Բազմակուսակցական համակարգի կայացման խոչընդոտները ՀՀ-ում. Մաս 2. Կուսակցական համակարգի փոփոխության հրամայականը

obstacles-to-the-establishment-of-a-multiparty-system-in-the-ra-part-2-imperative-to-change-the-party-system

Նախորդ մասում հնարավորինս հակիրճ անդրադարձ եղավ կուսակցական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիային, որի հիմնական եզրահանգումները հետևյալն էին.

  • Խորհրդային Միության փլուզումից հետո ուժգնացած ժողովրդավարացման երրորդ ալիքը հասավ իր բարձրակետին, և ժողովրդավարացման ուղին ընտրեցին խորհրդային բլոկի բոլոր պետությունները, այդ թվում նաև Հայաստանը:
  • Ավտորիտար քաղաքական համակարգից դեպի ժողովրդավարական քաղաքական համակարգ անցումն իր հետ բերեց բազմաթիվ օբյեկտիվ խոչընդոտներ բազմակուսակցական համակարգի կայացման ճանապարհին:
  • 1900-ականների սկզբին «Ղարաբաղ կոմիտեի» գլխավորած համազգային շարժումը կուսակցություն դառնալով վերածվեց քաղաքական դաշտի միակ դերակատարի և, ըստ էության, մինչև առաջին գումարման ԱԺ ընտրությունները դաշտում պահպանեց իր հեգեմոն դերը:
  • 1995 թվականի խորհրդարանական և հատկապես 1996-ի նախագահական ընտրություններից հետո ձևավորվեց հետընտրական, ոչ ավանդական քաղաքական գործընթացների միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու պրակտիկան, որը զարգացած քաղաքական համակարգ ունեցող երկրներում անընդունելի պրակտիկա է և գործնականում կուսակցական համակարգի զարգացմանը որևէ օգուտ չի կարող տալ:

1998 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո կուսակցական համակարգը հայտնվեց կոլապսային իրավիճակում և մինչ այժմ չի կարողանում դուրս գալ հարատև ճահիճ հիշեցնող այդ վիճակից: Այնուամենայնիվ, ցանկացած իրավիճակից գոյություն ունեն ելքի մի քանի հնարավոր տարբերակներ, սակայն, ինչպես բոլոր ոլորտներում, քաղաքական ոլորտում առավել ևս, մեր երկրում ամեն ինչ դուրս է ռացիոնալ վերլուծության և հատկապես գիտական տրամաբանությունից: Դասական իմաստով, անգամ քաղաքական կուսակցություններին հայտնի մասնագիտական բնորոշումներին համապատասխան կուսակցություն մեր երկրում գտնելն անհնար է, իսկ իրավիճակից ելքերը պետք է փնտրել ստեղծված կոնյուկտուրայից դուրս:

Ինչպես արդեն առիթ ունեցա նշելու՝ ստեղծված ներքաղաքական կոնյուկտուրան տրամագծորեն տարբերվում է քաղաքակիրթ աշխարհին հայտնի մեթոդաբանությունից, ավելին՝ դրա հրապարակային դրսևորումներից շատերը հակագիտական և հակատրամաբանական են: Ուստի, առկա իրավիճակի փակուղային էությանը հարկավոր է հակադրել մասնագիտական մոտեցումներն ու այդ տրամաբանության մեջ առաջարկել այն այլընտրանքը, որի միջոցով ճահճացած համակարգը հնարավոր կլինի մղել դրական դինամիկայի փուլ, ինչն էլ կփորձեմ անել հոդվածաշարի այս հատվածում:

Քաղաքական կուսակցության բնորոշիչներն ու գործառույթները

Եթե փորձենք տալ կուսակցություն տերմինի քաղաքագիտական նշանակության հնարավորինս մինիմալ սահմանումը, կարելի է ասել, որ կուսակցությունն այն ինստիտուցիոնալ մարմինն է, որն իր շարքերում գաղափարական ծրագրային և աշխարհաքաղաքական սկզբունքների հիման վրա հասարակության կազմակերպված հատվածին ներգրավելով ձգտում է պետական իշխանությանը մաս կազմելուն: Կուսակցության հիմնական հատկանիշը հենց իշխանության հասնելու համար մղվող բացահայտ պայքարն է, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջականորեն մասնակցել պետական և հանրային կառավարմանը: Կուսակցությունները դասակարգվում են բազմաթիվ չափանիշներով, որոնցից կարևորագույնները՝ ստորև.

