1999 թ. հունիսի 25-ին Գերմանիայի խորհրդարանը որոշում ընդունեց Բեռլինում Հոլոքոստի հուշահամալիր կառուցել

IMG_0865-Berlin_Jewish_Holocaust_memorial

1999 թվականի հունիսի 25-ին Բեռլինում շուրջ մեկ տասնամյակ անընդհատ խմորվող բանավեճերից հետո Գերմանիայի խորհրդարանը որոշում ընդունեց մայրաքաղաքի սրտում կառուցել Հոլոքոստի` վեց միլիոն հրեաների ցեղասպանության հիշատակը հարգող հուշահամալիր, որով վկայակոչվում էր նաև նացիստական դարաշրջանի ավարտը Գերմանիայում:

Այս հուշահամալիրի կառուցման ծրագիրը գործի դրվեց շնորհիվ այն կոնսենսուսի, որ ձեռք էին բերել նախաձեռնության կողմնակիցներն ու դեմ արտահայտվածները ամերիկացի ճարտարապետ Փիթեր Էիսենմանի առաջարկած նախագծի շուրջ: Հուշահամալիրը վերջնականապես պատրաստ էր արդեն մեկ տարի անց` 2000 թվականին, որն էլ քննադատները համարում էին չափից դուրս նորաձև և ոչ պատմական: Հուշահամալիրը գտնվում է Բրանդենբուրգյան Դարպասների մոտ և զբաղեցնում է մեծ տարածություն, որտեղ ճարտարապետական գեղեցիկ լուծումներն ամփոփված են շուրջ 2000 քարե սյուների ներքո: Հուշահամալիրի հիմնական կառույցում, այսպես կոչված, «փաստաթղթերի կենտրոնում» կան ոչ միայն հրեաների բազմամիլիոն զոհերի և նացիստական Գերմանիայի կատարած դաժանությունների մասին վկայող փաստաթղթեր, այլև դա թանգարանային նշանակություն է ձեռք բերել` ստանալով Հոլոքոստի թանգարան անվանումը:

Գերմանիայի խորհրդարանի խոսնակ Վոլֆգանգ Թիրզենը խորհրդարանի որոշման մասին հայտարարելով հանրությանը մատնանշում էր, որ այդ հուշահամալիրը նպատակ չունի միայն հարգելու հրեաների միլիոնավոր զոհերի հիշատակը, այլ նաև յուրահատուկ նշանակություն ունի հենց գերմանացիների համար և թույլ է տալու ամեն օր առերեսվել նացիստական Գերմանիայի պատմությանն ու այլևս երբեք չընտրել այդ ուղին:

Հուշահամալիրի կառուցման մասին կարծիքները տարիներ շարունակ եղել են հակասական և առիթ են տվել տարբեր բանավեճերի: Բանավեճի թեման եղել է ոչ թե կառուցել-չկառուցելու խնդիրը, այլ այն, թե ինչպիսի տեսք պետք է ունենար հուշահամալիրը: Իսկապես, հուշահամալիրի արտաքին տեսքի շուրջ անհամաձայնությունները բացասական ազդեցություն էին թողնում միացյալ Գերմանիայի վերածնված մայրաքաղաք Բեռլինի վրա, որտեղ աճում էր լարվածությունը նացիստական Գերմանիայի կողմից իրականացված ցեղասպանության հիշատակը հարգելու հարցի և Գերմանիայի նոր սերնդի՝ նոր պատմություն կերտելու և առաջ շարժվելու պատրաստակամության միջև: Տարիների ընթացքում բավական աճել էր այն հաստատակամությունը, որով գերմանացիները ցանկանում էին վերջ դնել Հիտլերյան Գերմանիայի շուրջ տարվող խոսակցություններին: Անհրաժեշտ էր գտնել այնպիսի ելք, որը կապահովեր Գերմանիայի սահուն առաջընթացը և միաժամանակ կբավարարեր հրեաների արդարացի պահանջները: Մյուս կողմից էլ՝ շողշողուն, նորակառույց Potsdamer Platz-ի և վերաբացված Ռեյխստագի միջև ընկած 4.9 ակր լայն տարածությունը, որտեղ արդեն սկսվել էին հուշահամալիրի կառուցման աշխատանքները, մեծ զարմանք էր առաջացնում. այդ ամենը տեղի էր ունենում հենց Բեռլինի սրտում:

Պաշտոնը ստանձնելուց 8 ամիս հետո Գերմանիայի Կանցլեր Ջերալդ Շրոդերն իր ձախակենտրոն կառավարության միջոցով այս խնդրի լուծման համար լուրջ քայլեր սկսեց ձեռնարկել, իսկ կառավարության մշակութային հարցերով զբաղվող պաշտոնատար անձը՝ Միխայիլ Նաումանը սկսեց ընդհանուր համաձայնության գալու ուղիներ փնտրել:

