Օխլոկրատիա` ժողովրդավարության այլասերում

36718731_445468305916532_6327063611051081728_n

Օխլոկրատիան քաղաքական կամքի իրականացման ձև է, որտեղ իշխանությունը պատկանում է ամբոխին։ Այս եզրույթն առաջին անգամ օգտագործել է հույն պատմիչ Պոլիբիոսն «Ընդհանուր պատմություն» աշխատության մեջ՝ պետական կառուցվածքի լավ և վատ ձևերի դասակարգման ժամանակ, ըստ որի՝ պետական կառուցվածքի լավ ձևեր են համարվում միապետությունը, արիստոկրատիան և ժողովրդավարությունը, իսկ վատ ձևերը՝ բռնապետությունը, օլիգարխիան և օխլոկրատիան։ Նմանատիպ դասակարգում առաջարկել է նաև հույն փիլիսոփա Պլատոնը։

Պոլիբիոսից և Պլատոնից բացի, օխլոկրատիան փորձել են սահմանել նաև մի շարք այլ տեսաբաններ։ Ըստ հույն պատմիչ Արիստոտելի՝ օխլոկրատիան ժողովրդավարության այլասերված ձևն է։ Արիստոտելն անվանում է ժողովրդավարություն այն, ինչ Պոլիբիոսն անվանում է օխլոկրատիա։ Դա պայմանավորված է նրանով, որ ժողովրդի իշխանություն ասելով Արիստոտելն ի նկատի ուներ ոչ թե մարդկանց մեծամասնության կամ ամբողջության իշխանությունը, այլ հասարակության ամենաաղքատ և ամենաքիչ կրթված հատվածի, որը սովորաբար գերիշխում է հասարակությունում. իշխանությունը, որին Պոլիբիոսն անվանում է ամբոխի իշխանություն։

Ըստ Արիստոտելի՝ օխլոկրատիայի ժամանակ ազնվական ծագում ունեցող անհատները համակարգայնորեն հեռացվում են կառավարման գործընթացից և կառավարմամբ սկսում են զբաղվել վիճակահանությամբ պաշտոն ստացած անհատները։ Սա հանգեցնում է մի շարք անկարգությունների քաղաքական ու հասարակական ոլորտներում։ Սակայն, հասարակությունում միշտ էլ հանդիպում են մարդիկ, որոնք այդ իրավիճակը բնորոշում են որպես իրական ժողովրդավարություն։ Արիտոտելը պնդում է, որ օխլոկրատիան բնույթով կարճաժամկետ է, որին հաճախ հաջորդում է բռնապետությունը կամ օլիգարխիան։ Ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն սահմանում է օխլոկրատիան որպես ամբոխի իշխանություն, ինչպես նաև ժողովրդավար պետությունում ինքնիշխանության և կառավարության միջև առաջացած անկարգություն։ Շոտլանդացի պատմաբան Ջեյմս Մակինտոշը բնորոշել է օխլոկրատիան որպես ժողովրդավարության ավիրում, այն է՝ օխլոկրատիայի ժամանակ ամբողջատիրությանն անցնելու վտանգը բավականին մեծ է։

Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Շլեգելը բնութագրում է օխլոկրատիան որպես «փոքրամասնության հանդեպ մեծամասնության կողմից հաստատված բռնապետություն»։ Շլեգելը սահմանում է օխլոկրատիան նաև որպես ժողովրդավարության փլուզման արդյունք, անարխիայի ուրույն տեսակ։ Օխլոկրատիան առաջանում է իշխանության համար պայքարի ընթացքում, երբ նախկին վարչակարգն արդեն անկում է ապրել, սակայն դեռ չի փոխարինվել նոր վարչակարգով։ Իշխանություն ձեռք բերելու նպատակով ի հայտ է գալիս մի քաղաքական ուժ, որը, ազդելով մարդկանց հուզականության վրա և արհեստականորեն գրգռելով նրանց, հանգեցնում է մի շարք դժգոհությունների ավելացմանը գործող իշխանության նկատմամբ։ Երբ հասարակությունում առաջանում է ատելություն գործող իշխանության նկատմամբ, այդ քաղաքական ուժը սկսում է ավելի վառ կերպով՝ իր խոսքով կամ արարքով, հակադրվել գործող իշխանության կողմից հաստատված կարգին, որի արդյունքում արժանանում է հասարակության աջակցությանը և պատրաստակամությանը հետևելու իրեն։ Որպես կանոն, աջակցում են հասարակության մարգինալ և լումպենացված հատվածները՝ դժգոհ իրենց սոցիալական կարգավիճակից և պատրաստակամ անվերահսկելի գործողությունների։ Թերահավատ լինելով նրանում, որ գործող իշխանության ուժերը կարող են լուծել սոցիալական ու տնտեսական խնդիրները՝ ամբոխի մոտ առաջանում է ձգտում լուծելու առաջացած դժվարություններն ինքնուրույն կամ ինքնաբուխ ձևավորված կազմակերպությունների միջնորդությամբ։ Նման վիճակն ուղեկցվում է հանցագործների աջակցությանը դիմելով, ցույցեր, ապստամբություններ, փողոցային անկարգություններ կազմակերպելով, քաղաքական ու քաղաքացիական պարտականությունների կատարումից հրաժարվելով: Խուսափելու համար գործող կարգի վերահաստատումից ամբոխը սկսում է պահանջել կառավարողների պաշտոնաթողությունն անվստահություն հայտնելու միջոցով, ընդհուպ մինչև սպանություններ իրականացնելով։ Արդյունքում, իրավիճակի տերը հանդիսանում է ամբոխը, որին, որպես կանոն, առաջնորդում է դեմագոգը, ում կողմից էլ հաստատվում են վարքագծի օրենքներն ու նորմերը։ Ֆրանսիացի սոցիոլոգ Գյուստավ Լեբոնը նշում է, որ դեմագոգին բնորոշ է երևակայության և քաղաքական կոմպետենտության պակասը։ Իշխանության ձեռք բերումը դեմագոգի երազանքն է։

Հույն պատմիչ Քսենոփոնն առաջիններից էր, որը նշում է, թե ինչպես կարելի է օգտագործել ամբոխը քաղաքական նպատակներով, այսինքն՝ իշխանություն ձեռք բերելու համար։ Ամբոխը, լինելով հասարակության առավել հետամնաց և արժեքազուրկ մասը, պարզունակ գաղափարներ ունի հասարակական գործընթացների վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս դեմագոգին ավելի հեշտ մանիպուլացնել, համոզել և իշխել ամբոխին։ Բացի այդ, ամբոխին իշխելն ավելի հեշտ է, քանի որ այն հիմնվում է անցյալի հուշերի վրա և չունի հեռանկարային նպատակներ կամ ապագայի ծրագրեր, ինչպես նաև այն արկածախնդիր է, այսինքն՝ չի ստանձնում պատասխանատվություն իր կողմից ընդունված որոշումների համար։ Նրա բոլոր գործողություններն ինքնաբուխ արձագանքն են ներկայի հանդեպ, որոնց հիմքում ընկած է հուզականությունը։ Պատահական չէ, որ օխլոկրատիայի պայմաններում՝ հեղափոխությունների, ապստամբությունների, քաղաքացիական պատերազմների, հասարակական ցնցումների ժամանակ ի հայտ են գալիս իշխանությանը հավակնոտ և տարբեր նպատակներ հետապնդող մի շարք մարդիկ, որոնք, սակայն, անհետանում են քաղաքական կայունության վերահաստատման դեպքում։ Հասնելու համար իր նպատակին դեմագոգը դիմում է պրոպոգանդային ու պոպուլիզմին, կիրառում PR-գործիքներ, մոբիլիզացման հնարներ՝ ազդելով ամբոխի հուզականության վրա։ Այս գործընթացն ավելի է հեշտացվում ԶԼՄ-ների հանդեպ վերահսկողություն սահմանելու դեպքում, որի հետևանքով տեղեկատվությունը հատուկ մշակվում է համապատասխանելու համար ամբոխի սպասելիքներին։ Ամբոխի աջակցությունը ստանալու համար անհրաժեշտություն է առաջանում նաև ստեղծել ամբոխի կողմից ընդունելի երևակայելի թշնամու կերպար, որի վրա ամբոխը սկսում է բարդել իր բոլոր անհաջողությունները։ Բացի այդ, ապստամբությունների, ցույցերի և այլ անհնազանդ գործողությունների ժամանակ հարկավոր է պարբերաբար շեշտադրել ամբոխի հաղթանակը, քանի որ ամբոխը սկսում է հավատալ, որ իրական իշխանությունն իր ձեռքերում է։ Ավելի լայն աջակցություն ստանալու համար քաղաքական ուժը հանդես է գալիս ամբոխի անունից և որդեգրած քաղաքականության ծրագրում ներառում է հավասարության և արդարության սկզբունքները։ Սա պայմանավորված է նրանով, որ ամբոխը հակում ունի հավասարությանը և ազատությանը, որը հանգեցնում է նրան, որ ամբոխը պահանջում է բոլորից լինել «ինչպես բոլորը», այսինքն՝ ինչպես ինքը։ Սակայն, իշխանություն ձեռք բերելուց հետո այդ սկզբունքներն աղճատվում են։ Սա սահմանադրական հեղափոխությունների հերթական փուլն է, և այն բնական կարգը, որում սահմանադրությունները փոփոխվում են, վերափոխվում են և նորից վերադառնում իրենց սկզբնական փուլին:

