Արաբական պետությունների լիգայի ստեղծումը, նպատակները և խնդիրները

2

Չնայած արաբական միության երազանքը տասնամյակներ շարունակ պտտվում էր արաբական պետությունների մտքում, միացյալ արաբական միություն ստեղծելու գաղափարը դեռ չէր հասունացել: Այն ակտիվացավ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը մի քանի արաբական, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, հատկապես բազմաթիվ ազգայնական շարժումների (պատերազմի բռնկվելուն զուգընթաց) ակտիվանալու հետևանքով առաջացած ֆոնին: Ակտիվացավ պայքարն ընդդեմ արևմտյան գաղութացման:

Հարաբերությունների այս նոր կարգը հանգեցրեց արաբական շատ պետությունների անկախացմանը: Ուստի, կարիք կար ստեղծել քաղաքական կազմակերպության մի տեսակ՝ միավորելու արաբների կամքը, որտեղ Եգիպտոսն ակտիվ դերակատարում ուներ:

Քննարկելով արաբական միության խնդիրը 1941 թվականին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էնթոնի Էդենն ասել էր, որ արաբական պետությունների միջև տնտեսական, մշակութային և նույնիսկ քաղաքական միասնությունը բնական է և ճիշտ: Նա իր երկրի անունից պատրաստակամություն էր հայտնել աջակցելու նման նախագծին պայմանով, որ լինի ընդհանուր համաձայնություն: Էդենի հայտարարությունն այն տպավորությունն էր թողել, որ բրիտանական կառավարությունն աջակցում է արաբական միությանը:

Ինչպես և սպասելի էր՝ Եգիպտոսը ստանձնեց գործընթացը սկսելու նախաձեռնությունը: Այն պարզ դարձավ 1943 թվականի մարտի 30-ին Սենատում Մուսթաֆա ալ-Նահհաս Փաշայի կառավարության կողմից հրապարակված բավականին երկարածավալ հայտարարությունից, որտեղ մանրամասն շարադրված էր արաբական միության հանդեպ եգիպտական քաղաքականության գլխավոր ուղղությունները և մոտեցումները:

Նահհաս Փաշան փորձում էր համոզել իր կառավարության անդամներին սկսել քննարկումներն արաբական մյուս պետությունների կառավարությունների հետ՝ պարզելու վերջիններիս կարծիքն իր բարձրացրած ծրագրի շուրջ: Նա նաև կարծում էր, որ լավագույն միջոցը կլինի կառավարությունների տարբեր տեսակետների մեկտեղումը և քննարկումը Եգիպտոսում կայանալիք ընդհանուր հանդիպման ժամանակ՝ արդեն իսկ իրենց ջանքերը ներդնելու միացյալ արաբական միության ստեղծելու համար: Եթե նրանք կարողանան հասնել համաձայնության կամ մոտ լինեն դրան, մեկ այլ հանդիպում կգումարվի Եգիպտոսում, որն ուղղված կլինի արաբական միասնության գաղափարի քննարկումները վերսկսելուն և այն կյանքի կոչելու համապատասխան միջոցները ձեռնարկելուն:

1942 թվականի մայիսին Նահհաս Փաշան Կահիրե հրավիրեց Սիրիայի վարչապետ Ջամիլ Մարդամին և Լիբանանի Ազգային Բլոկի ղեկավար Բեքարա ալ-Ղուրիին՝ քննարկելու Արաբական լիգա ստեղծելու գաղափարը: Նա մեկ անգամ ևս շեշտեց Եգիպտոսի պատրաստակամությունը քննարկելու միության ստեղծման վերաբերյալ ցանկացած միտք և դիտարկում: Առաջարկը հավանության արժանացավ նաև Հորդանանի էմիր Աբդուլլահի կողմից:

Եգիպտոսի նախաձեռնությամբ երկկողմ խորհրդակցություններ տեղի ունեցան մի կողմից՝ Եգիպտոսի և Իրաքի, մյուս կողմից՝ Սիրիայի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եմենի ներկայացուցիչների միջև: Այս խորհրդակցությունները հանգեցրին արաբական միության ստեղծման երկու տարբերակի. առաջինը նախատեսում էր ստեղծել ավելի փոքր տարածաշրջանային միավորում՝ ավելի մեծ Սիրիայով կամ Միջագետքով: Մյուսը, որը ավելի ընդունելի էր, իր մեջ միավորում էր բոլոր արաբական պետություններին: Երկրորդ փաթեթն իր հերթին ուներ ևս երկու տարբերակ, որոնցից առաջինն իրենից ներկայացնում էր շահագրգիռ պետությունների դաշնություն կամ համադաշնություն, իսկ երկրորդը հիմնված էր պետությունների կողմից զիջումների քաղաքականության վրա, որը հավասարակշռություն կհաստատեր և կհասներ համագործակցության ամրապնդման բոլոր բնագավառներում՝ միևնույն ժամանակ չխախտելով և հարգելով յուրաքանչյուր անդամ պետության անկախությունը և ինքնիշխանությունը:

Եգիպտոսի և արաբական պետությունների միջև անցկացված խորհրդակցությունները, որոնք տևեցին 1943թ. հուլիսի 31-ից մինչև 1944թ. փետրվար, ինչպես նշվեց վերևում, նպատակ ունեին վեր հանելու արաբական պետությունների տեսակետներն այս խնդրի շուրջ: Մինչև խորհրդակցությունների ավարտը ոչ մի որոշում չի կայացվել: Վերջիններիս ավարտից հետո միակ բանը, որ մնում էր, Եգիպտոսի նախագահության ներքո գործող Արաբական կոնֆերանսի նախապատրաստական կոմիտեի ձևավորումն էր: 1944 թվականի սեպտեմբերի 28-ին կոնֆերանսի երկրորդ նիստի ժամանակ Նահհաս Փաշան ներկայացրեց մասնակիցներին այն խնդիրները, որոնց շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել արաբական պետությունների կողմից տնտեսական համագործակցության բոլոր ոլորտներում, ներառյալ՝ արժույթ, հաղորդակցություն, մաքսատուրքեր և առևտրային հարաբերություններ: Ինչպես նաև համագործակցության մյուս ոլորտները ներառում էին մշակութային, սոցիալական և գիտության բնագավառները: Այս բոլոր խնդիրներով զբաղվելու նպատակով ձևավորվեց առանձին ենթահանձնաժողով:

Եթե արաբական պետություններն առանց որևէ դժվարությունների համաձայնության եկան ոչ քաղաքական հարցերի ու բնագավառների շուրջ, իրավիճակը բավականին բարդ էր այն ոլորտում, որտեղ բախվում էին պետությունների քաղաքական շահերը: Երկար քննարկումներից հետո Եգիպտոսն առաջին անգամ հայտնեց իր կարծիքն արաբական պետությունների շրջանակում ինտեգրացիոն համագործակցության մասին, որտեղ Նահհաս Փաշան ներկայացրեց համագործակցության այն շրջանակը, որն ինքը սահմանել էր: Այս շրջանակներում տեղ գտած կարևորագույն կետերից մեկը հետևյալն էր. «Արաբական անկախ պետություններից Արաբական լիգայի ստեղծում, որը կունենա խորհուրդ՝ Արաբական լիգայի խորհուրդ: Այստեղ բոլոր անդամ պետությունները հավասարապես ներկայացված են և կայացված որոշումները պարտադիր են անդամ պետության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ արաբական մի պետության և մյուսի միջև առկա է որևէ տարաձայնություն: Այս դեպքում Խորհրդի որոշումներն արդյունավետ են դառնում»:

Եգիպտոսը մեծ հույսեր ուներ, որ ստեղծվելիք լիգան, որպես տարածաշրջանային կառույց, ակտիվ դերակատարում կունենա: Եգիպտոսի դիրքորոշումը ներկայացնելիս (որը հակված էր առաջարկվող կազմակերպությանը տալ «լիգա» բնորոշումը), արտաքին գործերի նախարար Մուհամեդ Սալահ Էդդինն այն բացատրում էր հետևյալ կերպ. «Եթե մենք օգտագործենք «դաշինք» (“alliance”) բառը, ապա այն կարող է մեկնաբանվել շատ տարբեր եղանակներով: Մի կողմը կարող էր այն մեկնաբանել «Անտանտ» (“Entente”), մյուսը՝ «Համադաշնություն» (“Confederation”): Սա կարող էր հանգեցնել սխալմունքի»: Նահհաս Փաշան նաև ասում էր. «Մեզ համար կարևորն այն է, որ «Լիգա» բառն իրենից ներկայացնում է արդեն իսկ գոյություն ունեցող կառույց, բայց «դաշինք» բառը բացատրում է ինչ-որ բան, որին հասել են զիջումների գնով, ուստի՝ «Լիգա»-ն ամենահարմար տերմինն է»:

Նախապատրաստական հանձնաժողովը, որի կազմում էին ներկայացուցիչներ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Իրաքից, Եգիպտոսից և Եմենից, գործելով 1944 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 7-ը, առավելապես հակված էր ընդունել առաջարկվող այն տարբերակը, որը կհամախմբեր անկախ արաբական պետություններին՝ առանց հարված հասցնելու նրա անկախությանը կամ ինքնիշխանությանը:

1944 թվականի հոկտեմբերի 7-ին իր ութերորդ նիստի ընթացքում նախապատրաստական հանձնաժողովն ընդունեց Ալեքսանդրիայի արձանագրությունը: Մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները 1944թ. հոկտեմբերի 7-ին ստորագրեցին արձանագրությունը, բացառությամբ Սաուդյան Արաբիայի և Եմենի, որոնք ստորագրեցին այն համապատասխանաբար 1945 թվականի հունվարի 3-ին և փետրվարի 5-ին:

Ի՞նչ էր Ալեքսանդրիայի արձանագրությունը ըստ էության

Ալեքսանդրիայի արձանագրությունը բաղկացած էր ընդամենը հինգ հոդվածից: Առաջին հոդվածով սահմանվում էր, որ ստեղծվում է Արաբական պետությունների լիգայի խորհուրդ, որտեղ բոլոր անդամ պետությունները ունենալու են հավասար իրավունքներ և պարտականություններ: Խորհրդի բոլոր որոշումները կրում էին պարտադիր կատարման բնույթ: Այն արգելում էր անդամ պետություններից որևէ մեկին այնպիսի քաղաքականություն վարել, որը կարող էր վնասել Արաբական լիգայի կամ վերջինիս որևէ անդամի որդեգրած քաղաքականությանը: Երկրորդը սահմանում էր պետությունների համագործակցության ոլորտները՝ տնտեսություն, սոցիալական կյանք, մշակույթ և այլն: Երրորդ հոդվածով նախատեսվում էր ապագայում խթանել վերոնշյալ ոլորտներում անդամ պետությունների համագործակցությունը: Արձանագրության երրորդ և չորրորդ հոդվածները վերաբերում էին Լիբանանին և Պաղեստինի խնդրին: Երրորդ հոդվածով, մասնավորապես, ասվում էր. «Նախնական հանձնաժողովում ներկայացված արաբական պետություններն ընդգծում են իրենց հարգանքը Լիբանանի (ներկայիս սահմաններով) անկախության և ինքնիշխանության նկատմամբ»: Վերջին հոդվածը վերաբերում է Պաղեստինին: Պետությունները պահանջում էին Մեծ Բրիտանիայից դադարեցնել հրեաների ներգաղթը և հաստատում իրենց մտայնությունը՝ պայքարելու և հասնելու պաղեստինցիների օրինական իրավունքների հաստատմանը:

Ավելի քան երեք ամիս անց նախապատրաստական հանձնաժողովի ենթակայության տակ գործող ենթահանձնաժողովը 1945 թվականի փետրվարի 14-ին Կահիրե հրավիրեց արտաքին գործերի նախարարներին՝ քննարկելու և նախագծելու Լիգայի կանոնադրությունը: Ալեքսանդրիայի արձանագրությունը հանդիսացավ այն հիմնարար փաստաթուղթը, որի համաձայն կազմվեց Արաբական պետությունների լիգայի Կանոնադրությունը: Վերջինս գրվեց քաղաքական ենթահանձնաժողովի և արաբական պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ, որոնք ստորագրել էին Ալեքսանդրիայի արձանագրությունը, ինչպես նաև կազմման աշխատանքներին որպես դիտորդ մասնակցում էին Սաուդյան Արաբիայի, Եմենի, Պաղեստինի ներկայացուցիչները: Կանոնադրության նախագիծը, կազմվելով 1945 թվականի փետրվարի 17-ից մարտի 3-ը տեղի ունեցած տասնվեց հանդիպումների ընթացքում, ներկայացվեց 1945 թվականի մարտի 19-ին, որից հետո մի շարք փոփոխություններ կատարվեցին:

Մյուս կողմից՝ Եգիպտոսն աշխատում էր այն ուղղությամբ, որ ոչ անկախ արաբական պետությունները մասնակցեն Արաբական լիգայի աշխատանքներին և միանան ներարաբական համագործակցությանը ոչ քաղաքական ոլորտներում՝ հաստատելու այն գաղափարը, որ Արաբական լիգան գործում է արաբ ժողովրդի համար: Քանի որ Արաբական լիգան չի ընդունում ոչ անկախ արաբական երկրների անդամակցությունը, Լիգայի Կանոնադրությունը չխախտելու համար Եգիպտոսը առաջարկեց վերջիններիս ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել մասնակցելու Լիգայի այն հանձնաժողովների աշխատանքներին, որոնք չեն զբաղվում քաղաքական հարցերով: Այսպիսով նրանք չէին զրկվում ոչ քաղաքական ոլորտներում համագործակցության հնարավորությունից:

Կանոնադրության՝ Պաղեստինին վերաբերող հավելվածը նախատեսում է, որ Լիգայի Խորհուրդը պետք է նշանակի արաբ պատվիրակը Պաղեստինից՝ մասնակցելու կազմակերպության աշխատանքներին, մինչև երկիրը հասնի լրիվ անկախությանը: Այս հավելվածը փոփոխության է ենթարկվել 1976 թվականին, որպեսզի ընդուներ Պաղեստինին (որի անունից հանդես է գալիս Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը) որպես Լիգայի լիիավ անդամ:

Կանոնադրության ընդունումը մեծ շուքով նշվեց 1945 թվականի մարտի 22-ին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունում: Յոթ պետությունների նախաձեռնությամբ Արաբական պետությունների լիգան պաշտոնապես իրականություն դարձավ 1945 թվականի մայիսի 11-ին՝ դառնալով համաարաբական առաջին կազմակերպությունn արաբների ժամանակակից պատմության մեջ: Կազմակերպության անդամակցությունը հետագայում ևս շարունակվեց՝ ամենավերջին համալրումն ունենալով 1993 թվականին, երբ Լիգային միացան Կոմորյան կղզիները՝ անդամների թիվը հասցնելով 22-ի:

Արաբական պետությունների լիգան ստացավ իր առաջին ճանաչումը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից 1950 թվականի նոյեմբերի 1-ին: Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց Գլխավոր քարտուղարի առաջարկի հիման վրա, որը թույլ տվեց Արաբական լիգային դիտորդի կարգավիճակով մասնակցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նիստերին:

Արաբական պետությունների լիգայի Կանոնադրությամբ հաստատված կառույցներն են՝ Լիգայի խորհուրդը, Միացյալ Պաշտպանության խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Կոմիտեները և Գլխավոր քարտուղարությունը: Ներկայումս Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն է Աբդել Աբուլ Ղեիթը (Abdel Aboul Gheit), որը պաշտոնը ստանձնել է 2016 թվականին:

Արաբական պետությունների լիգայի համաձայնագրի երկրորդ հոդվածով սահմանվում են կազմակերպության նպատակները: Մասնավորապես, Լիգայի նպատակն է ավելի ջերմ հարաբերություններ հաստատել անդամ պետությունների միջև և մեկտեղել նրանց քաղաքական գործունեությունը, պահպանել և երաշխավորել նրանց անկախությունը և ինքնիշխանությունը:

Կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ են արվել Արդարադատության արաբական դատարանի ստեղծման կապակցությամբ՝ ամրապնդելու անդամ պետությունների միջև իրավական հարաբերությունները, ինչպես նաև կարգավորելու հարաբերությունները Լիգայի և այն միջազգային կազմակերպությունների և մարմինների հետ, որոնք կարող են ստեղծվել ապագայում՝ երաշխավորելու անվտանգությունը և խաղաղությունը տարածաշրջանում:

Կանոնադրության մեջ նպատակների շարքում նշվում է նաև համագործակցության գերակայությունը.

  • տնտեսական և ֆինանսական, ներառյալ՝ առևտրային, արժութային, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում,
  • հաղորդակցության, ներառյալ՝ երկաթուղային, ճանապարհային, ավիացիոն, փոստային, հեռագրային ոլոտներում,
  • մշակութային հարաբերություններում,
  • ազգության, անձնագրային, անցագրային, դատական վճիռների կատարման, արտահանձնման ոլորտներում,
  • սոցիալական բարեկեցության ոլորտում,
  • առողջապահության բնագավառում:

1950 թվականին անդամ պետությունները ստորագրեցին Համատեղ պաշտպանության և տնտեսական համագործակցության համաձայնագիրը.

« …պահպանելու նրանց անկախությունը և համատեղ ժառանգությունը, իրենց ժողովուրդների կամքով համագործակցելու, փոխադարձ պաշտպանության իրականացման, անվտանգության և խաղաղության պահպանման, կայունության պահպանման, բարեկեցության և զարգացման միջոցներ ապահովելու նպատակով»:

Համաձայնագիրը հող նախապատրաստեց հիմնելու միացյալ պաշտպանության խորհուրդ՝ աջակցելու և նպաստելու անդամ պետությունների ռազմական կարողությունների հզորացմանը և ձեռնարկելու կանխարգելիչ և պաշտպանողական միջոցառումներ այն ռիսկերի կամ սպառնալիքի դեմ, որոնց կարող են բախվել վերջիններս:

Այն նաև ստեղծեց տնտեսական խորհուրդ՝ բարձրացնելու անդամ պետությունների շրջանում արաբական պետությունների բարեկեցությունը տնտեսական համագործակցության և լայնածավալ առևտրային հարաբերությունների միջոցով:

Ստորագրող պետությունները պարտավորվում էին չստորագրել ոչ մի միջազգային փաստաթուղթ, որը կարող էր հակասել այս համաձայնագրի որևէ դրույթին և դրա հռչակած նպատակներին:

Արաբական պետությունների լիգան միջպետական կազմակերպություն է: Միայն անկախ արաբական պետությունը կարող է անդամակցել այս կառույցին: Ուշադրությունը կենտրոնացված է բացառապես պետություների և նրանց հարաբերությունների համատեքստում, հիմնված է նրանց ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա: Լիգայի Կանոնադրությունում որևէ մեխանիզմի հիշատակում չենք կարող գտնել, որը կզբաղվի ներքին հակամարտություններով կամ անվտանգությանն ուղղված նոր սպառնալինքներով, ինչպիսին ահաբեկչությունն է: Ավելին, Արաբական լիգան ստեղծված չէ խթանելու մարդու իրավունքները և ժողովրդավարությունը Մերձավոր Արևելքում: Այն նախագծված չէ ո՛չ խթանելու արաբ ազգի կամ հասարակությունների բարեկեցությունը, ո՛չ արաբական պետությունների շրջանում հասնելու քաղաքական ինտեգրացիայի: Կազմակերպության ստեղծման գլխավոր նպատակը եղել է աջակցել արաբական պետությունների համագործակցությանը և պաշտպանել նրանց անկախությունը և ինքնիշխանությունը:

Աղբյուրները՝

 

Մելինե Հայրապետյան