1993 թվականի հոկտեմբերի 15-ին Նելսոն Մանդելան և Ֆրեդերիկ Վիլհեմ դե Կլերկն արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

7780802402_nelson-mandela-et-frederik-de-klerk-recevant-conjointement-le-prix-nobel-de-la-paix-le-10-decembre-1993

1993 թվականի հոկտեմբերի 15-ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է միաժամանակ Նելսոն Մանդելային և Ֆրեդերիկ Վիլհեմ դե Կլերկին Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող ապարտեիդի վերացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև պետության հետագա զարգացումը ժողովրդավարական արժեքների վրա կառուցելուն ուղղված գործունեություն ծավալելու համար:

Ֆրեդերիկ Վիլհեմ դե Կլերկը 1989-1994 թթ. եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը: Այս ընթացքում Նելսոն Մանդելայի հետ համատեղ բարեհաջող ավարտին է հասցրել ապարտեիդի դեմ տարվող պայքարը:

Ֆրեդերիկ Վիլհեմ դե Կլերկը ծնվել է 1936 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում մարտի 18-ին: 1972 թվականին Կլերկն Ազգային կուսակցությամբ Խորհրդարան է անցել: 1986 թվականին դարձել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ, իսկ 1989 թվականին մասնակցելով նախագահական ընտրություններին հաղթանակ է տարել:

1991 թվականին Կլերկն օրենք է ընդունել, որի համաձայն երկրում խտրականությունն օրենքով արգելվել է: Երկու տարի անց՝ 1993 թվականին, Նելսոն Մանդելան և Կլերկը համատեղ Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել ապարտեիդի դեմ տարած պայքարի համար: 1994 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում առաջին անգամ բոլոր ռասաներն իրավունք են ստացել ընտրելու և ընտրվելու: Այս ընտրություններով Նելսոն Մանդելան դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, իսկ Կլերկը՝ առաջին տեղակալը:

1179192_908252

Ֆրեդերիկ Վիլհեմ դե Կլերկը որպես նախագահ

1989 թվականին Հարավաֆրիկյան Հանարպետության նախագահ Փիթեր Ուիլեմ Բոթան սրտի կաթված է ստանում և կարճ ժամանակ անց հրաժարական տալիս ինչպես նախագահի պաշտոնից, այնպես էլ Ազգային կուսակցության առաջնորդի պաշտոնից: Կլերկը կարողանում է արագ զբաղեցնել Ազգային կուսակցության նախագահի պաշտոնը, որից հետո նույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում դառնում է Հարավաֆրիկյան Հանարապետության նախագահ, չնայած նրան, որ Փիթեր Ուիլեմ Բոթան ցանկանում էր վերականգնել նախագահի իր պաշտոնը:

fw-de-klerk

Իր նախագահության տարիների սկզբում Կլերկն աշխատում էր ստեղծել ընդդեմ ապարտեիդի նոր սահմանադրություն, որը հիմնված էր «մեկ անձ՝ մեկ քվե» սկզբունքի վրա: 1964 թվականի հունիսի 12-ին ապարտեիդի դեմ տարվող պայքարի ակտիվիստ (ապագայում նաև Հարավաֆրիկյան Հանարապետության նախագահ), Նելսոն Մանդելան դատապարտվել էր ցմահ ազատազրկման այդ ժամանակվա կառավարության կողմից: Մանդելան շուրջ 27 տարի անցկացրել էր բանտում և դարձել ընդդեմ ապարտեիդի տարվող պայքարի խորհրդանիշը: Քաղաքացիական պատերազմին զուգորդել էր նաև միջազգային բոյկոտն ու դիվանագիտական ճնշումները, ինչի արդյունքում Հարավաֆրիկյան Հանարապետության նախագահ Կլերկը որոշում էր կայացրել ազատ արձակել Նելսոն Մանդելային (ինչպես նաև մնացած քաղբանտարկյալներին): Վերջինս ազատ է արձակվել 1990 թվականի փետրվարի 11-ին:

Կլերկը նաև վերացրել է քաղաքական խմբերի նկատմամբ սահմանափակումները, Աֆրիկյան ազգային կոնգրեսի նկատմամբ արգելանքը, ինչպես նաև կասեցրել է մահապատժի կիրառումը ողջ երկրում: (Ազգային ազատագրական շարժումը հիմնադրվել է 1912 թվականին: Վերջինիս նպատակն էր միավորել սևամորթներին, որպեսզի կարողանան ազդեցություն ունենալ սոցիալական, քաղաքական և տնտեսական փոփոխությունների վրա: Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ANC) գործունեությունը 1960-1990 թթ. կասեցված է եղել):

Ընդդեմ ապարտեիդի կառավարության ձևավորում

Իր նախագահության ընթացքում Կլերկը կենտրոնացել էր ավարտին հասցնել ապարտեիդի դեմ տարվող պայքարը և ստեղծել ժողովրդավարական պետություն, որտեղ սևամորթները նույնպես կարող էին առաջնորդներ դառնալ: Այս համատեքստում 1991 թվականին Նելսոն Մանդելան դառնում է Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախագահը: Նույն թվականին սևամորթների և սպիտակամորթների առաջնորդների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Կլերկն օրենք է ընդունում, որի համաձայն Հարավաֆրիկյան Հանրապետությունում խտրականության մասին օրենքները չեղյալ են համարվում:

Ապարտեիդի դեմ պայքարի շնորհիվ էլ 1993 թվականին սևամորթների առաջնորդ Նելսոն Մանդելան և սպիտակամորթների առաջնորդ Ֆրեդերիկ Վիլհեմ դե Կլերկն արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի: Մեկ տարի անց՝ 1994 թվականի ապրիլի 27-ին, Հարավաֆրիկյան Հանարպետությունում առաջին անգամ անց է կացվել ընտրություններ, որին հնարավորություն են ունեցել մասնակցել տարբեր ռասայական պատկանելիություն ունեցող թեկնածուներ: Հենց այս ընտրությունների արդյունքում 77-ամյա Նելսոն Մանդելան դարձել է Հարավաֆրիկյան Հանարպետության առաջին սևամորթ նախագահը, իսկ ահա Կլերկը՝ նրա առաջին տեղակալը:

Մանդելայի կառավարման առաջին 5 տարիների ընթացքում երկիրը կարողացել է դուրս գալ դժվարին իրավիճակից: Մանդելային հաջողվել է լուծել երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները: Վերջինս կարողացել է նաև վերջ դնել սպիտակամորթների և սևամորթների միջև շարունակվող անհավասարության մթնոլորտին: Նախագահի աշխատակազմում Նելսոն Մանդելան որևէ փոփոխություն չի իրականացրել՝ ներելով անգամ այն մարդկանց, ովքեր իրեն 27 տարով բանտարկել էին:

Տաթևիկ Վարդանյան