Այսպիսով, օխլոկրատիան առաջանում է հասարակության տրանսֆորմացիայի և ճգնաժամային պայմաններում, որպես կանոն, հեղափոխությունից հետո, երբ ամբոխը պետական խնդիրների լուծման համար թելադրում է պայմաններ և որոշումներ, պետական պաշտոններում է նշանակում ապստամբ ուժերի ներկայացուցիչներին, իրականացնում է ճնշամիջոցներ և ինքնադատաստան ըստ արդարության պարզունակ պատկերացումների, այլ կերպ ասած, ինքնակամ օժտում է իրեն իշխանությամբ առանց հետևելու օրենքի տառին և հաշվի առնելու բոլորի կամքը։ Սա հետագայում իշխանությունների և հասարակության միջև վիճաբանության տեղիք է տալիս։ Պատահական չէ, որ Պոլիբիոսն առանձնացնում է օխլոկրատիային բնորոշ երեք բաղադրիչ՝ ամբոխի իշխանություն, բռնության դրսևորում, անօրինականություն։ Օխլոկրատիային բնորոշ հատկանիշներ կարելի է տեսնել հռոմեական կայսրության շրջանում, երբ բանակը, որը թեև չէր արտահայտում հասարակության համատեղ կամքը, իր հայեցողությամբ էր իշխանություն շնորհում և զրկում դրանից մի խումբ մարդկանց կամ անհատին։

Օխլոկրատիկ միտումների դրսևորումը պետությունում վկայում է իշխանության փաստացի փլուզման և քաղաքական համակարգի ծանր վիճակի մասին։ Դա պայմանավորված է նրանով, որ ամբոխի առաջնորդը, իշխանություն ձեռք բերելուց հետո, հակված է թուլացնելու խորհրդարանական վերահսկողությունը։ Դրան հասնելու համար առաջնորդի ղեկավարած քաղաքական ուժը, նոր օրենքներ առաջարկելու փոխարեն, առաջնորդվում է տարբեր կարգադրումներով ու որոշումներով, մտավախություն ունենալով, որ նոր նախագծերը կարող են մերժվել։ Բացի այդ, իշխող քաղաքական ուժն օգտագործում է տնտեսական ճգնաժանը որպես պետական կառավարման վերաձևակերպման համար արդարացում, իսկ նրա կողմից արված փոփոխություններն ի օգուտ են միայն նրա անդամներին։ Նման փոփոխությունների շարժառիթը պայմանավորված է պետական կառավարումը անձնակենտրոն դարձնելու նպատակով։ Խորհրդարանական վերահսկողությունը թուլացնելուց բացի, իշխող քաղաքական ուժը նպատակ է հետապնդում թուլացնելու նաև դատական իշխանությունը, որին հասնելու համար անկախ դատավորներից և իրավապահ մասնագետներից պահանջում են պաշտոնաթողություն, և նրանց փոխարինելու են գալիս այն իրավապաշտպանները, ովքեր հանդիսանում են իշխող քաղաքական ուժի անդամ։ Նույնը տեղի է ունենում նաև գործադիր մարմնում։ Արդյունքում, լայն տարածում է սկսում գտնել անօրիանականությունը, գործողությունների անկանխատեսելիությունն ու կամայականությունը, որոնք, ըստ գերմանացի իրավաբան Յոհան Հեյնեցիուսի, վկայում են իշխանության ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր, դատական միջև տարբերակման փլուզման մասին։ Այսպիսով, օխլոկրատիան հանդիսանում է վտանգավոր սոցիալական երևույթ, որի պայմաններում առկա իշխանական անպատասխանատվությունն անհնար է դարձնում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Բացի այդ, իշխող քաղաքական ուժի կողմից անհարգալից, նվաստացնող և վիրավորական վերաբերմունքի դրսևորումը քաղաքական ընդդիմադիրների հանդեպ վտանգի տակ է դնում ժողովրդավարության արժեքները՝ հանդուրժողականությունն ու բազմակարծությունը։ Օխլոկրատիայի անկայուն և փոփոխական բնույթը հանգեցնում է հասարակական վիճակի վատթարացմանը, որի արդյունքում ամբոխը, չտեսնելով որևէ փոփոխություն իր սոցիալական կարգավիճակում, սկսում է հասկանալ, որ սխալվել է իր առաջնորդի ընտրությունում և սկսում ընվզումներ նրա հանդեպ։ Այնուամենայնիվ, օխլոկրատիայի վառ դրսևորումներ հազվադեպ են լինում։ Սովորաբար հանդիպում են օխլոկրատիայի ձևափոխված տարբերակները քաղաքական իշխանության այլ ձևերի հետ համատեղությամբ։ Միևնույն ժամանակ, օխլոկրատիկ կառավարում կարելի է կազմակերպել նաև արհեստական ճանապարհով՝ ելնելով մի շարք ներքաղաքական կամ արտաքին քաղաքական նպատակներից։

Օխլոկրատիայի վերացման համար անհրաժեշտ է, որ պետությունում առկա լինի բազմակուսակցական համակարգ, այսինքն՝ բազմակարծություն։ Լավագույն տարբերակը խուսափելու համար անձնակենտրոնությունից՝ քաղաքական իշխանության բաշխումն է տարբեր անհատների և մարմինների միջև, որոնք ներկայացնում են տարբեր շահեր՝ համապատասխանող հասարակությունում առկա խավերի բազմազանությանը։ Յուրաքանչյուրը հետամուտ է պաշտպանելու իր շահը և շահագրգռված է կանխել բացառիկ և, հետևաբար, բռնատիրական ուժի կենտրոնացումը մեկ մարդու ձեռքերում։ Միևնույն ժամանակ տարբեր անհատների ու մարմինների միջև առկա են նաև ընդհանուր շահեր, որոնք հնարավորություն են տալիս համագործակցելու, որը արդյունավետ է դարձնում կառավարման գործընթացը։ Եթե կառավարման գործընթացի ընթացքում միմյանց դիմադրելու հետաքրքրություն չլինի, ապա այդ դեպքում չի լինի ազատություն: Եթե չլինի համագործակցության շահագրգռվածություն կառավարման ընթացքում, ապա այդ դեպքում չի կարող լինել կառավարություն։ Այսպիսով, համագործակցությունը տեղիք է տալիս երկկողմանի կախվածությանն ու փոխադարձ ստուգումներին։ Փոխադարձ վերահսկողությունն էլ միակ գործիքն է, որը կանխում է ժողովրդավարության այլասերումը։

Լուսինե Հակոբյան

Աղբյուրները՝