  1. ըստ քաղաքական իրականության նկատմամբ ունեցած վերաբերմունքի՝ պահպանողական կամ բարեփոխական (ռեֆորմիստական),
  2. ըստ կուսակցության ղեկավարության և շարքային անդամների միջև առկա փոխհարաբերությունների բնույթի՝ ժողովրդավարական կամ ավտորիտար,
  3. ըստ քաղաքական համակարգում ունեցած տեղի՝ իշխող և ընդդիմադիր (մեր երկրում ամենալղոզված եզրույթները), խորհրդարանական և արտախորհրդարանական,
  4. ըստ գործելաոճի՝ կառուցողական, արմատական, ծայրահեղական, լեգալ և ոչ լեգալ,
  5.  ըստ գաղափարախոսական պատկանելիության՝ աջ, ձախ կամ կենտրոնական,
  6. ըստ կազմակերպչական սկզբունքների՝ զանգվածային (ՍՄԿԿ, ՀՀՇ-ն մինչև 1998 թվականը, ՀՀԿ-ն մինչև մեր օրերը, Միասնական Ռուսաստան կուսակցությունը) և կադրային (ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները, Արևմտյան Եվրոպայի առաջատար կուսակցությունները):

Վերոգրյալ բնորոշիչների հիման վրա են քաղաքակիրթ աշխարհում ստեղծվում և համապատասխանաբար դասակարգվում կուսակցությունները: Կուսակցական համակարգի կայացումն ուղիղ համեմատական է քաղաքական համակարգի կայացմանը: Համեմատական քաղաքագիտության փորձագիտական շրջանում դեռևս շարունակվում է բանավեճն այն մասին, թե արդյոք զարգացած քաղաքական համակարգից է բխում զարգացած կուսակցական համակարգը, թե՝ հակառակը, սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ հաջողված ժողովրդավարական երկրներում այս երկու գործընթացները տեղի են ունեցել զուգահեռ և մեկը մյուսի նկատմամբ տարբեր փուլերում ունեցել են փոխլրացնող բնույթ: Ավելին, մեր երկրի փորձը հաշվի առնելով առավել քան ակնհայտ է դառնում վերոգրյալ պնդումը. ձախողված պետականաշինություն, էլեկտորալ ժողովրդավարությանը բնորոշ քաղաքական համակարգ և նույնպիսի ճահճային վիճակում գտնվող կուսակցական համակարգ, որն ամբողջությամբ համապատասխանում է քաղաքական համակարգում առկա առանձնահատկություններին:

Կուսակցությունների գործելաոճային, կառուցվածքային, գաղափարական, ներքին ժողովրդավարական հատկանիշներին 1946 թվականից կարելի է ավելացնել նաև աշխարհաքաղաքական ուղղվածության հատկանիշը, որը 1991 թվականից առավել քան կարևոր նշանակություն է ստացել ներքաղաքական կողմնորոշիչների հարցում: Որպեսզի ասվածը ոչ հիմնավոր չթվա, փորձեմ հակիրճ հիմնավորել վերոգրյալը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված «Երկաթյա վարագույրով» բաժանվող մոլորակը ոչ միայն ռազմական նշանակության էր, այլ առավել քան գաղափարախոսական և, ինչպես ցույց տվեց արդեն 1991 թվականին տեղի ունեցած ԽՍՀՄ փլուզումը, այդ բաժանման արևելյան հատվածում գտնվող երկրներն ու համապատասխանաբար ժողովուրդները բազմաթիվ զրկանքների և կտտանքների էին ենթարկվել հենց գաղափարական պատճառներով: 1991 թվականին, ըստ էության, լիբերալ ժողովրդավարությունը (խոսքը ոչ թե քաղաքական գաղափարախոսության, այլ կառավարման համակարգի մասին է) կործանարար և վերջնական հաղթանակ տարավ սոցիալիստական ճամբարի նկատմամբ, և երկբևեռ աշխարհակարգն ամբողջությամբ ձևափոխվեց: Այդ հաղթանակի հետևանքով առավել մեծ թափ առավ 1974-ից սկսված ժողովրդավարացման երրորդ ալիքը և հենց այդ հաղթանակի գաղափարական բաղադրիչների շնորհիվ մի քանի տասնյակ ավտորիտար պետություններ ընտրեցին ժողովրդավարության անցման ճանապարհը:

Խորհրդային Միության փլուզումից տարիներ առաջ, երբ Գորբաչովի կողմից սկիզբ դրվեց «Վերակառուցման» գործընթացին, սոցիալիստական ճամբարի երկրները հնարավորություն ունեցան նայել «երկաթյա վարագույրից» այն կողմ և հասկացան, որ հակառակ բևեռում մարդկանց կենսամակարդակը մի քանի հարյուր անգամ գերազանցում է իրենց ունեցածին, և շատ մասնագիտական վերլուծություններ փաստում են, որ հենց գորբաչովյան «Վերակառուցումը» արագացրեց ԽՍՀՄ փլուզումը:

ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային պետություններում ժողովրդավարացման ճանապարհին բազմաթիվ օբյեկտիվ խոչընդոտներ առաջացան, իսկ սուբյեկտիվ խոչընդոտներն ամեն երկրում տեղային նշանակության էին, քանի դեռ Ռուսաստանում տեղի չէր ունեցել իշխանության ուժային աղբյուրների կոնսոլիդացիա ներկայիս նախագահ Պուտինի իշխանության գալուց հետո: 2000-ականների սկզբից Պուտինը սկսեց իշխանության ուժային աղբյուրների կոնսոլիդացիան և այդ ժամանակներից մինչ օրս ՌԴ-ն հանդիսանում է հետխորհրդային երկրներում ժողովրդավարացմանը խոչընդոտող թիվ 1 սուբյեկտիվ գործոնը, որից էլ բխում են մնացած տեղային գործոնները: Արդ հիմք ընդունելով վերոգրյալ պատմական իրողությունները՝ քաղաքական աքսիոմի է վերածվում այն իրողությունը, որ, եթե հետխորհրդային պետություններում գործող քաղաքական կուսակցությունները հետապնդում են ժողովրդավարական պետություն կառուցելու նպատակ, ապա նվազագույնը պետք է իրենց կուսակցական ծրագրում ներառեն աշխարհաքաղաքական կոմպոնենտը: Հետխորհրդային պետություններում ժողովրդավարացման գործընթացի վրա ներկայիս Ռուսաստանի ունեցած բացասական ազդեցության և, հետևաբար, հանուն ժողովրդավարացման գործունեություն ծավալող քաղաքական կուսակցությունների կողմից այդ հանգամանքի հանդեպ ծրագրային վերաբերմունք արտահայտելու կարևորության հիմնավորումը սահմանափակեմ վերոգրյալով:

Կուսակցությունների մասին առկա քաղաքագիտական դասական ձևակերպումները, բնորոշող գծերն ու հատկանիշների ամբողջական առկայությունը պայմանավորում են բազմակուսակցական համակարգի կայացվածությունն ու քաղաքական համակարգում առկա ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտող հանգամանքների վերացումը: Էլեկտորալ ժողովրդավարությունը կայուն և զարգացող լիբերալ ժողովրդավարությամբ փոխարինելու համար հարկավոր է կայացնել կուսակցական համակարգը: Այսօր մեր երկրում գոյություն չունի գեթ մեկ կուսակցություն, որն ունենա կուսակցության քաղաքագիտական նշանակությանը մինիմալիստական համապատասխանելիություն և ներկայումս հայկական կուսակցական ճահճացած համակարգն ի զորու չէ սպասարկել ոչ միայն ՀՀ քաղաքացիների շահերը, այլև անգամ ի զորու չէ գործարկել կասեցված ժողովրդավարացման գործընթացը:

Ճահճից դուրս գալու այլընտրանքային միջոցները

Վերջին պարբերությունից տպավորություն կստեղծվի, որ իրավիճակն անելանելի է, սակայն իրականում այս իրավիճակից առկա ելքերն առավել քան ակնհայտ են: Ինչպես նախկինում, ներկայումս ևս վստահ եմ, որ ստեղծված իրավիճակի բարելավումը հնարավոր է միայն առկա ներքաղաքական կոնյուկտուրայից դուրս նոր որակի կուսակցությունների ստեղծման պարագայում: Այդ ամենի համար մեր երկրում առկա օբյեկտիվ նախապայմանները գրեթե բացակայում են, բայց դրանք բացակայում էին նաև 80-ականների Լեհաստանում: Եվ, չնայած օբյեկտիվ նախապայմանների բացակայությանը, նմանատիպ հնարավորության նշաններ երևացին վերջին տարիներին ստեղծված և նոր քաղաքական մշակույթ ստեղծելու հայտ ներկայացրած կուսակցություններից երկուսի պարագայում: Բայց, ցավոք սրտի, կայացման ճանապարհին նրանցից առնվազն մեկն այլևս որևէ էական փոփոխություններ իրականացնելու գործնական հնարավորություն չունի, քանի որ ՏԻՄ ընտրությունների հետևանքով ամբողջությամբ տրվեց ներքաղաքական կոնյուկտուրային և նույնականացավ այնպիսի քաղաքական միավորների հետ, որոնք կուսակցական համակարգի դեգրադացիայի խորհրդանիշերից են հանդիսանում և որոնց հետ ասոցացվելը նույնն է, թե ամբողջությամբ ռուսական ծիրի մեջ դիրքավորվելը: Որքան էլ այս կամ այն քայլը կուսակցականները փորձեն հիմնավորել քաղաքագիտական տարատեսակ մեկնաբանություններով, միևնույն է, նմանատիպ գործելաոճը որևէ աղերս չի կարող ունենալ քաղաքական մշակույթի ստեղծման հետ:

Առհասարակ, ներկայումս դաշտում առկա մի քանի՝ բազմիցս քննարկված թեզեր, մեղմ ասած, հակագիտական նշանակություն ունեն: Երբ ընդդիմադիր կուսակցություններից շատերը դեմքի հպարտ արտահայտությամբ ի լուր աշխարհի հայտարարում են, որ իրենք «քննադատում են միայն իշխող կուսակցությանը» և միայն այդքանով իրենք ընդդիմադիր են, բնականաբար, վերջում պետք է բախվեն՝ իրենց իսկ ձևակերպումներով ընդդիմադիր «Տրոյական ձիերին» և արդյունքում նորից արձանագրեն, որ իշխող կուսակցությունն է «մեղավոր», որ իրենց «դաշնակիցները» խախտեցին պայմանավորվածությունը: Իրականում, ինչպե՞ս կարող է հստակ գաղափարական պատկանելիություն ունեցող կուսակցության համար ընկալելի լինել մեկ այլ գաղափարական պատկանելիություն ունեցող կուսակցություն, անկախ նրանից ընդդիմադի՞ր է այդ կուսակցությունը, թե՝ իշխանական: Կամ, ավելի թաթախվելով ներքաղաքական կոնյուկտուրայի մեջ, ինչպե՞ս կարող է որևէ ուժի համար ընկալելի լինել այն քաղաքական ուժերի հետ դաշնակցելը, որոնք իրենց պատմության ընթացքում միայն ու միայն բացասական դերակատարում են ունեցել ժողովրդավարական գործընթացների համատեքստում: Նմանատիպ դեպքերում հարց է առաջանում՝ հիմա ո՞վ է մեղավոր, որ դուք խաբվեցիք. հայտնի «ստախոսնե՞րը», թե՞ դուք, որ հանուն որևէ քաղաքական նշանակություն չունեցող կարճատև նպատակի՝ խաբվեցիք: Այս ու նմանատիպ այլ կեղծ կատեգորեաներով ընթացող բանավեճերը միայն ու միայն ամրապնդում են արդեն իսկ արմատավորված էլեկտորալ ժողովրդավարության արատավոր ընթացքը: Եվ սա շատ բնական է, քանի որ էլեկտորալ ժողովրդավարության կենսունակության հիմնական գրավականն իշխող ուժի համար քաղաքական սպեկուլյացիաների պարարտ հող ստեղծելն է, որն էլ մեր երկրում հանդիսանում է քաղաքական համակարգի դեգրադացիայի հիմնական գործիքաշարերից մեկը:

Հ.Գ. Կուսակցական համակարգի զարգացումն իրականություն դարձնելու միակ ճանապարհը ստեղծված արատավոր համակարգին լավը հակադրելն է: Բանավեճի որակը պայմանավորում է այն միջավայրը, որում իր գործունեությունն է ծավալում տվյալ սուբյեկտը, իսկ այդ միջավայրի փոփոխության կարևորագույն նախապայմանը եղած արատավոր բարքերի այլընտրանքը ստեղծելն է, որը բավականին բարդ, բայց իրագործելի երևույթ է: Իռլանդացի փիլիսոփա Էդմունդ Բըրքն ասում էր. «Վատի արմատավորման համար հերիք է միայն այն, որ լավ մարդիկ ոչինչ չանեն»:

«Բազմակուսակցական համակարգի կայացման խոչընդոտները ՀՀ-ում» հոդվածաշարի առաջին մասը կարող եք կարդալ նշված հղումով:

Նարեկ Սամսոնյան