Պայքար առ ոչինչ, կամ 2015-ի դասերը

1264600_518191068268658_29207676_o

2015 թվականն արդեն անցյալում է: Ավարտված կարելի է համարել նաև անցնող տարվա քաղաքական և քաղաքացիական շրջափուլը, որն անկասկած բավականին բուռն էր: 2015-ին, ըստ էության, բավականին հետաքրքիր զարգացումներ եղան քաղաքական և քաղաքացիական դաշտում:

Քաղաքական ուժերն ու միավորումներն իրենց ուժերի ներածին չափով գործունեություն ծավալեցին և հերթական բարոյական հաղթանակներով թևակոխեցին 2016: Բնականաբար, քաղաքական ուժերի կողմից արձանագրած արդյունքների տեսակարար կշիռն ուղիղ համեմատական էր իրենց պոտենցյալին, և հիմա արդեն կարելի է վերջնականորեն արձանագրել, որ ներկայումս դաշտում ակտիվ գործունեություն ծավալող «քաղաքականներից» ավելին սպասելը միամտություն է կամ, ինչպես ասում են, պղտոր ջրում ձուկ որսալու նման անպտուղ գործընթաց:

Նախորդ տարվա ընթացքում մեր կազմակերպությունն իր ունեցած ռեսուրսներին և գաղափարներին համապատասխան գործունեություն ծավալեց: Մեր գործունեությունը, իհարկե, շատերի համար ուղղակի գլխացավանք էր, քանի որ դեռևս 2013 թվականից մենք բարձրաձայնում ենք քաղաքական համակարգի ընդհանրական ձախողման և քաղաքական գործընթացների ֆիկտիվ բնույթ ունենալու մասին: Բազմիցս արձանագրել ենք, որ քաղաքական համակարգի երկու բևեռներն էլ չունեն հասարակական աջակցություն, շատ կոսմետիկ տարբերություններ ունեն միմյանցից և դաշտում ներկայումս գործող թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերից քաղաքական համակարգի փոփոխություններ ակնկալելն ուղղակի անպտուղ երևույթ է: Այդ պայմաններում միշտ մերժել ենք որևէ գործնական գործակցություն տվյալ ուժերի հետ, իսկ հասարակական շարժումներին դրանց մասնակցությունը մեր կողմից միշտ անթույլատրելի է համարվել: Մեր դիրքորոշումը նույնն էր «100 դրամ»-ի շարժման ժամանակ, «Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման» շարժման ժամանակ և նույնպիսին էլ մնալու է այսուհետ:

Անցնող տարվա ընթացքում մեզ բազմիցս մեղադրում էին եղածը քննադատելու և փոխարենը ոչինչ չառաջարկելու համար, այնինչ մենք միշտ առաջնորդվել ենք եղածը քննադատելուց առաջ դրան փոխարինողն առաջարկելու սկզբունքով: Չեմ կարող մտաբերել գեթ մեկ քաղաքացիական շարժում, որտեղ մեր կազմակերպությունը ներկայացված չի եղել կամ գոնե մի դեպք, երբ մեր ներկայացուցիչը մանրամասն կազմակերպության կողմից մշակված փողոցային պայքարի ռազմավարությունն ու մարտավարական մի քանի նրբություններ բարձրաձայնած չլինի քննարկումների ժամանակ: Եղել են դեպքեր, որ նույնիսկ տվյալ շարժման համակարգող խմբին ենք հյուրընկալել և փորձել ենք մասնագիտական խորհրդատվություն ապահովել՝ ելնելով մեր կազմակերպության անդամ քաղաքագետների և քաղտեխնոլոգների կողմից մշակված և համաշխարհային փորձի վրա հիմնված նյութերից և ռազմավարական ու մարտավարական հմտություններից: Քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին անհրաժեշտ հմտությունների զարգացման և այդ գործընթացին նպաստելու համար մեր կողմից նույնիսկ հայերեն թարգմանվեց Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» ձեռնարկը, երկար ուսումնասիրությունների ենթարկվեցին համաշխարհային հաջողված շարժումների ընթացքում կիրառված ռազմավարություններն ու տարատեսակ մարտավարական հնարքները: Այսօր էլ մեր թիմը պատրաստ է ցանկացած շարժում նախաձեռնել ցանկացող անհատների և կազմակերպությունների հետ հանդիպել և նրանց ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ:

Չնայած վերոգրյալին, ցավալիորեն պետք է արձանագրել, որ անցնող տարում տեղի ունեցած շարժումների մեծամասնությունը, որքան էլ որոշակի հաջողություններ արձանագրեցին, ավելի ռեգրեսիվ բնույթ ունեին հենց քաղաքացիական հասարակության ձևավորման տեսանկյունից: Նախորդ տարիներին քաղաքացիական շարժումներն իրենց գործունեության շրջանակներում առաջնորդվում էին մարդու իրավունքների պաշտպանության, ավանդական հասարակությունից դեպի պրոգրեսիվ հասարակության անցման, ժողովրդավարական սկզբունքների և հասարակական տարբեր շերտերի իրավահավասարության տեսանկյունից: Ավելի պարզ ասած, մինչև 2015 թվականը տեղի ունեցած քաղաքացիական շարժումների օրակարգն ավելի հավակնոտ և առաջադեմ էր, չկային տարատեսակ գաղափարական սահմանափակումներ շարժման մասնակիցների նկատմամբ, չկար ատելություն քարոզող խոսք ոչ մի տեսակի փոքրամասնության նկատմամբ: 2015-ի ընթացքում տեղի ունեցած քաղաքացիական շարժումների ընթացքում մենք ականատես եղանք գաղափարական հետընթացի: Անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքացիական շարժումները բացառիկ էին քաղաքացիների ներգրավվածության առումով, սակայն, թիրախավորման և գաղափարական առումով ցավալիորեն կրում էին ռեգրեսիվ բնույթ:

2015-ի քաղաքական գործընթացներն իրենց էությամբ ոչնչով չէին տարբերվում դրան նախորդած տարիների գործընթացներից: Միակ տարբերությունն այն էր, որ հին քաղաքական համակարգն իր հոգևարքի վերջին րոպեներին փորձեց արատավորել նաև «քաղաքացիական նախաձեռնություն» եզրույթը և իր երիտասարդ անդամների միջոցով փորձեց «քաղաքացիական նախաձեռնություն» ստեղծել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Այդ հարցում քաղաքական ուժերին արջի ծառայություն մատուցեցին ԶԼՄ-ները, որոնք մեդիա հարթակ ապահովեցին այդ «քաղաքացիական նախաձեռնության» համար, իսկ նրանց կողմից արձանագրած կատարյալ ֆիասկոյից հետո միանգամից մոռացան նույն այդ նախաձեռնության անդամներին մի քանի հարց ուղղել իրենց ձախողման պատճառների մասին: Նմանատիպ գործելաոճով նույն այդ ԶԼՄ-ներն ամբողջությամբ նպաստում են երկրի ներսում ստեղծված քաղաքական ճգնաժամի խորացմանը: Պետք է վերջնականորեն հասկանալ, որ քաղաքական համակարգի մեռելածին ուժերին մեդիահարթակ տրամադրելը (որքան էլ ապահովում է իրենց մի քանի հազարանոց մեդիաթրաֆիքը) շատ դեպքերում բխում է հենց իշխող վերնախավի շահերից:

2016-ին ՀՀ քաղաքական և քաղաքացիական դաշտում գործող մարմինները պետք է ճիշտ դասեր քաղեն նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցածից: Հարկավոր է առանց այդ էլ ահաբեկված ՀՀ քաղաքացուն ոչ թե ահաբեկել ոստիկանության հետ տարատեսակ բախումներ կազմակերպելով, այլ դարձնել քաղաքական կամ քաղաքացիական գործընթացի շահառու: Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ միայն իշխանության շահերից է բխում ոստիկանների հետ բախումները, պետք է հիշել, որ քաղաքական համակարգի այլասերվածության պատճառով գրեթե ամենուր կարելի է առերեսվել գեղամխաչատրյանների հետ, ինչի հետևանքով բանտարկվելը ոչ թե հերոսություն է, այլ հիմարություն: Փողոցը պետք է ամենաանվտանգ տեղը դարձնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: ՀՀ քաղաքացին ոչ թե պետք է վախենա փողոցային պայքարից, այլ վստահ լինի, որ փողոցում կլուծի իր խնդիրները: Հակառակ դեպքում չպետք է բողոքել բիրտ և հանցավոր իշխանություններից, քանի որ ամեն անգամ փողոցում աղոթելով, ՀՀԿ գրասենյակի դիմաց ծաղկեփունջ դնելով, աղբամանները բարիկադ հայտարարելով, «մահ ռեժիմին» գոռալով, 2000 մարդ տեսնելուց դեռահասի նման ոգևորվելով, «մի գիշերային հեղափոխություն» անելով և գեղամխաչատրյանների զոհը դառնալով մենք ՀՀ քաղաքացուն մղում ենք իշխանությունների գիրկը:

Հ.Գ. Այս տարին սկսում ենք ամայացած քաղաքական դաշտի առկայությամբ: Ինչպես, դեռևս, սեպտեմբերին էի կանխատեսել, սահմանադրական հանրաքվեից հետո դաշտում կատարյալ վակուում է և այդ վակուումը լցնելու համար նոր քաղաքական ուժերն ու քաղաքացիական միավորները քարտ բլանշ ունեն: Մնում է համարժեք արձագանք ստանան ԶԼՄ-ների և հասարակության կողմից:

Նարեկ Սամսոնյան