Պատմությունը

ՀԿ լոգո

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին: Այն ազատական սկզբունքների հիման վրա, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության խթանման ու զարգացման նպատակով ստեղծված հասարակական կազմակերպություն է: Վերջինիս ստեղծմանը նպաստել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական գիտակցություն սերմանելու և այն զարգացնելու անհրաժեշտությունը:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում ստեղծված իրավիճակի փոփոխության միակ ելքը տեսնում է ազատական գաղափարախուսության համատեքստում ձևավորված քաղաքացիական գիտակցության կիրառման մեջ և այդ շրջանակներում էլ ծավալում է իր գործունեությունը:

2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում ծավալված առաջին ուսանողական լայնամասշտաբ շարժումը (ԵՊԼՀ ուսանողական շարժումը), մասնավորապես, արագացրեց Կազմակերպության պաշտոնական գրանցումը: Ուսանողական շարժման ընթացքում ստեղծված երիտասարդական կոնսոլիդացիան շարժման ավարտից հետո իր ողջ ներուժը ծառայեցրեց Կազմակերպության նպատակների իրագործմանը:

Կազմակերպության հիմնական նպատակն է ներկայացնել և պաշտպանել երիտասարդության և ուսանողության իրավունքներն ու շահերը: Կազմակերպության հիմնական խնդիրներն են օրենքով սահմանված կարգով նպաստել երիտասարդության սոցիալ տնտեսական, հոգևոր մշակութային խնդիրների լուծմանը, նպաստել ՀՀ տարածքում երիտասարդության և ուսանողության իրավական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանն ու զարգացմանը, համախմբել երիտասարդությանը Կազմակերպության նպատակների և ծրագրերի իրականացման շրջանակներում, մարդու իրավունքների, մամուլի և խոսքի ազատության պաշտպանությունը, ՀՀ-ում ժողովրդավարության խթանումն ու զարգացումը:

Կազմակերպության հիմնական խնդիրների իրականացման ձևերն են՝ ժողովրդավարության արդի չափանիշներին համապատասխանող օրինագծերի մշակում, քաղաքագիտական ուսումնական ծրաագրերի իրականացում դասընթացների, սեմինարների տեսքով, հրատարակչական աշխատանքի իրականացում (այդ թվում՝ համաշխարհային արժեքավոր աշխատությունների հայերեն թարգմանություն), վերլուծությունների և հետազոտությունների իրականացում, հրապարակային միջոցառումների անցկացում:

Իր գործունեության տարիների ընթացքում Կազմակերպությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել, որոնք բխել են Կազմակերպության խնդիրներից և նպատակներից։ Շուրջ չորս տարիների ընթացքում «ՔԳ» ԱՀԿ—ն համագործակցել է քաղաքացիական և քաղաքական դաշտում գործող մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ։ «ՔԳ» ԱՀԿ–ն սերտ գործընկերային կապեր ունի նաև ԱՄՆ Միջազգային Ժողովրդավարության Զարգացման կողմից ֆինանսավորվող Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի (USAID NDI) հայաստանյան գրասենյակի հետ։ Մասնավորապես, Կազմակերպության առավել ակտիվ անդամները մասնակցել են «ԱԺԻ» կողմից անցկացվող ամենամյա կին և երիտասարդ առաջնորդների դպրոցներին։ 

«ՔԳ» ազատական ՀԿ անդամները Կազմակերպության գոյության ողջ ընթացքում ակտիվորեն մասնակցություն են ցուցաբերել երկրում սկիզբ առած բոլոր քաղաքացիական շարժումներում և նախաձեռնություններում, հանդես եկել առկա խնդիրների լուծման սեփական տեսլականով՝ ներկայացնելով շարժումների ու նախաձեռնությունների նպատակների իրականացման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը:

Կազմակերպության կողմից պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել, որոնց շրջանակներում Կազմակերպության անդամները հանդիպել են ՀՀ-ում սկիզբ առած շարժումների համակարգող խմբերի հետ՝ վերջիններիս ապահովելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդակցությամբ:

«ՔԳ» ազատական ՀԿ անդամներն ակտիվ մասնակցություն են ունեցել, մասնավորապես, հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման դեմ կազմակերպված «100 դրամ» շարժմանը, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ՀՀ կատարած այցի կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ակցիաներին, նույն թվականին տեղի ունեցած Մաքսային միությանը միանալու որոշման դեմ բողոքի ակցիաներին՝ ներգրավված լինելով «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության համակարգող խմբում, գազի սակագների բարձրացման դեմ բարձրացած բողոքի ակցիաներին, 2014-2015 թթ. տևած էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ծայր առած բողոքի ակցիաներին:

Վերը հիշատակված խնդիրների շուրջ սկիզբ առած բոլոր բողոքի ակցիաների նպատակը ՀՀ ինքնիշխանության պահպանումն էր և ռուսական ապօրինությունների մասին բարձրաձայնելն ու կանխելն էր:

«ՔԳ» ազատական ՀԿ-ն «Քաղաքական խորհրդակցություն» խորագրով հանդիպումներ է կազմակերպել դաշտում գործող քաղաքական և հասարակական գործիչների հետ, որոնք կիսում են Կազմակերպության գաղափարները:

Կազմակերպությունը բազմաթիվ սեմինարներ, քննարկումներ և հանդիպումներ է կազմակերպել, որոնց նպատակը ՀՀ քաղաքացիների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը նպաստելն է:

Կազմակերպությունը համագործակցել է ՀՀ-ում գործող մի շարք կազմակերպությունների հետ, ինչպես նաև արտերկրում գործող ազատական գաղափարախոսությանը հարող կազմակերպությունների հետ, մասնավորապես, Թուրքիայում գործող «3 Հ-երի շարժում» ՀԿ հետ, որի անդամների հետ միասին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա զարգացումների վերաբերյալ սեմինար է կազմակերպվել Հայաստանում: Կազմակերպությունը սերտ համագործակցում է ԱՄՆ-ում գործող Ալբերտ Էյնշտեյնի անվան հետազոտությունների ինստիտուտի հետ: Այս համագործակցության արդյունքում Կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով առաջին անգամ հայերեն է թարգմանվել պրոֆեսոր Ջին Շարփի հայտնի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գիրքը: Այս գիրքը թարգմանվել է աշխարհի ավելի քան 45 լեզուներով և այսուհետ հասանելի է նաև հայերենով:

Կազմակերպությունն ակտիվ քննարկումներ է իրականացում աշխարհի ամենատարբեր երկրներում խաղաղ անհնազանդություն կիրառած երիտասարդական շարժումների ներկայացուցիչների հետ: