Ժան Ժակ Ռուսո «Հասարակական դաշինք կամ քաղաքական իրավունքի սկզբունքները»

1lespetitesmains_rousseau

Ժամանակակից պետությունների ձևավորումը, դրանցում ժողովրդավարական գաղափարների ներդրման և զարգացման պատմությունը հասկանալու և համեմատական վերլուծության ենթարկելու համար անհրաժեշտ է հետհայացք գցել պատմության տարբեր ժամանակաշրջաններում իրենց գաղափարներով առանձնացող գործիչների հայացքներին և մոտեցումներին:

Անդրադառնալով ֆրանսիացի հանրահայտ փիլիսոփա և քաղաքական մտածող Ժան Ժակ Ռուսոյի հայացքներին՝ պետք է նշենք, որ հասարակության, պետության և իրավունքի հիմնահարցերն իր ուսմունքում մեկնաբանում է ժողովրդի ինքնիշխանության գաղափարների լույսի ներքո: Ռուսոն խոսում է բանական վիճակի մասին, որում, ըստ իրեն չկա մասնավոր սեփականություն, բոլորն ազատ են և հավասար: Անհավասարությունն այս դեպքում սկզբում զուտ ֆիզիկական է` պայմանավորված մարդկանց բնական տարբերություններով: Սակայն, երբ ի հայտ է գալիս մասնավոր սեփականությունը և սոցիալական անհավասարությունը, որոնք հակասում են բնական հավասար վիճակին, սկսվում է պայքարը հարուստների և աղքատների միջև: Հավասարության վերացման արդյունքում սկսվում են «ահավոր ժամանակները». հարուստների անարդար բռնագրավումները, աղքատների վեճերը:

Ըստ Ռուսոյի՝ «Նորածին հասարակությունը հայտնվել էր ամենասարսափելի պատերազմական վիճակում, մարդկային ցեղը՝ թաղված արատների մեջ և հուսահատված արդեն ի վիճակի չէր ո՛չ վերադառնալ, ո՛չ էլ հրաժարվել իր իսկ ստեղծած չարագույժ ձեռքբերումներից»: Ըստ Ռուսոյի՝ կային մարդիկ, որոնք հասել էին այն մակարդակին, երբ իրենց բնական վիճակում մնալը խոչընդոտող ուժերը գերակշռում էին այն ուժերին, որոնք ամեն անհատ կարող էր գործադրել, որպեսզի պահպաներ այդ վիճակը: Այդպիսի վիճակում սկզբնական վիճակն այլևս չէր կարող գոյություն ունենալ, և մարդկային ցեղը կկործանվեր, եթե չփոխեր իր գոյության ձևը: Ռուսոն այդ նոր գոյության ձևի ստեղծումը տեսնում էր մեծ թվով մարդկանց համատեղ գործողությունների և համախմբան մեջ: Այսինքն, միայն հասարակական դաշինքի միջոցով հասարակությունը կարող էր դուրս գալ այդ ճգնաժամային իրավիճակից:

Ըստ Ռուսոյի՝ հասարակական դաշինքի հիմնական խնդիրն է «գտնել միության այնպիսի ձև, որը միահամուռ ուժերով կպաշտպանի և կպահպանի յուրաքանչյուր մասնակցի ունեցվածքը, և որտեղ յուրաքանչյուր անհատ, բոլորին միանալով, միայն ինքն իրեն կենթարկվի, բայց միևնույն ժամանակ կմնա նույնքան ազատ, որքան նախկինում էր»: Այսպիսով, ըստ Ռուսոյի՝ ով իր ունեցվածքը և անձը դնում է միակ բարձրագույն ղեկավարության կամքի ենթակայության տակ, փոխակերպվում է ամբողջի անբաժանելի մասի: Առանձին անձինք, որոնք մտնում են պայմանագրային հարաբերությունների մեջ, ասոցացիայի այս ակտը ստեղծում է պայմանական կոլեկտիվ:

Իսկ ինչ վերաբերում է ասոցիացիայի անդամներին, ապա նրանք ամբողջության մեջ կոչվում են ժողովուրդ, իսկ առանձին-առանձին՝ քաղաքացի, որպես գերագույն իշխանության մասնակից և ենթարկվող (ենթակա), որպես պետության օրենքներին ենթարկվող:

Ռուսոյի հիմնական միտքն այն է, որ միայն պետության, քաղաքական հարաբերությունների և օրենքների կայացումը (որը նրա ուսմունքում հասարակական դաշինքն է) կարող է արդարացնել անցումը բնական վիճակից քաղաքացիականի: Վերջինս նշում էր, որ Հասարակական դաշինքի շնորհիվ մարդը կորցնում է իր բնական ազատությունը, անսահմանափակ իրավունքն այն ամենի նկատմամբ, ինչը իրեն հրապուրում է, և այն ամենի նկատմամբ, ինչին ինքը կարող է տիրանալ, և փոխարենը շահում է քաղաքացիական ազատության և այն ամենի սեփականության իրավունքը, ինչին, որ տիրում է:

Եթե համեմատական կերպով դիտարկենք Հասարակական դաշինքի մասին Ջ. Լոկի և Թ. Հոբսի գաղափարները, ապա կարող ենք տեսնել, որ վերջիններիս գաղափարները ինչպես որոշակիորեն համապատասխանում են Ռուսոյի առաջ քաշած որոշակի գաղափարներին, այնպես էլ որոշ պարագաներում հակասում են: Եթե ուշադրություն դարձնենք Լոկի հայացքներին, կտեսնենք, որ ինչպես Ռուսոն, վերջինս ևս նշում էր, որ բնական վիճակում չկան համապատասխան հատուկ մարմիններ կոնկրետ վեճերն անաչառ լուծելու և անհրաժեշտ պատիժ իրականացնելու համար, ինչն առաջացնում է անպատժելիության զգացում և ապակայունացնում իրավիճակը: Այդ պատճառով էլ մարդիկ կազմակերպում են քաղաքական համակեցություն, այսինքն`պետություն`ապահովելու բնական իրավունքները, հավասարությունը և ազատությունը, անձի և սեփականության պաշտպանությունը: Ռուսոյի և Լոկի հայացքների նմանությունը կարող ենք տեսնել նաև Լոկի առաջ քաշած հետևյալ խոսքերում, որ «պետության ցանկացած խաղաղ կազմավորման հիմքում ժողովրդի համաձայնությունն է»:

Ի տարբերություն Արիստոտելի, Հոբսի և այլոց՝ Ռուսոն կարծում է, որ գոյություն չունի իշխանություն` որպես բնական իրավունք. «ոչ մի մարդ բնական իշխանություն չունի իր նմանների հանդեպ, և քանի որ ուժը որևէ իրավունք չի ստեղծում, ստացվում է, որ մարդկանց մոտ յուրաքանչյուր օրինական իշխանության հիմքը կարող է լինել միայն պայմանագիրը»:

Ռուսոյի քաղաքական ուսմունքը հիմնված է էգալիտարիզմի (հավասարության) և խոլիզմի (մասի ենթարկումը ամբողջին) սկբունքների վրա, իսկ առանցքը սոցիալական հավասարության և ժողովրդական ինքնիշխանության հայեցակարգն է: Ըստ Ռուսոյի՝ ոչ մի քաղաքացի չպետք է օժտված լինի այն նշանակալից առավելությամբ, որ հնարավորություն ունենա գնել ուրիշին, և ոչ մեկը չպետք է լինի այնքան աղքատ, որ հարկադրված լինի վաճառել իրեն:

Հասարակական պայմանագրի հիմքում ընկած է ընդհանուրի կամքը: Ողջ իշխանությունը փոխանցվում է ընդհանուր կամքն իրականացնող ինքնիշխանին, այսինքն, ժողովրդին` համաձայնագրի բոլոր մասնակիցներին: Ինքնիշխան ժողովուրդն անսահմանափակ է իր իրավունքներում, մինչդեռ հասարակության յուրաքանչյուր կոնկրետ անդամ պարտավոր է ենթարկվել իրավունքին: Ընդ որում, միայն ընդհանուրի ինքնիշխանությունն ու ազատությունը կարող են հիմք ծառայել մասնավոր ազատության համար: Ըստ Ռուսոյի՝ ինքնիշխանությունն անբաժանելի է և չօտարված: Նրա բաժանումը ժողովրդի տարբեր մասերի նշանակում է ինքնիշխանության բացառում, որպես ժողովրդի ընդհանուր կամքի: Ժողովուրդը որպես ինքնիշխան, որպես ընդհանուր կամքի կրող «կարող է ներկայանալի լինել միայն ինքն իրենով»: «Փոխանցվել կարող է իշխանությունը, բայց ոչ երբեք կամքը»,- ասում է նա: Կարող են ասել, որ դրանով նա ժխտում է ինչպես իշխանության ներկայացուցչական ձևը (խորհրդարանական կամ այլ օրենսդիր մարմին), այնպես էլ գերագույն, ինքնիշխան իշխանության բաժանումը տարբեր թևերի:

Ռուսոն ընդգծում է ընդհանուր կամքի տարբերությունը բոլորի կամքից, առաջինը նկատի ունի ընդհանուր շահերը, երկրորդը` մասնավոր շահերը և իրենից ներկայացնում է միայն որպես մասնակի անձանց կամքերի գումարը: Ընդ որում` «կամքն ընդհանուր է դարձնում ոչ այնքան ձայների քանակը, որքան քվեարկողներին միավորող ընդհանուր շահը»: Ինքնիշխան ժողովուրդը միակ իրավազոր օրինաստեղծ սուբյեկտն է: Ուստի, օրենքները կարող են միայն համապարտադիր լինել` ներառելով համընդհանուր հավասարության սկզբունքը: Ժողովրդի օրինաստեղծ համընդհանուր կամքի ինքնիշխանությունը պայմանավորված է օրենքի գերակայությունը ցանկցած մասնավոր կամքի, այդ թվում ` պետականի նկատմամբ:

Ըստ Ռուսոյի՝ օրենքի գերակայությունը հանրապետության, այսինքն` իրավական պետության կարևորագույն հատկանիշն է. «Ես հանրապետություն եմ անվանում ցանկացած Պետություն, որը կառավարվում է օրենքներով` անկախ կառավարման ձևից, քանզի միայն այդ դեպքում է ընդհանուր շահը կառավարում Պետությունը»:

Որևէ օրենքով չսահմանափակված ժողովրդական ինքնիշխանության գաղափարից Ռուսոն բխեցնում է ուղղակի ժողովրավարության, ինքնիշխան ժողովրդի` օրենքներ հրապարակելու իրավունքի պատկանելիության գաղափարը: Նա ենթադրում է, որ ժողովուրդը «նույնիսկ ցանկության դեպքում չի կարող իրեն զրկել այդ անփոխարինելի իրավունքից, քանզի նախասկզբնական պայմանագրի համաձայն՝ միայն ընդհանուր կամքն է սահմանում մասնավոր անձանց պարտականությունները»: Օրենքները, որպես ընդհանուր կամքի հաստատումներ, բարձր են բոլորից և ամեն ինչից, նույնիսկ կառավարողից: Ոչ ոք չի կարող բարձր լինել օրենքից և ոչ ոք չի կարող դրսից պարտադրել սեփական կամքը պետությանը: Ուստի, ազատությունը և ժողովրդավարությունը հնարավոր են միայն այնտեղ, ուր օրենսդիրը ժողովուրդն է: Ընդ որում, ցանկացած օրենք, այդ թվում` կառավարության ներկայացրածը, պահանջում է ժողովրդի ուղղակի հավանությունը, որն իրականանում է ազատ քվեարկության միջոցով:

Ռուսոն տարբերակում է օրենքի 4 տեսակ. քաղաքական, քաղաքացիական, քրեական և, ամենակարևորը, «բարքերը, սովորույթները, և հատկապես հասարակական կարծիքը»: Նա ընդգծում է միևնույն ժամանակ, որ հասարակական դաշինքին վերաբերում են միայն քաղաքական օրենքները: Դրանք ներառում են կամքի ընդհանուր բնույթը զուգակցված համընդհանրության հետ: Ամեն մի օրենքի նպատակն ազատությունն է և հավասարությունը: Սրանցից մեկն առանց մյուսի լինել չեն կարող: «Դրա համար էլ, երբ իրերի ուժը ջանում է վերացնել հավասարությունը, օրենքի ուժը պետք է պահպանի այն»: Օրենսդիր իշխանությունը Ռուսոն բնութագրում է որպես «պետության սիրտ»: Նա նշում է, որ ոչ թե օրենքներով է կենդանի պետությունը, այլ օրենսդրական իշխանությամբ:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք ասել, որ օրենքները պետության գոյատևման և բարգավաճման կարևորագույն տարրերից են:

Ինչպես նաև ժողովրդավարական պետության գոյության և հետագա զարգացման համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն, որի աղբյուրը միայն և միայն ժողովուրդն է:

Ռուսոն խստորեն քննադատում էր հնարավոր մասնավոր ասոցիացիաները, կուսակցությունները, խմբերը և միավորումները, որոնք անխուսափելիորեն մրցակցության մեջ են ինքնիշխանի հետ: Նրանց կամքն ընդհանուր է անդամների համեմատությամբ և մասնավոր պետության համեմատությամբ: Ռուսոն համաձայնվում է Մաքիավելու հետ, որ «աղանդների և կուսակցությունների առկայությունը պետությանը վնաս է հասցնում»:

Վերոգրյալից արդեն իսկ կարող ենք ենթադրել, որ Ռուսոյի քաղաքական իդեալը ժողովրդավարական սկզբունքներով կազմակերպաված փոքր պետությունն է` նման Ժնևյան հանրապետությանը: Քանզի միայն այդ դեպքում է հնարավոր ուղղակի ժողովրդավարության գաղափարի իրականացումը: Մեծատարածք երկրներում նա հնարավոր է համարում ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտը: Սակայն, այս դեպքում ևս ժողովրդի ընտրյալները` պատգամավորները, լոկ ժողովրդի ծառաներն են, և նրանց որոշումները կարող են օրենքի ուժ ձեռք բերել միայն համաժողովրդական հավանությամբ:

Եթե վերոգրյալ միտքը համեմատենք ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ժողովրդավարության ուղղակի և ներկայացուցչական ձևերի հետ, ապա կարող ենք ասել, որ դեռևս լուսավորության ժամանակաշրջանում այս 2 տիպերը գոյություն են ունեցել, սակայն այստեղ խնդիրն այն է, որ անցյալում գոյություն ունեցող ներկայացուցչական մոդելն ամբողջությամբ չի համապատասխանում արդի ներկայացուցչական մոդելին, քանի որ ներկայումս ժողովրդի ընտրյալների` պատգամավորների, ցանկացած որոշում և օրենքի նախագիծ պարտադիր չէ, որ ձեռք բերի համաժողովրդական հավանություն: Այսինքն, ժողովուրդն իշխանության իրականացումն ընտրությունների միջոցով լիազորում է պատգամավորներին և չի իրականացնում անմիջական վերահսկողություն վերջիններիս որոշումների նկատմամբ:

Ռուսոն, խոսելով կառավարման ձևերի մասին, կախված նրանից, թե ում է տրված գործադիր իշխանությունը (բոլորին, մի քանիսին, մեկին), տարբերակում է կառավարման հետևյալ ձևերը` ժողովրդավարություն, արիստոկրատիա, միապետություն: Ընդհանրացնելով, Ռուսոն նշում է, որ «ժողովրդավարական կառավարումն ավելի հարմար է փոքր պետություններին, արիստոկրատականը` միջիններին, իսկ միապետությունը` մեծ պետություններին»:

Ռուսոն առանձնհատուկ ուշադրություն է դարձնում ժողովրդավարական կառավարման ձևին` վերջինիս համար առանձնացնելով մի քանի հանգամանքներ, որոնք պայմանավորում են դրա գոյությունը: Առաջինը. այն ենթադրում է, որ պետությունը շատ փոքր լինի, որտեղ հեշտ կլինի հավաքել ժողովրդին, և որտեղ յուրաքանչյուր քաղաքացի հեշտորեն կճանաչի մնացած քաղաքացիներին: Երկրորդը. բարքերի պարզունակությունը, որը կկարողանար կանխել գործերի կուտակումը և դժվար լուծվող վեճերի առաջացումը, այնուհետև` մեծ հավասարությունն ըստ դիրքի և գույքային վիճակի, առանց որի հավասարությունն իրավունքի և իշխանության միջև չի կարող երկար գոյություն ունենալ, և, վերջապես, անհրաժեշտ կլինի, որ շատ քիչ ճոխություն լինի, կամ ընդհանրապես այն բացակայի, որովհետև կա´մ ճոխությունը հարստության արդյունք է, կա´մ հարստությունը դառնում է անհրաժեշտություն: Ճոխությունը միաժամանակ փչացնում է թե´ հարուստներին և թե´ աղքատներին: Առաջինին` այն ունենալը, երկրորդին` նախանձը:

Այսպիսով, եթե համեմատության ենք ենթարկում Ռուսոյի առաջ քաշած ժողովրդավարության համար անհրաժեշտ պայմանները ներկայիս ժողովրդավարությունների հետ, կարող ենք ասել, որ նրա գաղափարներից որոշակի տարրեր համապատասխանում են արդի ժողովրդավարությունները պայմանավորող հանգամանքներին, իսկ որոշներն էլ՝ հակասում: Մասնավորապես, եթե ուշադրություն դարձնենք Ռուսոյի առաջ քաշած այն գաղափարին, ըստ որի՝ պետությունում պետք է լինի օրենքի գերակայություն, և իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, ապա կարող ենք ասել, որ այդ գաղափարը համապատասխանում է ժամանակակից ժողովրդավարական պետությունների մոդելին: Ինչ վերաբերում է նրա առաջ քաշած այն գաղափարին, թե ժողովրդավարական պետություններում հավասարությունը կախված է հասարակության անդամների միջև գույքային հավասարությունից և ճոխությունների բացակայությունից, ապա ներկայիս ժողովրդավարություններում հավասարությունը պայմանավորված չէ հասարակության անդամների ունեցվածքով, այլ կրում է համեմատաբար այլ բնույթ: Այսինքն, ներկայիս ժողովրդավարական պետություններում հավասարությունը պայմանավորված չէ հասարակության անդամների ունեցվածքով, ինչպես նաև թույլատրված է գույքային անհավասարությունը, սակայն հստակ ամրագրված է, որ դա չի կարող անդրադառնալ իրավական հավասարության վրա`օրենքի առջև բոլորի հավասար լինելը, պետական կառավարմանը հավասար մասնակցությունը (ընտրություններին մասնակցելու իրավունքով պայմանավորված), պետական իշխանության իրականցման հավասարությանը:

Հաջորդ գաղափարը, որը հակասում է ժամանակակից ժողովրդավարություններին պայմանավորված է պետության տարածքով: Ինչպես արդեն վերոգրյալում տեսանք՝ Ռուսոն նշում էր, որ ժողովրդավարություն կարող է գոյություն ունենալ փոքր տարածքով պետություններում, որպեսզի ժողովուրդը կարողանա իրականացնել արդյունավետ կառավարում: Սակայն նրա այս սկզբունքը չի գործում արդի աշխարհում, քանի որ ժամանակակից ժողովրդավարական պետությունները կարող են ունենալ ինչպես մեծ տարածք (ԱՄՆ), այնպես էլ փոքր և միջին:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք ասել, որ Ռուսոյի «Հասարակական դաշինքի մասին» ուսումնասիրությունը բավականին կարևոր և արդիական աշխատաքն է, քանի որ հնարավորություն է տալիս գտնել անցյալում գոյություն ունեցող հայացքների և ներկայում արմատավորված սկզբունքների միջև գոյություն ունեցող կապերը, դրանց միջև առկա հակասությունները:

Սվետլանա Ջիլավյան

Աղբյուրները՝

1.Ժան-Ժակ Ռուսո, Հասարական դաշինքի մասին կամ քաղաքական իրավունքի սկզբունքները, Երևան 2016 թ.:

2.Կառլեն Միրումյան, Քաղաքական ուսմունքների պատմություն, Երևան 2006 թ.:

3. Simon Aondohemba, Evaluating the social contract theoretical ideas of Jean Jacques Rousseau: An analytical perspective on the state and relevance to contemporary society, 2015.

4. http://www.fordham.edu/halsall/mod/Rousseau-soccon.html