Ի պատասխան «Եռյակի» աջակիցների «մտքի գոհարներ»-ի

dod

Խորհրդարանական ոչ ընդդիմադիր և ոչ իշխանական «Եռյակի» նախաձեռնած քաղաքական գործընթացի հենց սկզբից քաղաքացիական և քաղաքական գործընթացներում ակտիվ քաղաքացիների մի ստվար զանգված իր անհամաձայնությունն ու անվստահությունը հայտնեց սպասվող գործընթացների վերաբերյալ:

Քաղաքացիների այս խմբի կողմից գործընթացի հանդեպ թերահավատությունը հիմնականում պայմանավորված էր այն ղեկավարող քաղաքական ուժերի հանդեպ ձևավորված անվստահությամբ:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո ես անձամբ ավելի ու ավելի համոզվեցի  քաղաքացիական հանրության վարքագծի ճշմարտացիության վրա, սակայն այն, ինչ տեղի էր ունենում հանրահավաքից առաջ և ինչ տեղի է ունենում հանրահավաքից հետո, մեղմ ասած, զավեշտալի է: Հանրահավաքին նախորդող օրերին ոչ ընդդիմադիրների կողմնակիցները համացանցով մեկ մի արշավ էին սկսել, որտեղ «քարկոծում» էին իրենց սկսած գործընթացի հանդեպ անվստահություն հայտնած անհատներին և ուժերին: Հանրահավաքին հաջորդող օրերի ընթացքում ծառուկյանական ուժերի կողմնակիցները ավելի մեղմ էին իրենց խոսքերում, քանի որ հանրահավաքի ընթացքը այնքան էլ այն չէր, ինչ ակնկալվում էր մինչև հոկտեմբերի 10-ը:

Հոկտեմբերի 10-ից հետո ծառուկյանական ոչ ընդդիմադիր ակտիվիստները համացանցում մի քանի, առաջին հայացքից բավականին փաստարկված, բայց իրականում ծիծաղելի «թեզեր» են առաջ քաշել: Այստեղ կփորձենք հնարավորինս հանգամանալից անդրադառնալ այդ «թեզերի» ընդհանրական բովանդակությանը:

Եվ ուրեմն.

«Ներկայիս իրավիճակի պատասխանատուներից են նաև սկզբունքային ազնիվները, որոնք  ոչ մի բան չարեցին, որպեսզի գրավեին Ազատության հրապարակի հարթակը»:

Ծառուկյանական ակտիվիստները վիրտուալ հարթակում «պատռում» են կոկորդները և խրոխտ տոնայնությամբ աջ ու ձախ մեկնում վերոգրյալ տողերը: Այս միտքը առաջին հայացքից բավականին փաստարկված է երևում, և իրերի հանդեպ կենցաղային մտածելակերպ ունեցող մարդիկ այս միտքը մեկնաբանում են մոտավորապես այսպես. «Չէի՞ք ուզում ոչ ընդդիմադիր «Եռյակը» գար հրապարակ իր օրակարգով, դուք գայիք և թելադրեիք ձեր օրակարգը»: Անխոցելի թվացող փաստարկ, որի միջոցով ծառուկյանական երիտասարդները հեգնում են իրենց ընդդիմախոսներին:

Իրականում այս միտքը քաղաքական իրողությունների հետ որևէ աղերս չունեցող և դեմագոգիկ ծագումնաբանություն ունի: Ի՞նչ է նշանակում «մենք չենք անում՝ դուք արեք»: Իսկ ո՞վ ասաց, որ այն քաղաքացիները կամ քաղաքացիական հասարակության մարմիններ համարվող հասարակական կազմակերպությունները, ովքեր համաձայն չեն ձեր ընտրած քաղաքական օրակարգի հետ, պարտավոր են  «գրավել Ազատության հրապարակի հարթակը»: Իրականում քաղաքական ուժերի և քաղաքացիական դաշտում գործող կազմակերպությունների և անհատների միջև բավականին զգալի տարբերություններ կան:

Հասարակական դաշտում գործող անհատներն ու կազմակերպությունները պետության ներսում գործող անկախ մարմիններ են, որոնք կոչված չեն իշխանության գալու, սակայն որոնց կողմից բարձրացված տարատեսակ հարցերից ելնելով քաղաքական կուսակցությունները կազմում են իրենց օրակարգերը (ի դեպ, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները): Բնականաբար, ասվածից չի բխում, որ կուսակցություններն իրենց օրակարգերը կազմելիս պետք է առաջնորդվեն միայն հասրակական դաշտում գործող կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրներով:

