Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում. Մաս 9.3

_75090716_022411742-1

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները:

Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդհինգերորդ մասերին, վեցերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, յոթերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, ութերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին, ինչպես նաև իններորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:

Ժողովրդավարական ուժերի կողմից նախաձեռնած վճռական կամընտրական դիմադրության փուլի ընթացքում գործընթացին զուգահեռ գնալով ավելի ու ավելի են մեծանում ժողովրդական զանգվածների կողմից ձևավորված ինքնակամ մարմինների ուժային աղբյուրները: Շարժման ընթացքում հետևողականորեն ձևավորված քաղաքացիական ինստիտուտներն ընդլայնում են «ժողովրդավարական տարածքը» և գնալով երկրում հաստատում են երկիշխանություն: Բնականաբար, երկիշխանության պայմաններում քաղաքացիական ինստիտուտների նկատմամբ ժողովրդական համակրանքն ակնհայտ է լինում և այդ պայմաններում շարժման քաղաքական ղեկավարության համար նոր մարտահրավեր է դառնում ստացված արդյունքների «դիվերսիֆիկացիան»: Քաղաքացիական ինստիտուտների արտադրած հանրային կապիտալի քաղաքական դիվերսիֆիկացիան շարժման ղեկավարությանը «Ստվերային կառավարություն» ձևավորելու հնարավորություն է ընձեռում, որն էլ բարեհաջող իրականացնելով ժողովրդավարական շարժման առաջնորդներն ամբողջացնում են շարժման կողմից գրանցած քաղաքական հաջողությունները: Նմանատիպ դիմադրողականություն ունեցող շարժման հետ ցանկացած բնույթի իշխանություն, մեղմ ասած, կդժվարանա մրցակցել և, վերջիվերջո, կստորագրի սեփական կապիտուլյացիայի պայմանագիրը:

Վերոգրյալ տեսական պնդումները քաղաքացիական խաղաղ անհնազանդության բնորոշիչ առանձնահատկություններն են, սակայն, բացի հիպոթետիկ պնդումներից, նմանատիպ շարժումները շատ հստակ դրսևորումներ են ունեցել գործնականում: Մասնավորապես, այս վերլուծության շրջանակներում բազմիցս անդրադարձ է եղել Կենտրոնական և Արևելյան Եվրոպական երկրների կողմից արդյունավետորեն վարված հակախորհրդային շարժումներին, որոնց մեծ մասը հենց քայլերի նմանատիպ հաջորդականությամբ է հասել վերջնական հաջողության: Այս համատեքստում հատկանշական է 1970-ականներից սկիզբ առած լեհական ազատագրական շարժման փորձը, երբ «Համերաշխություն» շարժումը կարողացավ արդյունավետորեն համակարգել հասարակության գործառույթներն ու դրան զուգահեռ կարողացավ ստեղծել կենսունակ քաղաքացիական ինստիտուտներ, որի շնորհիվ էլ տապալվեց Յարուզելսկու ռազմական ռեժիմը:

Ընդհանրապես, խաղաղ անհնազանդության շարժումների պատմության մեջ լեհական փորձը բավականին խորհրդանշական բնույթի է: Լեհաստանում «Համերաշխություն» շարժման գործունեության ընթացքում խորհրդային իշխանությունների կողմից ամբողջական հետապնդման էին ենթարկվում շարժմանն աջակցող բոլոր քաղաքացիներն ու անգամ կաթոլիկ եկեղեցին: Սակայն, ինչպես հայտնի է, շարժմանն աջակցող լեհական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը 1978 թվականին ընտրվեց Հռոմի Պապ՝ դառանլով 400 տարվա մեջ առաջին ոչ իտալացի Պապը: Այս ամենը ևս նպաստեց լեհական շարժման վերջնական հաղթանակին: 1980 թվականին լեհական «Համերաշխություն» արհմիութենական կազմակերպությունն իր՝ խաղաղ պայքարի հմտությունների շնորհիվ կարողացավ պետական գրանցում ստանալ և էլ ավելի մեծ եռանդով շարունակեց պայքարն ընդդեմ խորհրդային օկուպանտների: Իհարկե, նույնիսկ պետական գրանցում ստանալն ու շարժման ընթացքում ձևավորած ժողովրդական լայն համախմբումն ու ձևավորված քաղաքացիական ինստիտուտները չխանգարեցին Յարուզելսկուն օրենքով արգելել շարժումը և ռազմական դրություն հայտարարել Լեհաստանում: Անգամ վերոգրյալ ճնշումները չկարողացան կասեցնել հմուտ քաղաքացիական խաղաղ անհնազանդություն նախագծած շարժման ընթացքը: Անգամ Յարուզելսկու հայտարարած ռազմական դրության պայմաններում ամբողջությամբ գործում էին շարժման կողմից ձևավորված քաղաքացիական ինստիտուտները. տպագրվում էին տասնյակ ընդհատակյա թերթեր և ամսագրեր, ընդհատակյա տպագրատներում տարեկան հրատարակվում էին տասնյակ արգելված գրքեր, իսկ հայտնի լեհ գրողներն ուղղակի բոյկոտում էին Կոմունիստական հրատարակություններն ի նշան բողոքի:

Երկրում փաստացի ձևավորվել էր երկիշխանություն և այդ երկիշխանության ուժային հարաբերակցության փաստացի առավելությունը ժողովրդավարների կողմն էր, բայց նույնիսկ այս պարագայում կոմունիստական ռազմական ռեժիմը պատժիչ գործողություններ էր իրականացնում ողջ երկրում: «Համերաշխություն» շարժման ղեկավրությունը պարբերաբար ձերբակալվում էր, իսկ շարժման աջակիցները ենթարկվում էին խորհրդային ՊԱԿ-ի հալածանքներին, սակայն նույնիսկ այդ ողջ բռնությունների մեքենան չկարողացավ կասեցնել շարժման վերջնական հաջողությունը:

Լեհական խաղաղ անհնազանդության գործնական օրինակից ուղղակիորեն հետևում է այն պարզ ճշմարտությունը, որ նույնիսկ այն դեպքում, երբ քաղաքական փոփոխությունները պետք է իրականացվեն բռնապետական քաղաքական համակարգում, խաղաղ անհնազանդության տրված հնարավորություններով կարելի է հասնել վերջնական հաջողության: Ժողովրդավարական շարժման ընթացքում կենտրոնական ուշադրության են արժանի ոչ միայն փաստացի հռետորաբանությունն ու դրան համարժեք ռազմավարության առկայությունը, այլ այդ ռազմավարությանը համապատասխան գործելն ու դրան զուգահեռ հասարակության գործառույթների ճիշտ ուղղորդումն ու շարժման համար կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ինստիտուտների հիմնումը:

Իշխանափոխության բուն գործընթացը

Ինչպես արդեն ասվեց, խաղաղ անհնազանդության շարժումը քաղաքական փոփոխությունների է բերում քաղաքագիտությանը հայտնի ներքևից վերև սկզբունքով: Այսինքն, այն նախ ուղղում է ճնշված հասարակության ողնաշարը, անընդհատ պարտություններ գրանցած մարդկանց շրջանում իրական հաղթանակի հույսեր է արթնացնում և ընթացիկ գործողություններով ապացուցում է այդ հաղթանակի անխուսափելիությունը, շարժման ընթացքում ձևավորում է քաղաքացիական հասարակությանը բնորոշ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, հիմնում և արդյունավետորեն գործարկում է տարատեսակ քաղաքացիական ինստիտուտներ, որոնք, անկախ հաջորդ իշխանությունների քաղաքական բնույթից, կարողանալու են ամբողջական վերահսկողություն իրականացնել իշխանությունների նկատմամբ և վերջում նոր վճռական ռազմավարական քարոզարշավով ծնկի է բերում քաղաքական իշխանությանը: Սակայն այս ամենը բավականին ընդգրկուն ժամանակ է պահանջում, և խաղաղ անհնազանդության շարժման ռազմավարություն մշակողները պետք հաշվի առնեն նաև այս շատ կարևոր հանգամանքը: Նմանատիպ շարժումների ժամանակ գալիս է այնպիսի ժամանակահատված, երբ ժողովրդավարական ուժերը կամընտրական քարոզարշավից կարող են տեղափոխվել ավելի զանգվածային անհնազանդության: Այս պահը հատկապես հարկավոր է ավելի մանրակրկիտ ձևով մշակել, քանի որ շատ դեպքերում, ոգևորված ձեռք բերված փոքրիկ հաջողություններով, ժողովրդավարական ուժերը սխալմամբ կամընտրական քարոզարշավները տեղափոխում են ավելի զանգվածային անհնազանդության փուլ և արդյունքում տապալում են շարժումը: Սակայն խաղաղ անհնազանդության հմտությունների զարգացման դեպքում հնարավոր է կանխատեսել նաև զանգվածային անհնազանդության անցման արդյունավետ ժամանակահատվածը: Մասնավորապես, այս համատեքստում հարկավոր է հիշել իշխանության խոցելի կողմերը ժողովրդավարների ուժեղ կողմերով հակադրելու սկզբունքը, որը քննարկվել է հոդվածաշարի նախորդ մասերում: Հզոր քաղաքական անհնազանդության և անկախ քաղաքացիական ինստիտուտների համակցումը շարժմանն անխուսափելի միջազգային ճանաչման է բերում, որն էլ իր հերթին ավելացնում է իշխանությունների նկատմամբ տարատեսակ միջազգային ճնշումները, ինչպես դա արվեց Լեհաստանի պարագայում: Մի կարևոր նկատառում ևս, ինչը հայկական իրականության մեջ ամբողջությամբ բացակայում է. ճնշված հասարակությունները, որոնք երկարատև ժամանակահատվածով զուրկ են եղել քաղաքական հաջողություններից կարիք ունեն լոկալ հաղթանակների և անկախ նրանից, թե որքան փոքր է հաղթանակի նշանակությունը շարժման վերջնական հաղթանակի շրջանակներում այն պետք է տոնել, քանզի պետք չէ մոռանալ, որ ցանկացած մեծ հաղթանակ բաղկացած է բազմաթիվ փոքր հաղթանակներից: Բացի դա, նմանատիպ հաղթանակների տոնումը բարձրացնում է ճնշված հասարակության ինքնավստահությունն ու վճռականությունը: Վերոգրյալ բաղադրիչների առկայությանը հաջորդում է արդեն քաղաքական իշխանության հեռացումն ու նոր ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունը ժողովրդին վերադարձնելը:

