Մարտին Լյութեր Քինգ. Մոնթգոմերիի դեպքերը

ct-rosa-parks-montgomery-bus-boycott-anniversary-20151201

ԱՄՆ-ի հարավային նահանգներում ստրկության դարը ստեղծել էր իրավական և քաղաքական այնպիսի մի համակարգ, որտեղ «իշխողները» սպիտակամորթներն էին: Սևամորթներին թույլատրված չէր մասնակցել ընտրություններին: Ջիմ Քրոուի օրենքով՝ սևամորթները չէին կարող սպիտակամորթների հետ միասին նույն ուսումնական հաստատությունում սովորել, իսկ հասարակական տրանսպորտում իրենց համար առանձնացված հատուկ տեղերում պետք է նստեին: Մի շարք հյուրանոցներ, խանութներ, ռեստորաններ հրաժարվում էին սպասարկել սևամորթներին: Հետաքրքիրն այն է, որ սպիտակամորթներից շատերը համոզված էին, որ սևամորթներն արդեն հարմարվել են երկրորդ պլանի քաղաքացի լինելու մտքի հետ, և դա անգամ դուր է գալիս իրենց:

Երբ 1954 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը, վերանայելով «Բրաունը դեմ է կրթական խորհրդին» գործը, որոշում հրապարակեց, համաձայն որի՝ սևամորթ երեխաների հաճախումն առանձնացված դպրոցներ հանգեցնում է վերջիններիս թերի կրթվածությանը, ուստի՝ հարավային նահանգները պետք է որքան հնարավոր է շուտ միացյալ դպրոցներ բացեին սևամորթ և սպիտակամորթ երեխաների համար: Հարավային նահանգները դեմ արտահայտվեցին այդ որոշմանը:

1955 թվականի դեկտեմբերի 1-ին դերձակ Ռոզա Փարկսը ձերբակալվել, այնուհետև տուգանվել էր հասարակական տրանսպորտում իր տեղը սպիտակամորթ տղամարդու չզիջելու համար: Այդ դեպքից հետո սևամորթ համայնքը սկսեց բոյկոտել քաղաքային տրանսպորտը: Այս կերպ վերջիններս իրենց բողոքն էին արտահայտում քաղաքային տրանսպորտում առկա ռասայական խտրականության վերաբերյալ: «Մոնթգոմերիի բարելավման ասոցիացիան» (“The Montgomery Improvement Association”-ը (MIA)) ղեկավարում էր այդ քաղաքացիական շարժումը, որի առաջնորդը դարձավ ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքի բապտիստական եկեղեցու երիտասարդ քահանա Մարտին Լյութեր Քինգը: Վերջինիս ջանքերի շնորհիվ այդ շարժումը տևեց 381 օր և պատմության մեջ մտավ «Հանուն ազատության երթ» անվամբ: Այդ օրերի ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները ստիպված էին ոտքով աշխատանքի գնալ կամ օգտվել այն տաքսի ծառայություններից, որոնց վարորդները սևամորթներ էին: Այդ շրջանում տաքսի ծառայություններից օգտվող սևամորթ քաղաքացիները վճարում էին այնքան, որքան կվճարեին ավտոբուսից օգտվելու դեպքում: Այս կերպ սևամորթները մեծ վնաս էին պատճառում տեղի տրանսպորտային ընկերություններին:

Շարժմանը վնաս հասցնելու և հետագայում նաև ամբողջովին մարելու նպատակով բողոքի ակցիաներին սպասարկող վարորդներ տուգանվում էին երթևեկության կանոնների չնչին, երբեմն, անհիմն խախտումների պատճառով: Մի մասին էլ զրկում էին լիցենզիաներից: Սպիտակամորթներն ապա սկսեցին վախեցնել և սպառնալ բոյկոտի կազմակերպիչներին, որի արդյունքում 1956 թվականին Մարտին Լյութեր Քինգի բնակարան պայթուցիկ նետվեց: Այս դեպքից հետո իշխանությունները հիշեցին կիսամոռաց «հակաբոյկոտային օրենքի» մասին, ինչի հիման վրա և ավելի քան հարյուր մասնակից ձերբակալվեց:

Ի վերջո, շարժման կազմակերպիչները դիմեցին դաշնային դատարան, որը 1956 թվականի դեկտեմբերին քաղաքային տրանսպորտում խտրականության մասին օրենքը ճանաչեց հակասահմանադրական: Սա, սակայն բնավ չմեղմացրեց սևամորթների հանդեպ ճնշումները: Ավելին, սպիտակամորթները սկսեցին բացահայտ բռնություն կիրառել սևամորթների նկատմամբ: Բռնություններն ավարտվեցին այն ժամանակ, երբ նահանգային թերթերը, սպիտակամորթ հոգևորականները և գործարարները սկսեցին սուր քննադատությունների ենթարկել տեղի ունեցող բռնությունները:

Խտրականության վերացման և քաղաքական իրավունքների հաստատման ուղղությամբ ծավալվող գործողությունների համակարգման նպատակով 1957 թվականին ստեղծվեց «Հարավային քրիստոնյա առաջնորդների կոնֆերանս», որի նախագահ նշանակվեց Մարտին Լյութեր Քինգը: Նույն թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց սևամորթների ընտրական իրավունքի մասին առաջին օրենքը:

1958-1959թթ. երիտասարդների մասնակցությամբ բազմամարդ երթեր կազմակերպվեցին դեպի Վաշինգտոն: Այս երթերին մասնակցում էր շուրջ 40 հազար մարդ:

Պայքարը նոր շունչ ստացավ 1960 թվականի փետրվարի 1-ին, երբ Գրինսբորոյի ճաշարաններից մեկում չորս սևամորթ նստեցին իրենց համար չնախատեսված տեղերում: Նրանց, իհարկե, ստիպեցին հեռանալ, սակայն հաջորդ օրը նրանց հետևեցին հարյուրավոր այլ սևամորթ ուսանողներ, և այդպես բարձրացավ մի նոր ալիք: Սևամորթները մտնում էին միայն սպիտակամորթների համար նախատեսված վայրեր և պահանջում, որ իրենց սպասարկեն: Գրեթե 2 ամիս անց՝ մարտի վերջին, նման ակցիաներ կազմակերպվեցին ավելի քան 50 քաղաքներում: Բողոքին միանում էին նաև սպիտակամորթ ուսանողներ:

1960 թվականի ապրիլին ձևավորվեց «Բռնի գործողությունների համակարգման ուսանողական կոմիտեն»: Այն առաջնորդում էր Մարտին Լյութեր Քինգը: Հանուն իրականացվող բողոքի ակցիաներն իրենց նպատակին ծառայեցնելու վերջինիս մասնակցող քաղաքացիների համար մշակվեցին պահելաձևի հատուկ կանոններ: Համաձայն այդ կանոնների՝ մասնակիցները չպետք է բռնությանը պատասխանեին բռնությամբ, չպետք է տրվեին զայրույթին, չպետք է պատասխանեին իրենց հասցեին հնչեցված վիրավորանքներին: Հակառակը, պետք է բարձր հանդուրժողականություն դրսևորեին:

Հենց նմանատիպ բողոքի ակցիաների շնորհիվ է, որ 1960 թվականի ընթացքում հարավային նահանգների մոտ 150 քաղաքի ճաշարաններ հասանելի դարձան սևամորթ քաղաքացիների համար:

1960 թվականի մարտին «Ռասայական հավասարության կոնգրեսը» կոչ արեց նստացույց սկսել: Այդպես հիմք դրվեց «ազատության երթին», որի նպատակն էր ստուգել հասարակական վայրերում և տրանսպորտում օգտագործման իրական պատկերը: 1961 թվականի մայիսի 4-ին ակցիայի մասնակիցների առաջին խումբը Վաշինգտոնից շարժվեց դեպի երկրի հարավային շրջաններ: Անիստոնում բողոքի ակցիայի մասնակիցների ավտոբուսն այրեցին, Բիրմինգհեմում դաժանաբար ծեծի ենթարկեցին, իսկ Միսիսիպի նահանգում ձերբակալեցին «հասարակական կարգը» խախտելու պատճառով:

«Ազատության երթերը» շարունակվեցին մինչև 1961 թվականի ամառ: Սպիտակամորթ և սևամորթ ակտիվիստները միջքաղաքային ավտոբուսներով գնում էին հարավային նահանգներ, խմբերով ներխուժում ավտոբուսի կանգառներ, սրճարաններ, խանութներ, հյուրանոցներ, նստում կամ պառկում էին հատակին՝ պահանջելով սպիտակամորթներին հավասար սպասարկում: Երթի մի շարք մասնակիցներ ծեծի էին ենթարկվում, ձերբակալվում, սակայն դա չէր խանգարում իրենց շարունակել պայքարը:

Արդյունքում բազմաթիվ սրճարանների, խանութների և ռեստորանների տերեր ստիպված հրաժարվեցին իրենց հաճախորդներին ռասայական խտրականության ենթարկելու մտքից: Առևտուրը կարգավորող դաշնային հանձնաժողովը նույնպես ստիպված հրաժարվեց ռասայական խտրականության ենթարկել ավտոբուսներից և գնացքներից օգտվող քաղաքացիներին:

1963 թվականի մայիսին Մարտին Լյութեր Քինգը մեկնեց Բիրմինգհեմ, որտեղ ապրիլի 3-ին մեկնարկեց բողոքի հերթական ակցիան: Ապրիլի 12-ին Քինգին բանտարկեցին: 8 օր հետո բանտից ազատվելով ցույցերը շարունակվեցին ավելի բուռն. «Մենք ազատություն ենք ուզում»: Դադարեցնելու հրամանը ստանալով հանդերձ ցուցարարները կանգ չառան: Այդ ժամանակ ոստիկանությունը ցույցը ցրելու նպատակով հավաքված քաղաքացիների դեմ ջրցան մեքենա օգտագործեց, ապա ոստիկանական շներին բաց թողեցին ցուցարարների վրա: Հաջորդ օրը միջազգային թերթերում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում պատկերված էին, թե ինչպես են ոստիկանական շները հոշոտում բիրմինգհեմյան երեխաներին: Ձերբակալվեց մոտ 2500 ցուցարար: Միջազգային հասարակության ճնշման տակ նախագահ Քենեդին Բիմինգհեմ ուղարկեց արդարադատության նախարարի օգնական Բերք Մարշալին՝ տեղի իշխանությունների և սևամորթ ցուցարարների հետ բանակցելու նպատակով:

Մայիսի 11-ին Մ. Լ. Քինգի եղբոր տան մոտ ռումբ պայթեց, որտեղ տեղակայված էր Քինգի շտաբը: Սևամորթներից բաղկացած անկազմակերպ ամբոխն այդ ամենին պատասխանեց անկարգություններով, ինչը տևեց ողջ գիշեր: Քինգի օգնականներն ամեն ինչ անում էին ամբոխին հանդարտեցնելու համար: Բիրմինգհեմյան միջադեպերը հանգեցրին զանգվածային ցույցերի, որոնք անցնում էին «Ազատություն հենց հիմա» կարգախոսով: Այս ցույցերը տևեցին 4 ամիս՝ տեղի ունենալով ԱՄՆ 35 նահանգների 196 քաղաքներում:

1963 թվականի հունիսին նախագահ Քենեդին սևամորթ քաղաքացիների հանդեպ խտրականության վերացման մասին մի օրինագիծ ուղարկեց կոնգրես: Այդ օրինագիծն ընդունելու համար նահանգների տարբեր քաղաքներում տեղի ունեցան ցույցեր և զանգվածային միջոցառումներ: 1963 թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցավ սևամորթների խաղաղ երթ դեպի Վաշինգտոն, որին մասնակցեց 250 հազար մարդ: Այդ օրը դարձավ սևամորթ և սպիտակամորթ բնակչության համար իսկական տոն: Այս օրը Քինգը հանդես եկավ իր հանրահայտ «Ես երազանք ունեմ» ճառով:

1964 թվականի հուլիսի 2-ին ԱՄՆ նախագահ Լ. Ջոնսոնը ստորագրեց քաղաքացիական իրավունքի մասին օրենքը, որն արգելում էր ռասայական խտրականությունն աշխատանքի ընդունելիս և առևտի ու սպասարկման ոլորտում: Մարտին Լյութեր Քինգին 1964 թվականին շնորհվեց Նոբելյան մրցանակ:

1965 թվականին մարտի 7-ին Սելմայում դաժանորեն ծեծվեցին ընտրություններին մասնակցող սևմորթներ: Այդ դեպքը պատճառ հանդիսացավ, որ Կոնգրեսը 1965 թվականին ընդունի օրենք ընտրական իրավունքի մասին, որով միայն դաշնային իշխանություններն էին կարող նշանակել գրանցողներին, ովքեր զբաղվում էին ըտրողների ցուցակները կազմելով:

1967 թվականին Քինգն առաջ է քաշում «Աղքատների արշավ» գաղափարը՝ պահանջելով ընդունել տնտեսական իրավունքների մասին օրենքը, որով պետք է ապահովվեին բոլոր աղքատ ամերիկացիների իրավունքները՝ թե՛ սպիտակամորթ, թե՛ սևամորթ: Վաշինգտոնում նրանք պետք է վրաններ տեղադրեին, փակեին քաղաքային ավտոճանապարհները և կառավարական հաստատությունների մոտ նստացույցեր սկսեին: Երթը նախատեսված էր 1968 թվականի ապրիլի 22-ին, բայց այն տեղի չունեցավ, քանի որ ապրիլի 4-ին Քինգը սպանվեց Մեմֆիսում:

Մարտին Լյութեր Քինգը եղավ այն գաղափարախոսության կրողը, որը ոգևորեց քաղաքացիներին պայքարել իրենց սեփական իրավունքների պաշտպանության համար: Իր խոսքն ուժ էր տալիս հասարակությանը պայքարելու իրենց իրավունքների համար:

Ապրիլի 3-ի ելույթի ժամանակ Մեմֆիսում Քինգն ասաց. «Առջևում դժվար օրեր են սպասվում, բայց դա նշանակություն չունի, որովհետև ես եղա լեռան գագաթին. ես նայեցի առաջ ու տեսա Ավետյաց երկիրը: Կարող է ես չլինեմ այնտեղ ձեզ հետ, բայց ես ուզում եմ հիմա իմանաք՝ մենք բոլորս, ողջ ժողովուրդը կտեսնի այդ Երկիրը»: Իսկ արդեն ապրիլի 4-ին ժամը 18:01 Քինգին մահացու վիրավորեց Ջեյմս Էրլ Ռեյը: Վերջինս դատապարտվեց 99 տարվա ազատազրկման:

Ի պատիվ Մարտին Քինգի՝ ԱՄՆ-ում հունվարի երրորդ երկուշաբթին հայտարարված է Մարտին Լյութեր Քինգի օր և այդ օրը համարվում է ազգային տոն:

Գայանե Մելոյան