Ժողովրդավարության կոնսոլիդացման մակարդակները

US_230210_bb

Ժողովրդավարության ալիքներին ծանոթ լինելը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել վերջինիս հնարավոր զարգացումների մասին: Հետադարձ ալիքները հաջորդել են ժողովրդավարացման առաջին երկու ալիքներին, սակայն ժողովրդավարացման երրորդ ալիքին կհաջորդի արդյո՞ք հետադարձ ալիք, կախված է միայն ժողովրդավարական պայմաններում գործելու պետությունների պատրաստակամությունից:

Եթե ամուր հիմքեր չունեցող, անընդհատ խոչընդոտների բախվող և դեպի զարգացման չձգտող աշխարհի նոր ժողովրդավարությունները չփորձեն շարժվել առաջ՝ ամրապնդելով քաղաքական ինստիտուտները, բարելավվելով ժողովրդավարության գործառնությունը, ինչպես նաև էլիտայի և հանրության շրջանում էլ ավելի ակտիվ, հաստատակամ և խորապես գիտակցված նվիրվածության և աջակցության բացը չլրացնելով այդ ժողովրդավարությունները հետընթաց կապրեն: Արդյունքում կառաջանան այնպիսի իրավիճակներ, որոնց պատճառով ժողովրդավարության մակարդակը կընկնի էլեկտորալ ժողովրդավարության համար անհրաժեշտ նվազագույն շեմից ցած: Ճիշտ է, միջազգային հանրությունը կարող է դեռևս որոշակի ազդեցություն ունենալ ժողովրդավարության անկումը կանխելու հարցում, սակայն բավականին անիրատեսական է ակնկալել, որ առաջացած խոչընդոտները որոշակի ժամանակով կկանխվեն:

Ժողովրդավարացման երրորդ ալիքի հետադարձ ալիքին չբախվելու համար ժողովրդավար պետությունները միայն իրենք պետք է իրենց գործունեությամբ նպաստեն ժողովրդավարության ամրապնդմանը: Այստեղ կոնսոլիդացման կարիք է զգացվում:

Կոնսոլիդացիան լավագույնս ընկալվում է որպես մի գործընթաց, որի միջոցով հնարավոր է հասնել ընդգրկուն և ամուր հիմքեր ունեցող լեգիտիմության, երբ թե՛ հանրության, թե՛ էլիտայի բոլոր ականավոր քաղաքական դերակատարները վստահ են, որ իրենց հասարակության համար հենց ժողովրդավարականն է լավագույն և ամենաճիշտ քաղաքական վարչակարգը: Քաղաքական հակառակորդների համար ժողովրդավարական քաղաքական վարչակարգը պետք է լինի միակ միջոցը, որով իրենք կիրականացնեն իրենց գործառույթները, կհարաբերվեն հասարակության հետ և կպայքարեն իրենց իշխանության համար: Հանրության շրջանում պետք է նորմատիվային և վարքագծային կոնսենսուս լինի, որը վեր է դասային, էթնիկ, ազգային և այլ բաժանումներից և հիմնված սահմանադրական համակարգի լեգիտիմության վրա՝ որքան էլ որոշ ժամանակներում վատ և չգոհացնող լինի իր գործունեությունը: Լեգիտիմությունն այս պարագայում իր մեջ ներառում է ավելին, քան զուտ նորմատիվային նվիրվածությունն է: Այն պետք է ակնառու և ամրապնդված լինի վարքագծում: Դենքուորթ Ռասթոուն կոնսոլիդացիան նկարագրում է մեկ բառով՝ այն է (habituation) ընտելացում: Այն իր մեջ ընդգրկում է ժողովրդավարության նորմերը, գործընթացները և ակնկալիքները, որոնք դառնում են հանրորեն ընդունված, և գործող դերակատարները հարմարվում են «ընդունված խաղի կանոններին» անկախ այն հանգամանքից, թե որքան ինտենսիվ է իրենց միջև ընթացող մրցակցությունը կամ պայքարը: Հանրության և էլիտայի՝ ժողովրդավարության հանդեպ ունեցած անքննելի, համակարգված և խորապես գիտակցված նվիրվածությունն է ծնում կոնսոլիդացիայի համար անհրաժեշտ տարրերը: Այն նաև նվազեցնում է ժողովրդավարության հանդեպ առկա անվստահությունը:

Կոնսոլիդացիայի գործընթացը որքան առաջ է շարժվում, այնքան մեծանում է քաղաքական դերակատարների շրջանակը, որոնց թշնամիները սկսում են ընդունել կազմակերպվելու ժողովրդավարական եղանակը: Արդյունքում ժողովրդավարական շրջանակների հանդեպ առկա նվիրվածությունն «ազդեցություն գործողից» վերածվում է «սկզբունքայինի», մեծանում է քաղաքական մրցակիցների միջև փոխվստահությունն ու համագործակցության պատրաստակամությունը: Ուստի, ժողովրդավարության կոնսոլիդացիան լավագույնս կարող է ընկալվել  որպես քաղաքական մշակույթի ամբողջություն:

Կոնսոլիդացման գործընթացում քաղաքական դերակատարները պարզապես անհատներ չեն, որոնք գործում են հանրության և էլիտայի մակարդակներում: Կարևորագույն դերակատարում ունի այս երկու մակարդակների միջանկյալ ընդգրկուն մակարդակը, որի մաս կազմող անհատները պայքարում են իշխանության և իրենց շահերի համար: Դրանք են այն քաղաքական կուսակցությունները, առևտրային միությունները, բիզնես ասոցիացիաները, մասնագիտական խմբերը, ուսանողական կազմակերպությունները, կանանց խմբերը և մի շարք այլ շահերի խմբեր և սոցիալական շարժումներ, որոնք պայքարում են ընտրազանգվածի ձայների և իրենց իսկ շահերի համար, լոբբինգ են անում բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ: Այս հավաքական դերակատարները նույնպես նորմատիվային կողմնորոշում և վարքագծային ոճ ունեն:

Կոնսոլիդացիայի համար ժողովրդավարությանը վերացական նվիրվածությունից շատ ավելին է պահանջվում: Ժողովրդավարությունը պետք է ընկալվի որպես սկզբունք առ այն, որ հենց վերջինս է կառավարման լավագույն եղանակը: Որպեսզի ժողովրդավարությունը կոնսոլիդացվի անհրաժեշտ է, որ էլիտան, կազմակերպությունները և հանրությունը վստահ լինեն, որ իրենց պետությունում առկա քաղաքական համակարգն այն միակն է, որին արժե հնազանդվել և պաշտպանել:

Այսպիսով, կոնսոլիդացման գործընթացն իրականանում է երկու հարթություններում՝ նորմերի և վարքագծերի, և երեք մակարդակներում: Ամենաբարձր մակարդակում երկրի էլիտան է՝ որոշումներ կայացնող ամենաբարձր օղակը, կազմակերպությունների առաջնորդները, քաղաքական ակտիվիստները և քաղաքականության, իշխանության, տնտեսության վերաբերյալ հասարակության շրջանում կարծիք ձևավորողները: Վերջիններիս իշխանության ազդեցության անհամաչափ բաշխման հետևանքով ժողովրդավարության կոնսոլիդացման և կայունության պահպանման հարցում շատ ավելի մեծ է էլիտաների դերը և դա ոչ միայն իրենց դրսևորած վարքագծով, այլ նաև իրենց համոզմունքներով: Իրականում, էլիտաների համոզմունքներն ու նորմերն անսովոր կերպով չափազանց կարևոր նշանակություն ունեն, քանի որ, ինչպես Ռ. Դալն է պնդում, էլիտաներն առավել հակված են քաղաքական համոզմունքների հնարավորինս մանրամասն մշակված համակարգ ունենալ, ինչպես նաև ձեռնարկված քայլերում առաջնորդվել իրենց համոզմունքներով: Կարևոր է նաև այն փաստը, որ էլիտաները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն քաղաքական իրողությունների վրա: Քաղաքական իրադարձությունների ընթացքի, ինչպես նաև որոշումների կայացման հարցում ունեցած ուղղակի իշխանությունից բացի, էլիտաները կարևորագույն դերակատարում ունեն քաղաքական մշակույթի ձևավորման հարցում: Վերջններս մասնավորապես սահմանում են, թե վարքագծի որ դրսևորումներն են տեղին և որոնք՝ անտեղի: Էլիտաները մասամբ են առաջնորդում. հիմնականում լավ կամ վատ օրինակ են ծառայում իրենց հետևորդների համար: Ուստի, երբ էլիտաներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում ժողովրդավարության ընդունված կանոնների և նորմերի հանդեպ, ապա իրենց հետևորդները նույն կերպ են վարվում:

Հաջորդ մակարդակում քաղաքական կուսակցությունները, կազմակերպությունները և շարժումներն են իրենց սեփական համոզմունքներով, ընդունված նորմերով և վարքագծի կանոններով: Դրանք կարող են նույնական չլինել տվյալ կառույցի անդամների շրջանում, սակայն տարբեր հավաքական դերակատարներ հակված են ժողովրդավարության հարցում տարբեր կողմնորոշումներ ցուցաբերել: Ազատական քաղաքական կուսակցությունը կամ մարդու իրավունքները պաշտպանելուն կոչված իրավաբաների կազմակերպությունը կամ հոգևորականները ժողովրդավարությունն ընկալում և վերջինիս օրենքներին ու ինստիտուտներին վերաբերվում են ոչ այնպես, ինչպես որ կընկալեին և կվերաբերվեին ավտորիտար քաղաքական վարչակարգի կողմակից կուսակցություններն ու էթնիկ անջատողական կազմակերպությունները: Ավելին, մինչդեռ հավաքական դերակատարները կարող են առաջնորդվել էլիտաների կողմից, վերջիններս պարտադիր չէ, որ ունենան այն նույն նորմատիվային և վարքագծային նվիրվածությունն, ինչ իրենց առաջնորդները: Կազմակերպության կամ միության դիրքը և ուղղվածությունը կարող է հակված չլինել կոմպրոմիսի կամ հանդուրժել գաղափարական հակառակորդներին: Այնուամենայնիվ, այնքան ժամանակ մինչդեռ վերջիններս հանդես են գալիս որպես հավաքական դերակատարներ և ունեն սահմանված նպատակներ և մարտավարություն, ապա իրենց ազդեցությունն են ունենում ժողովրդավարության վրա:

Ժողովրդավարությունը կարող է կոնսոլիդացվել միայն այն ժամանակ, երբ ոչ մի նշանակալից հավաքական դերակատար մարտահրավեր չի նետում ժողովրդավարական ինստիտուտների լեգիտիմությանը և կանոնավոր կերպով չի ոտնահարում սահմանադրական նորմերը, գործընթացները և օրենքները: Ցանկացած ժողովրդավարական պետությունում էլ կան իրենց գաղափարներով մյուսներից արմատապես տարբերվող անձինք, ծայրահեղականներ և ժխտողականներ, ովքեր մաս են կազմում երկրի քաղաքական և հասարակական կյանքի: Եթե ժողովրդավարությունը պետք է կոնսոլիդացվի, ապա այս բոլոր հակաժողովրդավարական տարրերի թիվը պետք է հնարավորինս կրճատվի տվյալ պետություններում: Չպետք է առկա լինեն դաշտում կարևոր դերակատարում ունեցող այնպիսի քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ, որոնք աշխատում են համակարգի դեմ:

Կոնսոլիդացման հաջորդ և վերջին մակարդակը հանրայինն է: Սա տեղի է ունենում, երբ քաղաքացիների ստվար մեծամասնությունը վստահ է, որ ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևն է, որն անրհրաժեշտ է իրենց պետությանը: Հանրային վարքագծի մակարդակում ժողովրդավարական կոնսոլիդացիան պահանջում է բռնության, կեղծարարության, հակահասարակական վարքագծի և ապօրինության մերժում: Վերջինս դիտարկվում է որպես քաղաքական գործողության համակարգված մեթոդ: Ժողովրդավարությունը կարող է կոնսոլիդացվել անգամ երբ ընտրությունների ժամանակ քաղաքացիների մասնակցության ցուցանիշը ցածր է, սակայն այն չի կարող կոնսոլիդացվել, երբ մրցակից կուսակցությունների աջակիցներն իշխանության համար պայքարում միմյանց ահաբեկում և սպանում են:  

Լուսինե Առաքելյան