Հասարակական դաշտում գործող անկախ կազմակերպություններն ու անհատները բազմիցս բարձրաձայնել են ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու անթույլատրելիության մասին: Ավելին, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին այդ կազմակերպություններն ու անհատները մի քանի քաղաքական կուսակցությունների հետ  միասին կազմակերպել էին «Ընդդեմ մաքսային միության» երթը, որն աչքի ընկավ իր բազմամարդությամբ և որի ընթացքում ոստիկանական բաժանմունքներ տարվեցին հարյուրից ավել քաղաքացիներ:

Քաղաքացիական հանրությունը նաև ազատ է համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնում քաղհասարակության կողմից բարձրաձայնված հարցերին տալ քաղաքական լուծումներ, իսկ այն քաղաքական կուսակցությունները, որոնք իրենց քաղաքական օրակարգերը կազմում են ելնելով իրենց բիզնես հետաքրքրություններից, չպետք է ակնկալեն քաղաքացիական հանրության աջակցությունը: Հետևաբար, քաղաքացիական հանրությունը տարատեսակ հարթակներ «գրավելու» պարտավորություն չունի և ծառուկյանական ուժերի կողմից դաշտ նետված այդ թեզի տրամաբանական նշանակությունը հավասար է զրոյի:

«Եռյակի»  ակտիվիստների կողմից առաջ քաշվող հաջորդ պնդումը վեր է մարդկային երևակայության տիրույթներից.

«Հանրահավաքներին չմասնակցողները ծառայություն են մատուցում ռեժիմին»:

Այս պնդումը ավելի քան հիմնազուրկ և աբսուրդի ժանրից է: Այսպիսով, ի՞նչ է ստացվում. այն քաղաքացիական և քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու շարքային քաղաքացիները, ովքեր Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու ներկան չեն ընդունում, ովքեր հիմնավոր վերապահումներ ունեն ԲՀԿ կուսակցության նկատմամբ, ովքեր չեն հավատում ընտրությունների ժամանակ կաշառք բաժանող, տարբեր տեսակի ժամանցային կենտրոններում մարդ ծեծող ու անպատիժ մնացող, գործարար պատգամավորներից բաղկացած բիզնես պրոյեկտ կուսակցության «ընդդիմադիր» կեցվածքին, նրանք դրանով «ծառայություն են մատուցում» իշխանություններին:

Այս «խելոքների» կարծիքով, երբ Գագիկ Ծառուկյանը գնում է նախագահի նստավայր,  հոտնկայս խմում է Սերժ Սարգսյանի կենացը, այդպիսով «բուրժուադեմոկրատական հեղափոխություն է անում, իսկ նրան չհավատացողները ծառայություն են մատուցում ռեժիմին: Այո՛ այո՛, հենց այդպես: Սերժ Սարգսյանի գլխավորած Ազգային Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող Գագիկ Ծառուկյանը, ով հայտնի է իր քրեական անցյալով, «հեղափողություն» է անում, իսկ մենք «ծառայություններ ենք մատուցում ռեժիմին»: Ուղղակի հանճարի մտքի փայլատակում, որը հասու չէ մեզ նման շարքային մահկանացուներին:

Հ.Գ. Իմ խորին համոզմամբ նմանատիպ պնդումներ անող մարդկանց ուղեղը մթագնել է «Շանգրի Լա»-ներում տեսած ճոխություններից և Ծառուկյանի պերճախոս նախադասություններից, և եթե այդ ամենի հետ մեկտեղ հաշվի առնենք նաև մեծահասակ լինելը, օբյեկտիվ իրականությունն ավելի հիմնավորված պատկեր կստանա:

«Հեղափոխականների» մտքերն ամբողջացնելու համար միայն մնում է ավելացնել՝

«Ես այսօր այստեղ եմ՝ ձեր կողքին կանգնած եմ

Եվ դրա համար ես շատ հպարտ եմ,

Որ այսօր այստեղ եմ

Ձեր կողքին կանգնած»:

Նարեկ Սամսոնյան