Այդ ջանքերն անարդյունք չմնացին, քանի որ Գերմանիայի խորհրդարանի 314 պատգամավորներից 209-ը կողմ քվեարկեց Փիթեր Էիսենմանի նախագծին, 14-ը ձեռնպահ մնաց, իսկ 91-ն էլ՝ դեմ: Այնուամենայնիվ, Էիսենմանի նախագիծն անցավ ձայների պարզ մեծամասնությամբ՝ վերակառուցվող նախարարական շենքերի և այլ հաստատությունների կողքին Բեռլինի կենտրոնում ապահովելով նաև Հոլոքոստի հուշահամալիրի առկայությունը: Այնտեղ, որտեղ մի ժամանակ Բեռլինյան երկաթե վարագույրն էր «կախված» և այնտեղ, որտեղից մի ժամանակ նախագահում էր Ադոլֆ Հիտլերը, այժմ պետք է կանգներ Հոլոքոստի հիշատակը հարգող հուշահամալիրը:

Դեռևս հունվար ամսին Փիթեր Էիսենմանը և Միխայիլ Նաումանն ընդհանուր համաձայնության էին եկել հուշահամալիրի ճարտարապետական լուծումների շուրջ՝ նվազեցնելով առաջարկվող 3000 քարե սյուների քանակը մինչև 2000-ի, ինչպես նաև ավելացնելով հուշահամալիրում ներկառուցված թանգարան, որում պետք է գործեր ինչպես փաստաթղթերի պահպանման սրահը, այնպես էլ ցուցասրահը՝ ցեղասպանության ենթարկված հրեաների տարատեսակ վկայակոչումներով: Այս համաձայնությունը Միխայիլ Նաումանն իր հերթին անվանել է «հիանալի սինթեզ»՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս ընդգծել ինչպես հուշահամալիրի բացառապես գեղարվեստական արտահայտչականությունը, այնպես էլ այդ վայրը դարձնել օգտակար և հասանելի բոլորի համար՝ պատմական ցավալի փաստերին ծանոթանալու տեսանկյունից:

Հուշահամալիրի կառուցման աշխատանքներին դրական են արձագանքել նաև Բեռլինի հրեական համայնքի ներկայացուցիչները: Մասնավորապես, համայնքի նախագահը՝ Անդրեաս Նախամանն առանձնահատուկ կարևորություն էր տալիս այդ հուշահամալիրի կառուցմանը որպես հրեաներին ուղղված բարի կամքի դրսևորում և պատմական արդարության վերականգմանն ուղղված հերթական ապացույց:

Այնուամենայնիվ, Բեռլինում խորհրդարանի որոշումն ուղեկցվում էր տարաձայնություններով: Քրիստոնյա Դեմոկրատների կուսակցությունից Բեռլինի քաղաքապետ Էբերհարդ Դիեփգենը դատապարտում էր Էիսենմանի նախագիծն իր «հոյակերտության» համար վստահ լինելով, որ այն ոչ մի դրական ռեզոնանս չի կարող ունենալ հետագա սերունդների համար: Էբերհարդ Դիեփգենն առաջակում էր կառուցել ավելի քիչ աչքի ընկնող և համեստ հուշարձան, որի վրա գրված կլիներ «Thou Shalt not Kill» արտահայտությունը (մի՛ սպանիր): Նրա կարծիքով այդ հուշարձանը գործնականում ավելի մեծ ազդեցություն կարող էր ունենալ, քան Էիսենմանի նախագիծը: Այնուամենայնիվ, խորհրդարանն ընտրեց Էիսենմանի առաջարկը:

Այսպիսով, 1999 թվականին Գերմանիայի խորհրդարանում ընդունված այս որոշումը հիմք հանդիսացավ Բեռլինի կենտրոնում կառուցելու պատմական նշանակության այն հուշահամալիրը, որով գերմանացի ժողովուրդը միջազգային հանրությանն ապացուցում էր իր պատրաստակամությունը՝ վերականգնելու պատմական ճշմարտությունը, ընդունելու հրեա ժողովրդի նկատմամբ նացիստական կառավարության կողմից իրականացված դաժան քաղաքականության արդյունքում շուրջ վեց միլիոն հրեաների կոտորածը և առաջ շարժվելու, ժողովրդավարական արժեքների հիման վրա նոր պատմություն կերտելու ձգտումը:

Արեգ Սարգսյան