քվեարկել է անկախ պետություն դառնալու օգտին: Եվ այս պայմաններում ասել, որ Ղարաբաղը հանդիսանում է ՀՀ մարզ, մեղմ ասած, անարգանք է հենց այդ հանրաքվեի հանդեպ, այլ հարց է, որ հարգարժան հրամանատարը (Ժիրայր Սեֆիլյան) իր մարտական ընկերների հետ համարել կամ համարում է, որ կռվել է ԼՂ-ն ՀՀ մարզ դարձնելու համար:

Քանի դեռ չկա մեկ այլ հանրաքվե, որի արդյունքներով ԼՂՀ բնակչությունը կքվեարկի ՀՀ մարզ դառնալու օգտին յուրաքանչյուրը, այդ թվում նաև Ղարաբաղյան հերոսամարտի մասնակից հրամանատարը, պարտավոր է հարգել ԼՂՀ բնակչության կողմից ԼՂ-ին տրված կարգավիճակը: Հակառակ դեպքում ցանկացած ոք, ով ԼՂՀ-ն համարում է ՀՀ մարզ ուղղակիորեն անարգում է հենց նույն ԼՂՀ բնակչությանն ու միջազգային իրավունքից բխող հանրաքվեի արդյունքները:

Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արել է, որպեսզի ԼՂ տարածքում տեղի ունեցող պատերազմական գործողությունները ոչ մի կերպ չասոցացվեն ՀՀ-ի հետ, և այդ մասին, վստահ եմ, քաջատեղյակ է Ժիրայր Սեֆիլյանը: Վստահ եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը նաև շատ լավ է հասկանում, թե ինչու էր այդ ժամանակվա իշխանությունն անում ամեն ինչ, որպեսզի պատերազմական գործողությունները միջազգային հանրությանը ներկայացվեն որպես ԼՂ ժողովրդի կողմից իրականացվող ինքնապաշտպանություն: Ավելին, մինչև Քոչարյանի նախագահ դառնալը ԼՂՀ-ն բանակցություններում ներկայացված էր, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ և միայն Քոչարյանի պետական դավաճանության արդյունքում այն դուրս մղվեց բանակցային գործընթացից: Իսկ միգուցե Սեֆիլյանի և Քոչարյանի հայացքները համընկնու՞մ են այս հարցում, կամ միգուցե այլ հարցերում ևս…. Այնուամենայնիվ, այսքանից հետո, մեղմ ասած, տարակուսելի է, որ հրամանատար Սեֆիլյանն այսօր ԼՂՀ-ն համարում է ՀՀ մարզ:

Հ.Գ. Եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ «Սեֆիլյանը և 43 մեքենաները» մարդկանցով հասնեին ԼՂՀ տարածք և սկսեին իրենց պատկերացումները ներկայացնել ԼՂՀ բնակչությանը բացառված չէ, որ կարող էր ավելի մեծ ողբերգություն պատահել: Ինչևէ, փաստն այն է, որ հրամանատար Սեֆիլյանի մուտքը ԼՂՀ անմարդկային ձևով կանխվեց: Այս ամենը չէր կարող հաշվարկված չլիներ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից և այստեղ բնական հարց է առաջանում՝ ին՞չ նպատակով էին մեկնում ԼՂՀ Ժիրայր Սեֆիլյանն ու իր կողմնակիցները: Նմանատիպ իրավիճակում մի՞թե իմաստ ուներ գնալ ԼՂՀ և այսպիսի արդյունք գրանցել: Այս և այլ հարցերի պատասխանը տալու է ժամանակը, պարզապես կարելի է արձանագրել, որ տեղի ունեցածը մի կողմից քաղաքական կարճատեսության, մյուս կողմից անմարդկային բորենիության հետևանք էր, իսկ արդյունքը՝ բավականին վտանգավոր ՀՀ և ԼՂՀ համար:

Նարեկ Սամսոնյան