Լենինի «Մոնումենտալ պրոպագանդայի» փորձը Հայաստանում

main-photo

Լենինի «Մոնումենտալ պրոպագանդա» ծրագիրը սկսվել է դեռևս 1918թ.։ Վերջինիս միջոցով փորձ էր արվում զարգացնել մոնումենտալ արվեստը։ Ծրագրի նպատակն էր պետական մակարդակով բարձրացնել մոնումենտալ քանդակի պահանջարկը, որը կնպաստեր հեղափոխությանը։

Այն բաժանվում էր երկու նախագծի, այն էր` պրոպագանդան տարածել ցուցանակների վրա գրված կարգախոսների և հուշարձանների միջոցով։

Մոնումենտալ քարոզչության պլանը խոշոր չափերով տրվել է քաղաքային հուշարձաններով զբաղվող պետական պատվերով աշխատող քանդակագործներին։ Սոցիալիստական հասարակարգում ստեղծվել էին որոշ նախադրյալներ, որոնք մոնումենտալ արվեստը կդարձնեին մարդու աշխատանքային և հասարակական ամենօրյա գործունեության գաղափարապես հագեցված, ինչպես նաև գեղարվեստորեն ձևավորված միջավայրի կարևոր բաղադրատարր։ Ողջ Խորհրդային Միությունում նախատեսվում էր կանգնեցնել մարքսիստական գաղափարախոսության հիմնադիրներին, հեղափոխական գործիչներին, քաղաքացիական պատերիազմի հերոսներին փառաբանող հուշարձաններ: Սակայն տնտեսական պայմանների հետևանքով այդ աշխատանքները իրականացվում էին էժան, ոչ դիմակայուն նյութերից, ինչի պատճառով էլ դրանց մեծ մասը չի պահպանվել:

Ռուսաստանում մոնումենտալ պրոպագանդայի իրականացումը չանցավ առանց ֆորմալիզմի և նատուրալիզմի, բայց և հսկայական նշանակություն ունեցավ ոչ միայն ժողովրդի քաղաքական և մշակութային զարգացման, այլև 20-րդ դարի արվեստագետների գեղարվեստական կողմնորոշման վրա։

1908 թ. Բաքվի Հայոց Կուլտուրական Միության նախաձեռնությամբ նաև հայ ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ փորձ են անում Երևանում կանգնեցնել Խաչատուր Աբովյանի հուշարձանը։ Կատարվում է հանգանակություն, և վերջապես հաստատվում է նախագիծը։ Մոտավորապես ընտրվում է կանգնեցման վայրը, սակայն շատ չանցած որոշ հանգամանքների բերումով, այդ թվում ցարական միապետության պայմաններին չհամաձայնելու պատճառով Աբովյանի արձանը չի գալիս Երևան, այլ պատրաստ վիճակում մնում է Փարիզում։ Միայն Սովետական Հայաստանի կառավարությունն է ընթացքում կարողանում լուծում գտնել հարցին. մեծ ջանքերի շնորհիվ արձանը փոխադրվում է Հայաստան և կանգնեցվում որոշված վայրում։

Աբովյանի արձանը ծրագրված էր բերել Հայաստան դեռ 1922թ., սակայն այն հասնում է Հայաստան 1925թ., այստեղ անհնար է չնկատելը լենինյան պրոպագանդան, որը կարելի է ասել կիրառվեց Հայաստանում Աբովյանի արձանի հանդեպ։

Ըստ Վ. Ի. Լենինի մտահղացման` մոնումենտալ պրոպագանդան իր մեջ պետք է ներառեր նաև ռեալիստական արվեստի պահանջմունք։ Անդրեսա Տեր-Մարուքյանի գլուխգործոցը միանգամայն համապատասխանում էր Լենինյան նշված «սկզբունքին», այն էր դեմոկրատական ռեալիստական արվեստ։ Այնուամենայնիվ, դա դեռ բավարար հիմքեր չուներ լինելու մոնումենտալ պրոպագանդայի սկիզբը Հայաստանում։ Եթե համարենք, որ Մոնումենտալ պրոպագանդան գրանցել էր մեծ արդյունքներ, ապա դա միայն շնորհն էր այն բանի, որ 1921թ. Ռուսաստանն իր թիկունքում ուներ եռամյա պատմություն և զգալի քանակով արժեքավոր ստեղծագործություններ, հետևաբար կունենար նաև սեփական ավանդույթներ և չէր կարող ընթացք չտալ նոր կազմավորվող սովետահայ քանդակագործությանը։

Բացի Տեր-Մարուքյանի «Աբովյանից» մեզ ոչ մի մոնումենտալ պրոպագանդայի նմուշ չի հասել։

Մոնումենտալ պրոպագանդայի քանդակագործական աշխատանքները արվեստի տեսանկյունից կանգնած էր որակապես շատ ցածր մակարդակի վրա, պատճառը քանդակագործական հասուն ուժերի բացակայությունն էր։

Երևանում երկու քանդակագործներ էին միայն մոնումենտալ պրոպագանդայի կադրերը՝ Կարո Հալաբյանը և Վաղարշակ Մելիք-Հակոբյանը։