Ժողովրդավարական շարժման ձեռք բերած հաջողությունները պատասխանատվությամբ իրացնելը

Այս ենթավերնագիրը կարևորագույն նշանակություն ունի ցանկացած հաջողակ շարժման ղեկավարների համար, բայց մինչ ենթավերնագրի բուն բովանդակությանն անդրադառնալը հարկ եմ համարում մակերեսային անդրադարձ կատարել հայկական իրականությանը: Չնայած այն հանգամանքին, որ ներհայաստանյան և ոչ մի քաղաքական-հասարակական ուժ իր պատմության ընթացքում չի կարողացել որևէ արդյունավետ ժողովրդավարական շարժում իրականացնել, այնուամենայնիվ, չկա մի քաղաքական շարժում, որն արտահերթ քաղաքական գործընթաց նախաձեռնելիս չարտահայտի իշխանափոխության իր տեսլականը: Բացի այն, որ մեր քաղաքական իսթեբլիշմենթի ներկայացուցիչներն ամբողջությամբ անտեսում են գործընթացներում մասնագիտական նշանակության հարցերը և այդ իսկ պատճառով ցանկացած գործընթաց դեռ չսկսած դատապարտված է ձախողման, այլ նաև արտահերթ քաղաքական գործընթացներ նախաձեռնող մարգինալ խմբակներն իշխանափոխության իրենց տեսլականում ամբողջությամբ առաջնորդվում են հակաժողովրդավարական սկզբունքներով: Երբեմն ժողովրդական զանգվածների փողոցային պայքարի միջոցով քաղաքական փոփոխության հայտ ներկայացրած ուժերը բացեիբաց հայտարարում են մի բռնապետությունը մյուսով փոխարինելու իրենց ցանկության մասին: Նմանատիպ ուժերի պատկերացումներն իշխանափոխության գործընթացի մասին բարի ցանկությունից այն կողմ չեն անցնում, սակայն իշխանություն ունենալու ձգտումներում նրանց պատկերացումներն ավելի քան պատկերավոր են: Ի հակադրություն հայկական քաղաքական ուժերի բռնապետական ձգտումներին՝ արդյունավետ ժողովրդավարական շարժման անցումային շրջանում խաղաղ անհնազանդության շարժման առաջնորդների թիվ մեկ մարտահրավերը նոր բռնապետական կամ ավտորիտար բնույթի իշխանության ձևավորումը կասեցնելն է: Նոր բռնապետական համակարգի ձևավորումը կանխելուց հետո ժողովրդավարական ուժերը պետք է հնարավորինս արդյունավետորեն ապահովեն ամուր ժողովրդավարական համակարգի աստիճանական ստեղծումը: Պետք է պարտադիր հաշվարկել, թե ժողովրդավարական շարժման հաղթանակն ինչպիսի միջոցներով է իրականացվելու, այդ հաղթանակից հետո ինչպես է իշխանությունը փոխանցվելու ժողովրդավարներին, նախապես հարկավոր է որոշել, թե ինչպիսի ճակատագիր են ունենալու իշխող համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները (օրինակ, արդյո՞ք նրանք պետք է դատապարտվեն, կամ պե՞տք է նրանց թույլ տալ վերջնականորեն լքել երկիրը):

Բացի արդեն նախկին իշխանավորների նկատմամբ տարվող քաղաքականությանն առնչվող հարցերը, ժողովրդավարները նաև պետք է ունենան իրենց շարժման հաջողությանը հաջորդող ժամանակահատվածում երկրի ժողովրդավարացման հիմնական սկզբունքներին առնչվող հարցերի պատասխանները: Մասնավորապես, թե ինչպիսի ճանապարհով պետք է ընթանա երկրի ժողովրդավարացումը, ժողովրդավարացման որ փուլերն են հաջորդելու մեկը մյուսին: Ժողովրդավարական շարժման առաջնորդներն իշխանափոխության վերջնական փուլում պետք է ամեն հնարավոր տարբերակով խուսափեն արյունահեղությունից, որն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ ապագա ժողովրդավարական համակարգի կառուցման վրա: Երկրում ժողովրդավարացման գործընթացը պետք է նախանշվի ժողովրդավարական շարժման առաջնորդների կողմից արդեն իսկ կիրառության պատրաստ բարեփոխումների ծրագրերով: Այս բարեփոխումների ծրագրերը հնարավորինս կկանխարգելեն նոր իշխանության ներսում պալատական հեղաշրջման հավանական փորձերը: Կպահանջվեն նաև այնպիսի ծրագրեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի սահմանադրական ճանապարհով իրացնել ժողովրդավարական իշխանությունը:

Ժողովրդավարական շարժման առաջնորդները պետք է հստակ գիտակցեն, որ խաղաղ անհնազանդությամբ ձևավորված պահանջատեր քաղաքացիական հասարակության ակնկալիքները նոր իշխանությունից բավականին մեծ են և ամբողջությամբ վերահսկվելու են նրանց կողմից: Ուստի, խաղաղ անհնազադնությամբ ձեռք բերված հաջողությունները պատասխանատվության ավելի բարձր մակարդակ են ենթադրում և, հետևաբար, իշխանափոխությունն իրականացնելն ընդամենը ժողովրդավարական հասարակության ստեղծման ամենաառաջին քայլն է:

Վերլուծության վերջին՝ 10-րդ մասում անդրադարձ կլինի խաղաղ անհնազանդության շնորհիվ ձեռք բերված ազատությունների և ժողովրդավարական արժեքների հիմնման և ձեռք բերածը պահպանելով տևական ժողովրդավարության ձևավորման հիմունքներին:

 

Նարեկ Սամսոնյան