Հյուսիսլոնդոնյան դերբի. երկու հայտնի թիմերի հակամարտության պատմությունը

67c060ba9d344cfb14a762a07b4400d4_l

«Հյուսիսլոնդոնյան դերբին չի հիմնվում կրոնական տարաձայնությունների վրա, ինչպես, օրինակ, Գլազգոյում. այնտեղ չկա այն խոր նախանձը, որն ունի Մանչեսթեր Սիթին՝ ցանկանալով անցնել Յունայթեդից: Նրանք ավելի շատ նման են հարևանների, ովքեր իրար ատում են ինչ-որ անցած, մոռացված պատճառով: Իսկ միմյանց հանդեպ առավելություն ստանալը նրանց ուղղակի անասելի հաճույք է պատճառում»,-Ֆրենկ Մակգի:

Չնայած այն հանգամանքին, որ այս թիմերի միջև առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 1887թ.-ին, այնուամենայնիվ, այս թիմերի միջև իրական հակամարտությունը սկսվեց 1913 թ-ին, երբ «Արսենալը» տեղափոխվեց նոր մարզադաշտ, որը «Տոտտենհեմի»՝ «White Hart Lane» մարզադաշտից գտնվում էր ընդամենը 4 մղոն հեռավորության վրա, ինչից հետո ակումբները դարձան մոտ հարևաններ: Այսպիսով, սկսվեց ֆուտբոլի պատմության մեջ ամենադաժան հակամարտություններից մեկը, որը հայտնի դարձավ «Հյուսիսլոնդոնյան դերբի» անունով:

Ի սկզբանե «Արսենալը» տեղակայված էր Լոնդոնի հարավ-արևմտյան մասում և պատկանում էր Վուլվիչի թագավորական զենքի գործարանին: Հենց այս պատճառով էլ «Արսենալի» երկրպագուները իրենց կոչում են «Gunners» (զինագործներ): Սակայն ակումբի մեծացման հետ մեկտեղ առաջացավ անհրաժեշտություն՝ տեղափոխվելու ավելի մեծ մարզադաշտ, որն էլ գտնվում էր հյուսիսային Լոնդոնում: Այս ամենը, իհարկե, դուր չեկավ «Տոտտենհեմի» երկրպագուներին, ովքեր թշնամանքով սկսեցին նայել հարավային Լոնդոնից տեղափոխվածներին:

Թիմերի թշնամանքի խորացմանը նպաստեց 1919 թ-ին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից կայացված որոշումը, ըստ որի՝ «Առաջին դիվիզիոնն» ընդարձակվելու էր, և 20 թիմի փոխարեն պետք է խաղար 22 թիմ: Այդ ժամանակ «Արսենալը» դեռևս հանդես էր գալիս «Երկրորդ դիվիզիոնում» և զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը: Միևնույն ժամանակ «Տոտտենհեմը» զբաղեցնում էր «Առաջին դիվիզիոնի» վերջին հորիզոնականը: Հաշվի առնելով լիգայի ընդարձակման փաստը՝ «Տոտտենհեմը» պետք է մնար «Բարձրագույն Լիգայում», սակայն, չգիտես ինչ «հրաշքով», «Արսենալը» հայտնվեց «Առաջին դիվիզիոնում», իսկ «Տոտտենհեմը» առանց որևէ բացատրության տեղափոխվեց «Երկրորդ դիվիզիոն»: Այս միջադեպը 2 թիմերի միջև պայքարը վերածեց թշնամանքի:

1930-ական թվականներին «Արսենալին» հաջողվեց արագ թափ հավաքել և ետևում թողնել իր հավերժական մրցակցին: Որոշ ժամանակ անց հաջողության նժարը «Տոտտենհեմի» կողմը թեքվեց, երբ ակումբը սկսեց ղեկավարել լեգենդար Բիլ Նիկոլսոնը:

1960-ականներից սկսած «Տոտտենհեմը» չուներ իրեն հավասարը ոչ միայն հյուսիսային Լոնդոնում, այլ նաև ամբողջ Անգլիայում: 1961 թ-ին «Տոտտենհեմին» հաջողվեց անել մի բան, որը Անգլիայում չէր հաջողվել անել և ոչ մեկին: Նրանք մեկ մրցաշրջանում հաղթեցին և՛ լիգայում, և՛ գավաթում: Դժվար էր պատկերացնել Անգլիայում մի թիմ, ով ի զորու էր այդ ժամանակահատվածում ոտք մեկնել «Տոտտենհեմի» հետ, բայց դա ոչ մի կերպ չէր ազդում դերբիի սկզբունքայնության, կարևորության և լարվածության վրա: Զինագործներն օր ու գիշեր մտածում էին միայն մեկ հարցի շուրջ՝ «Ի՞նչպես հաղթել հավերժական մրցակցին»:

Վաղ առավոտից Լոնդոնի փողոցները լի էին հազարավոր երկրպագուներով, ովքեր խաղից առաջ բազմապիսի երգերով և կոչերով փորձում էին ոգևորել իրենց թիմին: Անկախ նրանից, թե որ հորիզոնակներում էին ընթանում թիմերը, թե ինչի համար էին նրանք պայքարում տվյալ պահին, միևնույնն է, երկրպագուների համար դերբին վեր էր ամեն ինչից:

1971 թ-ին իրավիճակը փոխվեց, և «Արսենալը» մոտ էր «Տոտտենհեմի» պատմական հաջողությունը կրկնելուն: Զինագործներին միայն հաղթանակ էր անհրաժեշտ, որպեսզի կարողանային առաջին տեղը զբաղեցնել լիգայում: Հատկանշական է այն փաստը, որ չեմպիոնը որոշվելու էր հենց Հյուսիսլոնդոնյան դերբիի շրջանակներում: 1971-ին «White Hart Lane»-ն ամբողջությամբ լեցուն էր: Մարզադաշտում ներկա էր 50.000 երկրպագու, իսկ մարզադաշտի մատույցներում հավաքված էր ավելի քան 45.000 երկրպագու: Մինչև խաղի 85-րդ րոպեն խաղատախտակին զրոներ էին, սակայն 85-րդ րոպեին Ռեյ Քենեդին առաջ մղեց «Զինագործներին», ինչից հետո ավելի քան 30.000 հանդիսական նետվեց խաղադաշտ՝ շնորհավորելու իրենց թիմին:

Մի քանի օր անց «Արսենալը» Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթեց «Լիվերպուլին»՝ այդպիսով կրկնելով «Տոտտենհեմի» 1961-ի հաջողությունը: Այսպիսով սկսվեց «Արսենալի» դոմինանտության ժամանակշրջանը:

1980-ականներին Հյուսիսլոնդոնյան թիմերը զիջում էին իրենց դիրքերն Անգլիայում մեկը մյուսի ետևից հաղթանակներ տանող «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Յունայթեդին»: Միակ մխիթարող հանգամանքը լոնդոնյան թիմերի համար դերբիում տարած հաղթանակներն էին:

1996 թ-ին սկսվեց «Տոտտենհեմի» ամենամեծ մղձավանջը, որը մեծ մասամբ կապված էր միայն մեկ մարդու անվան հետ: Խոսքը, իհարկե, «Արսենալի» «հավերժական մարզիչ» Արսեն Վենգերի մասին է: 1996 թ-ին տեղափոխվելով ֆրանսիական «Մոնակոյից»՝ Վենգերն իր հետ բերեց հեղափոխական ֆուտբոլ Անգլիայի համար: Նա ամբողջությամբ փոխեց թիմի խաղաոճը, փիլիսոփայությունը, հնարավորություն տվեց երիտասարդ խաղացողներին ցույց տալ իրենց «Պրեմիեր լիգայում»: Վենգերի օրոք «Արսենալը» համալրվեց այնպիսի ֆուտբոլիստներով, ում մասին գրեթե ոչ ոք չէր լսել՝ Թիերի Անրի, Ռոբեր Պիրես, Ֆրեդերիկ Լյունգբերգ, Պատրիկ Վիեիրա: Հենց այս ֆուտբոլիստներն ապահովեցին «Արսենալի» «Ոսկե ժամանակաշրջանը», որը կրկնելը ներկայում անչափ բարդ է թվում: 2003/2004 մրցաշրջանում «Արսենալը» հաղթեց Անգլիայի առաջնությունը՝ չպարտվելով և ոչ մի խաղում: Միանշանակ այս ամենը դուր չէր գալիս «Տոտտենհեմի» երկրպագուներին, բայց, ցավոք, ուժերի հարաբերակցությունը խիստ անհավասար էր:

Ցավալի է փաստել, բայց 2004 թվականին Հյուսիսլոնդոնյան թիմերն Անգլիայում վերջնականապես կորցրին իրենց դոմինանտությունը: 2004 թ-ից սկսած այս թիմերը դեռևս չեն կարողանում դառնալ Անգլիայի առաջնության չեմպիոն:

Հատկանշական է նաև այն փաստը, որ 1962 թ-ից ի վեր «Տոտտենհեմը» առաջնությունում երբեք ավելի բարձր հորիզոնական չի զբաղեցրել քան «Արսենալը»: Սակայն սառույցը կոտրվեց 2016/17 մրցաշրջանում, երբ «Տոտտենհեմը» զբաղեցրեց երկրորդ, իսկ «Արսենալը»՝ հինգերորդ հորիզոնականը: Վերջին երեք տարիներին «Տոտտենհեմն» առհասարակ ավելի լավ և կայուն խաղ է ցուցադրում՝ ի տարբերություն իր հավերժական մրցակցի: Միգուցե «Արսենալին» փոփոխություն է հարկավոր, երևի թե ժամանակն է հրաժեշտ տալ Վենգերին:

Ինչ վերաբերում է դիմակայության արդյունքներին, ապա առավելությունն այստեղ «Արսենալի» կողմն է, որն իր ակտիվում ունի 73 հաղթանակ «Տոտտենհեմի» 56-ի դիմաց. ևս 49 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Անտեսելով բոլոր տեսակի վիճակագրությունները՝ վստահ կարելի է ասել, որ Հյուսիսլոնդոնյան դերբին ավելին է, քան պարզապես հակամարտությունը: Այստեղ կա կիրք, հավատ, հիասթափություն, ուրախություն, տառապանք և հպարտություն: Այստեղ կա մշտապես հաղթելու, մրցակցից առաջ անցնելու ցանկություն: Այստեղ կա մի հավերժական հարց, որի պատասխանը փորձում են տալ երկու կողմերի ճամբարները.

Հյուսիսային Լոնդոնը կարմիր է, թե՞ սպիտակ:

Արսեն Խոպչյան