Մելիք-Հակոբյանի քանդակները ցավոք չէր կարող գոհացնել պրոպագանդայի պահանջներին, քանի որ մինչհեղափոխական Հայաստանի պայմանները նրան չտվեցին ինքնակրթությամբ զբաղվելու և ինքնուրույն աշխատանքով լրացնելու իր բացերը։ Նույնը կարելի է ասել Կարո Հալաբյանի մասին. նա ինքնուս էր, քանդակից զատ զբաղվում էր նկարչությամբ, նա դեռ չէր գտել այն ուղղությունը, որով պետք է հետագայում շարունակեր իր գործունեությունը։ Եվ ահա 1922 թ. Երևանում կազմակերպվում է «Հեղափոխության ցուցահանդես», և այցելուներից մեկը գրում է. «Այստեղ այցելուն կանգ է առնում՝ ակամայից տեսնելով բյուստը մի հաղթանդամ ծերունու, անորոշ, անտարբեր հայացքով, և եթե ներքևում չկարդա «Կ. Մարքս» մակագրությունը, դժվար թե կարողանա գուշակել …»։

Հալաբյանի մոնումենտան պրոպագանդայի գործերից են.

  • Մարքսի և Էնգելսի մեծադիր կիսանդրիները դրված են եղել Ալեքսանդրապոլի (Գյումրու) կենտրոնական հրապարակում (1922թ.)
  • Նրանց կրկնակները և Շահումյանի ու Ջափարիձեի կիսանդրիները Երևանում գտնվող տարբեր շենքերում և հանրային վայրերում (1921-1922թթ.)
  • Ալավերդյանի արձանը պետք է տեղադրված լիներ Երևանի Կոմունիստների այգում, սակայն «Հեղափոխության ցուցահանդեսում» գտած անհաջողությունից և քննադատական դիտողություններից հետո Հալաբյանը հրաժարվում է այդ արձանը կանգնեցնելու առաջարկից, և գործը հանձնվում է Մելիք-Հակոբյանին։

Մինչև 1922 թ. կեսերը Հայաստանում չկար մոնումենտալ պրոպագանդայի իրականացման որևէ հաստատուն ծրագիր, թեմատիկ պլան, արձանների կանգնեցման հերթականություն։ Դա էր հաճախ սխալների պատճառ հանդիսանում։ Արդեն նույն թվականի հունիսի 24-ին Երևանում հայտարարվում է մրցանակաբաշխություն, ըստ պայմանների հուշարձանները (նախագծերը) պետք է նվիրված լինեին Կարլ Մարքսին, Վ. Ի. Լենինին, Ստեփան Շահումյանին, Խաչատուր Աբովյանին, քաղաքացիական կռվում ընկած կոմունիստներին, Միքայել Նալբանդյանին, Գաբրիել Սունդուկյանին և Վահան Տերյանին։

  • Նոյեմբերի 29-ին Հայաստանի սովետական կարգերի հաստատման երկրորդ տարեդարձի առթիվ, Երևանի Կոմունարների այգում բացվում է Մայիսյան ապստամբության ղեկավարներից մեկի, դաշնակցականների կողմից սպանված՝ Ստ. Ալավերդյանի հուշարձանը (քանդակը՝ Վ. Մ. Հակոբյանի)։

Էջմիածնում 1923թ. բացվում է 14 կոմունիստների հուշարձանները։

Նշանակվում է նոր հանձնաժողով Կոմիսար Ա. Մռավյանի նախագահությամբ, նա հրամայում է հանել 1921-1923թթ կանգնեցված հուշարձանների մեծ մասը։

Պրոպագանդայի տարիներին Երևանում պարբերաբար գրվում էին հեղափոխական կոչեր պոստեռների վրա, իշխանավորների դիմանկարներով զարդարվում էին երևանյան շենքերի մուտքերը, հրապարակները, շքերթների շարասյուները։ Այդ շրջանում տարածվում էին քաղաքական ծաղրանկարներ, պատրաստվում էին դաշնակների, ֆաշիստների և ազդեցիկ գործիչների ծաղրանկարները կամ խրտվիլակները, դրանք կախում էին փողոցների վրա գտնվող ձողերից։

Հոկտեմբերյան տոնակատարությունների ժամանակ (1922թ.) Եղիշե Չարենցի և Կարո Հալաբյանի նախաձեռնությամբ Աբովյան փողոցում բացօթյա ցուցադրության ժամանակ ցուցադրվեցին Կերզոնի, Դավիդ Անանունի, դաշնակցականների խրտվիլակները, իսկ մի կարմիր կտորի վրա գրված էր Չարենցի բանաստեղծություններից։

Կարելի է ենթադրել, որ մոնումենտալ պրոպագանդան Հայաստանում 1920-1925թթ. չհասավ իդեալական մակարդակի, որ ի վիճակի լիներ լուծել բոլոր առաջ քաշած խնդիրները։ Սակայն այս ամենն իր նպաստն ունեցավ 20-րդ դարի հայ քանդակագործության զարգացման գործում։

Սոնա Աբրահամյան