Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի թիրախային լսարանը

fullsizerender

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հարուցած քննարկումների ծավալներն ու իռացիոնալ բնույթը ստիպում են ելույթին անդրադառնալ առավել մանրամասն՝ զերծ մնալով տարատեսակ ցածրակարգ և թեմայի հետ բացարձակապես առնչություն չունեցող ձևակերպումներից: Նախ և առաջ պետք է հստակ ֆիքսել, որ քաղաքական դաշտում առկա դիլետանտության ու քաղաքական որակյալ տեքստի բացակայության ֆոնին Տեր-Պետրոսյանի հերթական ելույթը բավականին կարևոր էր և վստահորեն բարձրացրեց քաղաքական դաշտում առկա դիսկուրսի նշաձողը:

Չնայած, հաշվի առնելով ելույթին հաջորդած քննադատությունների մակարդակը, կարելի է ասել, որ քաղաքագիտական և պատմական որոշ դասագրքային ճշմարտություններով հարուստ տեքստին քաղաքական դաշտը հակադարձում է իրեն բնորոշ ցածրակարգությամբ և վերոգրյալ ճշմարտությունների հետ որևէ աղերս չունեցող գոռում-գոչյուններով: Անկախ ելույթում հնչած մի քանի կարևորագույն դրույթների և օբյեկտիվ իրականության միջև առկա հակասություններից՝ պետք է արձանագրել, որ այն այսօր դաշտում առկա թերևս միակ խորը վերլուծությունն է, որն իր մեջ հստակ փաստարկված գաղափարական ուղղություն է պարունակում (անկախ նրանից, որ այդ ուղղությունը կապ չունի ՀՀ շահերի հետ):

Մի կողմ թողնելով ՀԱԿ առաջնորդի ելույթի մասնագիտական և էթիկական կողմը՝ կարևոր է կետ առ կետ անդրադառնալ դրա բովանդակությանը: Տեր-Պետրոսյանը լինելով բավականին փորձառու քաղաքական գործիչ և գիտնական, ինչպես նաև լավ հասկանալով և բավականին ճիշտ ձևով օգտագործելով քաղաքական դաշտի սնանկությունն ու կիրթ և բովանդակային բանավեճին անպատրաստությունը՝ հերթական անգամ կարողացավ դասագրքային ճշմարտություններից բխող մի քանի թեզեր առաջ քաշելով իրականում քողարկել ելույթի բուն նպատակն ու աշխարհաքաղաքական մեսիջները: Ողջ ելույթի հիմնական նպատակն ու դրանում առկա հակասությունները վեր հանելու փոխարեն քաղաքական-քաղաքացիական ակտիվի կողմից սկսվեցին քննադատվել և քննարկվել ելույթում առկա անվիճելի իրողությունները, իսկ հիմնական խոցելի հատվածն անտեսվեց: Մինչև բուն ասածին անդրադառնալը՝ նախ կետ առ կետ քննարկենք ելույթում առաջ քաշված թեզերը՝ միևնույն ժամանակ ամբողջացնելով հանրային դիսկուրսում առկա խառնաշփոթը:

Ազգ-բանակ

«Ազգ-բանակ» թեզի անհեթեթությանն անդրադառնալուց առաջ Տեր-Պետրոսյանն անդրադարձավ իր կողմից դեռևս 1997-ի նոյեմբերին հրապարակված «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածին և դրանով, ըստ էության, ուրվագծեց իր ելույթի գաղափարական հիմքերը, սակայն այս հատվածին կանդրադառնամ վերլուծության վերջնամասում: Հիմա «Ազգ-բանակ» թեզի մասին.

Նախ՝ վերոգրյալ գաղափարի հռչակման հենց սկզբից բոլորին էլ պարզ էր այդ ամենի անհեթեթությունը, իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների և առհասարակ «ազգ-բանակ» կերտելու պահանջարկի բացակայությունը: Այն, որ այդ սկզբունքը հռչակելուց առաջ և հետո իշխանության ներկայացուցիչներն իրենք էլ չէին պատկերացնում վերոգրյալ հանգամանքների բացակայությունը, կարծում եմ, ոչ ոք չի վիճարկի: Տեր-Պետրոսյանի վարկածով՝ «Ազգ-բանակ»-ի գաղափարը դաշտ է նետվել «ոչ մի թիզ հող» կամ, որ ավելի համապատասխան է, ԼՂ հակամարտության ստատուս քվոն պահելու համար համապատասխան հող նախապատրաստելու կամ այն ռեստավրացնելու նպատակով: Կարծում եմ, որ այս հարցում առաջին նախագահը, մեղմ ասած, սխալվում է: Առավել քան վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանը, լինելով ամենառուսամետ քաղաքական գործիչներից մեկը, չի կարող վայրկյան իսկ կասկածել նրանում, որ եթե հյուսիսից ցանկացան ստատուս քվո փոխել, ապա դրա իրականացմանն անգամ իր «քաղաքագիտական վերլուծություններն» ու իշխանություններին զորավիգ լինելը չի կարող խանգարել: Հետևաբար, դասագրքային ճշմարտություններով հիմնավորելով «Ազգ-բանակ» թեզի անհեթեթությունը Հայաստանի պարագայում՝ Տեր-Պետրոսյանը գիտակցված սխալ մեկնաբանեց իշխանությունների մոտիվացիան:

Ելույթի այս հատվածում Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև սփյուռքի կողմից Արցախյան հերոսամարտում մասնակցության ու ֆինանսական օժանդակության չափերին, ինչը ևս տեղ գտավ ելույթը «քննադատողների» հակափաստարկներում: Սփյուռքի կողմից թե՛ Արցախյան հերոսամարտում, թե՛ երկրին տրված ֆինանսական օգնության չափերի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի կողմից բերված թվերը պատմական ճշմարտություններ են և այս առումով սփյուռքի ներկայացուցիչների, նրանց հաճոյանալու ցանկություն ունեցողների կամ առաջին նախագահի խոսքի մեջ «կիքս» փնտրողների ջանքերը, մեղմ ասած, անլուրջ են և հակառակը՝ այդպիսի դրսևորումներն ավելի են ամրացնում Տեր-Պետրոսյանի ելույթի թվացյալ անխոցելիությունը:

Սահմանների բացումն ու ՀՀ զարգացումը

Այն, որ մեր և ցանկացած երկրի զարգացման հիմնական երաշխիքներից մեկը հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու դրա վրա հիմնված քաղաքական-տնտեսական ամուր կապերի առկայությունն է, թերևս, հաջորդ դասագրքային ճշմարտությունն է, որը տեղ է գտել առաջին նախագահի ելույթում: Կարծում եմ, որ վերոգրյալ ճշմարտությանը հակասելը, մեղմ ասած, անլուրջ է, ինչպես նաև անլուրջ են այն պնդումները, թե այսպես, թե այնպես ՀՀ-ն կարող է նույն տեմպերով զարգանալ, և այդ երկու երկրների հետ մեր փակ սահմանները որևէ ձևով չեն խոչընդոտում ՀՀ հզորացմանն ու բարգավաճմանը: Կարելի է վիճել Տեր-Պետրոսյանի առաջ քաշած արտագաղթի հիմնական հարցի շուրջ, կարելի է պնդել (ի դեպ, բավականին արդարացի և հիմնավորված), որ պատերազմի վերսկսման վտանգը չէ արտագաղթի այն միակ կամ հիմնական պատճառը, բայց ոչ բանավիճել փակ սահմանների օր առաջ բացվելու անհրաժեշտության շուրջ: Վստահ եմ, որ սահմանների բացման կարևորությունը հասկացել են ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները, բայց քաղաքական պոպուլիզմն ու իշխանությունը պահելու ձգտումը նրանց բոլորին ստիպել է հավատարիմ մնալ իրենց «կարգողների» (Ռուսաստան) շահերին (նույն կարգողների շահերին հավատարիմ մնալը Տեր-Պետրոսյանին ստիպեց հրաժարական տալ): Ելույթի այս հատվածը 1998 թվականի հունվարի 8-ին Անվտանգության Խորհրդի ընդլայնված նիստում հնչեցված ելույթից մի հատված էր հիշեցնում (ներկայիս իրականությանը համապատասխանող որոշակի հավելումներով):

ԼՂ հակամարտության կարգավորում. հողեր «հանձնելն ու պահելը»

Ինչպես և սպասվում էր՝ Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների շրջանում ամենաանընդունելի մասը պետք է լիներ ԼՂ հակամարտության լուծման համատեքստում նրա ունեցած սկզբունքային դիրքորոշումը: Ընդհանրապես ելույթի հիմնական մեխը հենց ԼՂ հակամարտության հարցում դիրքորոշում հայտնելն էր, որը, սակայն, ներկայիս փուլում որևէ ձևով չի բխում ՀՀ շահերից, բայց բնավ ոչ «հող հանձնել-չհանձնելու» համատեքստում: Նախ՝ պետք է հստակ արձանագրել, որ ցանկացած հակամարտություններում, եթե կողմերն ուզում են հակամարտության լուծում, ապա պետք է պատրաստ լինեն փոխզիջումների: Սա հակամարտությունների կարգավորման ոսկե կանոնն է և «ոչմիթիզհողականների» որևէ հակափաստարկ չի կարող փոխել այս կանոնը: Կարելի է քննարկել, թե փոխզիջում ասելով ինչ նկատի ունեն կողմերը, բայց սա ևս ԼՂ հակամարտության պարագայում սպեկուլյացիաների ենթակա չէ, քանի որ բանակցային գործընթացի մեկնարկից մինչ օրս հայկական կողմի զիջելու առարկան եղել են, կան և կմնան նախկին ԼՂԻՄ շրջանի հարակից 7 շրջանները կամ սկզբից 5-ը, հետագայում 2-ը կամ մեկը: Իսկ Ադրբեջանի զիջելու առարկան ԼՂ Հանրապետության ճանաչումն է կամ մինչև միջազգայնորեն ճանաչելի հանրաքվեի անցկացումը միջանկյալ կարգավիճակի շուրջ համաձայնությունը: Վաղ, թե ուշ երկու երկրների խաղաղության պատրաստ ղեկավարները (Ռուսական գործոնի թուլացմանը զուգահեռ) պետք է կանգնեն վերոգրյալ փոխզիջումային տարբերակի առջև, բայց, ինչպես իրավացիորեն նկատում է Տեր-Պետրոսյանը, որքան շուտ, այդքան ավելի առանց մեծ կորուստների:

Տեր-Պետրոսյանի կողմից այս ամենն արձանագրելու և այս ամենից նախընտրական կարգախոս ստեղծելու միջնամասում տեղի ունեցավ այն, ինչի համար էլ նախապատրաստել և, այսպես կոչված, «ակադեմիական պոպուլիզմի» շղարշով մի լավ քողարկել էր առաջին նախագահը: ԼՂ հակամարտության լուծման անհրաժեշտության վերաբերյալ հատվածում Տեր-Պետրոսյանն ասում է. «Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, և նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արևմուտքը ևս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլև գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում»։ Ելույթի այս հատվածն ամբողջությամբ բացում է փակագծերը: Մի կողմ թողնելով մինչ այս հատվածը Տեր-Պետրոսյանի հնչեցրած կարծիքներն ու ձևակերպումները՝ ակնհայտ է դառնում, որ այս ելույթով առաջին նախագահն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ապրիլյան քառօրյայից հետո բանակցային գործընթացում «Լավրովյան պլանին», որը, ըստ ռուս-ադրբեջանա-թուրքական աղբյուրների, բացառապես պայմանավորված է 5 շրջանների՝ Ադրբեջանին վերադարձով և տարածաշրջանում ռուսական «խաղաղապահ» ուժերի տեղակայմամբ: Երբ ապրիլյան քառօրյայից առաջ և հետո ռուսական կողմից փորձ էր արվում ամեն հնարավոր ձևով արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Տեր-Պետրոսյանն առաջիններից էր, որ սատարելով այդ փորձին հայտարարեց, որ Ռուսաստանը բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբից առանձին դերակատարում ունի: Այդ նույն ձևակերպումն արեց նաև այս ելույթում և այդ ամենը վերջերս կրկին ակտիվացած «Լավրովի պլանի» իրականացման համատեքստում: Ընդհանուր առմամբ, Տեր-Պետրոսյանի այս ելույթն ամբողջությամբ ռուսական իշխանական շրջանակների ներքին սպառման մեսիջներ էր պարունակում, որն ամբողջությամբ տեղավորվում էր ՀԱԿ առաջնորդի արդեն վաղուց որդեգրած «Կրեմլին գործող իշխանություններից ավելի լավ ծառայելու պատրաստակամության» ռազմավարությամբ: Եվ, հաշվի առնելով այն, որ առջևում համապետական ընտրություններ են, և ՀԱԿ-ն իր այսօրվա ողջ ներուժով 2-3 տոկոսանոց քաղաքական ուժ է, հասկանալի է դառնում Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում առկա ռուսական մեսիջների նպատակները: Կարճ ասած, Տեր-Պետրոսյանն ասում է. «մենք ընդունում ենք, որ ձեր առաջարկած պլանով պետք է լուծվի ԼՂ հակամարտությունը (անկախ դրա հակահայկական բնույթից) և նոր գումարման ԱԺ-ում լինելու դեպքում պատրաստ ենք ամբողջությամբ կատարել մեր դերն այդ համատեքստում, համոզե՛ք Սերժին մեզ էլ ընդգրկել պառլամենտում»:

Հ.Գ. Շատ հետաքրքիր մի բացթողում Տեր-Պետրոսյանի ելույթի պատմական հատվածում. Իսրայելի օրինակի մասին խոսելիս ՀԱԿ առաջնորդը հիշեց 1978-ին տեղի ունեցած պատմական Քեմփ Դևիդի հաշտության պայմանագիրը Եգիպտոսի և Իսրայելի միջև: Հետագայում, երբ արդեն արձանագրել էր, որ «ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է Ռուսատանում» (իրականում, անգամ մանկահասակ երեխային է պարզ, որ ԼՂ հակամարտության ՉԼՈՒԾՄԱՆ բանալին է գտնվում ՌԴ-ում և ոչ թե հակառակը) Տեր-Պետրոսյանը փոխզիջումային քաղաքականությունը փաստարկելու համար կրկին բերեց Քեմփ Դևիդի համաձայնագրի օրինակը, երբ Իսրայելը հանուն խաղաղության Եգիպտոսին վերադարձրեց Սինայի թերակղզին: Իհարկե, Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ օրինակ է բերում, բայց, լինելով փորձառու հռետոր, բավականին խորամանկ ձևով թաքցնում է Քեմփ Դևիդի պայմանագրի կարևորագույն աշխարհաքաղաքական ենթատեքստը: Քեմփ Դևիդի հայտնի հաշտության պայմանագիրը հնարավոր դարձավ կնքել միայն այն ժամանակ, երբ Եգիպտոսին հնարավոր եղավ դուրս բերել Սովետական ազդեցությունից: Քեմփ Դևիդի հաշտության պայմանագիրը դիվանագիտական աշխարհում հայտնի է որպես ԽՍՀՄ մեծագույն դիվանագիտական պարտություններից մեկը: Շատերն անգամ պնդում են, որ 1981 թվականին Անվար Սադաթի սպանությունը պլանավորել և իրականացրել են հենց Սովետական հատուկ ծառայությունների օժանդակությամբ: Իհարկե, Տեր-Պետրոսյանն այս ամենը բոլորից լավ գիտի, լավ գիտի նաև, որ Քեմփ Դևիդի նման հաշտության պայմանագիր կնքելն Ադրբեջանի հետ հնարավոր է միայն ռուսական ազդեցության ի սպառ բացակայության դեպքում, բայց ինչո՞ւ չօգտագործել պատեհ առիթն ու հերթական անգամ ապացուցել, որ հանուն հյուսիսային բարեկամների կարելի է անգամ միմյանց հետ համեմատել անհամեմատելին. միևնույն է, սեփական կողմնակիցները կուրորեն հավատում և ինքնամոռաց ծափահարում են, իսկ հակառակորդները քննադատում են դասագրքային ճշմարտությունները:

Հ.Գ. 2 Ամբողջացնելով ՀԱԿ առաջնորդի ելույթը՝ պետք է ֆիքսել, որ Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն կրկնեց իր «Պատերազմ, թե՞ Խաղաղություն» հայտնի հոդվածն ու 1998 թվականի հունվարի 8-ին Անվտանգության Խորհրդի ընդլայնված նիստում ունեցած ելույթը պարզապես այն տարբերությամբ, որ ներկայումս այդ ելույթներում առկա փաստարկումները նոր շունչ են ստացել հատկապես ապրիլյան պատերազմից հետո և հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլում որևէ ձևով չեն բխում հայկական շահերից: Տեր-Պետրոսյանն այս ելույթով հերթական անգամ փորձեց համադրել «օգտակարն ու հաճելին»՝ մի կողմից հերթական անգամ ապացուցելով իր՝ «Պատերազմ, թե՞ Խաղաղություն» հոդվածի և ԱԽ ընդլայնված նիստի հայտնի ելույթի ճշմարտացիությունը, մյուս կողմից հերթական անգամ իր անվերապահ հնազանդությունը հայտնեց ռուսական աշխարհաքաղաքական շահերին և, բնականաբար, հավելյալ հիշեցրեց իշխանություններին այդ հարցում իր «զորավիգ լինելու» պատրաստակամությունը: Իսկ ելույթում տեղ գտած դասագրքային ճշմարտություններն ու պատմական փաստերը վերոգրյալ գլխավոր նպատակը քողարկելու և իրեն ուղղված քննադատությունները սխալ ուղղությամբ ուղղորդելու համար էին միայն:

Նարեկ Սամսոնյան